Չորեքշաբթի, 13 նոյեմբերի

Սեյրան Օհանյան. «Երբեւիցե չպետք է մոռանաս ելման դիրքը»



Մանկության մի մասը Սեյրան Օհանյանը անց է կացրել Ադրբեջանի Շամխորի շրջանի Աթաբեկ գյուղում. «Մի փոքրիկ գյուղ էր, քաղաքակրթությունից, ամեն ինչից հեռու մի գյուղ, բայց մարդիկ իրար հետ շատ ջերմ էին, պատրաստ ամեն վայրկյան աջակցելու միմյանց: Եթե ինչ-որ կարեւոր իրադարձություն էր լինում, բոլոր գյուղացիները հավաքվում էին գյուղի կենտրոն` միակ ռադիոյով կամ հեռուստացույցով տեսնելու կամ լսելու այն»:

Նախարարի հայրը Հայաստանից է, մայրը` Ղարաբաղից, երկուսն էլ մանկավարժներ են եւ նրանց ուղարկել էին Աթաբեկ` դասավանդելու: Ընտանիքում երեք երեխա են. Սեյրան Օհանյանը տան ավագն է եւ ունի 2 քույր: Ասում է` ինքը չի ճնշել քույրերին, բայց ծնողները շատ խստապահանջ են եղել իրենց նկատմամբ: Ս. Օհանյանը հորը շատ էր օգնում, օրինակ` հաճախ առավոտյան վաղ արթնանում էր, այգին ջրում եւ ծնողներին անակնկալի բերում: 1974 թ.-ից հետո նախարարն ապրել է Մրգաշենում, քանի որ Աթաբեկում դպրոցը 8-ամյա էր: «Հայրս իմ հանդեպ շատ ավելի խստապահանջ է եղել, եւ դրա հիմքում ձեռք բերված չափից ավելի համեստությունը, հանգիստ լինելը շատ դեպքերում խանգարում է: Ընդունված է լինել ավելի ակտիվ, շփվող, մարդամոտ: Դրա համար ես իմ երեխաներին մի քիչ ազատություն տվել եմ, որպեսզի ավելի ակտիվ, ավելի աշխույժ կյանք վարեն»: Ս. Օհանյանը Արցախում եղած ժամանակ ավելի շատ էր շփվում ծնողների հետ, քան հիմա, այսօր էլ նախարարի ծնողները Մրգաշենում են ապրում:

«Ես երբեւիցե որեւէ պաշտոնի նշանակման համար որեւէ մեկին չեմ դիմել»

«Ես մանկուց երազել եմ զինվորական դառնալ եւ դարձել եմ: Նախ` իմ մեջ մեծ սեր կար համազգեստի նկատմամբ: Այն ժամանակ շատ էի նայում Խորհրդային Միության ֆիլմերը, հաղորդումները զինվորական կյանքի մասին»: Ս. Օհանյանի ծնողները դեմ էին, որ իրենց տան միակ տղան զինվորական դառնա` հաշվի առնելով, որ զինվորականի կյանքը լարված է եւ ընտանիքից կտրված: Նախարարը պատմում է, որ հիասթափության պահեր չեն եղել, ուսումնառության ժամանակ շատ դժվար էր` եւ պետք է սովորեր, եւ ծառայեր, իսկ Գերմանիայում սովորելիս մի պահ մտածում էր ուրիշ բանով զբաղվել, քանի որ չարչարանքները շատ էին. «Երբ պատասխանատու պաշտոններ ստանձնեցի եւ զգացի իմ աշխատանքի արդյունքը, զգացի, որ գնահատվում է, այդ ժամանակ սերը զինվորական ծառայության նկատմամբ ավելի ամրապնդվեց, դա եղել է 1986 թ. եւ մինչեւ հիմա կարծես մի մեծ անիվի մեջ եմ մտել, որից ուզես էլ` չես կարող դուրս գալ: Յուրաքանչյուր մարդ նախ ինքն իրեն պետք է հաղթահարի, որպեսզի կարողանա հարցեր լուծել, ես շատ մեծ ջանքեր չեմ թափում ինքս ինձ հաղթահարելու համար, որովհետեւ այդ մեծ անիվը սովորույթների ձեւով ինձ տանում է»: «Եթե ես տեսնեմ, որ սպառել եմ ինքս ինձ այս պաշտնում, շատ հանգիստ կհեռանամ»: Զինվորական մասնագիտության մեջ նախարարը իրեն միշտ զգացել է ինչպես «ձուկը ջրում»: Ասում է` նախարարի պաշտոնը դժվար է, առաջխաղացման հետ մեկտեղ բարձրանում է պատասխանատվությունը, երկար ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի «կարողանաս պաշտպանել այն, ինչ նախկին կոլեգաների կողմից է տրվել եւ քո ղեկավարման ժամանակ նաեւ ներդրում ունենաս»: Նախարարը միայն Կոմունիստական կուսակցությանն է հարել. «Կուսակցական լինելով` կրկնակի պատասխանատվության դաշտում ես գտնվում: Գտնում եմ, որ պաշտպանության նախարարը չպետք է կուսակցության մեջ լինի: Իմ կուսակցությունը իմ պետությունն է»: Ապագայում նախարարը իրեն որեւէ կուսակցության մեջ չի տեսնում, չնայած նշում է, որ եթե որեւէ կուսակցության մեջ լինի, ապա դա կլինի ՀՀԿ-ն: Նախարարի ընտանիքում եւս որեւէ մեկը կուսակցական չէ:

«Փորձում եմ բոլորի հետ մարդկային հարաբերությունները պահպանել եւ շատ չտարբերվել հասարակ մարդկանցից»

Նախարարի սկզբունքներից մեկն այն է, որ միշտ պետք է լինել իրատեսական դաշտում, ամեն ինչին նայել իրատեսական աչքերով: Ս. Օհանյանը իրեն ռեալիստ է համարում, չնայած ասում է` զինվորական կյանքը լի է ռոմանտիզմով, եւ ռոմանտիզմը ռեալիզմի մի մասն է: «Ամեն ինչում դու պետք է անձնական օրինակ լինես քո ենթակաների համար, տալով որեւէ ցուցում` դու պետք է կատարես այդտեղ քո մասնաբաժինը: Ամեն ինչի մեջ արդարության, ազնվության, օրինապաշտության կողմնակից եմ եւ գտնում եմ, որ բոլորը հավասար են օրենքի առաջ, չնայած յուրաքանչյուրի կյանքում շեղումներ լինում են: Սխալ ունենալը այնքան վատ չի, որքան այդ սխալը տեսնելը եւ չվերացնելը, դա նշանակում է` մարտի դաշտում անհաջողությունից հետո զորքը անտեր թողնես»: Նախարարը նշում է, որ շատ խստապահանջ է հատկապես երիտասարդների նկատմամբ, բայց միեւնույն ժամանակ հարգում է իր աշխատակիցների արժանապատվությունը. «Կողմնակից եմ, որ իմ ենթակաները լինեն համարձակ, ես կարող եմ նաեւ ներողություն խնդրել իմ ենթականերից, իմ կյանքում շատ են եղել մարդիկ, ովքեր նույնիսկ մեծ խորհրդակցությունների ժամանակ ակտիվ վիճաբանել են ինձ հետ: Զինվորականի խնդիրը պատրաստ լինելն է մեր հայրենիքը պաշտպանելու, իսկ այդ գործում առաջին հերթին համարձակներն են նետվում մարտի դաշտ»: Կյանքում հաջողությունների հասնելու հարցում Ս. Օհանյանին օգնել է մասնագիտությանը նվիրվածությունը: «Ես իմ մասնագիտությունը սիրում եմ, տիրապետում եմ եւ անընդհատ ձգտում եմ կատարելագործել: Ես շուտ բռնկվող եմ, որը ինձ շատ խանգարել է: Միշտ իմ բնութագիրը գրելիս էլ այդ մասին նշել են, բայց տարիների ընթացքում դա կարգավորվում է, ավելի զուսպ ես դառնում»: Մյուս թերությունը նախարարը համարում է իր` քիչ շփվող լինելը, իսկ խոցելի կողմերի մասին չի մտածել:

«Փորձում եմ բոլորի հետ մարդկային հարաբերությունները պահպանել եւ շատ չտարբերվել հասարակ մարդկանցից: Այսօր շատ կարեւոր է առողջ հասարակություն ձեւավորելը, այնպես անել, որ մարդիկ չհուսահատվեն: Ես ինչ-որ մարդկանց երբ աջակցում եմ, անում եմ նրա համար, որ ինքը տեսնի եւ զգա, որ դեռեւս կան մարդիկ, որոնք ընդունակ են աջակցելու, որպեսզի չհուսահատվի կյանքի դժվարություններից»: Խոսելով կյանքում ապրած ամենավատ օրերի մասին` նախարարը նշեց, որ այդպիսի օրեր շատ է ունեցել, օրինակ` երբ մարտի դաշտում կորցրել է ընկերներին, իսկ ամենաերջանիկ օրը համարեց աղջկա ծնունդը: Նախարարի համար առաջին հերթին հայրն է իդեալ եղել, ապա` Մարշալ Բաղրամյանը, Գարեգին Նժդեհը: Լրագրողների հետ քիչ շփումը Ս. Օհանյանը բացատրում է լրագրողների պահվածքով, որ եթե մի տեղ վրիպում է, ապա դրանից մեծ պատմություն են սարքում: Ս. Օհանյանը նշում է, որ եթե իր հասցեին հնչող քննադատությունը ճիշտ է լինում, ապա նորմալ է վերաբերվում` առաջնորդվելով «եթե չլինի երկրորդ կարծիք, ապա ինչի՞ց ընտրել լավագույնը» սկզբունքով: Իր անձի շուրջ հյուսվող պատմություններին նա երբեմն արձագանքում է, երբեմն` ոչ: Սեյրան Օհանյանի լավագույն ընկերներից են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, գրող Զորի Բալայանը: Պահպանվել են հարաբերությունները մյուս ընկերների հետ, օրինակ` անցյալ տարի դպրոցը ավարտելու 30-ամյակն էր եւ նրանք հավաքվել ու նշել են: «Մեր ազգակիցներից հատկապես տարեցները ինձ հանդիպելիս սկսում են դաստիարակել` դու ճիշտ չես ապրում, մի հատ աջ ու ձախ նայիր: Մի անգամ բարեկամներիցս մեկը խնդրեց, որ իր երեխային հակատանկային ստորաբաժանումից տեղափոխեմ այլ ստորաբաժանում, որ առաջին գծից մի քիչ հեռու լինի, եւ ես չարեցի, այդ տղան զոհվեց: Սկզբնական շրջանում շատ վատ էի զգում, բայց հետո բացատրեցի, որ ինչպե՞ս կարող էի ես հովանավորել ինչ-որ մեկին»:

«Որպես տղամարդ կյանքում գոնե մեկ անգամ ամեն ինչ փորձել եմ` պարզապես իմանալու համար»

Նախարարն ասում է, որ հիմա ժամանակ չի լինում թերթ կարդալու, կարդում է «Հայ զինվորը», հեռուստահաղորդումներից դիտում է «Զինուժը» եւ լրատվական թողարկումները: Ղարաբաղի պաշտպանության նախարար եղած ժամանակ մեկ շնչով կարդացել է Ռուզվելտի կյանքի եւ գործունեության մասին մի գիրք: Ս. Օհանյանի սեղանին «Բանականության սիմֆոնիան» էր, եւ հենց հարցազրույցի ժամանակ նախարարը բացեց եւ ցույց տվեց իր նշած աֆորիզմներից մեկը. «Ժողովրդի մեծությունը չի չափվում նրա թվաքանակով, ինչպես որ մարդու մեծությունը չի չափվում նրա հասակով, այլ չափանիշ է նրա մտավոր զարգացումը եւ բարոյական մակարդակը»: Ս. Օհանյանը ցույց տվեց նաեւ իր գրած գիրքը, ուղերձները, աշխատանքային տետրը, որն անձամբ է կազմում: Նախարարը ավելի շատ լսում է ժողովրդական երաժշտություն, երբեմն` նաեւ դասական, իսկ հայ շոու բիզնեսի աստղերից համակրում է Շուշան Պետրոսյանին եւ Թաթային: Վերջին անգամ Ֆրանսիայում եղած ժամանակ գնացել է բալետ դիտելու: Խոհանոցում Ս. Օհանյանը կարողանում է խորոված եւ խաշլամա պատրաստել, երբ, ասենք, գնում է ծնողների մոտ: Իր հագուստը եւ աքսեսուարները կինն է ընտրում, ասում է` նա շատ ուշադիր է, եւ երբ նախարարն ինչ-որ բան մոռանում է, կինը նրան հիշեցնում է: Նախարարն առողջ ապրելակերպ է վարում: Չի ծխում, խմում է առիթից առիթ, զբաղվում է ֆիզպատրաստությամբ, սիրում է նաեւ բիլիարդ խաղալ: «Որպես տղամարդ կյանքում գոնե մեկ անգամ ամեն ինչ փորձել եմ` պարզապես իմանալու համար»,- այսպես նախարարը պատասխանեց խաղատներ, գիշերային ակումբներ գնալու մասին հարցին: Երբեմն կիրակի օրերին` ճաշից հետո, նախարարն իր հանգիստը կազմակերպում է կամ ընտանիքի հետ կամ ընկերների:

Իր երեխաների համար ճանապարհ կհարթի ոչ իր գերատեսչությունում եւ չչարաշահելով պաշտոնական դիրքը

Սեյրան Օհանյանի համար ամենակարեւորը կյանքում աշխատանքն է, ընկերները եւ ընտանիքը: Նախարարը պատմում է, որ պատանեկան սերեր եղել են, բայց դրանք թռուցիկ բաներ էին: Իր կնոջ մեջ նախարարը գնահատում է խելացիությունը, չափից ավելի հոգատարությունը իր եւ երեխաների նկատմամբ: Սեյրան Օհանյանի ավագ տղան բանակում վաշտի հրամանատար է, միջնեկ տղան ծառայել է բանակում 1-ին կուրսից հետո, այսօր սովորում է համալսարանում, 4-րդ կուրս է. «Ես իրեն կատակով հարցրի` ուզու՞մ ես այնպես անեմ, որ սովորելուց հետո գնաս բանակ, ասաց` պապ, հավես ունե՞մ 21 տարեկանում էդ երեխեքի հետ ծառայեմ»,- պատմում է պաշտպանության նախարարը:

Կրտսեր որդին 4 տարեկան է, իսկ փոքրիկ աղջիկը` մեկ տարեկան: Կինը ատամնաբույժ է, այժմ չի աշխատում, քանի որ երեխաները փոքր են: «Ես իմ երեխաներին ասում եմ, որ երկու հատկություն դուք պարտավոր եք պահել` լինել ազնիվ եւ մաքուր»: Սեյրան Օհանյանն ասում է, որ իր տղաները շատ զուսպ են եւ երբեք միջավայրում ցույց չեն տվել, որ նախարարի տղա են: Նախարարը երեխաների դաստիարակությամբ զբաղվել եւ զբաղվում է, բայց չի հիշում` ապտակե՞լ է, թե՞ ոչ, իսկ փոքրերին արգելում է մոտիկից հեռուստացույց նայել: «Իմ մեղքերից մեկը նա է, որ ընտանիքին քիչ ժամանակ եմ հատկացնում, բայց ընտանիքի անդամները հասկանում են»: Նախարարը հանգստանում է երեկոյան` երեխաների հետ զինվորական խաղեր խաղալով, նրանց նաեւ հեքիաթներ է պատմում:

Սեյրան Օհանյանը նշում է, որ իր երեխաների համար ճանապարհ կհարթի` չչարաշահելով պաշտոնական դիրքը, իր ղեկավարած գերատեսչությունում երբեւիցե նրանց առաջ չի տանի, այլ ուրիշ գերատեսչություններում: Սկզբունքայնության առումով կուզենար, որ երեխաներն իրեն նմանվեին, բայց անցած ճանապարհով` ոչ: «Ես չէի ուզենա, որ նրանք այդքան դժվարություններ ապրեին»: Մինչեւ հիմա էլ նախարարը ժամը 8.00-ին տնից դուրս է գալիս եւ վերադառնում է շատ ուշ: «Վախենում եմ ծնողների հայացքներից, բայց երբեւիցե չեմ խուսափել նրանց հետ հանդիպումից» Նախարարը շատ ծանր է տանում ցանկացած կորուստ բանակում. «Յուրաքանչյուր զոհվածի հետ զոհվում, վիրավորի հետ վիրավորվում եմ: Ցավում եմ, որ մենք զինվոր ենք կորցնում, կորցնում ենք եւս մեկ ընտանիքի երջանկություն, վախենում եմ ծնողների հայացքներից, բայց երբեւիցե չեմ խուսափել նրանց հետ հանդիպումից»: Սեյրան Օհանյանը նշում է, որ այն ամենին, ինչ ունենք, հասել ենք շատ կարճ ժամանակահատվածում եւ առանց երրորդ ուժի միջամտության: Պաշտպանության նախարարի գնահատականը բանակին «3+» եւ «4-» է: Ինչ վերաբերում է ունեցվածքին, ապա Սեյրան Օհանյանն ասում է, որ ունի մեքենա, բնակարան, որդիներն էլ բիզնեսով չեն զբաղվում, ծնողները թոշակառու են, իսկ քույրերի ամուսիններն էլ զբաղվում են իրենց փոքր շինարարությամբ: «Ես երազում եմ, որ մեր հայրենիքը ունենա իր արժանապատիվ տեղը երկրագնդի բոլոր պետությունների մեջ, ունենա լավ ձեւավորված հասարակություն, ժողովուրդը երջանիկ լինի, վստահ, որ իր անվտանգությունը հուսալի ձեռքերում է: Երազում եմ, որ արժանապատիվ ձեւով կարողանամ իմ ծնողներից ինձ հասածը փոխանցել երեխաներին, կարողանամ իմ մտերիմներին աջակից լինել իրենց արժանապատիվ տեղը գտնելու համար»:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (1)
1. Առաքել 16:48 - 9 հոկտեմբերի, 2016
https://geheniaraqelblog.wordpress.com/2016/04/17/վախեցած-ճշմարտություն՝-թե՞-պատերազ/
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված