Չորեքշաբթի, 13 նոյեմբերի

«Լավագույնը մեր ազատամարտիկներին»` բարեգործական համերգ



Հունիսի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Արսեն Գրիգորյանի (Մրրոյի) և նրա ընկերների նախաձեռնությամբ կկայանա բարեգործական համերգ` «Լավագույնը մեր ազատամարտիկներին» խորագրով: Այդ օրը նաև անհայտ կորածների միջազգային օրն է: Այսօր «Հենարան»-ում կայացած ասուլիսում երգահան Դավիթ Ամալյանը, երգիչ Արսեն Գրիգորյանը, Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Վոլոդյա Գասպարյանը խոսում էին համերգի կայացման անհրաժեշտության մասին` շեշտելով, որ նախ համերգի նպատակը վերաբերմունք ձևավորելն  ազատամարտիկների նկատմամբ,ապա նաև հաասարակության մեջ ազգային-հայրենասիրական ոգին բարձրացնելը: Այս համերգի հասույթը կտարամադրվի 12 սայլակավոր ազատամարտիկների: Երգիչներն ազատամարտիկների ցուցակը վերցրել են Պաշտպանության նախարարությունից: Արսեն Գրիգորյանը նշեց, որ ազատամարտիկները ներկա կլինեն համերգին, կհայտարարվի տոմսերի վաճառքից ստացված գումարը, որն էլ հենց համերգի ժամանակ կտրամադրվի նրանց: Համերգի ընթացքում 12 սայլակավոր ազատամարտիկներին կնվիրեն նոր սայլակներ: «Ես այսօր ապրում եմ, որովհետև մի հերոս իր կյանքը զոհեց, մի հերոս ձեռքը կորցրեց, ես այսօր ձեռք ունեմ, մի հերոս ոտք կորցրեց, ես այսօր ոտք ունեմ»,- նշեց երգիչ Արսեն Գրիգորյանը: Դավիթ Ամալյանը պատմում է, որ երբ ինքը ռեստորանում աշխատել է, եղել են չինովնիկներ, ովքեր եկել են մայիսի 28-ին կամ այլ խորհրդանշական օրերի, նախ լսել հիմնը, հետո` հայրենասիրական երգեր: Բայց «նորմալ» խմելուց հետո նրանց հիմնը դարձել է «Ջան, ախպերս»-ը. «Ես կուզեի, որ ժամանակը գար, և այս ամենը ոչ թե անհատները կազմակերպեին, այլ պետական մտածողություն դառնար, այդ ցավը դառնար պետական, ոչ թե լացող: «Ես քեզ սիրում եմ»-ների փոխարեն պետք է կախել մեր տղերքի նկարները, որովհետև սերնդին պետք է ներկայացնել այն մարդկանց, ովքեր մարտիրոսվել են»: Դավիթ Ամալյանը նշեց, որ ինքը չի ընդունում թշնամու նկատմամբ ատելությունը` ասելով, որ պայքարը ատելություն չէ, այլ ավելի մեծ բան: Պայքարող տղամարդը կարող է խփել կամ հայհոյել, իսկ կինը ասում է` թաղեմ բոյդ, ինչը դառում է ատելություն. «Կանացի հատկանիշները մեր երկրին հարիր չեն: Ես կուզեի, որ մենք պայքարեինք հանուն հայի, ոչ թե թուրքի դեմ»: Համերգի կազմակերպիչները նշեցին, որ հավաքվել են գաղափարակից ընկերներով` կարևորելով ազատամարտիկներին նվիրված բարեգործական համերգները ավանդույթ դարձնելը: Հունիսի 29-ին հնչելու են ոչ միայն ռազմահայրենասիրական երգեր, այլև երգեր մեր ազգային մշակույթի շտեմարանից, Արսեն Գրիգորյանի խոսքերով` գեղեցիկ, ազգային ոգով համերգ լինի: Երգիչներն էլ պատահական չեն ընտրված` Դավիթ Ամալյան, Մկրտիչ Մկրտչյան, Լեյլա Սարիբեկյան, Շուշան Պետրոսյան, Գևորգ Դաբաղյան, Համլետ Գևորգյան, Արսեն Գրիգորյան` Ասոն, «Հայ երգասաններ»-ը, Ազգային նվագարանների պետական նվագախումբը, «Կարին» և «Սասուն» ազգագրական խմբերը և այլն: Բեմի վրա լինելու են 33 երաժիշտներ, միայն կենդանի հնչողություն է լինելու: «Լավագույնը  մեր ազատամարտիկներին»-ը ունի բազմաթիվ աջակիցներ, տոմսերի արժեքն էլ 2000-8000 դրամ է:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված