Երեքշաբթի, 19 նոյեմբերի

Նաիրա Զոհրաբյան. «Որոշելիքը այս պահին գտնվում է Թուրքիայի տիրույթում»



«Հանրապետության նախագահը մեկ անգամ ևս Վաշինգտոնում վճռական կերպով ամրագրել է հայկական կողմի դիրքորոշումները, այն է՝ հայ-թուրքական արձանագրություններն իրենց մեջ չեն պարունակում որևէ նախապայման, և Թուրքիան որևէ կերպ որևէ ճնշում չի կարող գործադրել Հայաստանի վրա»,- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վաշինգտոնյան այցը «Հետք»-ին այսպես մեկնաբանեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Նրա կարծիքով`հաջորդ քայլը պետք է Թուրքիան անի. «Ի վերջո, տևական և համառորեն փորձում են հայ-թուրքական արձանագրությունները շաղկապել ղարաբաղյան հիմնախնդրի հետ, արժանանալով թե' Եվրամիության, թե' Ռուսաստանի, թե' ԱՄՆ-ի կոշտ դիրքորոշմանը, բայց դրանք իրարից տարբեր գործընթացներ են և չպետք է փոխկապակցել. Թուրքաին իրեն դրել է փակուղային իրավիճակի մեջ»: Նաիրա Զոհրաբյանը չցանկացավ կանխատեսել Թուրքիայի հետագա քայլերը`նշելով, որ դա Թուրքիայի իրավասության դաշտում է. «Միջազգային հանրությունը հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու գործում շատ բան է դրել խաղասեղանին, և բնավ շահեկան չի լինելու այն պետության վիճակը, որի պատճառով այդ հարաբերությունները բնականոն գործընթացի մեջ դրվելը կտապալվի: Իսկ այդ երկիրը հստակ Հայաստանը չի լինելու»: Ն. Զոհրաբյանի մեկնաբանմամբ, եթե Էրդողանը հավատարիմ լինի Փարիզում իր արած այն հայտարարությանը, որ իրենք հավատարիմ են արձանագրությունների ոգուն և տառին, ապա նախևառաջ նրանք պետք է արձանագրությունները վավերացնեն իրենց խորհրդարանում, որին կհետևեն համապատասխան գործընթացներ` դիվանագիտական հարաբերությունների հաստատում, սահմանների բացում. «Հայկական կողմը ոչինչ չի կորցնում, նույնիսկ եթե Թուրքիան արձանագրությունները չվավերացնի, ողջ պատասխանատվությունն ընկնում է Թուրքիայի վրա: Նույն սահմանը 2 անգամ չեն կարող փակել և որոշելիքը այս պահին գտնվում է Թուրքիայի տիրույթում»:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված