ՈՒրբաթ, 15 նոյեմբերի

Տիգրան Կարապետյան. «Ինքնուրույն ֆինանսավորվող լրատվամիջոցները ինքնուրույն չեն»



«Մարդը ինքն է իրեն սահմանափակում այն առումով, որ ինչ-որ արգելք չկա, ինձ թվում է` հեռուստաընկերությունները, որոշ թերթեր իրենք են առաջարկում իրենց ծառայությունները` ուզենալով իշխանական կամ ընդդիմադիր թևից մի բանով օգտվել»,- Հայաստանում մամուլի ազատությունը այսպես գնահատեց «Ժողովրդական կուսակցության» նախագահ, «ԱԼՄ» հոլդինգի հիմնադիր-տնօրեն, մասնագիտությամբ լրագրող Տիգրան Կարապետյանը: «Ես 10 տարի է «ԱԼՄ» հեռուստաընկերության տնօրեն եմ, և ինձ ոչ մի անգամ որևէ մեկը չի ասել` էս բանը մի տուր, էս բանը` տուր: Չնայած ես, ելնելով իմ գաղափարներից, պահում եմ միշտ կենտրոն. քննադատում եմ և իշխանությանը, և ընդդիմությանը»,- «Հետքին» ասաց Տիգրան Կարապետյանը: Նրա համոզմամբ` Հայաստանում թերթերը շատ վատ վիճակում են, որովհետև միայն սկանդալային լինելու դեպքում այստեղ դրանք սպառում կունենան: Մինչդեռ հեռուստաընկերությոնները այս առումով ավելի ազատ են, կարող են ցուցադրել տարբեր ֆիլմեր և հաղորդումներ: «Այն թերթերը կամ ռադիոն, որոնք թվում են ազատ, ֆինանսավորվում են դրսից, օրինակ` «Ազատություն» ռադիոկայանը ֆինանսավորում է Պետդեպարտամենը, իսկ ինքնուրույն ֆինանսավորվող լրատվամիջոցները ինքնուրույն չեն»,- ասաց Տիգրան Կարապետյանը` նշելով, որ երբ ինչ-որ մեկը ֆինանսավորում է, արդեն հայտնի է, թե ում շահերն է պաշտպանում: Տիգրան Կարապետյանը թերթերից հավանում է «Առավոտը», ռադիոկայաններից` Հանրայի ռադիոյի լրատվականը, երբ Արմեն Ամիրյանն էր այնտեղ աշխատում: «Իսկ հեռուստաընկերությունները տեր ունեն, օրինակ`Ֆարմանյանի` «Հ1» գալուց հետո այդ ալիքը ամբողջովին նախագահական կարծիքն է արտահայտում, «Ար»-ը` Գրանդ Քենդիինը, «Երկրի մեդիան»` Դաշնակցությունն է, «Կենտրոն»-ը` «Բարգավաճ»-ը, «Հ2»-ը Քոչարյանին է, «Արմենիան» ամբողջովին Գավեսճեանինն է, «ԱԼՄ»-ն էլ իմն է, բայց լինելով իմը` պահպանում է էթիկայի նորմերը, մեր «Օրեցօր»-ը իմ կարծիքին համահունչ չէ, պահպանում է էթիկայի նորմերը»,- նշում է «Ժողովրդական կուսակցության» նախագահը: Տիգրան Կարապետյանի խոսքերով` «ԱԼՄ»-ով իր վարած հաղորդումները ավելի սուր են, ինքն այնտեղ ավելի ազատ է, իսկ «Օրեցօր»-ը ավելի զուսպ է և անկողմնակալ: Նա չի կարծում, որ շատ է ելույթ ունենում իր հեռուստաընկերությամբ, ասում է` կրճատել է իր հաղորդումները` շաբաթական մի անգամ հայերեն և մի անգամ ռուսերեն: Տիգրան Կարապետյանի խոսքերով` հեռուստադիտողները զանգում և բողոքում են, թե ինչու է կրճատել: «Ես 10 մլն դոլար եմ ծախսել 10 տարվա մեջ» «Ես ինձ թույլ չեմ տալիս գնահատել ԶԼՄ-ների վիճակը. իրենց համար դա բիզնես է, ինձ համար` ոչ: Ես 10 մլն դոլար եմ ծախսել 10 տարվա մեջ, իսկ իրենք շահել են: Հիմա էլ եմ վնասով աշխատում, ես ժողովրդի համար եմ ապրում, մեր հաղորդումների մեջ չկան հովանավորներ»,- ասաց Տիգրան Կարապետյանը: Նա կարծում է, որ Հայաստանում ԶԼՄ-ների ազատության մասին կարող ենք խոսել այն ժամանակ, երբ չլինի տնտեսական և քաղաքական մենաշնորհ. «որովհետև տնտեսական մենաշնորհը չի պարունակում գովազդ` այն, ինչ սնում է հեռուստաընկերություններին և թերթերին: Որևէ մեկի ինչի՞ն է պետք գովազդ. ապրանքը մրցակից չունի, գովազդը չի ազդում, թե ապրանքը շա՞տ, թե՞ քիչ կվաճառվի: Շուկան պետք է հստակեցվի: Գովազդը չի կարող արժենալ րոպեն 3 դոլար, մենք ունենք հեռուստաընկերություններ, որոնք հայտարարում են գովազդը 100 դոլարի չափով, բայց տալիս են 3 երեք դոլարով: «Շանթ»-ը անվճար գովազդ է տալիս, միայն որ իր մոտից չգնան: Դարձրել են անբարոյական եթերը, իսկ մենք այդպիսի բաներ չենք անում: Հարևան Վրաստանում գովազդի րոպեն 700 դոլար է»: Ըստ Տիգրան Կարապետյանի` շատ բան գալիս է նաև հասարակությունից, որովհետև մարդիկ սխալ ընտրություն են կատարում. «Ընտրում են փող բաժանողներին, իսկ փող բաժանողը գող է. որտեղի՞ց իրեն փող, որ բաժանում է: Եթե ինքը փող է բաժանում ու փողով ընտրվում, ուրեմն այդ փողը ինքը պետք է հետ բերի»: «Դուք էլ եք չէ՞ մարդկանց հեռուստացույց բաժանել, ձեզ ձայն չե՞ն տվել» «Հետքի» հարցին «ԱԼՄ»-ի հիմնադիրը պատասխանեց. «Կարապետյանը ինչ արել է, արել է ի սրտե, մարդիկ փող են տվել, որ գնեն մարդու ձայնը, ես գումար եմ տվել, որ հաճույք պատճառեմ: Ես 10 տարի է, թափանցիկ գործունեություն եմ վարում: Բոլորը ինձ ճանաչում են, բոլորը գիտեն, որ ես բացի լավությունից, վատություն չեմ արել, թող գան իմ կողքը կանգնեն ու ժողովրդի գնահատականին արժանանան: Ես ժողովրդին նվերներ եմ տալիս, իրենք էլ են տալիս, բայց ի՞նչ ձևով` մեքենայից շպրտելով, արհամարհելով, իրենք թող սովորեն մատուցման ձևը: Ձայն տվել են, բայց փոքր մասը, որովհետև մնացածին առել են, օրինակ` մի շրջանում ես գիտեմ, որ հավաքվել են, որ գնան ինձ ընտրեն, բայց մնացած մարդիկ փող են առաջարկել և մարդկանց շեղել»: Ըստ Տիգրան Կարապետյանի` ելքն այն է, որ մարդիկ փող չվերցնեն, իսկ դա ԺԿ նախագահը համեմատեց հավի ու ձվի պատմության հետ: «Իրենք փողը վերցնում են վատ ապրուստից, թե՞ վատ են ապրում փող վերցնելուց հետո: Ես համարում եմ, որ փողը վերցնելուց հետո իրենց վիճակը վատանում է, որովհետև իրենք այն մարդկանց են ուղևորում խորհրդարան, ովքեր իրենց շահերը չեն պաշտպանում»:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված