Հինգշաբթի, 05 դեկտեմբերի

«ՖեդԷքսը»` թմրամիջոցների փոխադրման միջոց



2009թ.-ի մարտի 10-ին թմրամիջոցներ տեղափոխելու եւ իրացնելու կասկածանքով Գլենդելում ձերբակալվում են 4 անձինք, որոնցից երկուսը` հայ: Հայաստանից Միացյալ Նահանգներ գլենդելաբնակ 37-ամյա Ռազմիկ Ալչյանի հասցեով ուղարկած ծանրոցի մեջ հայտնաբերվում է «ափիոն» տեսակի թմրամիջոց` 32 ֆունտ (մոտ 14,5 կգ): Ուղեբեռը ԱՄՆ է տեղափոխվել «Ֆեդերալ Էքսպրես» («Ֆեդէքս») փոխադրող կազմակերպության ծանրոցում: Թմրամիջոցը թաքցված է եղել ճնշակաղապարներում: Ռազմիկ Ալչյանի հետ միաժամանակ ձերբակալվում են 27-ամյա Լուսինե Խաչատրյանը (Գլենդելից), 37-ամյա Էդմոնդ Բոլանդին (Փալմդալից ) եւ 35-ամյա Ալի Նուրին (Ռեզեդայից): Ինչպես «Գլենդել-նյուզին» հայտնել է Հատուկ հետաքննությունների բյուրոյի լեյտենանտ Բրյուս Ֆոքսը, թմրամիջոցի խմբաքանակի շուկայական արժեքը կազմել է շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար: Այն պետք է փոքր չափաքանակներով վաճառվեր տեղաբնակներին: Հատուկ ծառայությունների ներկայացուցիչները դեռեւս Մեմֆիս քաղաքում են հայտնաբերել թմրամիջոց պարունակող ծանրոցը, սակայն դաշնային ծառայության աշխատակիցները կերպարանափոխման միջոցով` որպես փոստատար հասցրել են այն նշված հասցե եւ փոխանցել կնոջը: Իսկ երբ երկու տղամարդիկ դուրս են եկել տնից եւ մեքենայով փորձել են տեղափոխել ծանրոցը, ոստիկանները ձերբակալել են նրանց: Հետախուզման ժամանակ տվյալ հասցեում (Orange Grove Avenue) հայտնաբերվել են նաեւ այլ մետաղյա ճնշակաղապարների փաթեթավորման պարագաներ եւ ստացման կտրոններ, ինչը, լեյտենանտ Բրյուս Ֆոքսի համոզմամբ, նշված անձանց` թմրամիջոցների վաճառքով զբաղվելու ապացույց է: Այս դեպքը նա որակել է որպես «թմրամիջոցների շրջանառության օղակ», իսկ խմբաքանակի հայտնաբերումը Գլենդելի ոստիկանության պատմության մեջ ամենամեծն է եղել: Հաջորդ օրը` մարտի 11-ին, մեկ այլ ծանրոց է հայտնաբերվում նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ուղեւորվող «Սիմա-Սաֆար» ուղեւորներ եւ բեռներ փոխադրող կազմակերպության ավտոբուսում, որի միջոցով մոտ 11 կգ «ափիոն» տեսակի թմրամիջոց է տեղափոխվել Հայաստան: Թմրամիջոցը թաքցված է եղել նույն` հատուկ պատրաստված մետաղյա ճնշակաղապարների մեջ: Այս ուղեբեռը եւս նախատեսված է եղել ԱՄՆ ուղարկելու համար եւ կրկին` «ՖեդԷքս» ընկերության հայաստանյան մասնաճյուղի միջոցով: Իրանից Հայաստան թմրանյութերի տեղափոխումն իրականացրել է իրանաբնակ ոմն Մուհամմեդ, ով «ՖեդԷքսի» հայաստանյան մասնաճյուղին պատվիրել է ճնշակաղապարների առաքում Եվրոպա եւ ԱՄՆ: Բեռները Իրանից Հայաստան են ուղարկվել «Սիմա-Սաֆար» կազմակերպության ավտոբուսների վարորդների միջոցով, այնուհետեւ վերաբաշխվել` ըստ հասցեատերերի: Թմրամիջոցների տեղափոխման օրն իսկ` մարտի 11-ին, ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվում է քրեական գործ ՔՕ 215-րդ հոդվածի 4-րդ մասով (Թմրամիջոցների մաքսանենգություն` կատարված կազմակերպված խմբի կողմից) եւ 266-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին եւ երկրորդ կետերով (Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը` կատարված մի խումբ անձանց կողմից եւ խոշոր չափերով): ՀՀ գլխավոր դատախազության` մեզ ուղարկած պատասխանում նշված է, որ քննությամբ պարզվել է այն անձի ինքնությունը, ում անունով ուղարկվել է եւ ով պետք է այն ուղարկեր ԱՄՆ` «ՖեդԷքսի» միջոցով: Երկուսն էլ ձերբակալվել են: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, որը մեզ տրամադրել է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, Իրանից ստացված նմանատիպ 28 մետաղյա ճնշակաղապարներ ՀՀ-ից ուղարկվել են Կանադա, 7-ը` ԱՄՆ, 2-ը` Ֆրանսիա, սակայն դրանց մեջ եղե՞լ են թմրամիջոցներ, թե՞ ոչ` նախաքննությանը դեռեւս հայտնի չէ: Համապատասխան հարցումներ են ուղարկվել նշված երկրների դատախազություններ` պարզելու գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները, այդ թվում` նախկինում տվյալ երկիր ուղարկված ճնշակաղապարների պարունակությունը, դրանց հետագա շարժը եւ այլն: Հարցումների պատասխանները դեռ չեն ստացվել, բացառությամբ` ԱՄՆ-ի: Համաձայն այդ պատասխանի` Ռազմիկ Ալչյանն ազատ է արձակվել: Չորս ամիս առաջ «Հետքը» էլեկտրոնային նամակ է ուղարկել Գլենդելի ոստիկանության հանրային կապերի բաժնին` պարզելու այս գործով կալանավորվածների ազատ արձակման պատճառը եւ գործի այլ մանրամասներ, սակայն առայսօր պատասխան չի ստացվել: Հայաստանում քրեական գործի նախաքննությունը ներկայումս կասեցված է, գործով ձերբակալվածներն ազատ են արձակվել, իրականացվում են օպերատիվ-որոնողական աշխատանքներ: Գործի մանրամասների վերաբերյալ մեզ տեղեկատվություն չեն տրամադրել` «գործի մանրամասների վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը նպատակահարմար չէ» պատճառաբնությամբ: «Նրանք ազատ են արձակվել, քանի որ վերացել էր նրանց կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը»,- պատասխանել է գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը: Թե ինչու՞ է վերացել անհրաժեշտությունը նման ծանրակշիռ փաստերի առկայության դեպքում, պատասխան գրությամբ չի հիմնավորվել: «Ֆեդէքս»-ի` աշխարհի տարբեր երկրների մասնաճյուղերում նման բազմաթիվ դեպքեր են բացահայտվել, հարուցվել են քրեկան գործեր, դատապարտվել են մարդիկ: Գրեթե բոլոր դեպքերում այդ գործարքներում ներգրավված են եղել «Ֆեդէքս»-ի աշխատակիցները: շարունակելի

Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված