Շաբաթ, 07 դեկտեմբերի

«Բարի խոսքեր»-ը վիրավորո՞ւմ են Իջեւանի քաղաքապետին



Իջեւանի քաղաքապետն` ընդդեմ «Հետաքննող լրագրողների» «Իջեւանցի տասնյակ տաքսիստներ ամեն օր անցնելով մարզկենտրոնի քարուքանդ ճանապարհներով` «բարի խոսքերով» են հիշում քաղաքապետին»: Փաստաբան Գեւորգ Դավթյանի մեկնաբանությամբ, «բարի խոսքերով» բառակապակցությունը վիրավորանք է` ուղղված Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին: Փաստաբանը դատարանում ներկայացնում է Իջեւանի քաղաքապետարանի եւ քաղաքապետի շահերը` ընդդեմ «Հետաքննող լրագրողների»: Հունիսի 25-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Գագիկ Խանդանյանի նախագահությամբ քննվեց Իջեւանի քաղաքապետարանի գործարար համբավը եւ Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող տեղեկությունը հերքել պարտավորեցնելու եւ վնասի փոխհատուցման պահանջների մասին հայցադիմումը: Հիշեցնենք, որ «Հետաքննող լրագրողների» «Հետք» ինտերնետային թերթում 2008 թ. մայիսի 5-ին տպագրվել էր թերթի Տավուշի մարզի թղթակից Ոսկան Սարգսյանի հոդվածը` «Ու՞մ գրպանն են մտնում ավազահանքի փողերը» վերնագրով: Նույն հոդվածը արտատպել էր նաեւ «Ազգ» օրաթերթը` 2008 թ. մայիսի 20-ի համարի ներդիրում: Այնուհետեւ` հունիսի 23-ին, «Հետքում» լույս է տեսել «Երեք հանձնաժողովները «կտեսնե՞ն» ջրամբարի ավազի անօրինական շահագործումը» հոդվածը: Լրագրողը ներկայացրել էր Իջեւանի հարավային մուտքի մոտ` Աղստեւ գետի վրա գտնվող «Սպիտակ ջուր» ջրամբարից ավազի ապօրինի արդյունահանման վերաբերյալ փաստեր: Հոդվածում շոշափվում էր քաղաքապետի անունը: 2008 թ. հունիսի 19-ին քաղաքապետը հայց էր ներկայացրել Երեւանի քաղաքացիական դատարան` պահանջելով պարտավորեցնել «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ին նույն զանգվածային լրատվամիջոցներով, որով տարածվել էր հոդվածը, հերքել «Իջեւանի քաղաքապետարանի դեմ հրապարակված անհիմն տեղեկությունները եւ քաղաքապետ Վ. Ներսիսյանի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող լուրերը, ինչպես նաեւ «Հետաքննող լրագրողներից», որպես վնասի փոխհատուցում, բռնագանձել փաստաբանական ծախսերը` 930. 000 դրամ: Այս գումարը 2008 թ. մայիսի 23-ին Իջեւան համայնքի ավագանու որոշմամբ նախատեսվել է համայնքի բյուջեից` «զրպարտչական հոդվածի հեղինակին պատասխանատվության ենթարկելու» համար փաստաբանական ծառայություն մատուցողին»: Անցյալ տարվա հուլիսի 10-ին դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Ափինյանի, մերժել էր Իջեւանի քաղաքապետարանի` ի դեմս քաղաքապետի, հայցն ընդդեմ «Հետաքննող լրագրողների»` փաստելով, որ հոդվածում Իջեւանի քաղաքապետարանի գործարար համբավը արատավորող որեւէ տեղեկություն չի տարածվել, ուստի բացակայում է տարածված տեղեկության հերքում պահանջելու հիմքը: Հայցվորները բողոքարկել էին առաջին ատյանի վճիռը: Վերաքննիչ դատարանը բեկանել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի վճիռը եւ գործն ուղարկել ետ` նոր քննության: «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ն վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը բողոքարկել էր Վճռաբեկ դատարան, սակայն գերագույն ատյանը բողոքը վարույթ չէր ընդունել: Գործում որպես երրորդ կողմ ներգրավված է նաեւ «Ազգ» օրաթերթը: 2010 թ. հունիսի 25-ի նիստում հայցվորի ներկայացուցիչը պնդեց, որ պատասխանողը հերքի ողջ հոդվածը, քանի որ հոդվածում այնպես է ներկայացվում, որ ավազահանությունն իրականացվում է քաղաքապետի անմիջական վերահսկողությամբ, եւ ողջ գումարը մտնում է քաղաքապետի գրպանը: «Ո՞նց կարող է դա քաղաքապետի գործարար համբավի վրա ազդեցություն չունենալ,- հարցրեց փաստաբան Գեւորգ Դավթյանը,- այդ հրապարակումից հետո բավականին դիմումներ, բողոքներ, միջոցառումների են կատարվել համապատասխան մարմինների կողմից, թեեւ այս ընթացքում ներքին գործերի մարմինների կողմից պարզվել է, որ այդ ամենը հավաստի չէ»: Փաստաբանը պնդեց, որ նույնիսկ հոդվածի` հարցադրման տեսքով վերնագիրը` «Ու՞մ գրպանն են մտնում ավազահանքի փողերը», հուշում է պատասխանը, որը տրված է հոդվածում` քաղաքապետի: «Հետաքննող լրագրողների» շահերի պաշտպան Կարեն Մեժլումյանը, սակայն, նշեց, որ դա կարող է նաեւ ուղղակի հարցադրում լինել, որի պատասխանը փորձել է պարզել լրագրողը` համապատասխան հարցում ուղարկելով դատախազություն, որը նշված է նաեւ հոդվածում: «Չակերտների մեջ «բարի խոսքը» ի՞նչ է նշանակում: Այսինքն` դա փոխաբերական իմաստով շատ վատ իմաստ ունի: Նշանակում է` վիրավորական խոսքեր, այսինքն` նաեւ ուշունց անձի հասցեին»,- «Հետքի» հետ զրույցում երկրորդ հոդվածի «վիրավորական» մասը պարզաբանեց փաստաբան Գեւորգ Դավթյանը: Կարեն Մեժլումյանի հարցադրմանը, թե արդյոք հայցվորը, նախքան դատարան դիմելը, «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ին հերքման պահանջ ներկայացրել է, Գեւորգ Դավթյանը մեջբերեց «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանի եւ Իջեւանի քաղաքապետի հեռախոսազրույցի մասին թերթի 2008 թ. մայիսի 26-ի համարում տպագրված նյութը: Քաղաքապետի հարցին, թե արդյո՞ք Ձեր խիղճը հանգիստ է, որ այդպիսի նյութ եք հրապարակել, խմբագիրը պատասխանել է. «Իհարկե, բոլոր փաստերը ստուգված են, փաստաթղթերը եւ լուսանկարները խմբագրությունում են եւ, եթե համաձայն չեք, կարող եք դիմել դատարան»: «Իրենք էլ դիմել են դատարան»,- ասաց Գեւորգ Դավթյանը: Կարեն Մեժլումյանը նշեց, որ դա չի կարող հերքման պահանջ համարվել, նախ` որովհետեւ հերքման պահանջը գրավոր չէ, երկրորդ` տեքստում տեղեկությունները հերքելու պահանջ չկա: Իսկ Գեւորգ Դավթյանը հակադարձեց` ասելով, որ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 8-րդ հոդվածում հերքման գրավոր կամ բանավոր պահանջի հատուկ տարբերակում չկա: Կարեն Մեժլումյանը հավելեց, որ նշված հոդվածով նախատեսված է «Լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները», իսկ հայցվորի պահանջը վերաբերում է Քաղ. օր.-ի 19-րդ հոդվածին` «բարի համբավը արատավորող տեղեկություններին»: Բայց հոդվածում լրագրողի նշած որեւէ փաստ չէր կարող «պատվի եւ արժանապատվության» հարց առաջացնել: «Այս հոդվածներից որեւէ մեկում վիրավորանք չկա, եւ պատվի ու արժանապատվության խնդիր չի կարող առաջանալ»,- նշեց փաստաբանը: Ավելին, լրագրողը նշել է. «Մեր ունեցած տեղեկությամբ` այս բիզնեսը գտնվում է Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի վերահսկողության ներքո»: Եվ այդ տեղեկությունները պաշտոնապես ճշտելու համար «ավազի արդյունահանման կապակցությամբ նամակով դիմել է Տավուշի մարզի դատախազություն»: «Ո՞րն է այստեղ վիրավորանք, այստեղ ընդամենը շարադրված են այն գործողությունները, որոնք կատարել է լրագրողը»,- հավելեց Կարեն Մեժլումյանը: Փաստաբանի մեկնաբանմամբ, այս գործը նույնիսկ քննության առարկա չպետք է դառնար դատարանում եւ պետք է կարճվեր, քանի որ հայցապահանջը վերաբերում է Քաղ. օր.-ի 19-րդ հոդվածի նախատեսած իրավունքին, որը կիրառում են իրավաբանական անձի գործարար համբավի պաշտպանության դեպքում, իսկ Իջեւանի քաղաքապետարանը իրավաբանական անձ չէ, ըստ այդմ` չի կարող գործարար համբավ ունենալ: Չնայած փաստաբանի հստակեցնող հարցերին` հակառակն էր պնդում հայցվորի ներկայացուցիչը: Դատարանը հետազոտեց նաեւ ապացույցները, որոնք ներկայացվել էին դատական վեճի նախորդ փուլերում: Կարեն Մեժլումյանը երկու միջնորդություն ներկայացրեց` խնդրելով հետազոտել նաեւ հոդվածի հեղինակ Ոսկան Սարգսյանի ցուցմունքը, ինչպես նաեւ այն տեսաերիզը, որտեղ հստակ երեւում է, որ նշված տարածքում իսկապես ավազահանման աշխատանքներ են իրականացվում: Դատավոր Գ. Խանդանյանը մերժեց միջնորդությունը` նշելով, որ դրանք արդեն իսկ գործում առկա են, եւ անհրաժեշտ չէ նիստում ուսումնասիրել դրանք: Հիշեցնենք, որ հոդվածի հեղինակ Ոսկան Սարգսյանը ցուցմունք տալիս նշել էր, որ հոդվածում ներկայացված բոլոր մտքերն ու փաստերը շարադրել է իրավասու մարմիններին ուղղված գրությունների պատասխանների եւ իր ուսումնասիրության արդյունքների հիման վրա: Հավաքած փաստերն իրեն հնարավորություն են տալիս համապատասխան մեկնաբանություններ ու կարծիքներ արտահայտել հրապարակման մեջ, եւ դրա իրավունքն ինքն ունի իբրեւ լրագրող: Իջեւանի քաղաքապետարանն ընդդեմ «Հետաքննող լրագրողների» գործով դատական վճիռը կհրապարակվի հուլիսի 9-ին:

Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված