Երեքշաբթի, 19 նոյեմբերի

Հայաստանում դեղերի կեղծման ցուցանիշը 10-12 տոկոս է



«Այսօր Հայաստանի շուկայում գերակշռում են այն դեղերը, որոնք պետք են մեր ժողովրդին, որովհետև վերահսկվում ան համապատասխան կառույցի և մաքսայինի համատեղ աշխատանքի շնորհիվ: Իհարկե, կան նաև զարտուղի ճանապարհներով շուկա թափանցած դեղեր: Սակայն հսկողությունն իրականցվում է ամենայն խստությամբ»,- այսօր «Դե ֆակտո» ակումբում ասաց ՀՀ Դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն Էմիլ Գաբրիելյանը: Զարտուղի ճանապարհ ասելով` Է. Գաբրիելյանն նկատի ուներ այն դեղերը, որոնք շրջանցում են մաքսայինը և դուրս գալիս շրջանառության: Երբ ներկրողը բերում է դեղը, նա դիմում է Առողջապահության նախարարությանը` թույլտվություն ստանալու` դեղը ներմուծելու համար: Դիմումն անմիջապես ներկայացվում է Դեղերի փորձագիտական կենտրոն, և իրենց մասնագետները գնում են մաքսային, ընտրական կարգով վերցնում են դեղերը և կատարում մի շարք հետազոտություններ, օրինակ` արդյոք տվյալ դեղը նույնական է իր արտաքին փաթեթավորմամբ, նշաններով, համընկնում է գրանցված նմուշի հետ: Դա տևում է 2-3 ամիս, երբեմն` մեկ տարի: Այնուհետև դրանք լաբորատոր հետազոտության են ուղարկվում: Հայաստանում դեղերի կեղծման ցուցանիշը, ըստ ՀՀ Դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրենի, 10-12 տոկոս է. «Կեղծվում են այն դեղերը, որոնք լայն սպառման շուկա ունեն: Թույլ զարգացած երկրներում կեղծվում են հակաբիոտիկները, լավ զարգացած երկրներում` հորմոնալ պրեպարատները»: Շուկայում առկա դեղերի նկատմամբ դեղերի փորձագիտական կենտրոնը որևէ լիազորություն չունի, նրանց փորձագետները կարող են ընդգրկվել նախարարության ստուգումներին. «Ցանցը ոչ թե պիտի ստուգվի դեղերի առումով, այլ մշտադիտարկման մասնագիտական փորձաքննության պետք է ենթարկվի: Այսինքն` ոչ մի դեղատուն չպետք է իմանա` այսօր իրեն ստուգելու են, թե ոչ»: Այսօր Հայաստանում գրանցված է շուրջ 3700 դեղ. «Դեղերը ինչ-որ չափով տվյալ երկրի ժողովրդի հիվանդացության հայելին են»: Հայաստանում դեղերի տարեկան շրջանառությունը 50-70 մլն դոլար է: Այս ցուցանիշն անընդհատ աճում է, և 2009-ին այն կազմում էր 50 մլն: Կառույցը համագործակցում է մոտ 300 ընկերությունների հետ: 2009թ. կենտրոնի կողմից մերժվել է մոտ 70 դեղ: «Կան լրիվ կեղծված դեղեր, երբ գրված է ասպիրին, բայց մեջը ասպիրին չկա, և երբ մարդ հիվանդ է, ու կավիճ ես տալիս` խմելու, դրանով արդեն վնաս ես հասցնում: Կամ մեկ այլ անվան տակ ուրիշ դեղ են անցկացնում, որը նարկոբիզնեսի ճանապարհն է»,- բացատրում է Դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրենը: Ըստ Էմիլ Գաբրիելյանի`դեղերի հարցում վտանգը շատ մեծ է, քանի որ այն յուրահատուկ ապրանք է և կապված է մարդկանց կյանքի, առողջության հետ: Դա միջոց է` հիվանդությունների դեմ պայքարում: Ըստ բանախոսի`մի կողմից նա կարող է հրաշքներ գործել, մյուս կողմից կարող է չարիք լինել, այսինքն` ցանկացած հայտնագործություն մարդկանց ձեռքում է: Ամբողջ աշխարհում դեղերի կեղծումը 6-60 տոկոս է. «Պետք է շատ խիստ վերահսկողություն սահմանվի, և անօրինակ ներմուծումները կասեցվեն»: Ապրիլի 11-ին կընդունվի դեղերի կեղծման վերաբերյալ հատուկ կոնվենցիա, որին ներկա է լինելու նաև Էմիլ Գաբրիելյանը: Այժմ շրջանառության մեջ է մտել է դեղերի մասին նոր օրենքը, և Է. Գաբրիելյանը համոզված է, որ դրա ընդունվելուց հետո բոլոր խնդիրները իրենց պատշաճ լուծումը կստանան: Եթե նոր օրենքը ընդունվի առանց նախագծի փոփոխության, ապա Դեղերի փորձագիտական կենտրոնը բազմաթիվ լիազորություններ կստանա:

Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված