Երկուշաբթի, 16 դեկտեմբերի

Հայ բռնագաղթածները հույսեր են կապում համանախագահների հայտարարության հետ



Նրանք կվերադառնա՞ն բնակության նախկին վայրեր Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների` Օբամայի, Սարկոզիի և Մեդվեդևի հունիսի 26-ին Մուսկոկայում արած հայտարարության մեջ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների թվում է նաև փախստականների և ներքին տեղահանված անձանց վերադարձը բնակության նախկին վայրեր: Հայտարարությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել Արդբեջանից և Արցախից ՀՀ բռնագաղթած փախստականների շրջանում, որոնցից շատերը, ի թիվս այլ մարմինների, դիմում են նաև Միգրացիոն պետական ծառայությանը` իմանալու, թե ինչպես և երբ կկարողանան վերադառնալ իրենց բնակության նախկին վայրեր: «Ադրբեջանի վարած էթնիկական զտումների քաղաքականության արդյունքում շուրջ կես միլիոն հայեր ստիպված եղան տարհանվել իրենց մշտական բնակության վայրերից»,- այսօրվա ասուլիսում ասաց Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Այդ կես միլիոն հայից 408 հազարը բռնագաղթեց ՀՀ: Բռնագաղթածներից 18 հազարը ԼՂՀ Շահումյանի շրջանից էր, 14 հազարը` Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանից, 16 հազարը` ԼՂՀ Մարտակերտի շրջանի այն հայկական բնակավայրերից, որոնք բռնազավթեց Ադրբեջանը: Գագիկ Եգանյանը նշում է, որ համանախագահող երկրների ղեկավարների հայտարարությունը հատկապես լայն արձագանք է գտել նշված երեք տարածքներից բռնագաղթվածների շրջանում, ովքեր օր առաջ ցանկանում են վերադառնալ իրենց նախկին բնակության վայրեր: «Դրանով է պայմանավորված, որ այդ անձանցից շատերը անցած շրջանում ինքնակամ, առանց պետության աջակցության, Հայաստանից մեկնել և վերահաստատվել են ԼՂՀ ազատագրված տարածքներում` որպեսզի մոտիկ գտնվեն իրենց նախկին բնակության վայրերին»,- ասում է Գագիկ Եգանյանը: Միաժամանակ նա շեշտում է, որ Օբամայի, Սարկոզիի ու Մեդվեդևի համատեղ հայտարարության իրագործման ճանապարհին լուրջ խոչընդոտ է Ադրբեջանի իշխանությունների կողմից ԼՂՀ Շահումյանում և հարակից հայաբնակ այլ տարածքներում իրականացվող վերաբնակեցման լայնածավալ ծրագիրը, և միջազգային հանրությունը պետք է ադրբեջանական իշխանություններից պահանջի անհապաղ դադարեցնել այդ ծրագիրը: «Ես հայ եմ, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի եմ և հենց հիմա պատրաստ եմ այստեղից դուրս գալ և վերադառնալ այնտեղ: Կցանկանայի` իմ հաջորդ ասուլիսը լիներ Բայիլովյան առանձնատանը»- ասաց ասուլիսի մյուս բանախոսը` «Ադրբեջանահայերի ասամբլեա» հ/կ-ի նախագահ Գրիգորի Այվազյանը: Նա պատրաստ է լինել Հայաստանից Ադրբեջան վերադարձած առաջին հայը և անձնապես օրինակ ծառայել հայրենակիցներին, որ նրանք ևս վերադառնան իրենց նախկին բնակության վայրերը: Գրիգորի Այվազյանը Բաքվում ունի մոտ կես միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք: «Եթե Ադրբեջանը հրաժարվի ընդունել այդ մարդկանց, ապա պարտավոր է հատուցել ոչ միայն նյութական, այլև բարոյական վնասը»,- ասում է ադրբեջանահայը: Նա նշում է, որ հայերի անշարժ գույքը, որը մնաց Ադրբեջանում, այսօրվա շուկայական գներով կազմում է 700 մլրդ դոլար: Բանախոսը 100 մլրդ դոլար էլ գնահատում է ադրբեջանահայերին հասցված բարոյական վնասը: Գրիգորի Այվազյանի խոսքերով` ներկայիս Ադրբեջանի ձևավորման ու կայացման գործում խոշոր դերակատարություն է ունեցել ադրբեջանահայ համայնքը, որը պահանջատեր է լինելու: Իրենք ուզում են դիմել Ադրբեջանի նախագահին, երբ հնարավորություն ունենան վերադառնալու: Իսկ վերադարձը Ադրբեջանի «վտարանդի քաղաքացիների» համար հնարավոր կլինի միայն միջազգային անվտանգության երաշխիքների պայմաններում: Բանախոսները չժխտեցին, որ կան նաև մարդիկ, ովքեր անգամ անվտանգության ապահովման պայմաններում համաձայն չեն վերադառնալ Ադրբեջան, քանի որ նրանց հիշողության մեջ թարմ է այնտեղ հայերի նկատմամբ ադրբեջանցիների իրականացրած կոտորածը: Գագիկ Եգանյանն ասում է, որ ՀՀ-ում բնակություն հաստատած ադրբեջանահայերի բնակարանային խնդիրները լուծելու համար հարկավոր է 45 մլն դոլար, ինչը մեծ խնդիր է Հայաստանի համար։ Մինչ օրս լուծվել է 900 ընտանիքի բնակարանային խնդիրը:

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված