Հինգշաբթի, 14 նոյեմբերի

Վարդավառին իրար վրա ջուր ցողելու ավանդույթի մեջ աստվածաբանական իմաստ չկա



Հայ առաքելական եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը` Վարդավառը, տոնում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Այս տարի Վարդավառը կտոնվի հուլիսի 11-ին: Այս տոնից ավելի շատ տարածված է միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը, որը Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանի կարծիքով` պայմանավորված է զուտ ավանդույթի ուժով, շոգ լինելու հանգամանքով, և սրա մեջ աստվածաբանական մեծ իմաստ չկա: «Թող կենդանի ջրերը հոսեն ձեր մեջ»,- Քրիստոսի այս խոսքը մեջբերեց Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը: Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից է և Պետրոս, Հովհաննես ու Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի պայծառակերպության հիշատակն է, որն, ըստ ավանդության՝ տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա: Քրիստոսի Պայծառակերպության մասին վկայում են Մատթևոս,Մարկոս և Ղուկաս ավետարանիչները: Այն համաքրիստոնեական տոն է, և եթե քրիստոնյա այլ եկեղեցիները Վարդավառը նշում են որպես Այլակերպության տոն, ապա մեզանում այն նշվում է որպես Պայծառակերպության: Ըստ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանի` գուցե այս տոնը աղերսներ ունի հեթանոսության հետ: Վարդավառին առնչվող մի շարք ավանդույթներ կան` ջուրը իրար վրա ցողելը, աղավնիներ բաց թողնելը, վարդի խորհուրդը: Քահանան նշում է, որ ջրի հետ կապված ավանդույթները շատ են. օրինակ` մեր էպոսում Ծովինարի` ջրից հղիանալու պատմությունը: Իսկ տոնը վարդի հետ կապելը բացատրում է նրանով, որ Քրիստոսը, չնայած փշերի մեջ էր` անընդհատ հալածվում էր, բայց կոկոն վարդի պես բացվեց` պայծառակերպվեց: Վարդավառին հաջորդող երկուշաբթի օրը Մեռելոց է: Ըստ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանի` Վարդավառի մեջ աստվածատեսության խորհուրդ կա, և հաջորդ օրը մահացածներին հիշելն էլ բացատրվում է այն հանգամանքով, որ նախ, Վարդավառը տաղավար տոն է (տաղավար տոներին հաջորդող օրը Մեռելոց է), ապա` Վարդավառում առկա է ներկայի, անցյալի և ապագայի խորհուրդը: Վարդավառը 3 օր է տևում` նախատոնակը, բուն պատարագը` պայծառակերպությունը, և Մեռելոցը: Բուն պատարագի օրը եկեղեցում հավաքվածների համար շարականներ են հնչում, ընթերցվում է Եղիշե վարդապետի թուղթը` նվիրված Վարդավառին: Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանն արձանագրեց, որ  գնալով մեծանում  է այն մարդկանց թիվը, ովքեր գալիս են եկեղեցի, օրհնություն ստանում, լսում օրվա խորհուրդը:

Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

    ավելին



    Մեկնաբանել
    Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

    Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

    Լրահոս

    Բոլոր նորությունները

    Արխիվ
    Ամենա

    Մեկնաբանված

    Կարդացված