Չորեքշաբթի, 13 նոյեմբերի

Մխիթար Մնացականյան. «Երբ կյանքը սիրում ես, սիրում ես ամեն ինչ»



Մասնագիտությամբ բժիշկ սոցապ նախարարը երաժշտություն է գրում «Զարմանալի տեսակ եմ եղել, ես խելոք չեմ եղել, բայց անհամ չար էլ չեմ եղել, համով չար եմ եղել, այսինքն` եթե կռիվ եմ արել, ապա արդարության համար, իհարկե` նաեւ աղջկա համար»,- իրեն մանուկ ժամանակ այսպիսին է հիշում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանը: Ընտանիքում 4 երեխա են, երկու զույգ քույր, եղբայր, Մխիթար Մնացականյանն էլ տան կրտսերն է: «Հայրս մի լավ խոսք ուներ, ասում էր` եկեք իմ գերեզմանին, քարս մի համբուրեք, իրար համբուրեք», - հոր խորհուրդները հիշում է կրտսեր որդին: Մայրը մանկավարժ էր, հայրը` իրավաբան: Եղբայրը Պոլիտեխնիկական ինստիտուտն է ավարտել, այժմ մոր անունով «Վիկտորիա» ՍՊԸ-ն է ղեկավարում, քույրերը ավարտել են Երեւանի պետական բժշկական համալսարանը, ատամնաբույժ մասնագիտությամբ: «Մենք նահապետական ընտանիք ենք, հորս մոտ երբեք երեխաներիս չեմ համբուրել, իմ կնոջը չեմ գրկել, խիստ նահապետական դաստիարակություն: Ես ոչ հորս, ոչ էլ եղբորս մոտ չեմ ծխել, չնայած իմ եւ եղբորս տարբերությունը երկու տարի է»,- պատմում է նախարարը: Նախարարի հայրը աշխատանքի էր նշանակվել Նոյեմբերյանում: Քաղաքում ընդամենը 10 հոգու համար բացվեց երաժշտական դպրոց: «7 տարեկան էի, երբ առաջին անգամ դաշնամուր տեսա: Երեկոյան բերեցին դաշնամուրը, իջեցրին, էդ գիշեր ամբողջ ռայոնը ման էր գալիս քարտուղարի տղային, որը ես էի, ամբողջ գիշեր ման են եկել, բայց ես չգիտեի, որ ինձ են ման գալիս, նստել էի դաշնամուրի կողքը եւ կլանված նայում էի, ուսումնասիրում: Բոլոր տեղերը ման եկան, բացի կուլտուրայի տնից, առավոտյան ժամը 5-ին, երբ պահակը գալիս է ինձ տեսնում, զարմանում է` այ բալա, սաղ քեզ են ման գալիս: Փաստորեն, մի ամբողջ գիշեր դաշնամուրի մոտ` մինչեւ առավոտ»,- Նոյեմբերյանի մշակույթի տանը անցկացրած գիշերը հիշեց նախարարը: Հաջորդ օրը քննություն էր, որտեղ ստուգում էին երաժշտական լսողությունը: Եւ քույրերը, եւ եղբայրը բարձր գնահատական ստացան: Հերթը հասավ Մխիթար Մնացականյանին. «Ասացի` կարելի՞ է ես նվագեմ, հարցրին` դուք դաշնամուր ունե՞ք, տեսե՞լ եք, ասացի` չէ, ես գիշերը էս գործիքի կողքին եմ եղել: Ես երկու ձեռքով նվագել եմ «Պոդմոսկովնիե վեչերա»-ն, պատկերացրեք ժյուրիի վիճակը: Ես իրենց համար հայտնություն էի»: Այսպիսով, Նոյեմբերյանի երաժշտական դպրոցում սովորելու համար 10 տեղից 4-ը զբաղեցրին քարտուղարի երեխաները, Երեւանից եկան երկրորդ եւ երրորդ հանձնաժողովները, բայց Մնացականյանները հանձնեցին քննությունը. «Երեկոյան հայրս եկավ տուն շատ անտրամադիր, ասաց` ես գիտեմ, որ դուք ընդունակ երեխեք եք, բայց ես էս ռայոնում պիտի աշխատեմ եւ չեմ կարող էս բնակիչներին բացատրել, որ իմ երեխեքը ավելի ընդունակ են, քան իրենցը, հետեւաբար ձեզանից մեկը չպիտի գնա երաժշտական դպրոց, որպեսզի դադարեն էս խոսակցությունները, բողոքները: Դե, քույրերս զույգ էին, եղբայրս մեծն է, մնացի ես, եւ ես էլ չգնացի երաժշտական: Քույրերս եւ եղբայրս ավարտեցին երաժշտական դպրոցը, ես` չէ: Իրենք նվագել գիտեն, բայց այսօր ես եմ միայն նվագում, ինձ հոգեհարազատ են եւ դասական, եւ ռաբիս կոչված երաժշտությունը»: Մասնագիտությամբ բժիշկ նախարար Մխիթար Մնացականյանը նաեւ ստեղծագործում է. «Անհասկանալի է, թե որտեղից են այդ նոտաները գալիս ինձ մոտ, դրանք գալիս են գիշերը, եւ եթե չվերարտադրեմ, չեն թողնում քնեմ: Ես ձայնագրում եմ այդ երաժշտությունը եւ հետո իմ ձայնագրածները տալիս եմ պրոֆեսիոնալներին, որ իրենք մշակեն, նոտաները գրեն»: Մխիթար Մնացականյանը նշում է, որ երաժշտությունն իր հոբբին է: Նախարարը պատմում է, որ նախկինում մուսան հաճախակի էր գալիս, այժմ` ոչ` կապված աշխատանքի հետ. «Մուսայի համար հոգեկան եւ ֆիզիկական պոռթկում է պետք, ազատություն, որն այստեղ չկա: Իմ ուշադրության կենտրոնում այժմ մարդկանց սոցիալական վիճակն է, այն հատվածը, որը արվեստի համար է նախատեսված, ցավոք, այսօր զբաղեցված է»: Հայաստանում մարդկանց սոցիալական վիճակը նախարարը դժվարացավ գնահատել, ասում է` եթե նայում է քաղաքի փողոցներում մեքենաների ծանրաբեռնվածությանը եւ դրանց արժեքին, ապա` 5, եթե գյուղերում ապրող մարդկանց, ապա` 3: «Ես կուսակցական չեմ» Մխիթար Մնացականյանը նորանկախ Հայաստանի երեք իշխանությունների ժամանակ էլ աշխատանքից հեռացվել է, պատճառները տարբեր են եղել, բայց երեք դեպքում էլ վերականգնվել է, ինչպես ինքն է հավաստում` ոչ իր խնդրանքով, այլ շնորհիվ այն մարդկանց, ում ճանաչել է եւ ով իրեն է ճանաչել: Կանչել են եւ ասել` աշխատեք: «Եթե պաշտոն կա, ուրեմն արդեն ձուկը ջրում չես, որովհետեւ կան բազմաթիվ պարտականություններ, մինիստր բառը թարգմանաբար ծառա է նշանակում, մենք մեր ժողովրդի ծառան ենք: Պիտի քեզ դրսեւորես այնպես, որ օրինակ ծառայես: Պետք է մտածես, որ դու ժողովրդին ես ծառայում, ոչ թե վայելում»: «Ես կուսակցական չեմ: Մեծ հարգանքով եմ լցված կուսակցության նկատմամբ, մասնավորապես` Գագիկ Ծառուկյանի, ով ինձ հրավիրել է, որ համամասնական կարգով մասնակցեմ ԱԺ ընտրություններին: Այս պորտֆելը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն է, եւ ես շնորհակալ եմ վստահության համար: Այսօր սոցիալական դաշտը շատ համահունչ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրերին: Ես լավ եմ զգում, որ համահունչ աշխատանքի մեջ եմ»,- նշում է Մխիթար Մնացականյանը: Նախարարն իրեն համարում է ԲՀԿ համակիր, ասում է` այդպես էլ պետք է լինի, կուսակցությունը պետք է ունենա նաեւ համակիրներ: Նա չբացառեց, որ մի օր կդառնա կուսակցության անդամ: Ընտանիքում ոչ ոք կուսակցական չէ: «Ես երեւի թե այս ժամանակների համար պատրաստ չեմ» Մխիթար Մնացականյանը կյանքում առաջնորդվում է իր խոստովանությամբ` խղճի, բարության սկզբունքով, ցինիզմը տանել չի կարողանում: «Ես չեմ եղել այն ղեկավարներից, ով թույլ կտար որեւէ մեկին դուռը շխկացնելով փակել, բայց բոլորն էլ ինձ հարգել եւ սիրել են, որովհետեւ ես նրանց կյանքով հետաքրքրվել եմ, փորձել եմ օգտակար լինել: Մարդուն պետք է մարդատեղ դնել, եթե այդպես չես անում, ապա դու ամբողջ կյանքում ոչ ղեկավար կմնաս, ոչ էլ թագավոր, դա իմ գեներով է գալիս»: Որպես գրական կերպար` նախարարի իդեալը Մխիթար սպարապետն է, դա կապված է նաեւ իր անվան հետ. «Իմ անունն էլ պատմություն ունի: Տատս 42 տարեկան հասակում մահացել է վթարից, պապս ամեն գիշեր գնում էր գերեզմանին այցի, քնում այնտեղ, հերթական գիշերներից մեկի ժամանակ պապիկս երազ է տեսնում, երազում ասում են, թե էդքան մի տանջիր քեզ, շուտով տղա թոռ կունենաս, դրանով մխիթարվիր: 15 օր հետո ծնվում եմ ես եւ իմ անունը դնում են Մխիթար»: Նախարարի ամենամեծ իդեալը հայրն էր, ով երբեք մորը ծաղիկ չի նվիրել, բայց նախարար որդին սիրում է ծաղիկներ նվիրել, կնամեծար է: «Ինձ խանգարում է անկեղծ խոստովանությունը, զրույցը, ես երեւի թե այս ժամանակների համար պատրաստ չեմ: Հիմա անկեղծությունը այնքան էլ չի գնահատվում, դա ուրիշ կերպ է ընկալվում, խորը հոգոցը դեռ չի նշանակում, որ դու էդ տեղի համար օգտակար չես: Իմ թերություններից մեկն այն է, որ ես իմ անձի նկատմամբ, իմ առողջության նկատմամբ խստապահանջ չեմ»: Նախարարը թերություն համարեց նաեւ այն, որ ժամանակի սղության պատճառով հեռացել է մշակութային կյանքից. «Սա կարեւոր ատրիբուտներից մեկն է, կազմակերպիր աշխատանքդ այնպես, որ ամեն ինչ հասցնես: Առավելություն չունեմ, թերություն շատ ունեմ: Բավականին քիչ եմ օգտվում համակարգչից, կյանքումս խաղ չեմ խաղացել, իհարկե շատ եմ սիրում շախմատ խաղալ, բայց միայն կենդանի մարդու հետ»: Իր խոցելի կողմը համարեց չափից դուրս զգացմունքայնությունը. «Երբ ես հունից դուրս եմ գալիս, անկառավարելի եմ դառնում: Փառք Աստծո, այստեղ դեռ ոչ մեկն ինձ այդպես չի տեսել»: Մ. Մնացականյանը նշում է, որ այդքան էլ հեշտ չէ համակերպվում նոր ժամանակների հետ` մեջբերելով Շառլ դը Գոլի այն խոսքը, որ պրոբլեմները չեն լուծվում, դրանց հետ հաշտվում են: Նախարարը սխալներ թույլ տալիս չի ամաչում ներողություն խնդրել, ասում է` «քանի բառը չի թռել, դու նրա տերն ես, քանի թռել է, ինքն է քո տերը»: Եթե իր հասցեին հնչող քննադատությունն արդարացի է, ապա փորձում է շտկել, եթե անարդարացի է` մեծ ցավ է ապրում: Կարծում է, որ դժվար իրավիճակներում մարդ պետք է իր խղճի հետ մենակ մնա: Մխիթար Մնացականյանը նշեց, որ ինքը բազմաթիվ անեկդոտների հեղինակ է. «Ես պատմելու մեծ ընդունակություն ունեմ, ինձ ընկերներս ասում էին` արի, քեզ մի անեկդոտ պատմենք, դու պատմիր, ծիծաղենք»: Ամբողջ կյանքում նախարարը ծխել է շատ ակտիվ, օրական 3 տուփից ոչ պակաս. «Շատ պատահական կարդացի, որ ծխողների 96 տոկոսը թողնում են հարկադրաբար, 4 տոկոսն էլ` գիտակցելով, մտածեցի` ավելի լավ չի՞ մտնեմ 4 տոկոսի մեջ եւ ոչ թե 96-ի: Ոչ ոք չէր հավատում, քանի որ տեսել էին իմ ակտիվ ծխելը»: Գրեթե երկու տարի է նախարարը չի ծխում, ավելին` զարմանում է, թե ինչպես կարող էր այն ժամանակ այդքան ծխել: Իսկ առաջ մտածում էր, թե աշխարհում ամեն ինչ կթողնի, բացի ծխախոտը: Հարցին, թե հիմա առողջ ապրելակերպ վարու՞մ է, նշեց` չի երեւու՞մ, որ չէ: «Ես ամեն ինչ եմ սիրում, երբ կյանքը սիրում ես, սիրում ես ամեն ինչ: Ես շատակեր չեմ, բայց համով սիրում եմ ուտել: Մինչեւ 41 տարեկան կյանքում չեմ խմել, առաջին բաժակը խմել եմ մորս մահվան կապակցությամբ, բայց չեմ սիրում խմել, առիթից առիթ: Սուրճ չեմ խմում, փոխարենը սառը ջուր եմ անընդհատ խմում»: Նախարարը սեփական մեքենա չունի 21 տարեկանում ամուսնացել է իրենց հարեւանի աղջկա հետ, ով մանկաբույժ է: Աղջիկը լրագրող է, ավարտել է Հրաչյա Աճառյանի անվ. համալսարանը: Տղան ավարտել է Երեւանի պետական բժշկական համալսարանը, այժմ Կարմիր խաչի գլխավոր տնօրենն է: Նախարարը չի զբաղվել երեխաների դաստիարակությամբ, ասում է` գեները արդեն բավական են. «Ես ընդամենը մի հայացքով եմ երեխաներիս բան հասկացնում: Իմ երեխաները տեսել են իմ վերաբերմունքը իմ ծնողների նկատմամբ, դրանից ավել ի՞նչ պետք է խորհուրդ տայի»: Նախարարի ընկերները արվեստի բնագավառից են, բժշկության ոլորտից եւ ավելի քիչ` քաղաքական դաշտից. «Մի անգամ ընկերներով վիճում էինք, թե ով է երջանիկ: Գնացել էինք ընկերոջս մորը տեսակցության հիվանդանոցում, ով կապանցի էր: Ասեց` բալա ջան, մի վիճեք, երջանիկ մարդը էն մարդն է, ով եղածով բավարարվում է»: Նախարարը, իր խոսքով, բիզնեսներ չունի, բայց ժամանակին Սայաթ-Նովա փողոցի վրա խանութ ուներ: Ասում է` եթե ինքը գործարար լիներ, ապա վնասով կաշխատեր, քանի որ բոլորը պարտք կունենային: Ասում է, որ բիզնեսներ չունեն նաեւ իր բարեկամները, որեւէ մեկին չի հովանավորում, ավելորդ շքեղություններ էլ իրեն թույլ չի տալիս, անգամ սեփական մեքենա չունի: Հարցին` աշխատավարձը բավարարու՞մ է, պատասխանեց` կա՞ աշխատավարձ, որ բավարարի, լինի արտասահմանում, թե Հայաստանում: Երազանքն է տեսնել իր ընտանիքը առողջ, նորմալ վիճակում:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված