Չորեքշաբթի, 13 նոյեմբերի

Արթուր Պետրոսյան. «Եթե գտնեք մի մարդու, ով իմ մասին վատ բաներ ասի, ես համաձայն եմ»



Սա Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանի առաջին հարցազրույցն է: Նախարարի գործունեուրթյան 100 օրը դեռ չի լրացել, բայց նա համաձայնեց բացահայտվել քաղաքականությունից դուրս` հաշվի առնելով,որ մենք դիմում էինք գրել դեռ 4 ամիս առաջ, իսկ արդեն նախկին նախարար Արմեն Գրիգորյանը այնքան ձգձգեց «Հետք»-ի «Մեր նախարարները» շարքին մասնակցությունը, մինչեւ նրան աշխատանքից ազատեցին: «Եթե երկու չունեիր, նշանակում էր` լավ ես սովորում» «Մեր կյանքը շատ զիլ է անցել, մենք ավելի շատ էինք հաճույք ստանում, առավոտ 5.30-6.00 արթնանում էինք, էլեկտրիչկայով գնում Հրազդան, այնտեղից ավտոբուսով մի կերպ գնում էինք լիժա, պրակատ բատինկեք էինք վերցնում, բադրիջանի խավիար եւ մատնաքաշ էինք առնում, բուտեբրոդ անում, որ բան էլ չէր լինում անելու, մի հատ գնում էինք Մոնումենտ, բախչագող էինք խաղում, թաղի կռիվներին մասնակցում, մթնոլորտը շատ լավ էր, կարելի է մտածել, որ ծանր էր, ամեն առավոտ ածուխով կամ սալյարկայով փեչ էինք վառում, բայց երբեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից չէինք նեղվում»,- հիշում է Սպորտի եւ երիտասարդության նախարար Արթուր Պետրոսյանը: Պետրոսյանների ընտանիքում 4 երեխա են. Արթուր Պետրոսյանը ունի 2 ավագ քույր եւ կրտսեր եղբայր: Հայրը երկրաբան էր, մայրը` ուսուցչուհի: Քույրերից ավագը Պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի եւ մեքենաշինության ֆակուլտետն է ավարտել, նախարարի խոսքով` «այն ժամանակ ինչքան բարդ, այդքան պատվաբեր», մյուս քույրը լեռնային ինժեներ է, իսկ կրտսեր եղբայրը բարձրագույն կրթություն չի ստացել: Այժմ քույրերից մեկը Բուլղարիայում է ապրում, իսկ եղբայրը եւ մյուս քույրը` Լենինգրադում: Արթուր Պետրոսյանի քույրերը եւ եղբայրը տատի եւ պապի մոտ են մեծացել. «Որպեսզի ես նորմալ պայմաններում ապրեմ, ինձ էլ ուղարկեցին Թիֆլիս, որտեղ հորաքույրս էր ապրում, եւ ես տուն վերադարձա միայն այն ժամանակ, երբ առաջին դասարան էի»: Այդ ժամանակ նրա հայրիկին Վանաձորում տնօրեն էին նշանակել: «Մեր դպրոցում հեշտ էր լավ սովորել, որովհետեւ բոլոր տղաները երկու ունեին, իսկ ես չունեի, եւ եթե երկու չունեիր, նշանակում էր` լավ ես սովորում, ամենից լավ սովորողն էի մենակ նրանով, որ երկու չունեի, իսկ ամենաբարձր գնահատականներս ֆիզիկայից եւ մաթեմատիկայից էին»: Երբ Արթուր Պետրոսյանը 5-րդ դասարանում էր, ծնողները բաժանվեցին, եւ չորս երեխաները մայրիկի հետ տեղափոխվեցին Երեւան, բայց նախարարն ասում է, որ որեւէ ֆինանսական դժվարություն չեն կրել, քանի որ ծնողները քաղաքավարի ձեւով են բաժանվել. «Արաբկիր եմ մեծացել, տան տղամարդն էի դեռ 10-12 տարեկանից»: Լեռնային ինժեները` հանքի պետ, օպերլիազոր եւ սպորտի եւ երիտասարդության նախարար Նախարարը սիրում է իր մասնագիտությունը, պատմեց, թե ինչպես է հանք բացել Աղավնաձորում: «Հանքի պետի պաշտոնը միգուցե այդքան բարձր չէ, բայց շատ անկախ պաշտոն է, եթե այնտեղ ղեկավարելը քո մոտ ստացվում է, ուրեմն ամեն տեղ էլ կստացվի: Սարը տվել են, ասել են` էս մեր տերիտորիան է, դա էլ մի քիչ ստացվելու վրա է, պիտի ինտուիցիա ունենաս»: Նախարարը նշում է, որ այդ աշխատանքից իրեն մնացել է «ուժեղ ինտուիցիան»: Արթուր Պետրոսյանը ոստիկանությունում աշխատել է ուղեգրով, այդ ժամանակ տվյալ գերատեսչությունը պետք է համալրվեր արտադրությունում աշխատած մարդկանցով, եւ կոլեկտիվը նրան է ընտրել. «Որպես օպերլիազոր էլ ինձ լավ եմ զգացել»: Նախարարը նշում է, որ կա մասնագիտական դեֆորմացիա, եւ ինքն էլ է դեֆորմացվել Ներքին գործերի նախարարությունում աշխատելիս, բայց հույս ունի, որ այնտեղից դուրս գալուց հետո ամեն ինչ հավասարակշռվել է. «Այնտեղ ավելի շատ են ուշադրություն դարձնում կարգապահության վրա: Բոլոր նախկին օպերները մեծ հաջողություն են ունեցել մյուս բնագավառներում, այդ աշխատանքը հատկություններ է տալիս, որոնք քեզ միշտ օգնում են, նախ` մարդկանց լավ ես ճանաչում, եթե նորմալ մարդու կյանքում արտառոց դեպքերը տարին մեկ են լինում, ապա այդտեղ ամեն օր է: Ցանկացած օպեր նախ լավ հոգեբան է, եթե նա այդպիսին չի լինում, նա չի կարող լավ աշխատել: Ոչ ոք չգիտի` դու ում հետ ես հանդիպել, գործով ես հանդիպել, թե աշխատանքից դուրս, եթե զգացվում է, որ գործով ես հանդիպել, ապա դու լավ օպեր չես: Այն ժամանակ իմ ընկերների հետ հանդիպելիս ինձ երբ հարցնում էին, որ ճիշտ է, որ գործակալ կա, ես ասում էի` ոչ»: Երբ Արթուր Պետրոսյանը աշխատում էր Հարկային ծառայությունում, այդ ժամանակ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ ունեցավ Կառավարության նիստում եւ բացասական կարծիք հայտնեց նրա աշխատանքի մասին, որի հետ ինքը համաձայն չէր ու աշխատանքից ազատվելու դիմում գրեց. «Ես իմ ամբողջ պրակտիկայի ժամանակ նկատողություն չեմ ստացել, իմ դիմումի համաձայն եմ ազատվել աշխատանքից»: Ներկայիս պաշտոնը նախարարի համար մեծ անակնկալ էր: «Սկզբից տեսնենք, թե ինչ է խլում այս պաշտոնը: Շաբաթը մի 4-5 անգամ գնում էի լողի, իսկ ինչ նախարար եմ, մի անգամ եմ գնացել լողավազան: Հարաբերություններում, քեզանից անկախ, զգույշ ես լինում, օրինակ` երբ նախարար չես, մեկը դուրդ չի գալիս, կարող ես բարեւ չտալ, իսկ եթե հիմա բարեւ չտաս, կասի` նախարար է դարձել, բարեւ չի տալիս: Այս աշխատանքը առաջին հերթին ես ընդունում եմ որպես կոլեկտիվ ղեկավարել, իսկ դրա համար անհրաժեշտ է մթնոլորտ ստեղծել, ամենակարեւորն այն է, որ ամեն ինչ թափանցիկ լինի: Պաշտոնը տալիս է հնարավորություն, որ կարողանաս ինչ-որ մի բան անել եւ քո արածը երեւա, հիմնականում այնպես է, որ բոլորը աշխատում են, բայց շատ ժամանակ կոլեկտիվի մասին մոռանում են, ամբողջը վերագրվում է ղեկավարին, իսկ ես կփորձեմ այնպես անել, որ անհատականացվի կոլեկտիվի աշխատանքը»,- ասում է նախարարը: Արթուր Պետրոսյանը վստահեցնում է, որ իրենք սպորտին աջակցում են, պայմաններ ստեղծում, հովանավորներ գտնում: Երիտասարդության մասին նշեց, որ միշտ էլ ասում են` հիմիկվա ջահելը ջահել չի, մենք ուրիշ էինք. «Մենք չպիտի ուզենանք, որ իրենք լինեն մեր պես, նրանք պետք է մեզնից լավը լինեն: Այսօրվա երիտասարդությունը շատ է տեղեկացված, բայց իրենք շատ են իրարից տարբերվում, մեր ժամանակ մի բակում ապրող երեխաները մի ձեւ էին մտածում, իսկ հիմա մեկը ավելի զարգացած է, քան մեր սերունդը, բայց կա նաեւ զանգված, որը ավելի ցածր է, քան մեր սերունդը»: Ըստ նախարարի` միշտ եւ ամենուր երիտասարդության առաջ երկու կարեւոր խնդիր կա ծառացած` մասնագիտության ընտրությունը եւ ամուսնությունը: Այժմ նախարարության` երիտասարդության հետ տարվող աշխատանքները երկու ուղղությամբ են ընթանում. առաջինը Խաչիկ Ասրյանի ղեկավարած «Հայոց արծիվներ» կազմակերպությունն է, որը, նախարարի խոսքերով, երիտասարդության մեծ զանգված է իր ետեւից տանում եւ նրանց դրական գործով է զբաղեցնում, հայրենասիրություն են սերմանում. «Եթե մենք երիտասարդից միայն հայրենասիրություն պահանջենք, ինքը հայրենիքով կհպարտանա, հայրենիքը իրենով` ոչ, իդեալական կլինի, որ երկուսը իրար հետ լինեն, բայց եթե ընտրելու լինենք, ապա լավ կլինի, որ հայրենիքը իր զավակով հպարտանա»: Երկրորդ ուղղությունը երիտասարդ ընտանիքներին բնակարան գնելու համար հիպոթեքով վարկ տրամադրելն է: Նախարարի կարծիքով` իրենց առաջարկած վարկը մոտ 3 տոկոսով ավելի ցածր է, քան սովորական բանկերինը, եւ քաշքշուկ չի լինում: «Ես հավանում եմ երիտասարդության դրական ամբիցիաները, եթե երիտասարդը ամբիցիաներ չունի եւ կյանքից բան չի ուզում, ապա նա կյանքին էլ չի կարող մի բան տալ»: Դրական ամբիցիա ասելով` նախարարը նկատի ունի այն, որ մարդն ուզում է ներդրում ունենալ, լավ աշխատել եւ համապատասխան վարձատրություն ստանալ: «Երիտասարդը պետք է ոչ միայն սիրի իր աշխատանքը, այլեւ աշխատավայրում պիտի աճի: Եթե մարդ տաղանդ ունի, ապա պետք է նրա համար բամբակի պայմաններ ստեղծել, որպեսզի նա դրսեւորվի եւ հետագայում նրանով հպարտանաս: Ամենավատն այն է, երբ երիտասարդն ասում է` ինձ ոչ մի բան պետք չէ եւ չի ուզում սովորել»: Նախարարի ընկերները մանկության եւ նախկին աշխատանքային ընկերներն են, օրինակ` օպերվարչությունից, տեսչությունից եւ այլն, ընկերների ընտրության հարցում պաշտոնը եւ կուսակցությունը էական չեն: «Ընկերը այն մարդն է, որի շահերը դու պաշտպանում ես առանց իր ներկայության եւ որոշ չափով քեզ վնաս տալով, իսկ այդպես կարող է մի երկու հոգի լինել, իսկ մնացածը պարզապես շրջապատ է»: Ա. Պետրոսյանը ԽՍՀՄ-ի տարիներին կոմունիստ էր, «այն ժամանակ շատ ավելի դժվար էր կուսակցություն մտնել, քան բուհ ընդունվել», իսկ այսօր նա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է. «Իմ նախկին ընկերներից կային «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում, լիդերին ես միշտ ճանաչել եմ, չեմ կարող ասել, որ իմ ընկերն է եղել, բայց միշտ նրան դրական եմ վերաբերվել, ինքն էլ` ինձ»: Սպորտի եւ երիտասարդության ոլորտներում Կառավարության ծրագրի իրագործումից զատ` Ա. Պետրոսյանը առաջնորդվում է նաեւ ԲՀԿ ծրագրային դրույթներով. «Գաղտնիք չէ, որ մեր հանրապետությունում հատկապես սպորտի ոլորտի զարգացմանը մեծ ուշադրություն է դարձնում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ինչ վերաբերում է երիտասարդության ոլորտում կատարվող աշխատանքներին, ապա դա ամենօրյա բնույթ է կրում: Լուրջ ուշադրություն է դարձվում երիտասարդական քաղաքականության մշակմանը եւ ծրագրերի իրականացմանը: Այս առումով հաճախակի են նաեւ երիտասարդների հետ հանդիպումները, հենց նրանց հետ նրանց խնդիրների քննարկումն ու դրանց լուծման ուղիների նախանշումը»: Արթուր Պետրոսյանը ծնվել է 1952 թ. մարտի 22-ին, Անիի շրջանի Լանջիկ գյուղում: 1970 թ. ավարտել է Երեւանի թիվ 83 միջնակարգ դպրոցը,1976 թ.` Երեւանի պետական ճարտարագիտական ինստիտուտի լեռնամետալուրգիայի ֆակուլտետը: 1976-1981 թթ. Նուռնուսի քարերի մշակման գործարանում աշխատել է հերթափոխի պետ, այնուհետեւ` հանքի պետ, ապա նաեւ` արտադրության պետ: 1981 թ. ՀՀ ներքին գործերի նախարարությունում օպերատիվ լիազոր էր, ապա` ավագ օպերատիվ լիազոր, հետագայում` բաժնի պետ, նա— վարչության պետ: 1992 թ. ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական տեսչությունում աշխատել է օպերատիվ վարչության պետ, 1993 թ. ՀՀ հարկային պետական տեսչության պետի տեղակալ, 1995 թ. ՀՀ ՀՊՏ պետի առաջին տեղակալ, օպերատիվ վարչության պետ: 1999 թ. ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական է աշխատել, 2003 թ.` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, 2009 թ.` ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետ, իսկ 2010 թ. հունվարի 29-ին նշանակվել է Սպորտի եւ երիտասարադության հարցերի նախարար: Ունի ՀՊՏ գնդապետի հատուկ կոչում: 2009 թ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է: Ամուսնացած է, ունի երկու երեխա: «Ես ինքս ինձ էլ փորձում եմ քննադատաբար եւ հումորով վերաբերվել» Արթուր Պետրոսյանը հավաստիացնում է, որ դեմոկրատ է մարդկային հարաբերություններում: «Եթե դու սկզբից էլ վատ հարաբերություն ես ունենում մեկի հետ, որ մի վատ բան անի` ի՞նչ ես անելու: Իհարկե, շատ լավ կլինի, որ բոլորը ինձ սիրեն, բայց այդպես չի լինում, իսկ հարգելը կախված է տվյալ մարդուց, եթե տղամարդը ինքն իրեն հարգում է, անհնար է դիմացինները նրան չհարգեն»: Օրինակ` Արթուր Պետրոսյանը մարդկանց հարգում է առաջին հերթին այն արդյունքների համար, որոնց նրանք հասնում են: Նախարարը ճիշտ չի համարում մարդկանց իդեալականացնելը, ասում է` պետք է յուրաքանչյուրին եւ առաջին հերթին ինքդ քեզ քննադատաբար նայես. «Ես ինքս ինձ էլ փորձում եմ քննադատաբար եւ հումորով վերաբերվել, եթե այդպես չի լինում, ապա դիմացինները այդպես կվերաբերվեն»: «Եթե գտնեք մի մարդու, ով իմ մասին վատ բաներ ասի, ես համաձայն եմ»,- հարցազրույցի ժամանակ մի քանի անգամ կրկնեց նախարարը: Նա համոզված է, որ այդպիսի մեկին չենք գտնի կամ սուտ չեն ասի, իսկ եթե ինչ-որ ճիշտ բան ասեն, ապա ինքը համաձայն է: «Ես օպերատիվնիկ եմ, աշխատում եմ խոցելի կողմերը ցույց չտալ, թերություններ բոլոր մարդիկ էլ ունեն: Ես ինչ-որ ժամանակ միշտ պետք է լինեմ մենակ, իմ մտքերով կամ գիրք կարդամ, երեխեքն էլ ուզում են բան ասել, լսում ես` ուզես-չուզես, բայց իրենք էլ են հասկանում, որ խանգարում են, ասում ես` մի կես ժամ հետո, կամ այնպես ես ասում, որ ասում են` հետո կգամ: Ես ինձ կարող եմ ուսումնասիրել ըստ իմ արած քայլերի, իսկ մնացածը լիրիկա է: Այնպես չի եղել, որ ես ամաչեմ, կարող է մի պահ դուր եկած չլինի, բայց հիմնականում ընտրության դեպքում ընտրում ես չարյաց փոքրագույնը: Խղճիս առաջ լրիվ մաքուր եմ: Իհարկե, միշտ չէ, որ լինում է օրենքով եւ արդար»: «Ես կարող եմ դժգոհություն հայտնել, որ վերջերս տղաս հաճախակի է փարթիներ գնում» Նախարարի կինը Բրյուսովի անվ. լեզվաբանական համալսարանն է ավարտել, բայց չի աշխատում. «Ես` որպես հին սերնդի ներկայացուցիչ, միշտ գերադասել եմ, որ կինս չաշխատի, բայց ես չեմ ուզի, որ աղջիկս չաշխատի, դա էլ եսասիրություն է: Ինչ երեխաները ծնվել են, կինը այնքան աշխատանք ունի, որ բավական է, ինքը ազատ ժամանակ ունի, իրենով է զբաղվում, գրքեր է կարդում, խելոք մարդը երբեք մենակ չի մնում»: Նրա կինն իր ընկերոջ քույրն է, իրենից 9 տարով փոքր. «Իմ մոտ է մեծացել, ինքը մտածում է, որ ինքն է ինձ ընտրել, ես մտածում եմ, որ ես եմ ընտրել»: Նախարարը պատմեց, թե ինչպես երիտասարդ տարիներին կնոջ համար հատ-հատ ծաղիկներ էր ընտրում, անգամ տեսակները հիշեց` սոֆի լորեն եւ այլն. «Լավ էլ թանկ էին, մինչեւ 7 ռուբլի, ավելի լավ էր երեք լավ ծաղիկ տանեիր, քան մի ծաղկեփունջ»: Նախարարի երեխաները սովորում են Սլավոնական համալսարանում, որդին տնտեսագետ է, դուստրը սովորում է միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: «Երբ իրենք մի բան են անում, պետք է նախ խորհրդակցեն, ոչ թե անեն այնպես, ինչպես ես եմ ուզում, այլ անեն այն, ինչ իրենց է դուր գալիս, դա ավելի շատ մեր հանգստության համար է: Ոչ թե ուրիշից իմանաս` քո տղան ինչով է զբաղվում, այլ իրենից իմանաս: Մենք ունենք պայմանավորվածություն. եթե իմ ընկերներից մեկը գալիս է եւ ասում, որ տղադ մեքենան արագ է քշում, ես վերցնում եմ մեքենան: Հիմա իր մեքենան ավելի լավն է, քան իմը: Ես կարող եմ դժգոհություն հայտնել, որ վերջերս տղաս հաճախակի է փարթիներ գնում»: Որդու հետ նախարարը փարթիներ չի գնում, բայց ասում է` նա այնքան մանրամասն է պատմում, որ թվում է, թե ինքն էլ է ներկա եղել: Ընտանեկան հոբբին հոգեբանությունն է «Իմ մոտ միշտ է ստացվել առողջ ապրելակերպ վարել, ես երբեք չեմ ծխել, ժամանակին սամբոյով եմ զբաղվել, իսկ հիմա լողավազան գնալիս երեխաներիս էլ եմ հետս տանում»: Արթուր Պետրոսյանին մի անգամ տեսել են սիգարը ձեռքին, բայց նախարարը դա բացատրեց որպես իր սովորության բաղկացուցիչ: «Ես միշտ սովորություն ունեմ մի բան հետս ման տամ` հեռախոս, ծխախոտ եւ այլն»: Հարցազրույցի ժամանակ նախարարի ձեռքին գրիչ էր: Ա. Պետրոսյանի ընտանիքի հոբբին հոգեբանությունն է, միասին նույն հոգեբանական գրքերն են կարդում, կարծիքներ փոխանակում, օրինակ` մեկը որ ելույթ է ունենում, ընտանիքի անդամներով նրա հոգեբանությունն են վերլուծում, քննարկում նրա խոսքը: Ջոն Տեմպելտոնի գիրքը նախարարի սեղանի գրքերից է, այդ գիրքը Արթուր Պետրոսյանը ոչ միայն ընտանիքի անդամներին է տվել, որ կարդան, այլեւ ընկերներին եւ մտերիմներին: Հոգեբանական գրքերը նախարարին օգնում են կյանքում հարաբերությունների եւ շփման ժամանակ: Հոգեբանությունից եւ լողից բացի` նախարարի հաջորդ հոբբին այգին խնամելն է: Նախարարը Բուլղարիայում տուն ունի Արթուր Պետրոսյանը բիզնեսներ ունեցել է, բայց լավ չի ստացվել, եւ հիմա վարձով է տվել. «Եթե մարդը պետական գործի է, լավ տարբերակն այն է, որ տարածք ունենաս եւ վարձով տաս, որ ոչ ոք չմեղադրի, թե բիզնեսդ առաջ ես գցում: Բրյուսովի կողքին գտնվող «Ջազվե» սրճարանի տարածքն իմն է եւ վարձով եմ տվել»: Նախարարը Բուլղարիայում ապրած տարիներին տուն է գնել, որտեղ հիմա քույրն է ապրում: «Երբ գնացել էի Բուլղարիա, մտածում էի` կարող է ՀՀՇ-ն ցմահ մնա, եւ երեխաներիս էլ բուլղարական դպրոց էի ուղարկել, բայց 98 թ. վերադարձա»: Նախարարն իր ֆինանսական վիճակից գոհ է, ասում է` միշտ մի քիչ գումար ավելանում է, եւ նրանք դա հավելյալ բաների վրա են ծախսում:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված