Շաբաթ, 17 օգոստոսի

«Ամեն գնով չի կարելի հանցագործություն բացահայտել»



Հարցազրույց Քաղաքացիական հասարակության ինստիտուտի խորհրդի նախագահ, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի քարտուղար Արտակ Կիրակոսյանի հետ Վահան Խալաֆյանի մահվան դեպքը Չարենցավանի ոստիկանությունում ցույց տվեց, որ խոշտանգումները Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված ամենասուր թեման է:

Ինչպե՞ս է կարելի վերահսկել քննությունների ընթացքը եւ առհասարակ մարդկանց` ոստիկանությունում գտնվելու օրինականությունը: Հասարակական վերահսկողության առումով առհասարակ Հայաստանում զարգացում կա, եւ դա շատ ողջունելի է:

Հայաստանն այդ իմաստով Արեւելյան Եվրոպայի առաջադեմ երկրներից է: Արեւմտյան Եվրոպայում այդ խնդիրն այդպես սուր դրված չէ, որովհետեւ այնտեղ կա դատախազական վերահսկողություն, մամուլ, որոնք այդ դերը շատ լավ կատարում են: Մեզ մոտ հասարակական վերահսկողությունը շատ արդյունավետ գործիք է, որը լավ աշխատում է քրեակատարողական համակարգում: Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող խմբի գործունեությունից Արդարադատության նախարարությունն էլ է շատ գոհ այն իմաստով, որ շատ խնդիրներ են բացահայտվում: Այսինքն` խմբի գոյությունն արդեն ոչ միայն խնդիր չէ նախարարության համար, այլ կարեւոր մի գործիք է նաեւ ներքին վերահսկողության համար: Շատ ողջունելի է նաեւ, որ կրթության նախարարությունը հատուկ դպրոցների նկատմամբ վերահսկողություն իրականցնող նման մի խումբ ստեղծեց, մայիսի 31-ին եղավ նախարարի հրամանը խմբի գործունեության կարգը հաստատելու վերաբերյալ: Փաստորեն, նույն տիտպի հասարակական վերահսկողություն լինելու է այնտեղ ու նորից, ես կարծում եմ, երկակի ֆունկցիա է կատարելու: Մի կողմից` խնդիրները բացահայտել նախարարության համար (ներքին վերահսկողություն), մյուս կողմից հասարակական վերահսկողություն իրականացնել, որպեսզի հասարակությունն էլ իմանա, թե ինչ պրոբլեմներ կան այդտեղ ու նաեւ գուցե աջակցի շտկումներին, քանի որ երեխաների իրավունքների պաշտպանության առումով դա շատ կարեւոր է: Խոշտանգումները ոստիկանությունում ամենախոցելի խնդիրն են ինձ համար: Այստեղ իսկապես հարցը մարդկանց կյանքի մասին է, ընդհանրապես օրինականության պահպանման մասին, որովհետեւ եթե մարդկանց մոտ վստահություն չկա, որ ոստիկանությունը օրինական մեթոդներով է աշխատում, ապա կարող եք պատկերացնել, թե ամբողջ հասարակության մոտ ինչքան մեծ է իրավական նիհիլիզմի աստիճանը: Այդ իմաստով օր առաջ պիտի ստեղծված լիներ հասարակական վերահսկողության մի խումբ, որը վերահսկողության տակ կվերցներ ոստիկանական բաժանմունքները: Ինչ մտավախություններ այստեղ կարող են լինել: Հիմնական մտահոգությունը, ոստիկանների տեսակետից, քննության արդյունավետության վրա ազդեցությունն է: Բայց պետք է միանգամից ասել, որ խոսքն ընդհանրապես այն մասին չէ, որ վերահսկողություն կատարվի քննության ընթացքի նկատմամբ: Այդպիսի խնդիր չի դրվում: Խոսքը պահելու պայմաների, մարդկանց այնտեղ պահելու օրինականության եւ վերաբերմունքի, վարքի, բառացիորեն այն փաստերը արձանագրելու մասին է, երբ ոստիկանները մարդկանց նկատմամբ անմարդկային վերաբերմունք են դրսեւորում: Առաջին հարցը դա է` հնարավորություն տալ մտնել բաժանմունք ու տեսնել` մարդը ի±նչ կարգավիճակով է այնտեղ գտնվում, արձանագրությունը կազմվա՞ծ է, թե՞ ոչ, կանխել այն անիմաստ ՙզրույցները՚, որոնց պատրվակով մարդկանց կանչում են ոստիկանություն: Ի դեպ, Խալաֆյանի դեպքում էլ էր գրված, որ եղել է հարցաքննություն, որից հետո` զրույց: ՙԶրույց՚ ասվածը մեր օրենսդրությունից դուրս մի բան է, որը, կարծում եմ, խայտառակ պրակտիկա է` առանց այդ մարդկանց իրավական կարգավիճակ ունենալու: Մյուս կարեւոր հարցը` ինչքանո±վ են մարդիկ ծանոթացվել իրենց իրավունքներին` փաստաբանի, զանգի իրավունք եւ այլն: Հիմա մենք խոսում ենք այն խնդիրների մասին, որոնք առկա են եւ արձանագրվել են, երբ մեկին դաժանաբար ծեծում են, մեկը սպանվում է, կամ մեկը դատարանում հայտարարում է ոստիկանություն իրեն խոշտանգելու մասին: Մնացած առումով ոստիկանական բաժանմունքը մութ արկղ է, որի մեջ մարդկանց հետ ինչ-որ բան է կատարվում:

Երբ ոստիկանապետը կանխավ հայտարարում է, որ ոստիկանության Չարեցավանի բաժանմունքում ոչ թե սպանություն է տեղի ունեցել, այլ ինքնասպանություն, դա ճնշում չէ՞ նախաքննություն իրականացնող մարմնի վրա:

Խալաֆյանի դեպքը ցույց տվեց ներքին վերահսկողության անարդյունավետությունը ոստիկանությունում: Շատ ողջունելի է, որ նախարարն իր մեջ ուժ գտավ ներողություն խնդրելու իրեն թյուրիմացության մեջ դնելու համար եւ որոշակի քննություն սկսեց, բայց ինձ թվում է` իր համար էլ այդ հարցը պետք է դրվեր` ինչպե՞ս դա եղավ, կամ ինչպե՞ս է դա լինում: Գուցե իր համար էլ է բաժանմունքը սեւ արկղ: Կոպիտ ասած` հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը բավարար չէ, որ մենք ասենք, թե իրավունքի պաշտպանության կամ օրինապահության գործընթաց ենք ապահովում: Դրանից ելնելով` կարծում եմ, որ ոստիկանապետն ինքը պետք է այդ խնդիրը դրած լիներ իր առջեւ ու հույս ունեմ, որ այդ իմաստով ինչ-որ քայլեր կձեռնարկի:

Ոստիկանական բաժանմունքների նկատմամբ վերահսկողություն կատարող խմբի ձեւավորման հետ կապված կոնկերտ քայլեր արվու՞մ են ներկայումս:

Կարող եմ ասել, որ ոչինչ չի արվում: Ոստիկանությանը կից Հասարակական խորհուրդ կա, որում անվանի գործիչներ են ներգրավված, բայց այդ Խորհրդի առջեւ մշտադիտարկման (մոնիտորինգ) եւ վերահսկողության խնդիր չի դրված: Անվանի գործիչը դժվար նման խնդիրներ ունենա, առավելագույնը նա առնչված կլինի Ճանապարհային ոստիկանության հետ: Անհրաժեշտություն կա, որ նման կառույցներում մասնագիտացած իրավապաշտպան կազմակերպությունները ներգրավվեն եւ աշխատեն: Որոշ քայլեր Մարդու իրավունքների պաշտպանն է փորձում անել: Նա ստեղծել է խոշտանգումների կանխարգելման խումբ, որը շուտով կսկսի իր աշխատանքը: Դրանում ներգրավված է նաեւ մեր կազմակերպությունը: Դա օրենքով Պաշտպանի վրա դրված պարտականություն է: Բայց կարծում եմ, որ սա էլ բավարար չէ: Այս պարագայում մասնակիորեն կարող է լուծվել հասարակական վերահսկողության խնդիրը, ներքին վերահսկողության հարցը չի լուծվի: Լավագույն  մեխանիզմը Հասարակական վերահսկողություն իրականացնող խումբն է, երբ մենք մի գործիքով լուծում ենք եւ արտաքին, եւ ներքին վերահսկողության խնդիրները:

Վիճակագրություն ունե՞ք ոստիկանությունում խոշտանգումների թվի մասին:

Նման վիճակագրություն չկա, որովհետեւ ուսումնասիրություն չկա: Արձանագրված դեպքեր կան, բայց դրանք քիչ են: Ոչ թե այն պատճառով, որ քիչ են տեղի ունենում, այլ դրանց մասին չենք իմանում: Ակնհայտ է, որ ոստիկանության նկատմամբ Հայաստանում վախ կա: Երեւի արժի, որ ոստիկանությունը մի հարցում պատվիրի` պարզելու հասարակության վերաբերմունքը ոստիկանության նկատմամբ: Կամ` կոնկրետ խոշտանգումների հետ կապված: Որքա±ն է, օրինակ, ծեծվելու հավանականությունը, եթե դու հայտնվել ես ոստիկանությունում: Ես ավելի շատ կողմ եմ եւ հույս ունեմ, որ ոստիկանությունն ինքը այդ խնդիրը կհասկանա եւ նախաձեռնող կլինի: Այստեղ պետք է որոշակի դեր ունենա նաեւ դատախազական վերահսկողությունը, բայց չունի: Ես ավելի շատ որպես համակարգ վստահություն ունեմ ոստիկանության նկատմամբ, քան դատախազության: Մենք կարող ենք շատ քննադատել ոստիկանությանը, բայց նա ունի հանցավորության դեմ պայքարելու առաջնային խնդիր (ինչպես իրենք են տեսնում), եւ այդ խնդիրը ինչ-որ ձեւով կատարում է, այդքան վատ չի կատարում, եթե գնահատենք ընդհանուր կրիմինալ իրավիճակը երկրում: Ինչ վերաբերում է օրինականության պահպանմանը, որն ավելի շատ դատախազության խնդիրն է, այստեղ մենք ավելի մեծ պրոբլեմ ունենք: Ոստիկանությունը ու դատախազությունը պետք է իրենց դերի վերագիտակցում կատարեն: Դրա համար մի հսկող աչք է պետք: Ամեն գնով չի կարելի հանցագործություն բացահայտել:


Գլխավոր էջ


Տես նաև՝

    ավելին



    Մեկնաբանել
    Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

    Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

    Լրահոս

    Բոլոր նորությունները

    Արխիվ
    Ամենա

    Մեկնաբանված

    Կարդացված