Կիրակի, 15 դեկտեմբերի

«Հայաստանի բնակչության 0.23 տոկոսը թմրամոլ է»



2009 թվականին Հայաստանում պաշտոնապես գրանցվել է 1740 թմրամոլ, այս թիվը սակայն չի արտացոլում հայաստանցի թմրամոլների իրական քանակը: «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանի խոսքով` 4 թմրամոլներից միայն մեկն է գրանցվում բուժման նպատակով, ուստի 1740-ը պետք է բազմապատկել 4-ով: Արդյունքում ստացվում է, որ Հայաստանի բնակչության 0.23 տոկոսը թմրամոլ է: Սոցիոլոգն ասում է, որ այս թիվը դեռեւս այդքան մտահոգիչ չէ, սակայն թմրամոլների թիվը Հայաստանում տարեցտարի աճում է, ուստի պետությունը պետք է հիմա միջոցներ ձեռնարկի, որպեսզի անդառնալի հետեւանքներ չունենանք տարիներ անց: Ռուսաստանում պաշտոնապես գրանացված է 45 հազար հայ թմրամոլ: 1740 գրանցված թմրամոլներից 12-ը կանայք են: «Հետքի» այն հարցին, թե կա արդյոք թմրամոլների վիճակագրություն ըստ մարզերի, Ահարոն Ադիբեկյանը «Արմատ» ակումբում պատասխանեց, թե թմրամոլների տվյալները գաղտնի տեղեկատվություն է եւ սոցիոլոգիական ուսումնասիրություն ըստ տարածքի, տարիքային խմբի չի արվել: Աշխարհում թմրանյութերի շրջանառությունից տարեկան ստացվում է 400 միլիարդ դոլար: Ըստ Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) տվյալների` մարիխուաննա աշխարհում օգտագործում է 142 միլիոն մարդ, սինթետիկ` 30 միլիոն, կոկային` 12 միլիոն, հերոին 1 միլիոն մարդ: Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ թմրամոլությունը սոցիալական հիվանդություն է: նա թմրամոլներին բաժանում է հարուստների եւ աղքատների եւ արվեստագետների: «Աղքատներն իրենց ունեցվածքը ծախում են եւ տալիս են թմրամիջոց գնելու համար, թմրամիջոցների միջոցով նրանք «փախչում» են իրականությունից իսկ հարուստների դեպքում դա բարեկեցիկ կյանքի արդյունք է: Արվեստագետները, ստեղծագործական պոտենցիալը սպառելով, գալիցունագեններ են օգտագործում, որ կարողանան պահպանել իրենց ստեղծագործական կենսագործունեությունը»,- ասում է Ահարոն Ադիբեկյանը Թմրանյութեր Հայաստան են բերվում հիմնականում Իրանից: Սոցիոլոգն ասում է, որ թմրանյութերից կախվածությունը նվազեցնելու համար ծնողները մեծ ուշադրություն պետք է դարձնեն դեռահասների դաստիարակությանն ու վերահսկեն, թե վերջիններս փողն ինչպես են ծախսում: Ահարոն Ադիբեկյանին մտահոգում է նաեւ այն դեղերի լայնածավալ ցուցակը, որոնց մեջ թմրանյութեր են պարունակվում: «Այս ցուցակն ունենալով, Հայաստանի քիմիկները մի քանի ժամում խոհանոցում թմրանյութ կարող են սինթեզել»,- նշում է «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավարն ու հիշեցնում, որ բոլոր տեսակի թմրամիջոցները մահվան են հանգեցնում, տարբերությունը միայն ժամանակի մեջ է:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված