Հինգշաբթի, 21 նոյեմբերի

«Հայաստանը մեզ սովորեցրեց, որ ամեն մի պուճուր բանի համար պետք է պայքարենք»



2003թ. Կանադայի Մոնրեալ քաղաքից Լարա Ահարոնյանը եւ Րաֆֆի Նիզիբլյանը իրենց երկու երեխաների հետ տեղափոխվեցին Հայաստան: «Մի անգամ ընկերներով հավաքված էինք եւ որոշեցինք, որ բոլորով պետք է գնանք Հայաստան` երկիրը զարգացնելու եւ այնտեղ ապրելու, ես ու Լարան եկանք, իրենք` դեռ ոչ, եկանք ոչ միայն զարգացնենք, այլեւ զարգանանք, մեր երկու իրականությունները խառնենք իրար եւ բաժնենք»,- պատմում է Րաֆֆին: Նրանք մեծացել են հայկական միջավայրում, հաճախել են հայկական դպրոց: Լարան եւ Րաֆֆին հանդիպել են Մոնրեալի եկեղեցիներից մեկում: Երկուսն էլ սկաուտական շարժման խմբապետեր էին: Երկուսի տատերն ու պապերը Արեւմտյան Հայաստանից են, Լարայի ծնողները ծնվել են Լիբանանում, Րաֆֆիի մայրը ծնվել է Սիրիայում, հայրը` Երուսաղեմում: Նրանց ծնողներն այժմ Կանադայում են ապրում: «Երբ կանգնած ենք լինում, միայն Րաֆֆիին ձեռամբ կբարեւեին» Լարան նախ աշխատել է խնդիրներ ունեցող երեխաների հետ, ուսումնասիրել մանկավարժական հոգեբանությունը, ապա` համեմատական գրականությունը, դասավանդել համալսարանում, սպասում էին հարմար առիթի Հայաստան տեղափոխվելու համար: Րաֆֆին «Երկիր եւ մշակույթ» կազմակերպությունում աշխատելու առաջարկ ստացավ ու տեղափոխվեցին: Լարան դեռ Կանադայում համագործակցում էր կանանց խնդիրներներով զբաղվող կազմակերպությունների հետ: «Ինձ համար դժվար էր ընդունել այն, ինչ էստեղ տեսնում էի, խտրական վերաբերմունք կանանց նկատմամբ, բռնություն: Հասարակության մեջ կանայք այդքան էլ մեծ տեղ չեն գրավում: Քաղաքականության մեջ չկային կանայք, նրանք բարձր պաշտոններ չէին զբաղեցնում: Երբ կանգնած էինք լինում, միայն Րաֆֆիին ձեռամբ կբարեւեին, ոնց որ Րաֆֆիին կարան ձեռնվել, բայց ինձ չեն կարա, տարբերությունը միշտ կա, օրինակ` երբ ընտանիքում արու զավակ է լինում, ուրիշ ձեւով են վերաբերվում»: 2003 թ. Հայաստանում Լարա Ահարոնյանը համախոհների հետ հիմնադրեց «Կանանց ռեսուրսների կենտրոնը»: «Մինչ այսօր շատ բան է փոխվել, իհարկե: Հիմա ավելի ազատ են, երիտասարդ աղջիկները, կանայք գալիս են, պատմում իրենց խնդիրների մասին, առաջ ավելի քաշվում էին, չէին պատմում, վերջնական նպատակն այն է, որ կին եւ տղամարդ հավասար լինեն իրավական, սոցիալական, աշխատանքի դաշտում, հավասարապես ընդգրկվեն, եւ սեռերի տարբերություն չդրվի»: Րաֆֆին սովորել է կինոռեժիսուրա, Հայաստանում նա սկզբից «Երկիր եւ մշակույթ» կազմակերպության տնօրենն էր, հետո վեց հոգով հիմնադրեցին «ՎիվաՍել»-ը, որի կոմերցիոն տնօրենն էր: 2006 թ. հիմնադրեց «Deem communication»-ը, որը մարքեթինգի ոլորտում առաջարկում է բազմաթիվ ծառայություններ: «Deem communication»-ի տնօրենը լինելուց բացի, Րաֆֆին «Ռադիո Վան»-ի եթերում ամեն չորեքշաբթի «Հոն ու Հոս» հաղորդումն է վարում, որի ժամանակ տարբեր սփյուռքահայերի հետ հարցազրույցներ է անցկացնում: «Մենք ավելի կոպիտ եւ ագրեսիվ դարձանք» Րաֆֆին ու Լարան արդեն հարմարվել են այստեղի սովորություններին, ունեն իրենց շրջապատը եւ աշխատանքը: «Հիասթափության պահեր շատ անգամ ունեցել ենք եւ անընդհատ քննարկել ենք, որ արդյոք ճիշտ արեցի՞նք, օրեր են եղել, որ ուզել ենք ամեն ինչ թողնել, նստել օդանավ եւ գնալ, բայց ամեն տեղ ալ լինում է, վերվար է եղել, չեմ կրնա ասել, որ անընդհատ Հայաստանում ըլլալը երջանիկ է, այստեղ էլ բաներ կան, որ անընդհատ քո ներվերը ուտում են, բայց էդ էլ քեզ ուժեղացնում է»,- պատմում է Լարան` ավելացնելով, որ Կանադայում կամ ԱՄՆ-ում ապրողները շատ ավելի շուտ եւ հեշտ են հուսահատվում: «Կանադայում շատ հեշտ է, լույսը միացնում ես` միանում է, իսկ այստեղ այդ ամենի համար պայքարում ես, բայց այստեղ էլ շատ պարզ բաներից պրոբլեմ են սարքում, օրինակ` աշխատատեղում աշխատողը թուղթը գցելով դրեց սեղանի վրա, մի երեք օր դա քննարկում են, մինչդեռ արժե ջրի եւ հոսանքի համար պայքարել, դրանք ավելի էական են»,- ասում է Րաֆֆին: Հայաստանում ապրելու հանգամանքը նրանից խլեց տարբեր մարդկանց հետ շփվելու հնարավորությունը, քանի որ այստեղ բնակչությունը մոնոէթնիկ է: Լարան էլ այստեղ ավելի ինքնավստահ դարձավ, զգաց ազատության կարեւորությունը, ինչ կարող է անել եւ ինչ չի կարող, ասում է` Հայաստանը ավելի շատ բան է տվել, քան խլել է: Րաֆֆին նշում է, որ այսօրվա դրությամբ ոչ հիասթափված են, ոչ էլ զղջում են, որ Հայաստան են տեղափոխվել, իրենց սփյուռքահայ ընկերների հետ հավաքվում են, խոսում, բարկությունը արտահայտում եւ կատակներ անում: Լարայի եւ Րաֆֆիի համար Կանադան արդեն օտար է, այնտեղի ընկերներն էլ չեն հասկանում իրենց, օրինակ` պատմում են, որ երբ սկսում են Հայաստանից խոսել, ընկերներն ասում են` լավ, ուրիշ բանից խոսենք: Բախումներ են ունենում իրենց այն ընկերների հետ, որոնց հետ մեծացել են, քանի որ Հայաստանը նոր հատկություններ է սերմանել նրանց մեջ: «Հայաստանը մի վատ բան մտցրեց մեր մեջ` մենք ավելի կոպիտ եւ ագրեսիվ դարձանք: Դա զգում ենք, երբ գնում ենք Կանադա, ռեստորանում նստում ենք, ու մի պուճուր բան սխալ է լինում, օրինակ` բաժակը կեղտոտ է, մենք միանգամից հարձակվում ենք, մեր ընկերները զարմանում են, հետո հիշում ենք, որ նախկինում այդպիսին չէինք: Հայաստանը մեզ սովորեցրեց, որ ամեն մի պուճուր բանի համար պետք է պայքարենք»,- ասում է Լարան: Նա նաեւ նշում է, որ եթե նախկինում ավելի հաճախ էր ժպտում, ապա այժմ միշտ «ջղայն դեմքով է», իսկ նախկինում ինքն էր զարմանում, թե մարդիկ ինչու չեն ժպտում, հիմա ինքն էլ չի ժպտում` մտածելով, որ ամեն վայրկյան կարող է մի բան լինել, որ պայքարի գուցե տաքսու վարորդի կամ խանութպանի դեմ. «Մեր հոգեբանությունը այդպես է, որ եթե տանից դուրս եկար, ապա անընդհատ մի բան պետք է լինի, որ պայքարես, որովհետեւ գիտես, որ պաշտպանված չես: Իսկ Կանադայում դու գիտես, որ հանկարծ սխալ բան եղավ, դու կարող ես տարբեր տեղեր դիմել, կարող ես դատի տալ, հարյուր հատ ինստիտուցիա կլինի, որ քեզ պաշտպանի, իսկ այստեղ քեզ վրա ես վերցնում այդ պարտականությունը»: Րաֆֆին նշում է, որ անընդհատ պայքարելը երբեմն հոգնեցուցիչ է լինում, եւ ինքն իրեն հիշեցնում է, որ ժպտա, ավելի շատ ժպտում է այն մարդկանց, ովքեր ընդհանրապես չեն ժպտում, դադարում է ժպտալ, երբ զգում է, որ իրեն խաբում են կամ որեւէ անարդարություն պետք է լինի: «Այստեղ մաչո society է» «Վերջին տարիներին մարդիկ չարացել են, անվստահությունը իրար հանդեպ շատացել է, խաբելու եւ խաբվելու հոգեբանությունը քիչ մը շատ տարածված է: Այսօր ավելի է շատացել մի կոպեկ ավելի պոկելու հոգեբանությունը, ինչ անենք, որ մի քիչ ավելի փող ունենանք եւ ինչ անենք, որ մի օրվա մեջ հարստանանք: Հասարակությունը ավելի բարձրացնում է գողական, նստած մարդկանց, եւ հաջորդ սերունդը նայում է, թե ով է բարձրացվում եւ ուզում է ինքն էլ բարձրացվի, նմանվի էդ ոճրագործ մարդուն, որ ոչ մի բարի գործ չի անում: Բարի գործ անողները նույնիսկ չեն էլ հարգվում»,- նշում է Րաֆֆին, իսկ նրա կինը` Լարան կարծում է, որ «դա մաչոյիզմից կգա, որը շատ ուժեղ կա հասարակության մեջ, այստեղ մաչո society (հասարակություն) է»: Րաֆֆին ցանկանում է, որ այստեղ ավելի շատ բարձրացվեն բարի մարդիկ, իսկ Լարայի համար ամենակարեւորը խոսքի ազատությունն է, որ մարդիկ չվախենան իրենց կարծիքը արտահայտելուց: Նրանց կարծիքով` վախի մթնոլորտը կփոխվի այն ժամանակ, երբ վերջնականապես ձեւավորվի քաղաքացիական հասարակություն եւ միասնական պահանջեն, ոչ թե «յոլա գնան»: Րաֆֆին առաջարկում է, որ հասարակությունը պայքարի որեւէ կոնկրետ խնդրի համար, օրինակ` գազի գնի բարձրացման, մաքսայինի «աբսուրդ» տոկոսների դեմ: «Երբ մարդիկ չեն պայքարում գազի թանկացման համար, հաջորդ իշխանությունը էլի կթանկացնի գազը»,- ասում է Րաֆֆին: Լարան զարմացած է հայ երիտասարդների վրա. «Խայտառակություն է, նրանք ինքնուրույն չեն, միայն բողոքում են, որ անարդարություն է, բայց չեն ուզում պայքարել»: «Խանութի աշխատողից մինչեւ տաքսու վարորդ բազմիցս ասել են` վերադարձեք ձեր երկիրը» «Սփյուռքում շատ էինք պայքարում, որ անընդհատ հայ մնանք, երեխեքը չմոռնան մշակույթը, իսկ այստեղ դրա խնդիրը չկա, որովհետեւ ամեն ինչ հայկական է եւ մեր ուժը դրինք, որ արվեստի ձեւով զարգանան, որպես մարդ ձեւավորվին»,- նշում է Լարան: Նրանք այդքան էլ չեն համեմատում երկու իրականությունները, քանի որ իրենց խոսքերով` ամեն տեղ էլ կա եւ լավը եւ վատը: «Մեր երեխաների համար այստեղ շատ ավելի լավ է, արտասահմանում երեխաները ամեն ինչ ունեն եւ որեւէ բան ձեռք բերելիս չեն ուրախանում, իսկ այստեղ կա այդ քաղցրությունը, անմեղությունը, երեխաները պարզ բաներից ուրախանում են»,- ասում է Լարան: «Հայաստանում արդարադատությունը այդքան արդար չէ, ավելի մարդկային է, իսկ Կանադայում ով էլ որ լինես, եթե մի թուղթ ստանալու համար անհրաժեշտ է սպասել 6 ամիս, դու ոչինչ չես կարող անել, իսկ այստեղ կարող ես տարբեր եզրեր գտնել»,- ասում է Րաֆֆին: «Մարդիկ շատ են վախենում, մտածում են` եթե բողոքեն, իրենց մի վատ բան կլինի, կոռուպցիան է շատ վտանգավոր, մանավանդ որ առողջապահության, կրթության բնագավառում է, որովհետեւ դրանք այն մասնագետներն են, որոնք պետք է հետո մեզ բուժեն, մեր երեխաներին սովորեցնեն: Սա ամենօրվա պայքար է, այդ պայքարի ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ ենք ունենում, օրինակ` գալիս են եւ խանգարում են մեր կազմակերպած երթը, միջոցառումները»,- ասում է Լարան: «Սկսած խանութի աշխատողից մինչեւ տաքսու վարորդ, բազմիցս ասել են` վերադարձեք ձեր երկիրը: Կահույքի խանութ էինք գնացել Նար-Դոսի վրա, ես նստել էի աթոռի վրա եւ ասացի` այս աթոռից ես վերցրել էի օֆիսի համար, բայց շատ շուտ շարքից դուրս եկավ: Աշխատողն ասաց` դա ձեր քաշի համար չէ: Ես էլ, քանի որ այդքան էլ չաղ չեմ, ասացի` շատ կներեք, բայց դուք վիրավորական եք խոսում ձեր հաճախորդի հետ, ասաց` դա ձեր երկրներում է այդպես, ես ոնց ուզում եմ, այնպես էլ խոսում եմ, չես հավանում` գնա քո երկիրը: Ես բառեր ասացի, ինքն էլ ասաց, կոնֆլիկտ ստեղծվեց, կռվեցանք»,- պատմում է Րաֆֆին: Ամասիան իրավունքներն է պաշտպանում դպրոցում, Վարանդան ուզում է երգչուհի դառնալ, Վայքն էլ սիրում է «պաուկ» խաղալ Րաֆֆիի եւ Լարայի երկու դուստրերը` Ամասիան եւ Վարանդան, ծնվել են Կանադայում, դպրոցական են, իսկ որդին` Վայքը, ծնվել է Հայաստանում: Չնայած աղջիկները ծնվել են Կանադայում, բայց այդ երկրի մասին շատ բան չեն հիշում: Հարցին, թե որտեղ կցանկանային ապրել` Կանադայու՞մ, թե՞ Հայաստանում, Վարանդան պատասխանեց` Ղարաբաղում, Ամասիան էլ է Ղարաբաղը շատ սիրում, միայն թե երկար ճանապարհից լավ չի զգում: «Միլիցիաներին»,- ահա թե ում չի սիրում Վարանդան այստեղ, իսկ Ամասիան` «գազի հոտ, փոշի, զզվելի քիմիաների հոտերը»: Վայքը մանկապարտեզ է գնում, ասում է` հանդեսներ են ունենում, բանաստեղծություններ սովորում, սիրում է ընկերների հետ «պաուկ» խաղալ: Վարանդան ուզում է երգչուհի դառնալ եւ նմանվել Եվա Ռիվասին, հիմա էլ տանը երգում է, իսկ Ամասիան դեռ չի կողմնորոշվել: «Մաման, պապան նրա վրա են ջղայնանում, որ դպրոցում վատ բան է լինում եւ մենք իրենց չենք ասում»,- նշում է Ամասիան: Դպրոցում Վարանդան առարկաներից սիրում է գերմաներենը, իսկ Ամասիան` ձեռքի աշխատանքը: Ամասիան դպրոցում նաեւ իրավունքների պաշտպան է: «Վայքը միշտ կռվում է մեր հետ: Իմ խաղալիքն է ջարդել, պապայի թմբուկը ոտքի մեջ է հագցնում, դրա համար մաման երկու օր պատժեց իրեն»,- պատմում է Վարանդան: Իսկ Վայքը իր ծննդյան առթիվ սկուտեղ է ուզում ծնողներից: «Որ Ամասիայի դասարանի Ռոբերտը սկսի խոսել»,- սա է Վարանդայի երազանքը, իսկ Ամասիան դեռ երազանք չունի, ասում է` իր երազանքը իրականացել է. պարի խմբակից դուրս է եկել: «Կյանքներիս մեջ գոնե մի տարի պիտի Նյու Յորք ապրենք, մի տարի` Միջերկրական ծովի ափին` եվրոպական երկրներում, մեկ տարի էլ` Հնդկաստան պիտի ապրենք»,- սա Լարայի եւ Րաֆֆիի ընդհանուր երազանքն է: «Կուզենայի մի քիչ ավելի պաշտպանված զգայի Հայաստանում, չզգամ, որ անընդհատ պետք է պայքարեմ, ինքս ինձ պաշտպանեմ»,- ավելացրեց Լարան: Ինչ վերաբերում է երեխաների` ապագայում այստեղ ապրելուն, ապա ծնողները նշեցին, որ իրենց երազանքն էր այստեղ տեղափոխվելը, եւ երեխաները թող ունենան իրենց երազանքը, իրենք սահմանափակումներ չեն դնի, բայց ամեն ինչ անում են, որ նրանք զգան, որ Հայաստանն իրենց տունն է:

Գլխավոր էջ


Տես նաև՝

    ավելին



    Մեկնաբանել
    Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

    Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

    Լրահոս

    Բոլոր նորությունները

    Արխիվ
    Ամենա

    Մեկնաբանված

    Կարդացված