Կիրակի, 17 նոյեմբերի

Հայաստանը միջազգային քաղաքական կենտրոնների կողմից չի քննադատվել` ի տարբերություն Թուրքիայի



«Մենք շահեցինք երկու բան` քաղաքական սուբյեկտի կարգավիճակ, որ ինքն է թելադրում այդ գործընթացները, հետամուտ լինում դրանց հաջող ավարտին, նաև ձեռք բերեցինք վստահելի գործընկերոջ վարկ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Եվրամիության մոտ, որը էական նշանակություն կունենա մեր հետագա գործընթացներում»,- արտաքին քաղաքական զարգացումների մասին խոսելով` նշեց ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը: Ըստ նրա` երբ հանրապետության նախագահը նախաձեռնում էր գործընթացը, մենք ունեինք երկու թիրախ` կամ առանց որևէ նախապայմանի հասնել սահմանի բացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, կամ ամբողջ աշխարհի համար հնարավորություն ստեղծել պարզ տեսնելու, թե ով է հավասարություն դնում խոսքի և գործի միջև: Գագիկ Մինասյանը նշում է, որ Հայաստանը ինչպես սկսել է այդ գործընթացը, այնպես էլ շարունակել է, և չի եղել մեկ դեպք, որ միջազգային խոշոր քաղաքական կենտրոնները քննադատեն մեր պահվածքը, մինչդեռ Թուրքիայի պարագայում եղել է ճիշտ հակառակը, քանի որ նա անընդհատ փորձում էր նախապայմաններ առաջ քաշել: «Ցեղասպանության ճանաչման խնդիրը եղել է և կմնա մեր քաղաքականության անկյունաքարերից մեկը, որովհետև սա առաջին հերթին մեր անվտանգության խնդիրն է»,- ասաց Գագիկ Մինասյանը: Երբ նախորդ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Օբաման չարտաբերեց ցեղասպանություն բառը, դա պատճառաբանում էին գործընթացի ընթացքի մեջ լինելով: Սակայն անցավ մեկ տարի, և Օբաման դարձյալ գործածեց Մեծ եղեռն արտահայտությունը: Այս խնդիրը, Գագիկ Մինասյանի խոսքերով, շատ ավելի խորքային է և գտնվում է թուրք-ամերիկյան հարաբերությունների խորքում: «Մենք մեր ստորագրությունը հետ չենք վերցնում, մենք կասեցնում ենք գործընթացը, որովհետև կարծում ենք, որ կլինեն Թուրքիայում իշխանություններ, որոնք պատրաստ կլինեն առանց նախապայմանների գործընթացը տանել մինչև այն կետը, որը մեզ համար ընդունելի է` սահմանների բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, չեն լինի այդպիսի իշխանություններ` մենք կպահենք արձանագրությունները կասեցված լինելու կարգավիճակը»,- հայ-թուրքական հարաբերությունների ապագան այսպես է տեսնում Գագիկ Մինասյանը:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված