Հինգշաբթի, 05 դեկտեմբերի

«Էնքա~ն ցինիկ ենք վերաբերվում ձեզ, որ հաշվարկ անելու կարիք չունենք»



Ըստ Հ. Բագրատյանի` Հայաստանի նախաձեռնողական քաղաքականությունից հետո Թուրքիայի հետ հարաբերություններն է՛լ ավելի են վատացել «Բիզնես չկա էլ, բայց այն, ինչ կա, կարող է նույնիսկ ավելի տուժել, եթե սկզբնական շրջանում քայլեր չարվեն»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց «Ազատության» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե տնտեսական ի՞նչ զարգացումներ կլինեն, եթե Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը: Հրանտ Բագրատյանը նշեց, որ ՀՀ Կենտրոնական բանկը նույնիսկ 1 մլն դոլարի թուրքական լիրա չունի: Հայաստանում չկա որևէ հրատարակություն, տեղեկագիր, որի մեջ ամփոփված լինեն թուրքական ձեռնարկությունները, խոշոր ընկերությունները: Հայաստանում չկա նաև որևէ աշխատություն, որում ուսումնասիրված կլինի, թե ինչ կառուցվածք ունի Թուրքիայի տնտեսությունը, ինչպես են Թուրքիայում բիզնես հիմնում, ովքեր են այդ երկրում զբաղվում բիզնեսով: «Դրան պետք է պատրաստվել, որովհետև անշուշտ դանդաղ, բայց շուտ թե ուշ այդ օրը գալու է. չի գալու այն պատճառով, որ մենք ճիշտ ենք, կամ թուրքերը երազում են մեզ հետ սահմանը բացել: Ի դեպ, իմ խորին համոզմամբ, մեզ հետ սահմանը չեն բացում, որովհետև վախենում են մեր և Արևելյան Թուրքիայի շփումից, և իրական պատճառը Ադրբեջանը չէ, և Ղարաբաղի հարցը չէ: Հիմա առիթ է Ղարաբաղի հարցը»,- ասաց Հրանտ Բագրատյանը: Նրա համոզմամբ` եթե Թուրքիան անգամ բացի սահմանը, միևնույն է` տնտեսապես հսկելու է սահմանը, որպեսզի ինտենսիվ առևտուր չծավալվի, քանի որ Արևմտյան Հայաստանի շրջանները մոտավորապես ՀՀ-ի մակարդակին են, նույնիսկ ավելի վատ` ի տարբերություն Անկարայի ու Ստամբուլի, որոնք 4 անգամ ավելի զարգացած են, քան մենք, և մոտ են եվրոպական միջինին: Այդ պատճառով Թուրքիան կարծում է, որ Հայաստանի հետ առևտրի խորացման դեպքում Արևմտյան Հայաստանը կարող է Հայաստանի փոքրիկ ազդեցության տակ ընկնել: Միաժամանակ բանախոսը խնդրեց չչափազանցնել այդ ազդեցության հանգամանքը, որովհետև այն շրջաններում, որտեղ եղել են 7 հայկական նահանգները, այսօր ապրում է Թուրքիայի 72 մլն մահմեդականից 11 մլն-ը: «Կուզենայի, որ դուք չչափազանցնեիք, այսինքն` 2,8-3 մլն-անոց Հայաստանը չի կարող տնտեսապես նույնիսկ արևելքը գրավել, ուժը չի պատի տնտեսապես: Բայց զգալի ազդեցություն կարող է ունենալ»,- ասաց Հրանտ Բագրատյանը: Անդրադառնալով սահմանի բացման հնարավորությանը` նախկին վարչապետն ասաց. «Հիմա մենք ասում ենք` «չէ, նախապայման չկա»: Մեր ասածը նշանակություն չունի: Թուրքը այդպես է ընկալել, թուրքը այդպես է մտածում ու այդպես է շարժվում: Դուք տեսնում եք նույնիսկ Թուրքիայի ղեկավարության պահվածքը, «կվտարենք հայերին»: Ցինիզմ է: Բայց այդ ցինիզմը քաղաքական հաշվարկ չէ. նրանք հաշվարկ անելու կարիք էլ չունեն, որովհետև եթե Թուրքիայի վարչապետը հաշվարկ աներ, բնականաբար, նորմալ մարդը այդպիսի բան չէր ասի: Բայց նա դրանով ուզում է ասել. «Էնքա~ն ցինիկ ենք վերաբերվում ձեզ, որ հաշվարկ անելու կարիք չունենք»»: Ուստի, Հրանտ Բագրատյանի կարծիքով` ֆուտբոլային դիվանագիտության և Հայաստանի նախաձեռնողական քաղաքականությունից հետո Թուրքիայի հետ հարաբերություններն է՛լ ավելի են վատացել: Անդրադառնալով Հայաստանի վարչապետի այն հայտարարությանը, թե Թուրքիայում ապօրինի գտնվող հայերի թիվը մի քանի անգամ պակաս է Էրդողանի հայտարարած 100.000-ից` Հրանտ Բագրատյանն ասաց. «Իմ մեջ հարց ծագեց` ի՞նչ է նշանակում մի քանի անգամ, կամ ի՞նչ է նշանակում 100.000: Ճիշտն ինչքա՞ն է: Մի՞թե մինչև հիմա Հայաստանի կառավարությունը չի փորձել մեր իսկ սահմանապահ ծառայության միջոցով ճշտել, թե ինչքան մարդ է մոտավորապես, այսպես ասած, ոչ լեգալ: Բացի դրանից` ես կուզենայի իմանալ` գիտի՞ արդյոք Հայաստանի ղեկավարությունը, թե ինչ է նշանակում լինել անլեգալ Թուրքիայում: Թուրքիան նույնիսկ Ռուսաստան չէ. Թուրքիա գնալու-աշխատելու ռեժիմը շատ ավելի թույլ է, քան Ռուսաստանում: Միգրացիոն քվոտաներ չկան, և Թուրքիայի այցելության վիզան հավասարեցված է աշխատանքային վիզայի»: Հրանտ Բագրատյանն ասաց, որ ըստ Թուրքական վիճակագրական ինստիտուտի տվյալների` Թուրքիա է մտնում առավելագույնը 26.000 հայ: Բանախոսի կարծիքով` գուցե տվյալը սուտ է, քանի որ աղբյուրը թուրքական է, սակայն, ամենայն հավանականությամբ, Էրդողանը Թուրքիայում ապօրինի գտնվող հայերի իրական թիվն «ավելացրել է» 4 անգամ: «Վերջապես գոյություն ունի Հայաստանի միգրացիոն ծառայություն, պրն. Եգանյանի գլխավորությամբ: Այս ծառայությունը պարտավոր էր անմիջապես վարչապետին մատուցել թիվը, այլ ոչ թե այսօր գար այստեղ Հրանտ Բագրատյանը, գուցեև ես ձեզ սխալ թիվ եմ ասում: Ես ընդամենը կես ժամ եմ դրանով զբաղվել: Եվ դա իմ զբաղվելու խնդիրը չէ»,- ասաց Հրանտ Բագրատյանը: Նրան ապշեցրել է ՀՀ վարչապետի այն հայտարարությունը, թե չեն կարող ստուգել հայերի իրական թիվը, քանի որ նրանք Թուրքիա 3-րդ երկրով են գնացել: Անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանի տնտեսության վրա ի՞նչ ազդեցություն կունենա Վերին Լարսի անցակետի բացումը` Հրանտ Բագրատյանը նշեց, որ այն կունենա դրական, բայց ոչ մեծ ազդեցություն, քանի որ «մենք բեռ էլ չունենք, տանելու բան ընդհանրապես չկա, չի արտադրվում»:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված