Չորեքշաբթի, 13 նոյեմբերի

«Թրանսփարենսի Ինթերնեշնլը»` ընդդեմ Բնապահպանության նախարարության



Այսօր ՀՀ վարչական դատարանում կայացավ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության ընդդեմ Բնապահպանության նախարարության գործով նախնական դատական նիստը: Հայցվոր կողմը ներկայացնում էր Խաչիկ Հարությունյանը, պատասխանողը Բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Անահիտ Հովհաննիսյանն էր, նախագահող դատավորը` Լարիսա Սոսյանը: 2010թ. հունվարի 29-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հկ-ը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ Վարչական դատարան ընդդեմ ՀՀ ԲՆ-ի` խնդրելով պարտավորեցնել վերջինին դիմել ՀՀ վարչապետին` ստանալու նրա համաձայնությունը Երևան քաղաքի Երվանդ Քոչարի 5 հասցեում գործող «Տեխնիկա պլյուս» անվամբ կնիքների արտադրամասում ստուգումներ իրականացնելու համար: Պատասխանող կողմը խնդրեց կրկնակի նախնական նիստ նշանակել, որպեսզի ավելի լավ նախապատրաստվի դատական նիստին, ինչպես նաև դատարանին միջնորդեց թույլատրել, որ որպես պատասխանող` հանդես գա մեկ մասնագետ` իրավաբան: Պատասխանող կողմը չէր կարողանում բերել փաստական ապացույցներ և իբրև ապացույց` կցել էր կառավարության որոշումը: Դատավորը պահանջեց, որ պատասխանող կողմը ներկայացնի սույն գործին վերաբերող, իր ձեռքի տակ եղած բոլոր ապացույցները: Խաչիկ Հարությունյանը նշեց, որ ՀՀ ԲՆ պետական տեսչությունը չի ձեռնարկում քայլեր` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2009թ. մայիսի 29-ի թիվ 594 որոշումը, ըստ որի` մինչև 2011թ. հունվարի 1-ը չի կարող իրականացնել ստուգումներ մինչև 70 մլն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների մոտ: Մինչդեռ, նույն որոշման համաձայն` Բնապահպանական տեսչությունը կարող է իրականացնել ստուգումներ անձանց իրավունքների, կյանքի և առողջության պաշտպանության դեպքերում` ՀՀ վարչապետի գրավոր համաձայնությամբ: Հաջորդ նախնական նիստը նշանակվել է մայիսի 5-ին: Նշենք, որ «Հետք»-ը գրել էր, որ «Տեխնիկա պլյուս» ընկերության կողմից գործարկվող արտադրամասը պատրաստում է կնիքներ ու կաղապարներ, ինչի ընթացքում արտանետվում են թունաքիմիկատներ` աղտոտելով օդը: Արտադրամասը գործում է քաղաքի կենտրոնում` բազմահարկ բնակելի շենքի 1-ին հարկում, ընդ որում` առանց բնապահպանական փորձաքննական եզրակացության:

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված