ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

«Արվեստի մեջ հասարակական պահանջ չկա»



Ըստ Վ. Արծրունու` հասարակական պահանջ կա կաթնամթերքի արտադրության մեջ «Եթե այսօր հանրությունը հակված է ոչ բովանդակային ձևերի, նշանակում է` հանրությոոնը բովանդակային չէ, հանրությունը ճաշակ չունի, տգետ է, որովհետև արվեստի մեջ գոյություն ունեն հստակ չափանիշներ, օրինակ` գեղարվեստական արժեք ունի՞ սա, թե՞ ոչ: Արվեստում մոտավոր պատկերացումներ չկան, ամեն ինչ ճշգիտ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց երաժիշտ, ստեղծագործող Վահան Արծրունին: Նա նշում է, որ հանդիսատեսը ազատ է ընտրել, բայց այստեղ խնդիրը տեղեկացված լինելն է: «Արվեստի մեջ հասարակական պահանջ չկա, հասարակական պահանջը գոյություն ունի կաթնամթերքային արտադրությունում: Հասարակական պահանջը ո՞րն է, ո՞վ է որոշել, ինչի՞ եք ազգի ճաշակը էդպես աղբ դարձնում»,- ասում է երաժիշտը: Նա համոզված է, որ եթե ազգային երաժշտությունը քարոզվի նույն տեմպերով, ինչ այսօր հեռուստատեսությամբ քարոզվող երաժշտությունը, ապա իրավիճակը կտրուկ կփոխվի, քանի որ ազգային երաժշտությունը խորթ չէ ազգին, պարզապես ազգը տեղեկացված չէ դրանից: «Մեր մշակույթի նախարարությունը մգերների հովանավոր է դառնում: Ո՞վ է Մգերը, էդ ո՞վ է, որ իմ մշակույթի նախարարությունը էդպիսի մեծ-մեծ տառերով կանգնած է որպես հովանավոր, ինձ համար անհասկանալի է սա: Ո՞րն է մեր բրենդը` Արմենչիկ կամ Թաթա, բրիտանացիները պիտի գան նստեն ու լսե՞ն իրենց»,- ասում է Արծրունին: Վահան Արծրունին համոզված է, որ հենց Մշակույթի նախարարությունը պետք է մեզ համար բացի աշխարհին ներկայանալու ճանապարհ: Մինչդեռ Մշակույթի նախարարությունը Կոմիտասի 140ամյակի առթիվ թողարկեց ընդամենը մեկ ձայնասկավառակ: «Կոմիտասը բանալի է, միջոց է մեզ համար ճաշակ ձևավորելու, ճաշակ ճշգրտելու, ինքներս մեզ ճանաչելու համար: Եթե հասկանանք Կոմիտաս, կհասկանանք, թե որքանով է խեղաթյուրված իրավիճակը, ինչքան խորն են շեղումները և տարաձայնությունները երաժշտության դաշտում»,- ասում է Վահան Արծրունին: Ըստ նրա` Կոմիտասը ավելի լայն է, քան պարզապես երաժշտությունը: Պարադոքսալը, Արծրունու կարծիքով, այն է, որ մեզանում շատ քչերն են լսում Կոմիտաս, օրինակ` եկեղեցիներում, Հանրային ռադիոյով, «Վեմ» ռադիոկայանով: Վահան Արծրունին միանաշանակ չի ասում, թե Կոմիտասը լրիվ անտեսված է, կան շատ նվիրյալ մարդիկ, անհատներ, ովքեր ինչ-որ բան անում են, բայց կա նաև անհաղորդ հանրություն: Իսկ հանրության ուշադրությունը, Արծրունու կարծիքով, շեղված է առաջին հերթին զանգվածային լրատվամիջոցների 20 տարվա աշխատանքի հետևանքով, քանի որ այդ ժամանակաշրջանում գովազդվել է մեկ ուղղություն, հետևաբար` սերունդների ճաշակն էլ այդ ուղղությամբ է ձևավորվել: «Մենք պետք է ցույց տանք աշխարհին, որ մենք ենք տերը այս հարստության, այս ազգն է տերը»,- նշում է բանախոսը: Վահան Արծրունին հուլիսի 25-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդիսատեսին ներկայացնելու է «Կոմիտաս. տասը հայտնություն» երգաշարը՝ գրված Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա: Համերգը կրում է «Կոմիտասի 140-ամյակին` խոնարհումով» խորագիրը: Սա արդեն հինգերորդ համերգն է: Սակայն, Վահան Արծրունին ասում է, որ իր համերգը անձնական մակարդակի վրա լուծում է, դրանով նա փորձում է լուծում գտնել այս իրավիճակից: Նա նշում, է, որ մշակութային քաղաքականությունը բացակա է, այս ամենը պետական գործ է, անձնական մակարդակով լուծում չի կարող լինել, իսկ արդյուքնում տուժելու են սերունդները, քանի որ այն փոքր հատվածը, որն այսօր լսում է ազգային երաժշտությունը, ի վերջո մի օր մահանալու է: Երաժիշտ, ստեղծագործող Վահան Արծրունու կարծիքով` ներկայումս զանգվածաբար քարոզվող երաժշտությունը ազգային նորմերը խեղաթյուրելու միտում ունի, իսկ ելքը փոփոխությունն է նախ մարդկանց գիտակցության մեջ: «Ճիշտ մարդիկ ճիշտ տեղերում չեն, իսկ ճիշտ մարդիկ հեռանում են այստեղից»,- նշում է Արծրունին:

Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված