ՈՒրբաթ, 06 դեկտեմբերի

«Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որտեղ ոչ մի դատ չեղավ»



Ի՞նչը կլինի Հայաստանի վերջը` ըստ Հրանտ Բագրատյանի «Ազատության» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին կարծիք հայտնեց, որ Հայաստանը 2010 թ. առաջին ամսին էլ է տնտեսական անկում ունեցել, և 2,4 % աճը ուղղակի գրված է: Նրա համոզմամբ` անցյալ տարի Հայաստանի տնտեսական անկումը իրականում եղել է պաշտանապես հայտարարված 14 %-ից ավելի: «Մենք հստակ հաշվել ենք, որ անցյալ տարվա անկումը եղել է 22 %: Ես պատասխանատվությամբ եմ հայտարարում 22 %-ը: Դա այնքան հեշտ է ապացուցել: Վիճվարչության ծառայության պետով, բանով իրենք շատ լավ գիտեն, որ այդպես է: Իրենք իրենց թվերով ունեցել են 14 % անկում, երբ առևտուրն ու ծառայությունները իրենց թվերով աճել են 1 %: ՀՆԱ-ն առևտրի ու ծառայության է վերածվել: Այդպիսի աբսուրդ թվեր չեն լինում: Եթե ՀՆԱ-ն անկում է ապրել 14 %-ով, մոտավորապես դրա շուրջը անկում պիտի լիներ: Իրենք գիտեն, որ ես հստակ հաշվել եմ, որ 32 %-ը դոլարով է իջել, մենք չունենք դոլարային գների անկում: Այսինքն` որպեսզի իրենց թիվը ճիշտ լիներ, իրենք պիտի ապացուցեին, որ անցյալ տարի Երևանի խանութներում դոլարային գները անկում են ապրել 18 %: 18 % դոլարային գների անկում չի եղել: Իրենք գիտեն, որ այդ թվի մեջ բլեֆ կա: Էդ բլեֆը, արդեն 10 տարի է, կա»,- ասաց Հրանտ Բագրատյանը: Նա ասաց, որ եթե Հայաստանի կառավարությունը կարողանա 1-2 մլրդ պարտք վերցնել, ապա այս տարի հնարավոր կլինի զրոյական անկմամբ բավարարվել: Ըստ Հրանտ Բագրատյանի` անցյալ տարի այնքան մեծ է եղել անկումը, որ այլևս անկման տեղ չկա: «Հայաստանը առանձնապես տնտեսություն չուներ էլ: Այս տարի, կարծում եմ, եթե ոչինչ չանեն` եթե հանկարծ ամբողջ կառավարությունը բարեբախտաբար որոշի աշխատանքի չգնալ ու ամբողջ տարին չգնա աշխատանքի, կլինի 0 %: Բայց եթե գնան աշխատանքի, մի բան անեն, երևի անկումը կարող է մինուս լինել»,- ասաց Հրանտ Բագրատյանը: Նրա կանխատեսմամբ` Հայաստանում սոցիալական ճգնաժամը կխորանա, քանի որ անցյալ տարվա մակրոտնտեսական անկմանը չի հաջորդել սոցիալական պայմանների անկում. դա պետք է տեղի ունենար մի փոքր ավելի ուշ: Բացի դրանից` ի տարբերություն այլ երկրների` ՀՀ կառավարությանը չի հաջողվել դուրս գալ ճգնաժամից, քանի որ հայկական ճգնաժամի 90 %-ը պայմանավորված էր հայկական գործոններով, որոնք վերացված չեն: Այդ գործոններից առաջինը, ըստ բանախոսի, տնտեսության չափազանց կենտրոնացված լինելն է: Անդրադառնալով 2009 թ. մարտի 3-ին դրամի գահավիժմանը` Հրանտ Բագրատյանն ասաց, որ օրինակ` եթե մարդը բանկում ուներ 1 մլն դրամ փող, ապա դա հավասար էր 3.000 դոլարի, սակայն մեկ օրում 3.000 դոլարը դարձավ 2.500 դոլար: «Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որտեղ ոչ մի դատ չեղավ. ոչ մի ավանդատու չդիմեց դատարան` ասելով. «Ես ունեի 3.000 դոլար, պետք է շարունակեմ ունենալ 3.000 դոլար»: Ամբողջ վնասը գրվեց բնակչությանը, ոչ մի բանկ չտուժեց. 15 %-անոց անկման դեպքում 22 բանկից ոչ մեկը չսնանկացավ: Հաճախ ինձ ասում են, որ Հայաստանն ունի կայուն բանկային համակարգ: Պատասխանը պարզ է` այդպիսի կայունություն մեզ պետք չէ»,- ասաց Հրանտ Բագրատյանը: Նախկին վարչապետի խոսքերով` երբ 2009 թ. հունվար-մարտին Ռուսաստանում ռուբլին արժեզրկվեց, կառավարության և Ռուսաստանի բանկի որոշմամբ բոլոր ավանդները վերահաշվարկվեցին արժույթով և ավելացվեցին: Ռուսաստանում 1200 բանկից սկանկացավ 200-ը, Ուկրաինայում 184 բանկից` 23-ը, ԱՄՆ-ում 8400 բանկից` 215-ը, Եվրագոտու երկրներում` 4000 բանկից` 270-ը: Հայաստանում ևս ճգնաժամի հետևանքով բանկային ոլորտում վատ տնտեսվարողներից առնվազն 1-2-ը պետք է դուրս մղվեր, սակայն դա տեղի չունեցավ: «Նույնը բիզնեսում է: Ոչ ոք չպատժվեց: Բնականաբար, եթե չի պատժվում արտադրողը, պատժվում է սպառողը. դա պետք է լինի, որպեսզի տեղի ունենա հավասարակշռություն` նոր հավասարակշռություն` ի հաշիվ սպառողների: Հիմա մենք` սպառողներս, պետք է վճարենք և մի քանի ամիս դեռ կվճարենք կեցության վատացմամբ»,- ասաց Հրանտ Բագրատյանը: Անդրադառնալով ՀԱԿ-ի հրապարակած Սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման ծրագրին` «100 քայլին»` բանախոսը նշեց, որ ՀՀ կառավարության, նախագահի ծրագրում, բյուջետային ուղերձում մտել է այդ 100 քայլից 2-3-ը: Նրա խոսքերով` ՀԱԿ-ի ծրագրում հաշվի է առնված Հայաստանի իրականությունը: «Պետք է հաղթահարել տնտեսության գերկենտրոնացվածությունը»,- նշեց նա: Հրատ Բագրատյանն ասաց, որ Հայաստանի 10 ամենահարուստ ընտանիքների ձեռքում է ՀՆԱ-ի 54,7 %-ը: Մինչդեռ ԱՄՆ-ում 10 հարուստի ձեռքում գտնվում է ՀԱՆ-ի 1,9 %-ը, Ռուսաստանում, որը համարվում է նույնպես կենտրոնացված տնտեսությամբ երկիր, 10 հարուստի ձեռքում գտնվում է ՀՆԱ-ի 3,7 %-ը: «Եթե այդ 54 %-ին գումարենք 19 %, որը գտնվում է օտարերկրացիների ձեռքը, ապա գործնականում, բացառությամբ մեր ժամանակ ստեղծված մանր գյուղացիությունից ու այն խանութներից, որ այսօր դեռ պահպանվել են (8.000 անկախ սեփական խանութպան` այն առաջին սեփականաշնորհման ալիքը), մնացած ամեն ինչ գտնվում է 10 մարդու ձեռքում: Փաստորեն, եթե մենք աշխատում ենք, պետք է աշխատենք իրենց համար: Ընտրություն չկա. 10 հոգու մեջ ընտրություն լինել չի կարող, իսկ տնտեսության մեջ պետք է լինի բնական ընտրություն, որպեսզի լավը լինի: 10 հոգու մի զգալի մասը կրիմինալ անցյալ ունեցող մարդիկ են, մոտ կեսն էլ` իշխանությունը (ասենք, երկրի առաջին, երկրորդ դեմքեր են եղել, վերցրել են իրենց ձեռքը): Այդպիսի երկիրը չի կարող առաջ գնալ»,- ասաց Հրանտ Բագրատյանը: Նրա համոզմամբ` բավական է 10 մարդուց մենաշնորհը վերացնել, և նրանք կդադարեն գործելուց: Այդ 10 անձը բիզնեսներ չունի, բիզնես հաշվարկներ չի արել և առհասարակ բիզնեսմեն չէ: «Այդ մարդիկ ապրում են նրա հաշվին, որ, ասենք երկրում կարագն արժե 7 դոլար, աշխարհի խանութներում արժե 3 դոլար, կամ հավի միսն արժե 4,5 դոլար, աշխարհում արժե 2 դոլար: Բենզինը մշտապես արժե 1,10-1,20: Կամ, ասենք, ավիաթռիչքներ իրականացնում է, որովհետև միայն ինքն է թռչում Հայաստանի անունից: Այսօր Լոնդոնից Աթենք թռչում են 100 եվրոյով, բայց Երևան հնարավոր է թռչել միայն 600 եվրոյով: Մոսկվա ենք թռչում 400-500 եվրոյով, նորմալ պայմաններում պետք է լիներ 100 եվրո գնալ-գալը: Չեն թողնում, որ մեկ ուրիշն էլ ստեղծի ավիաընկերություն, չեն թողնում, որ մեկ ուրիշն էլ բերի բենզին, շաքար, ցորեն կամ կարագ: Այս մարդիկ ապրում են միմիայն սրա հաշվին»,- ասաց Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքերով` սրա հետևանքով մեր տնտեսությունն աստիճանաբար դարձել է ներմուծող, քանի որ այդ նույն 10 ընտանիքը չի ուզում արտադրել կամ փող ներդնել Հայաստանում այն դեպքում, երբ կարողանում է Հայաստանում փող աշխատել ներմուծելով: «Լավագույն ապացույցը դրամի ճգնաժամն է. ապրիլին կդառնա 400, տարվա կեսերին` 430-450: Այս 2 օրը մի անգամից տատանվեց, քանի որ խոշոր քանակի կապիտալ է արտահանվել նույն այդ 10 ընտանիքի կողմից: Կամ մենք պիտի ազատվենք այդ մարդկանցից որևէ ձևով, կամ փոքրացնենք դրանց տնտեսական ազդեցությունը, եթե ուզում ենք ընդհանրապես ապրել և գոյատևել»,- ասաց Հրանտ Բագրատյանը: Ըստ Հրանտ Բագրատյանի` կապիտալը խոշոր բիզնեսից պետք է ապակենտրոնցվի դեպի միջինն ու մանրը, ինչպես նաև պետք է մեծացվի այն մարդկանց թիվը, ովքեր ակտիվորեն մասնակցում են երկրի տնտեսական զարգացմանը: Զարգացած երկրներում ակտիվ բիզնեսով զբաղվում է բնակչության մինչև 10-15 %-ը, իսկ մնացած 80-85 %-ը աշխատում է այդ 10-15 %-ի մոտ: Մինչդեռ Հայաստանում ակտիվ բիզնեսով զբաղվում է բնակչության 1 %-ից պակաս մարդ: Բանախոսը նշեց, որ փոքր պետությունների տնտեսական մեխանիզմն այնպիսին է, որ նախկին օլիգարխների տեղում նորերի առաջանալու հնարավորություն կա: Սակայն «100 քայլով» բացառվում է ներմուծման հաշվին ստացված գերշահույթը, քանի որ, ըստ ծրագրի, այդ գերշահույթը պետությունը կվերցնի իրեն: «100 քայլը» արտահանման սահմանափակում չի մտցնում: Հրանտ Բագրատյանը նշեց, որ ըստ ՀԱԿ-ի ծրագրի` բիզնեսն ու պետությունը տարանջատված կլինեն: Պատգամավոր կամ նախարար դառնալու դեպքում, ըստ ծրագրի, տվյալ բիզնեսմենը պետք է պետական ունեցվածքի կառավարման պետական մարմնին հանձնի իր ունեցվածքը այնքան ժամանակով, քանի դեռ պատգամավոր կամ նախարար է: «Այլ ոչ թե ոնց որ երեկ Առողջապահության մինիստրը (ինչքան հիվանդանոց կա, իրենն է) հայտարարում է, թե «ազնվորեն եմ վերցրել»: Ինչքան պետական պատվեր կա, միմիայն իր հիվանդանոցների վրա է գրում, և հետո ասում են` առողջապահության ոլորտ կա: Դեռ հերիքում է համարձակությունը նման կարգի հայտարարություններ անելու: Այդպիսի առողջապահության նախարար այդ ծրագրի պայմաններում պարզապես չի լինի, որովհետև ունեցվածքը չի լինի արդեն իր ձեռքին. ունեցվածքը կհանձնի պետությանը»,- ասաց Հրանտ Բագրատյանը: Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենա գնաճի վրա դոլարի արժևորումը` Հրանտ Բագրատյանն ասաց, որ տնտեսության մեջ կա 3 չափանիշ` շատ կարճ ժամանակ, միջնաժամկետ (6 ամսից 1 տարի) և երկարաժամկետ: «Շատ կարճ ժամկետում այն բերելու է գնաճի, տնտեսությունը կունենա անկում: Վերցնենք միջնաժամկետը. ամբողջ հարցն այն է, որ այսօր կառավարությունը փնտրում է մոտ 2 մլրդ դոլար: Եթե գտավ այդ փողը, բերեց, մեր պարտքը ավելացրեց, այսինքն` մեր վաղվա օրը բարդացրեց, բայց այսօրվա օրը թեթևացրեց, իրենց երևի կհաջողվի մի փոքր կզսպել գնաճը: Կարծում եմ` գնաճը մեծ հավանականություն ունի լինելու ավելի քան երկնիշ թիվը: Էական է դրամի փոխարժեքը: Նույնիսկ գազի գնի այն անարդար բարձրացումը, որ տեղի է ունեցել (մեր գնահատմամբ` 73 %-ը անհիմն էր, 27 %-ն էր արդարացված), կարող է չհերիքել, որովհետև նրանք հաշվել են 387 կուրսով: Այսինքն` կարող է լինել տոտալ ճգնաժամ: Հիմա իրենք ման են գալիս 2 մլրդ դոլար նոր պարտք»,- նշեց Հրանտ Բագրատյանը` հավելելով, որ անցյալ տարի Հայաստանը վերցրել է այնքան պարտք, որքան անցյալ տարվան նախորդող բոլոր տարիներին միասին վերցրած: Հրանտ Բագրատյանի խոսքերով` ամենամեծ մեղքը կապիտալի արտահանումն է. օլիգարխների մի մասը այնպիսի կապիտալ է արտահանում, որը սկսել է հավասարվել դրսից փոխանցվող փողին: «Պետությունը պարտք է վերցնում, ասենք` 2 մլրդ, այդ պարտքը բերում բաժանում է ժողովրդին, մեր օլիգարխները ներմուծում են ապրանքներ` ուտելիք, հագնելիք, ավտոմեքենա, վաճառում են ժողովրդին: Այսինքն` այդ փողը, որը պետությունը պարտք էր վերցրել, անցնում է իրենց ձեռքը, ու իրենք դուրս են հանում երկրից` հիմնականում գնելով անշարժ գույք արտասահմանում: Արդյունքում մենք մնում ենք պարտքի տակ` որպես հասարակություն, և այս մարդիկ էլ հարստանում են»,- ասաց Հրանտ Բագրատյանը: Նրա համոզմամբ` 2012 թ.-ից իրավիճակը Հայաստանում կվատանա: «Հայաստանի կատաստրոֆան կսկսվի 2013-ին: 2013 թվին արդեն միայն 500 մլն դոլար պետք է ունենաք բյուջեում, որպեսզի վճարենք պարտքը: Այսօրվա բյուջեում, որը մոտավորապես 2,5 մլրդ է, մենք այդպիսի ծախս չունենք: 500 մլն դոլարը գերազանցում է ամենախոշոր սպառողի` բանակի ծախսը: Անցյալ տարի 75 մլն էր. 75-ը դառնալու է 500: Մենք գնում ենք դեպի կատաստրոֆայի»,- ասաց նա: Բանախոսի համոզմամբ` Հայաստանի վերցրած պարտքերը անհեռատես ու չհիմնավորված են, հատկապես ռուսական 500 մլն-ը, և կառավարությունը չի մտածել, թե ումից է պարտք վերցնում, ինչքան է վերցնում, ում է տալիս: «Մինչև հիմա էլ պարտքերի տոկոսը գնում է, չեն էլ կարողացել այդ վարկերի կեսը օգտագործել: Արված են հիմար զարգացումներ` հիմնականում էլիտար բնակարանային շինարարություն: Դա էլ Քոչարյանի նվերն էր Հայաստանին` 3 մլրդ-ի էլիտար բնակարանային շինարարություն, որի տակից չենք կարողանում դուրս գալ: Այսինքն` այդ ապրանքը սպառում չունի, իրենք գինն էլ չեն իջեցնում, որ գոնե ապրանքի լիկվիդայնությունը բարձրանա, էժան գներով տան պրծնեն: Օրինակ` մենք կասկածում ենք, որ հույս ունեն, որ Ղարաբաղի հարցի հետ կապված գուցե ինչ-որ մեծ փողերի ներհոսք լինի, թանկ կծախեն այդ բնակարանները»,- ասաց Հրանտ Բագրատյանը: Նրա համոզմամբ` նախագահ Սերժ Սարգսյանը պետք է հասկանա, որ իր տնտեսագիտական թիմը չունի բարեփոխումներ մշակելու ներուժ: Ուրիշ մարդկանց տնտեսությամբ զբաղվելու հնարավորություն տալու միակ ձևն էլ նոր ընտրություններն են ու նոր քաղաքական դասավորությունը: Հրանտ Բագրատյանի խոսքերով` եթե նույնիսկ նախագահը ցանկանա պայքարել խոշորների դեմ, չի կարողանա, քանի որ իր իշխանությունը հիմնված է նրանց վրա: «Մենք հո պատահաբար չե՞նք ասում` ընտրություն արա: Ելքը, միակ ձևը դա է: Գան ուժեր, թեկուզև ձեզ նման կամ ինձ նման, որոնք չունեն ունեցվածք, որոնք կապված չեն ունեցվածքով: 10-12 վարչապետ է եղել այս երկրում: Բացառությամբ 2-ի` մնացածը ամբողջ օրը գոռգոռում են` ի պաշտպանության իշխանության: Միակ բացատրությունը սա է` անկախ նրանից, ինչ պատշոտններ են էսօր զբաղեցնում. ունեցվածք ունեն: Եվ իրականում այդ մարդիկ երբ մեզ էին քննադատում, զբաղված էին մեր փոխարեն ունեցվածք կուտակելով»,- ասաց Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքերով` այս ամենը կարող է ավարտվել նրանով, որ Ռոբերտ Քոչարյանին վարչապետ նշանակեն: «Դա ընդհանրապես Հայաստանի վերջը կլինի արդեն: Նախագահը դեռ տարբերակ ունի` թույլ չտալու, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնա իշխանության: Բոլորի վերջը կլինի` էդ մարդու գալով: Իսկ դրա միակ ձևը նոր խորհրդարանական, նախագահական ընտրություններն են»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված