Հինգշաբթի, 12 դեկտեմբերի

Բողոքում են դեղորայքից



Համաձայն Սպառողների ասոցիացիայի կատարած հետազոտությունների` Հայաստանում կասկածելի ծագման սնունդը և դեղորայքը 30 տոկոս են կազմում: Վերջին շրջանում Սպառողների ասոցիացիան ամենաշատ ահազանգերը ստանում է` կապված դեղերի հետ. «Մարդիկ լացելով զանգում են մեզ եւ բողոքում: Մեր երկրում չկա տեսչություն, որը զբաղվի դեղերով: Սննդով կա, էս սեղանով կա, իսկ դեղերով չկա»,- ասում է Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը` նշելով, որ բողոքները հիմնականում ներկրվող դեղերից են: Մարդիկ բողոքում են նախ դեղորայքի կասկածելի ծագումից, իր էֆեկտը չտալուց, դրանց վնասակար ազդեցությունից: Ասոցիացիան բոլոր ահազանգերն ուղարկում է Առողջապահության նախարարություն: «Եթե սննդի ժամկետը անցած է մեկ կամ հինգ օր, ապա դա միանգամից չի սպանում, ուղղակի ինչ-որ բաներ կորում են»,- նշում է Ա. Պողոսյանը: Չնայած օրենքով սահմանված է սննդի վրա ժամկետների պարտադիր նշման մասին, բայց մեր դատական պրակտիկայում նման դեպք չի գրանցվել: Սակայն ինչո՞ւ այդ հարցով չեն զբաղվում այս ոլորտում գործող ավելի քան 2500 կազմակերպությունները: Արմեն Պողոսյանը նշում է, որ այդ կազմակերպություններն էլ հայտարարում են, որ ունեն 2000-4000 անդամներ, և եթե այդ թվերը գումարելու լինենք, ապա ավելի շատ մարդ է ստացվում, քան Հայաստանում ապրւմ է: Սպառողների ասոցիացիան ունի 300-ից ավելի անդամներ, որոնցից ամենակտիվը 50-70 են: Ինչ վերաբերում է ասոցիացիայի շահած գրանտներին, ապա նախագահը նշում է, որ չնայած հոկտեմբերից-փետրվար իրենց միությունը «ոչ մի կոպեկ» չի ունեցել, բայց ինտենսիվ աշխատել է, իսկ հիմա գրանտ են շահել` Երեւան քաղաքի էկոլոգիայի և տրանսպորտի խնդիրների հետ կապված: Արմեն Պողոսյանը հիշեց մարդու առողջ, երկար կամ ընդհանրապես ապրելու 4 պատվիրաններ. Առաջին` հրաժարվել վատ սովորույթներից, երկրորդ` սահմանել սննդի, աշխատանքի, քնի ռեժիմ, երրորդ` խուսափել յուղալի և աղի սննդից, չորրորդ` գրքեր կարդալ, զբաղվել սպորտով: Ա. Պողոսյանի հավաստմամբ` մրգերի և բանջարեղենի օգտագործումը օրական 400 գրամից ոչ պակաս պետք է լինի. «Ակնհայտ է, որ մենք գտնվում ենք վճարունակության ոչ բավարար մակարդակում, մեր երկրում անվճարունակ ժողովուրդը կազմում է 46 տոկոս, որից 21-ը ծայրահեղ աղքատության մեջ են: Եթե համեմատենք երշիկի, մսի և մնացած սննդամթերքների հետ, ապա դա համեմատաբար մատչելի է»: Ըստ նրա` մարդ ստեղծված է ամենաշատը 8 ժամ աշխատելու համար: Իսկ մեր երկրում շատերն անգամ 24 ժամ են աշխատում: «Շատ աշխատելը վտանգում է ոչ միայն մեր առողջությունը, այլեւ կյանքը»,- ասում է Ա. Պողոսյանը:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված