Կիրակի, 17 նոյեմբերի

Հայաստանում շատ բաներ Լեհաստանի դեսպանին հիշեցնում են «ռուբիկ-կուբիկ» խաղը



3 ամիս առաջ, երբ Զդիսլավ Ռաչիսնկուն ներկայացվեց այն երկրների ցուցակը, որտեղ կարող է աշխատել որպես դեսպան, նա ընտրեց Հայաստանը: Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին իր ընտրությունը պայմանավորում է Հայաստանի աշխարհաքաղաքական դերով: «Խորհրդային Հայաստանը, անկախ Հայաստանը, պետականության կառուցման փուլում գտնվող Հայսատանն ինձ ծանոթ է, եւ առաջին անգամ չէ, որ Հայաստանում եմ»,- խոստովանում է դեսպանը: Ռաչինսկին իրեն համարում է ետխորհրդային երկրների ուսումնասիրության գծով մասնագետ: Մինչ դեսպան նշանակվելը նա 9 տարի առաջ եղել է Հայաստանում, այդ տարիների ընթացքում նկատել է փոփոխություններ եւ զարգացման միտումներ: «Հայաստանի իշխանությունները չեն գնահատում լեհական արժեքները: Ներկա դրությամբ Լեհաստանը վեցերորդն է իր տնտեսական ցուցանիշներով եվրոպական տարածքում` հաշվի առնելով բնակչությունը, տարածքը, ՀՆԱ-ն: Դա պետություն է, որը գտնվում է Եվրոպայի կենտրոնում, դա այն երկիրն է, որ չափանիշ է Եվրամիության երկրների միջեւ»,- ասում է դեսպանը: Զ. Ռաչինսկին նշեց, որ Հայաստանի իշխանությունների հետ հանդիպման ժամանակ ասել է այդ մասին, իսկ հարցին, թե ինչու՞ իրենք միջոցներ չեն ձեռնարկում լեհական արժեքները գնահատելու ուղղությամբ` պատասխանեց. «Եթե դուք շատ գեղեցիկ զգեստ ունեք, բայց այն կախված է զգեստապահարանում եւ չեք հագնում, ապա ոչ ոք չի տեսնի, նույնն է նաեւ պետությունների դեպքում. եթե ուզում ենք, որ մեր երկիրն այստեղ գնահատվի, ապա պետք է ներկայացնենք, մատուցենք, դրա համար էլ եկել եմ Հայաստան»: Հայաստանում Լեհաստանի լիազոր եւ արտակարգ դեսպան Զդիսլավ Ռաչինսկին ծնվել է 1959 թ., ավարտել է Վարշավայի համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինը: 1997-2001 թթ. զբաղեցրել է Լեհաստանի Ազգային անվտանգության ղեկավարի խորհրդականի պաշտոնը: 2001 թ.-ից աշխատել է Լեհաստանի ԱԳՆ համակարգում: 2004-2007 թթ. եղել է Թունիսում Լեհաստանի դեսպանը: Տիրապետում է արաբերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն լեզուներին: Հայաստանում շատ բաներ Ռաչինսկուն հիշեցնում են «ռուբիկ-կուբիկ» խաղը, այսինքն` ճիշտ դասավորվածություն չկա, բոլոր էլեմենտները տեղում չեն: Լրագրող, ազգային անվտանգության աշխատակից, հետո դեսպան Զդիսլավ Ռաչինսկին լեհական մի շարք լրատվամիջոցներում աշխատել է որպես լրագրող` հեռուստասեություն, ռադիո, մամուլ` անկախ, իշխանամետ, ընդդիմադիր: Ասում է` լրագրող աշխատելն իր ցանկությունն էր, քանի որ դա մեծ հնարավորություն էր տալիս առաջինը իմանալու ճիշտ ինֆորմացիան. «Լեհաստանում լրագրողի եւ ԶԼՄ-ների դերը շատ մեծ է, շատ հաճախ ասում են` ոչ թե չորրորդ իշխանություն, այլ առաջին»: Երբ Լեհաստանի նախագահ դարձավ իր ընկերը` Ալեքսանդր Կվասնեւսկին, նրան խնդրեց աշխատել իր մոտ, չնայած նոր պաշտոնում Զ. Ռաչինսկու աշխատավարձը հինգ անգամ քիչ էր. «Մեզ մոտ բնական ճանապարհ է, երբ լրագրողի աշխատանքից անցնում ես քաղաքական բնագավառ: Իմ երկրում հարգի է լրագրող-մեկնաբանի աշխատանքը, նրա աշխատած գումարը շատ ավելի բարձր է, քան քաղծառայողինը»: Դեսպանի համար ամենահարազատ աշխատանքը մեկնաբանի գործն է: 4 տարի անց արտգործնախարարը խնդրել է նրան ստանձնել Արեւելյան քաղաքականության վարչության պետի պաշտոնը: Նա տարածաշրջանի կարեւոր խնդիրներն է համարում անվտանգության կայունացումը, ազատ, դեմոկրատական եւ իրավական պետության կայացումը, տնտեսական զարգացումը, սերտ համագործակցությունը եվրոպական երկրների հետ: Ռաչինսկին շեշտեց, որ ներդրողների համար կարեւոր է, որ տվյալ երկիրը անվտանգ եւ կայուն լինի, համապատասխան ճանապարհներ լինեն, որպեսզի կարողանա իր արտադրանքն արտահանել, սահմանի վրա խոչընդոտներ չլինեն, ոստիկանները կաշառք չվերցնեն: Մի խոսքով, անհրաժեշտ է ստեղծել իրավական, տնտեսական, քաղաքական մեկ գոտի: Եթե դեսպան չլիներ, Զդիսլավ Ռաչինսկին կցանկանար Հայաստանում բիզնես ունենալ: Բայց քաղծառայությունը եւ բիզնեսը տարբեր բաներ են: Դեսպանին եւ նրա կնոջը չի թույլատրվում այդ ծառայության ընթացքում կողմնակի եկամուտ ունենալ, նրանք չեն կարող ավելի թանկ, քան 50 եվրո արժողությամբ նվեր ընդունել: Դեսպանն ասում է, որ իրենց մտքով չի էլ անցնում խախտել այդ կանոնները. «Բայց եթե քաղծառայող չլինեի, այլ լինեի բիզնեսմեն, ապա փոքր արտադրամասեր կստեղծեի այն մանր եւ միջին ապրանքների արտադրության համար, որոնք ներկա դրությամբ ներկրվում են Հայաստան»: Դեսպանը զարմանում է, որ Հայաստանը սննդամթերք է ներմուծում. «Չպետք է լինեն 3-4 գերհզոր արտադրողներ, պետք են տասնյակ մանր եւ միջին արտադրողներ, տնտեսության զարգացման համար դա ամենալավ հիմքն է»: Նմանությունը հայրենասիրությունն է Լեհ դեսպանը Հայաստանում ապրում է կնոջ հետ, իսկ դուստրը ուսանում է Լեհաստանի կոնսերվատորիայում: Հայաստան գալու առաջին օրվանից դեսպանի վրա տպավորություն են գործել հայերի պատմությունը, մշակույթը, լեզուն, բնությունը. «Երբ Երեւանում ես, շուրջ բոլորդ լեռներ են, կարծես թակարդի մեջ լինես, չես տեսնում հորիզոնները»,- ասում է նա: Հայաստանում դեսպանը տեսավ հասարակության` երկրին կապված լինելը, հայրենասիրությունը: Նա առիթ է ունեցել տեսնելու հայերի պայքարը Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, ասում է` այժմ այլ ժամանակներ են, բայց խորը հայրենասիրությունը պահպանվել է: Հենց հայրենասիրությամբ են, ըստ դեսպանի, լեհ եւ հայ հասարակությունները նման: Իսկ այդ նմանությունները սկսվում են կրոնից, պատմական հիշողություններից, բնակչության մոնոէթնիկ կազմից: «Պատմության ընթացքում Լեհաստանը բազմակրոն եւ բազմազգ է եղել, իսկ այսօր Լեհաստանը կորցրել է իր մի մասի հարստությունը` մեկ ազգ է, մեկ հավատքով»: Այս նմանությունների շնորհիվ էլ Զդիսլավ Ռաչինսկին արագ հարմարվել է այստեղ. «Մենք նույն ռասսայի ներկայացուցիչներ ենք, նույն կրոնն ունենք, նույն արժեքների մասին ենք խոսում»: Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ ամենամեծ տարբերությունը, նրա կարծիքով, իրականության ըմբռնման մեջ է. «Իմ հայ ընկերներից մեկը, ով վաստակեց իր առաջին գումարը, գնեց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, արտաքինից տուֆով պատեց այն տունը, որտեղ բնակվում էր: Իմ մյուս ընկերը, ով սկսել է բիզնեսը դեռ ուսանողական տարիներից, առաջին գումարը, որ վաստակեց, ներդրեց իր բիզնեսի զարգացման մեջ, եւ այդ ժամանակ նա մի 15 տարվա մեքենա էր վարում` հաշվի չառնելով, որ ուներ 2 դիպլոմ, ոչ մի անգամ չէր պարծենում, որ ինքն այդ մարդն է, բայց եթե ինչ-որ մեկը նրան ասեր` վարորդ վարձիր քեզ համար, ինչպես մեր հայ ընկերն արեց, երեւի նրան կուղարկեր հոգեբուժարան»: Զ. Ռաչինսկին նշում է, որ աշխարհում չկա մի տեղ, որտեղ ամեն ինչ իդեալական լինի: Նա իրեն իրավունք չի վերապահում թերագնահատել կամ գնահատել, ասում է` ինքը Հայաստանում հարկեր չի վճարում, հետեւաբար իրավունք չունի գնահատել, մինչդեռ կարող է իր երկրի մասին խոսել: «Ես քաղծառայող եմ, բայց ես անկախ եմ: Այն պահին, երբ նախագահը ստորագրում է դեսպան նշանակելու մասին հրամանը, այդ ժամանակ դեսպանը դառնում է սուրբ եւ անձեռնմխելի, ոչ ոք իրեն ոչինչ չի կարող անել, կարելի է իրեն միայն ետ կանչել»: Շատ հայ ծանոթներ ունի դեռ ուսանողական տարիներից: Իր մտերիմ ընկերներից է քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը: Երեք ամիսը քիչ է ընկերանալու համար, շփվում է մտավորականների, քաղաքական գործիչների, ստեղծագործողների հետ: Լեհ դեսպանը ցանկանում է Հայաստանի մասին գիրք գրել: Ասում է` պատմելու է մի ազգի մասին, որը գոյատեւել է:

Գլխավոր էջ


Տես նաև՝

    ավելին



    Մեկնաբանել
    Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

    Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

    Լրահոս

    Բոլոր նորությունները

    Արխիվ
    Ամենա

    Մեկնաբանված

    Կարդացված