Կիրակի, 15 դեկտեմբերի

Թե ինչպես է արատավորվել Իջևանի քաղաքապետարանի և քաղաքապետի բարի համբավը



Հուլիսի 9-ին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը բավարարեց Իջևանի քաղաքապետարանի և քաղաքապետի հայցն ընդդեմ «Հետաքննող լրագորղների»: «Ում գրպանն են մտնում ավազահանքի փողերրը» և «Երեք հանձնաժողովները «կտեսնեն» ջրամբարի ավազի անօրինական շահագործումը» վերնագրով հոդվածներում տեղ գտած տեղեկությունները դատարանը որակել է «անհիմն» և վճռել` պարտավորեցնել «Հետաքննող լրագրողներին»` հերքելու Իջևանի քաղաքապետարանի գործարար համբավը և քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորող փաստերը և հաստատել, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում: Տեղեկությունները պետք է հերքվեն «Ազգ» օրաթերթի և www.hetq.am կայքի միջոցով, այսինքն` այն լրատվամիջոցներով, որտեղ տպագրվել էին վերոնշյալ երկու հոդվածները: Դատարանի  իրավական վերլուծությունը Դատարանի վերլուծության համար հիմանակնում հիմք են եղել երկու հոդվածների հետևյալ հատվածները. «Ում գրպանն են մտնում ավազահանքի փողերրը» հոդվածից  խնդրահարույց հետևյալ հատվածն է առանձնացրել դատարանը. «Ովքեր են այս ջրամբարի հարստությունից օգտվողները, որոնք լիճը տիղմից մաքրելու պատճառաբանությամբ անօրինական, չհարկվող մեծ եկամուտներ են ստանում: Մեր ունեցած տեղեկությամբ` այս բիզնեսը գտնվում է Իջևանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի վերահսկողության ներքո…»: Նշենք, որ դատարանը չի հիշատակել վերջին նախադասությունը, որտեղ հեղինակը նշում է, որ տեղեկությունները ճշտելու համար դիմել են համապատասխան մարմիններին: «Երեք հանձնաժողովները «կտեսնե՞ն» ջրամբարի ավազի անօրինական շահագործումը» հոդվածից պատիվն ու արժանապատվությունը վիրավորողը տվյալ հատվածն է. «Որքանով է օրինական կամ նպատակահարմար համայնքի սուղ բյուջեից ավելի քան 3 հազար դոլար ծախսել քաղաքապետի «արդարացման» համար, երբ քաղաքում հազար չլուծված հարցեր կան: Օրինակ` քաղաքապետ Ներսիսյանն այդ գումարը կարող էր ծախսել իր առանձնատուն տանող անբարեկարգ ճանապարհը նորոգելու նպատակով: Իջևանիցի տասնյակ տաքսու վարորդներ ամեն օր անցնելով մարզկետնտրոնի քարուքանդ ճանապարհներով` «բարի խոսքերով» են հիշում քաղաքապետին»…: Այս երկու հատվածների վերլուծությամբ դատարանը գտել է, որ չնայած դրանցով արատավորվել է Իջևանի քաղաքապետարանի գործարար համբավը, սակայն հոդվածում տեղ գտած տեղեկություններն ամբողջությամբ մեղսագրվում են Իջևանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին: Եվ տվյալ պարագայում, դատարանը գտել է, որ արատավորվել է Իջևանի քաղաքապետարանի գործարար համբավը և Իջևանի քաղաքապետի պատիվն ու արժանապատվությունը: Հայցվոր կողմի հերքման պահանջի բավարարման համար դատարանը երկու հարց է առաջադրել. 1. տեղեկություններն արատավորող են, թե ոչ: «Պատիվն ու արժանապատվությունն արատավորում է ցանկացած երևույթ, որը հասարակական կարծիքով արատավոր է, այսինքն` ոչ պատշաճ,  ամոթալի»,- արձանագրել է դատարանը: Իսկ երկրորդ հարցը, թե 2. արդյոք տեղեկություններն իրականությանը համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ, վկայակոչել է ՀՀ Քաղ. Օր. 19-րդ հոդվածը: Համաձայն հոդվածի, փաստի ապացուցման բեռը դրվում է պատասխանողի վրա: Դատարանը գտել է, որ «պատասխանող կողմը որևէ պատշաճ ապացույց չի ներկայացրել այն մասին, որ տարածած տեղեկություններրը համապատասխանում են իրականությանը, ինչը նշանակում է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը և մտացածին են»: Խնդրո առարկա տեղեկատվության իրականությանը չհամապատասխանելու  հանգամանքը, ըստ վճռի, հաստատվել է նաև հայցվորի կողմից դատաքննության ընթացքում վկայակոչած փաստերով, որոնցով դատարանն ապացուցված է համարել, որ Իջևանի քաղաքապետը դեռևս 2000 թ.-ից դիմելով Իջևանի ՆԳ բաժնի պետին ու այլ ատյաններին, հայտնել է, որ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Սպիտակ լճում» առանց համապատասխան թույլտվության որոշ քաղաքացիներ զբաղվում են ավազի հանույթով, ապօրինի կառուցել են հենապատ, որը լուրջ վտանգ է ստեղծում շրջակա միջավայրին: «Հետաքննող լրագրողների» փաստաբան Կարեն Մեժլումյանի այն պնդմանը, որ հայցվորը խախտել է հերքման պահանջի ներկայացման արտադատական  ընթացակարգը, դատարանը գտել է, որ հայցվորի կողմից նման խախտում իրականում տեղի չի ունեցել, քանզի «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգը խախտված իրավունքի պաշտպանության այլընտրանքային միջոց է, որից անձը կարող է օգտվել իր հայեցողությամբ, որից չօգտվելը չի կարող մեկնաբանվել որպես դատական պաշտպանության դիմելու պարտադիր նախապայման: Դատարանը իրավական վերլուծություններ կատարելիս հիմնվել է միայն հայցվորների ներկայացրած ապացույցների վրա, չի հիշատակել հոդվածների հեղինակի` Ոսկան Սարգսյանի ցուցմունքները, ինչպես նաև տեսահոլովակը, որտեղ հստակ երևում են ավազահանման գործողությունները և վարորդների վկայությունները: Փաստաբան Կարեն Մեժլումյանը սա կարևոր բացթողում է համարում, ինչն էական հիմք է` վերաքննիչ դատարանում վճիռը բողոքարկելու համար: Հերքման պահանջը բավարարման ենթակա համարելով` դատարանը բավարարել է նաև վնասների հատուցման պահանջը և վճռել «Հետաքննող լրագրողներից» հօգուտ Իջևանի քաղաքապետարանի բռնագանձել 930 հազար դրամ` որպես փաստաբանական ծախս և 22 600 դրամ` որպես պետական տուրքի գումար:

Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

    ավելին



    Մեկնաբանել
    Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

    Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

    Լրահոս

    Բոլոր նորությունները

    Արխիվ
    Ամենա

    Մեկնաբանված

    Կարդացված