Չորեքշաբթի, 13 նոյեմբերի

Ո՞վ է վտանգավոր` Մանվել Բադեյանը, թե՞ Նաիրի Հունանյանը



ՀՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսում էր եվրոպական չափանիշների և օտարալեզու դպրոցների բացման մասին ու ասուլիսի ժամանակ մեկը մյուսի ետևից ծխախոտ էր վառում: Լրագրողներից մեկի նկատողությանը, թե փակ տարածքում չի կարելի ծխել, կեսկատակ կեսլուրջ պատասխանեց. «Դա էլ իմ ստացած կրթությունից է գալիս»: «Ես ունեմ ռուսական կրթություն և յոթ տարեկանից գնացել եմ ոչ հայկական դպրոց, իսկ  Նաիրի Հունանյանը ունի փայլուն հայերենի իմացություն, նույնիսկ ավարտել է ԵՊՀ –ի հայ բանասիրության ֆակուլտետը, թողնում եմ ձեր դատին, մեզանից ո՞վ է ավելի վտանգավոր Հայաստանի Հանրապետության համար»,-  ասում է Մանվել Բադեյանը: Նրա կարծիքով` որևէ բան չի խանգարում լեզվամտածողությանը, եթե իմանում ես  մի քանի լեզու ավելի.  «Ինչի՞ պիտի պորտուգալացի երեխան հնարավորություն ունենա սովորել Օքսվորդի դպրոցում, իսկ հայ երեխան չկարողանա»: Հիշեցնենք, որ երկու ամիս առաջ Կառավարությունը ներկայացրեց «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, իսկ օրեր առաջ ներկայացվեց այդ նախագծի վերամշակված տարբերակը: «Նպատակն է` տալ հնարավորություն, ի թիվս այլ դպրոցների, ունենալ նաև միջազգային ստանդարտներին համապատասխան համբավ ունեցող միջազգային դպրոցներ: Կարևորն այն չէ, որ ուսուցումը լինելու է անգլերեն կամ պորտուգալերեն, այլ այն, որ հանրակրթական դպրոցում անցնող առարկաները բարձր մեթոդաբանությամբ և պահանջներով են դասավանդվելու` ոչ ի հաշիվ հայերենի, որովհետև այդ նույն  դպրոցներում նախատեսված է հայոց պատմության, աշխարհագրության դասերը ոչ պակաս ծավալներով, քան հանրակրթական դպրոցներում»,-  կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը: Նա համոզված է, որ դրանք չեն դառնալու էլիտար դպրոցներ: Ասում է`Հայաստանի վճարունակ բնակչությունն իր երեխաներին կարողանում է ուղարկել արտասահմանում սովորելու, իսկ այս դպրոցները, այն խելացի, տաղանդավոր երեխաների համար են, որոնց ծնողներն այդքան էլ վճարունակ չեն, իսկ իրենք կարող են տարբեր աղբյուրներից ֆինանսավորվելով սովորել այդ դպրոցներում: «Էդտեղ հարուստի խնդիր չի լուծվում, հարուստի խնդիրը վաղուց լուծված է»,- նշում է ՀՀԿ-ական պատգամավորը: Աժ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը համամիտ չէր Մ. Բադեյանի հետ` նշելով, որ այսօր Հայասատանւմ գործող «Լեզվի մասին» օրենքը ամբողջությամբ թույլ է տալիս հասնել թե' միջազգային արդյունավետ համագործակցության, թե' օտար լեզուների իմացության շնորհիվ կրթական ծրագրեր իրականցնելուն: «Լեզուն ինքնության երաշխիք է, լեզուն համակարգ է, լեզվամտածողություն է, որի շուրջ ձևավորվում է ազգի ընդհանրականությունը: Խաթարելով այն` խաթարում ենք այն լեզվական միջավայրը, որը մեր անվտանգության գործոններից մեկն է»,- ասաց Լ. Գալստյանը: Լիլիթ Գալստյանն էլ բերում է արտասահմանի օրինակը` նշելով, որ 1,5 մլրդ բնակչություն ունեցող Չինաստանում միջազգային դպրոցների թիվը չի գերազանցում 50 տոկոսը, Շվեդիայում կա 3 միջազգային օտարալեզու դպրոց, որտեղ արգելված է ազգությամբ շվեդ երեխաների կրթությունը, նույնը Հունաստանում է: Լիլիթ Գալստյանը նշում է, որ անշուշտ կարևոր է լեզուների իմացությունը միջազգային հարաբերություննրի հաստատման, շփման առումով, բայց առաջարկում է նախ զարգացնել ազգային դպրոցը, ազգային դպրոցում էլ` օտար լեզուների ուսուցումը: Մանվել Բադեյանն էլ նշում է, որ բերելով այլ երկրների օրինակները, չպետք է մոռանալ նաև նշել, որ այդ երկրները արդեն եվրոպական համակարգի մեջ են ընդգրկված, ինչը չի կարելի ասել մեր մասին. «Եկեք ճիշտն ասենք` մեր դպրոցները լավը չեն: Էդ դպրոցներում լեզուներ չեն սովորեցնելու, այլ բերելու են եվրոպական մեթոդաբանություն ֆիզիկա սովորեցնելու: Ի՞նչ է,14 տարեկան երեխան, որ քիմիան անգլերեն սովորեց, դառնու՞մ է անգլիացի»: Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի դիրքորոշմանը այս հարցի վերաբերյալ, ապա նրա մամուլի խոսնակի հայտարարությունում Լիլիթ Գալստյանը հստակություն չի տեսնում, քանի որ այն վերաբերում է միջազգային կրթական ծրագրերի իրականացմանը, ավելին` ինչ-որ տեղ հույս ունի, որ դա չի վերաբերում օտարալեզու դպրոցների վերաբացմանը.«Միջազգային կրթական ծրագրերի իրականացման համար ամենևին էլ պարտադիր չէ խաթարել մեր ազգային դպրոցը, թող գան մեր միջին դպրոցում կամ ավագ դպրոցում դա իրականացնեն: Լեզուն մրցակցային գործիք չէ»,- ասում է դաշնակցական պատգամավորը: «Այդ նախաձեռնությունը կատարել է Հանրապետական կուսակցությոնը, որի ղեկավարը ՀՀ նախագահն է, բնականաբար, ներկուսակցական քննարկումներ եղել են, միանշանակ նախագահը շատ կողմ է այս օրենքին, որովհետեւ եթե ինքը դեմ լիներ, այս նախագիծը չէր մտնի»,-ասում է  ՀՀԿ-ական պատգամավորը: Նա համոզված է, որ զարգացմանը միտված ամեն մարդ երբեք չի ասի `ոչ լավ դպրոցի մուտքին Հայաստան: Լիլիթ Գալստյանը նշում է, որ վարչապետը շատ ավելի անկեղծ է եղել եւ նշել, որ այս դպրոցի բացման մտահղացումը  Ռուսաստանի հայ գործարար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ է իրականացվել. «Թող գա և մեր ազգային դպրոցի առողջացմանը նպաստի»: «Ու՞մ եք ճանաչում հակահայ, որ այլ կրթություն է ստացել, դավաճանը կարող է ոսկեղենիկ հայերենով խոսել, այդպիսի օրինակներ էլ շատ կան»,- կարծում է Բադեյանը: Լիլիթ Գալստյանը զարմանում է, որ եթե խորհրդային տարիներին կռիվ էին տալիս հայկական դպրոց ունենալու համար, ապա այսօր այն նահանջում է: Իսկ Բադեյանը, ընդհակառակը, մի լավ հոսք է տեսնում`օգտագործելու աշխարհում իրեն արդարացրած կրթական փորձը: Նա նշեց, որ ՀՀԿ բոլոր պատգամավորները անկասկած կողմ են քվեարկելու այս օրինագծին: «Այստեղ խոսքը օտար լեզվի մասին չէ, այլ լավ դպրոց ունենալու»,- ասում է Բադեյանը: Լրագրողների մտահոգությանն առ այն, որ երեխան, ավարտելով միջազգային օտարալեզու դպրոցը, որտե՞ղ պետք է շարունակի ուսումը. չէ՞ որ այդպիսի համալսարաններ չկան, Բադեյանը նշեց, որ դա լուրջ խնդիր է, հիմա էլ են շատերը գնում արտասահման սովորելու, բազմաթիվ դժվարություններ են ունենում, քանի որ իրենց հիմքը բավարար մակարդակի վրա դրված չի լինում. «Խելացի երեխան հենց նրա համար է, որ էս երկիրը պահի, խելոք մարդու երկիր պետք է լինի սա»: Լիլիթ Գալստյանը նշեց, որ մենք դասվում ենք մեռնող ազգերի թվին, քանի որ ծնելիությունը, վերականգնելիությունը նվազել է և մեր համար շռայլություն է օտարալեզու դպրոցը:

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված