Երկուշաբթի, 09 դեկտեմբերի

Դեռևս 1200 փախստական ընտանիք բնակարան չունի



1988թ-ի Սումգայիթյան ջարդերից հետո ավելի քան կես մլն տեղահանված հայերից 360 հազարն ապաստանել է Հայաստանում: Սակայն 22 տարի անց 1200 կարիքավոր փախստական ընտանիքներ, որից 900-ը Երևանում, դեռ սպասում են իրենց բնակարանների վկայագրերին: Նրանց բնակարաններով ապահովելու համար անհրաժեշտ է ավելի քան 40 մլն ԱՄՆ դոլար: Մինչդեռ եթե մինչ 2009թ-ը պետական միջոցներ էին տրամադրվում նրանց բնակարաններով ապահովելու համար, ապա 2010թ-ի բյուջեից գումար չի հատկացվել: ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ափսոսանքով արձանագրեց այս փաստը և հիմնավորեց ֆինանսատնտեսական ճգնաժամով: 2009թ-ին 815 մլն դրամ էր նախատեսվել, նույնչափ էլ 2008թ-ին: Գագիկ Եգանյանի խոսքերով` եղել են ինչպես հաջողված դեպքեր, երբ անհատները կարողացել են կարգավորել իրենց կյանքը, այնպես էլ ձախողված ճակատագրեր, եղել են նաև Հայաստանից արտահոսքի դեպքեր. «Համենայնդեպս, այդ տարիներին մեր երկրին բաժին հասած բարդությունները` կապված ղարաբաղյան հիմնախնդրի, էներգետիկ ճգնաժամի և այլի հետ, այս անձանցից շատերը ստիպված էին իրենց ուսերի վրա կրել ու դիմագրավել դրանց»,-ասաց Գ. Եգանյանը: Չառանձնացնելով Սումգայիթից եկած փախստականներին մնացածներից` Գ. Եգանյանը նշեց, որ դեռևս առաջնային խնդիրը փախստականներին բնակարանով ապահովելն է, քանի փախստականների մեջ անապահովների տեսակարար կշիռը շուրջ 10-12 անգամ ավելի է, քան տեղացիների: Այնուհետև հաջորդում են զբաղվածության, հանրային ծառայություններւից օգտվելու խնդիրները: «Զբաղվածության մակարդակը փախստականների մոտ ավելի ցածր է, քան տեղացիների: Կրթական, առողջապահական ծառայություններից օգտվելը նրանց մոտ ավելի թույլ է արտահայտված, չնայած օրենսդրակամն մակարդակով նույն ռեժիմն է գործում և' ՀՀ քաղաքացիների, և' փախստականների առումով: Նրանց մոտ սոցիալական կապերն ավելի թույլ են արտահայտված»,-ասաց Գ. Եգանյանը; Կառավարությունը 2004թ-ին համապատասխան ծրագրով պարտավորվել է լուծել փախստականներին բնակարաններով ապահովելու հարցը: «1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի» շրջանակներում 3400 ընտանիք պետք է բնակարանով ապահովվեր: Նախորդ տարիներին ծրագիրն իրականացվել է ՀՀ մարզերում և ավելի քան 700 փախստական ընտանիք պետական միջոցների հաշվին բնակարանի գնման վկայագիր է ստացել և բնակարան ձեռք բերել, սակայն տարբեր պատճառներով շուրջ 300 ընտանիք չի կարողացել բնակարան գնել, վկայագրերը մարվել են, բայց Գագիկ Եգանյանը վստահեցրեց, որ  նրանք շարունակում են ընդգրկված մնալ ծրագրում: Ծրագրի իրականացումն ապահովելու և ֆինանսական միջոցներ ի հայտ բերելու նպատակով այս տարի Երևանում նախատեսվում է կազմակերպել միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների մեծ համաժողով: Գագիկ Եգանյանը հույս ունի, որ այս հանդիպումը կմեծացնի գումարներ ստանալու հավանականությունը: Գագիկ Եգանյանը չկարողացավ նշել ճշգրիտ թիվ, թե Հայաստանում որքան փախստական կա, քանի որ մեկնելուց կամ ժամանելուց պարտադիր հաշվառելու պայման չկա: «Այսօր 360 հազար չկան, որովհետև նրանց մոտ էմիգրացիոն տրամադրություններն ավելի բարձր են, քան մեր քաղաքացիների մոտ: Մենք հույս ունենք, որ մարդահամարի անցկացումից հետո այս հարցի վերաբերյալ կունենանք տեղեկություններ»,-նշեց Գագիկ Եգանյանը:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված