ՈՒրբաթ, 15 նոյեմբերի

Մեր ավանդույթները լավագույնս ներկայացնում է Երևանի կոնյակի գործարա՞նը



Մենք աշխարհին ուզում ենք ներկայանալ մեր մշակութային կողմով, բայց ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով, մենք չունենք արժևորված մշակույթ: «Մենք, ըստ ամենայնի, չգիտենք ի՞նչն ենք ներկայացնում, մշակույթի ի՞նչ շերտը  և ի՞նչ նպատակով, որպեսզի մեր ի՞նչը ճանաչեն` ապրելո՞ւ փիլիսոփայությունը, պարի՞ փիլիսոփայությունը»,- այսօր ասուլիսին նշեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Ըստ նրա` մեր առաջնահերթ խնդիրը ինքնաճանաչողությունն է, ինչպե՞ս ենք ճանաչում մեր մշակույթը և ի՞նչ ենք հասկանում դրա ենթատեքստում: Նա օրինակ է բերում. երբ մեր ժողովրդի բնութագրող հատկանիշների մասին խոսելով ասում ենք` հյուրընկալ ենք, ի՞նչ է նշանակում այդ բառը, կամ հյուրասերը ո՞րն է. «Հյուրին տուն ընդունե՞լը, հյուրին սպասարկե՞լը, հյուրին սիրե՞լը, թե՞ որը»,- հարցնում է ազգագրագետը` եզրակացնելով, որ մենք չունենք մեր մշակույթի ընկալումը: Ազգագրագետի կարծիքով` Հայաստանը տոնի և տոնահանդեսի մշակույթով կարող է ներկայանալ աշխարհին: Մյուս բանախոսը`գրականագետ, Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը նշեց, որ ցանկացած երկիր նախ ներկայանում է իր ընդհանուր խորհրդանիշերով` դրոշով և գերբով: Նա ասում է, որ Երևանի համար խորհրդանիշ կարող է լինել Էրեբունին և հանրապետության հրապարակը: Այսօր, ըստ նրա, մեր անցյալից ունեցած պատմությունը և դրանց ներկայացման ձևերը գտնվում են աղաղակող հակասության մեջ, իսկ մեր ավանդույթները լավագույնս ներկայացնում է Երևանի կոնյակի գործարանը: Գրականագետը նշում է, որ հային իր երկիրը նախևառաջ կապում են ավանդույթները: Նա առաջարկում է ներկայանալ Ջրհեղեղի ավանդությամբ. «Եթե մենք կենդանի ժողովուրդ ենք, պետք է անցյալից բազմաշերտությամբ գանք դեպի ներկան: Մարդը ոչ թե պետք է հետ գնա, այլ գա առաջ»,- ասում է գրականագետը: Նա նշում է, որ մենք մոռանում ենք մեր ամենակարևոր խորհրդանիշի` Արագածի մասին, չնայած այն բազմաթիվ աղբյուրներ ունի, իսկ ջուրը մեզ համար պաշտամունքի առարկա է եղել: Ազգագրագետ Հրանուշ  Խառատյանն էլ նշում է, որ Հայաստանը  ներկայացանլու համար լավ այցեքարտեր կարող են լինել Վարդավառի տոնը, կամ էլ Հայաստանի  Անկախության  տոնը, եթե ճիշտ մատուցվի: Նա նաև հիշեց Համբարձման տոնի մասին` ավելացնելով, որ եթե մենք ինքներս դա նշենք մեծ շուքով, ապա այն ևս կարող է մեր ներկայանալու միջոց ծառայել: Հայաստանը 2 տարի առաջ միացել է ՄԱԿ-ի ոչ նյութական արժեքների  մասին կոնվենցիային: Այս տարի կառավարության  կողմից հաստատված ցանկում ոչ նյութական արժեքների շարքում նշվեծ է նաև Վարդավառը: Այդ ծրագրի շրջանակներում պետք է միջոցառումներ ձեռնարկել դրանց պահպանման, զարգացման համար: Ինչ վերաբերում է  տոների նշմանը ժամանակ ուտելիքն տրվող մեծ նշանակությանը, ապա գրականագետը  նշում է, որ ուտել-խմելը վատ բան չէ, միայն թե պետք է այն տոնի տարրերից լինի:

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված