Կիրակի, 17 նոյեմբերի

Նախատեսվում է Իրան-Հայաստան նավթամթերատար խողովակաշար անցկացնել



Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15 տոկոսով: Ինչպես այսօր ՀՀ կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, էներգետիկայի ոլորտում այս տարի մի շարք ձեռքբերումներ են գրանցվել: Ըստ նրա` ամենամեծ ձեռքբերումը Երեւանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի շահագործման հանձնում էր: Շուտով կմեկնարկի Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը, որի ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 350 մլն ԱՄՆ դոլար: Աշխատանքները կիրականացնի իրանական «Ֆարաբ Սեպասատ» ընկերությունը: Նախարարը նշեց, որ իրանական կողմի հետ պայմանավորվածության համաձայն` ներդրումները մեր հարեւանները պետք է կատարեն, իսկ հայկական կողմը էլեկտրաէներգիայի տեսքով կվերադարձնի այդ գումարները: Ընթացիկ տարվա աշնանը նախատեսվում է նաեւ Իրան-Հայաստան նավթամթերատար խողովակաշարի շինարարությունը, որի ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 160 մլն դոլար: Նախարարի խոսքով, ներդրումների 50 տոկոսը պետք է իրականացնի հայկական, իսկ մյուս կեսն իրանական կողմը: «Իրանական կողմը դեռ չի հայտարարել, թե որ ընկերությունն է շինարարական աշխատանքներն իրականացնելու»,-ասաց Ա. Մովսիսյանը: Նախարարը նշեց, որ խողովակաշարի առկայությամբ տրանսպորտային խնդիրները լուծվում են բավական դյուրին ձեւով: Այն ոչ միայն հուսալի է, այլև հնարավորություն կտա Հայաստանին պատրաստի բենզին և դիզելային վառելիք ստանալ Պարսից ծոցից, որտեղ դրանց սակագները 15-20 դոլարով ավելի էժան են, քան Միջերկրական ծոցում: Նավթամթերատար խողովակի տնօրինումը տրվելու է մասնավոր ընկերություններին, իսկ այս պահին ներդրումները իրականացնում է միայն պետությունը: Ա. Մովսիսյանը նշեց, որ այս տարի կսկսվի նաեւ բարձր լարման էլեկտրահաղորդման գծի շինարարությունը: Այն կկազմի մոտ 108 մլն եվրո: Շինարարությունը կիրականացնի իրանական «Սանիր» ընկերությունը: «Մենք այս ծրագրերով մեր երկրի անվտանգության խնդիրներն ենք լուծում»,- ասաց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Այս երեք ծրագրերի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են, առաջիկա ամսիներին էլ կսկսվեն բուն աշխատանքները: Թուրքիա էլեկտրաէներգիա մատակարարելու վերաբերյալ նախարարը նշեց, որ բանակցությունները դեռևս շարունակվում: Քաղաքական խնդիրներով պայմանավորված` դեռևս հստակ ժամկետ չի կարող ասել, թե երբ կարտահանվի էլեկտրաէներգիա:

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված