ՈՒրբաթ, 15 նոյեմբերի

Տիգրան Դավթյան. «Ես միշտ փորձում եմ օպտիմալ որոշումներ կայացնել եւ շատ ծանր եմ տանում, երբ այդ որոշումը օպտիմալ չի լինում»



«Կիթառը վերցնում էինք եւ ընկնում փողոցները» «Երջանիկ մանկություն եմ ունեցել: Այն էականորեն չի տարբերվել Երեւանի իմ հասակակիցների մանկությունից»,- հիշում է Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Տիգրան Դավթյանի հայրը իրավաբան է, մայրը` բանասեր: Ընտանիքում երկու երեխա են, Տիգրանը տան ավագն է, քույրն իրենից 2 տարով փոքր է, սոցիոլոգ է: Ասում է` մանկության տարիներին աշխատել է շատ չճնշել նրան: Տ. Դավթյանը պատմում է, որ իր ծնողներն էլ էին լիբերալ, ինքն էլ է լիբերալ, իրեն էլ չեն ապտակել, ինքն էլ չի ապտակում: Ծնողները, նախարարի խոսքով, վստահել են իրեն: Երկուսն էլ այժմ դասախոսներ են: «Նախարարի տղա եմ եղել, դրա համար ինձ համար արժեք չէ այս մեքենան, բայց դժվար էր լինել նախարարի տղան»: Ինչ վերաբերում է խորհուրդներին, ապա Տ. Դավթյանը նշում է, որ դրանք չեն եղել խոսքի տեսքով, այլ ավելի շատ օրինակներ, ինչ տեսել է, փորձել է ընդօրինակել: Ծնողերը բարկանում էին երկար մազեր պահելու համար: «Դպրոցական կյանքս եղել է բավականին հետաքրքիր, այն իմ կյանքի ամենաերջանիկ հատվածներից մեկն է: Դասերից շատ էինք փախչում, բայց ինձ դա ներվում էր, որովհետեւ լավ էի սովորում: Կիթառ նվագողը շրջապատում միշտ ուշադրության կենտրոնում է լինում, հատկապես աղջիկների միջավայրում, մեծ հաջողություն ունեի»,- նշում է Տ. Դավթյանը: Երիտասարդ տարիքում Տ. Դավթյանը եւ իր ընկերները երաժշտական խումբ ունեին, որտեղ նախարարը կիթառ էր նվագում: Ռոք խումբը անուն չուներ, բայց երիտասարդ ընկերները երգեր էին գրում: Նախարարը տանը 2 կիթառ ունի եւ սրբությամբ պահում է: Իսկ երբ կինը դժգոհում է, թե տեղ է գրավում եւ պետք է գցել, նախարարն արգելում է դրանց ձեռք տալ: Ֆինանսների նախարարը նշում է, որ երկու կիթառները պահում է, որ իր երկու երեխաները մեծանան եւ նվագեն: Տ. Դավթյանին նվագել սովորեցրել է հոր ընկերը: Այդ ժամանակ նա 2-րդ դասարանում էր եւ միշտ ուշադրությամբ լսում էր հոր ընկերոջը, ով հիմնական կանոնները սովորեցրեց: Դրանից հետ ամեն ինչ Տ. Դավթյանը ինքնուրույն սովորեց: Նախարարի կուռքը Վ. Վիսոցկին է, վերջին անգամ 1 տարի առաջ է կիթառ նվագել: Տ. Դավթյանը նշում է, որ երգելու առանձնակի ունակություններ չունի, բայց նվագելիս նաեւ երգում է: Տիգրան Դավթյանը ծնվել է 1961 թ. հունիսի 4-ին Երեւանում: 1978-1981 թթ. սովորել է Երեւանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտի տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետում, 1981-1984 թթ. ուսումը շարունակել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում: 2008 թ. ապրիլից նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարար: 2007 թ. սեպտեմբերին նշանակվել է «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, 2001-2007 թթ.` ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ, 2000 թ. հուլիսին նշանակվել է ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարի տեղակալ, 1997-ից աշխատել է ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունում` վարչության պետի տեղակալ, վարչության պետ: 1991-1997 թթ.` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում` որպես գլխավոր մասնագետ, բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ, վարչության պետ, 1987-1991 թթ.` ՀԽՍՀ պետական պլանային կոմիտեում` որպես առաջատար մասնագետ, ապա` գլխավոր մասնագետ, 1984-1987 թթ. աշխատել է Երեւանի հաստոցաշինական միավորումում` որպես ինժեներ-տնտեսագետ: ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով: Նրան շնորհվել են մի շարք միջազգային ֆինանսատնտեսական կառույցների, այդ թվում նաեւ Համաշխարհային բանկի սերտիֆիկատներ: Հանրապետկան կուսակցության անդամ է, ամուսնացած է, ունի 2 երեխա: «Ես ազատություն եմ սիրում» Թե մասնագիտությունը, թե մասնագիտացումը նախարարն ինքն է ընտրել: Շատ է սիրել մաթեմատիկա, աշխարհագրություն, դրա համար էլ ընտրել է տնտեսագիտությունը` որպես ճշգրիտ գիտություն: «Տնտեսագիտությունը կյանք է, մտածելակերպ, ռեսուրսների օպտիմալ կառավարման գիտություն, կյանքում էլ է անհրաժեշտ լինում ռեսուրսները օպտիմալ կառավարել: Ես միշտ փորձում եմ օպտիմալ որոշումներ կայացնել եւ շատ ծանր եմ տանում, երբ այդ որոշումը օպտիմալ չի լինում»: «Իմ կյանքն այնպես է դասավորվել, որ կարիերայի ոչ մի փոփոխութուն ինձնից կախված չի եղել, ինձ միշտ կանչել են եւ նշանակել որեւէ պաշտոնի: Սովորաբար որոշումը դու չես ընդունում, դա ընդունում են` ելնելով մի շարք հանգամանքներից»: Նախարարի պաշտոնը, ըստ Դավթյանի, իրեն չի փոխել: Ասում է` ես 20 տարեկանից չեմ փոխվել: Ամենահարազատ պաշտոնը նախարարը համարում է վարչության պետինը, ասում է` այնտեղ ազատության աստիճանը ավելի մեծ էր, ինչքան պաշտոնը բարձրանում է, այնքան ազատության աստիճանը սահմանափակվում է: Ֆինանսների նախարարության աշխատանքը Տիգրան Դավթյանը գնահատեց «4+»: Նախարարի խոսքերով` ամբողջ կյանքում մարդ միշտ իրեն պետք է պատրաստի կորցնելու պաշտոնը, ճգնաժամի պայմաններում այս պաշտոնը ոչ մեկի համար նվեր չէ, այն ազդեց նախարարի աշխատանքի վրա, բայց ոչ աշխատավարձի, ասում է` գործը եւ խնդիրները շատացան: Ըստ Տ. Դավթյանի` նախարարը քաղաքական պաշտոն է. «Իմ անդամակցությունը ՀՀԿ-ին տրամաբանական էր: Ես առնվազն 10 տարի եղել եմ ՀՀԿ-ի կողքին: Ֆորմալիզացվեց այն, ինչ-որ դե ֆակտո կար: Ես մնացել եմ ազատական-լիբերալ գաղափարախոսության կողմնակից, կոնսերվատիվ եմ իմ մենթալիտետով, ցանկացած հայ ազգայնական է: Այս 3 գաղափարները ամենեւին էլ չեն հակասում իրար: Ես հանրապետականին հարակից մարդ եմ եղել»: «Դժվար է լինել պետական պաշտոնյա եւ խղճի դեմ ոչինչ չանել» «Ուրիշին չանես այն, ինչ-որ քեզ չես անի: Կյանքում որեւէ բանի համար չափսոսաս եւ չզղջաս, խիղճդ մաքուր լինի»,- այս սկզբունքներով է առաջնորդվում Տիգրան Դավթյանը: Նախարարը նշում է, որ դժվար է լինել պետական պաշտոնյա եւ խղճի դեմ ոչինչ չանել: Ասում է` մեծ սխալներ քիչ է արել, շնորհակալություն հեշտ է հայտնում, բայց ներողություն գրեթե չի խնդրում: «Գտնում եմ, որ այն, ինչ որ անում եմ, ճիշտ եմ անում: Ես մի քիչ հավասարակշռված անձնավորություն եմ, փորձում եմ ավելի տրամաբանորեն եւ ըմբռնումով նայել խնդիրներին, փորձել իրականությանը նայել տարբեր կողմերից, նաեւ` դիմացինի հայացքով»,- սա է նախարարը համարում հաջողության հասնելու իր գաղտնիքը: Ֆինանսների նախարարը նշում է, որ արտառոց ընդունակություններ որեւէ ուղղությամբ չունի, բայց միեւնույն ժամանակ իրեն համարում է հավասարաչափ զարգացած մարդ, ասում է` «ես ամեն ինչից քիչ-քիչ գիտեմ»: Բայց դա, նախարարի խոսքերով, դիլետանտության չի վերածվում, որովհետեւ ամեն ինչի մասին բավարար չափով գիտի: Դա նախարարին օգնում է ամեն միջավայրում իրեն հարմարավետ զգալ: «Շատ եմ սիրում քնել, դա ինձ շատ է խանգարում, որովհետեւ եթե ես նորմալ չքնեմ իմ 7,5-8 ժամը, դա անդրադառնալու է իմ աշխատունակության վրա: Ժամը 9-ին աշխատանքի գալը միշտ ինձ համար պրոբլեմ է եղել»,- ասաց նախարարը: Սկզբում նախարարը աշխատանքի էր գալիս 9.00-ին, իսկ հիմա` փոքր-ինչ ուշ: Իր ամենախոցելի կողմը նախարարը համարեց այն, որ շատ բաներ սրտին մոտ է ընդունում: Հիասթափությունները նախարարը ծանր է տանում, տրամադրությունն ընկնում է, բայց միայնակ է հաղթահարում: «Երբեմն պրոբլեմներից ձանձրանում ես, սկսվում է դեպրեսիան ու դիմում ես շոկոլադին ու օդնոկլասնիկին»,- ասում է Տ. Դավթյանը: Նախարարի տրամադրությունը կարող է գցել իր հասցեին հնչող օբյեկտիվ քննադատությունը: Եթե այն շինծու է, ոչ մի կերպ չի ազդում: «Բայց ոչ օբյեկտիվը ավելի հաճախ է լինում, քան օբյեկտիվը: Իսկ օբյեկտիվը ես ինքս ընդունում եմ, չնայած կարող է բարձրաձայն չասեմ, բայց հետեւություններ անում եմ»,- նշում է ֆինանսների նախարարը: Տ. Դավթյանն իրեն համարում է ռեալիստ-պրագմատիկ, ասում է` ամեն ինչին տնտեսագետի աչքերով է նայում: Իդեալներ նախարարը չունի, բայց կան մարդիկ, որոնց մեջ որոշ հատկություններ հավանում է եւ հարգում: Օրինակ` ազգային, քաղաքական գործիչներից` Անտոն Քոչինյան, Բորիս Ելցին: Նախարարի ընկերները իր մանկության ընկերներն են. «Ընկերները մի ձեռքի վրա պետք է տեղավորվեն, այդ հնգյակի մեջ տեղավորվող ընկերներս հիմա Հայաստանում չեն եւ նրանց անունները ձեզ ոչինչ չեն ասի»,-նշեց Տիգրան Դավթյանը: Քաղաքական դաշտից նախարարը ընկերներ չունի, պարզապես ծանոթներ են, որոնց հետ շփվում է: «Դառը կյանքը կոմպենսացնում եմ շոկոլադով» Տ. Դավթյանի հոբբիներից են պատմությունը եւ երաժշտությունը: Նա վաղ հասակից ռոքի սիրահար է եւ մեծ անհամբերությամբ սպասում է «Դիփ Փարփլի»` մայիսին Երեւանում կայանալիք համերգին: Նախարարի կուռքը «Բիթլզն» է, երեք ռոք խմբերը` «Դիփ Փարփլը», «Փինկ Ֆլոյդը», որի համերգին նախարարը Մոսկվայում մասնակցել է, «Լեդ Զեփելին» խմբերը: Հավանում է Ֆորշի «Հենց այսպես էլ ապրում ենք», Քրիստինե Պեպելյանի «Մայրիկը» երգերը: Ռաբիս երաժշտություն եւ արեւելյան հնչողությունը երաժշտության մեջ չի սիրում: Ֆոբիաներ նախարարը չունի, միայն ջրի խորությունից է վախենում: Նախարարը սիրում է թերթեր կարդալ, չնայած, Տ. Դավթյանի խոսքերով, «Առավոտն» իրեն շատ է «կճմթում», բայց հավանում է: Մանուկ հասակում թատրոն շատ էր գնում, պապը Սունդուկյանի թատրոնի տնօրենն էր, վերջին անգամ երկու տարի առաջ է թատրոն գնացել: «Ես հաճույք եմ ունեցել շփվելու Գուրգեն Ջանիբեկյանի, Վարդան Աճեմյանի, Հրաչյա Ղափլանյանի հետ»: Տ. Դավթյանը նախընտրում է պատմական ֆիլմեր, հայկական հեռուստասերիալները չի դիտում: «Ես ոչ մի ալիք չեմ նայում, նորմալ տղամարդ եմ եւ ալիքները միայն փոխում եմ, ինչը տանը պրոբլեմ է առաջացնում»,- ասում է Տ. Դավթյանը: Նայում է լուրերը, հավանում է «Euronews»-ը, «Կարգին հաղորդումը», «Երեւանը», «32 ատամ»-ի «բողոքողները եւ թող ծափ տան նրանք» շարքերը: Նախարարն ինքն է ընտրում իր հագուստն ու աքսեսուրաները, օծանելիք գրեթե չի օգտագործում: Կանանց հագուստից նախարարը բան չի հասկանում, բայց փոխարենը նշում է, որ երեխաների համար կարողանում է լավ հագուստ ընտրել: «Ես ու կինս լրիվ տարբեր ենք ճաշակներով: Սիրում եմ ազատ ոճի հագուստ, բայց ոչ ջինսեր, միջին եմ սիրում` ոչ պաշտոնական, ոչ էլ ծայրահեղ ազատ»: Նախարարը մասնակցում է տան համար գնումներ կատարելուն, ասում է` երբ պաշտոնական է հագնված լինում, իրեն ճանաչում են, բայց ինքը չի սիրում, երբ իրեն ճանաչում են, որովհետեւ ազատության աստիճանը փոքրանում է: Տիգրան Դավթյանը թիկնապահներ չունի, ասում է` ի՞նչ եմ անում: «Հանգիստ համարյա չի լինում, երկու շաբաթը մեկ կարող է կիրակի օրը ազատ լիեմ, որը նվիրում եմ ընտանիքիս»: Կիրակի օրերին նախարարը երեխաներին տանում է սրճարան: Կյանքում երկու անգամ է երկարատեւ հանգստի մեկնել` մի անգամ 5 օր, մի անգամ` 4 օր: Խաղատներ նախարարը, իր խոսքերով, կյանքում չի մտել, ասում է` ցանկություն չեմ ունեցել, որ ցանկանայի, կգնայի, իսկ գիշերային ակումբ` 1-2 անգամ արտերկրում, այն էլ` ընկերների նախաձեռնությամբ: Խոհանոցում նախարարը ոչինչ չի պատրաստում, բայց տան մնացած գործերը` «անտեննայի կաբել քաշել, մեխ խփել, դռելով բան սարքել, ինչ-որ բաներ վերանորոգել, լամպ փոխել, ինձ հաճախակի կարելի է տեսնել շինանյութի խանութներում»: Տ. Դավթյանը չի ծխում, բայց 20 տարի ծխել է` «նորմալ ուսանող հայ տղայի նման»: Խմիչք օգտագործում է առիթից առիթ: «Երբ կյանքը դառնում է անտանելի եւ ինչ-որ լավ բան եմ ուզում կյանքից, ուտում եմ շոկոլադ: Դառը կյանքը կոմպենսացնում եմ շոկոլադով: Ֆինանսները պատասխանատու է ամեն ինչի համար, ինչ լինում է, մեզ ասում են` բա դուք ու՞ր էիք նայում»: Նախարարը պատմում է, որ հենց գործից հոգնում է, շոկոլադ է ուտում եւ «Օդնոկլասնիկի» կայք է մտնում, բայց ոչ մեկի հետ չի խոսում, պարզապես նայում է եւ նամակները կարդում: Ճաշատեսակներից նախընտրում է տապակած կարտոֆիլը մսով, նախընտրում է քաղցր մրգեր: Քաղցրի նկատմամբ սերը մանկուց է, ասում է` նախարար դառնալուց հետո ավելի մեծացավ, քանի որ «դարդերը» շատացան: «Կյանքում ամենակարեւորը սերն է» «Ես իմ բոլոր սերերին հիշում եմ, քիչ չէին, մեկ-մեկ «Օդնոկլասնիկի»-ում բացում, նայում եմ: Շուտ էլ սիրահարվում էի, ջահել ժամանակ ինձ էլ էին շատ սիրահարվում, ինչքան սկսեցի մեծանալ` ավելի քիչ»,- պատմում է Տիգրան Դավթյանը: Կյանքում ամենակարեւորը, ըստ նախարարի, սերն է: Նրա կինն էլ է տնտեսագետ: Տղան 5 տարեկան է, աղջիկը` 14: Նախարարը ասում է, որ շատ կուզենար երեխաները տնտեսագետ դառնային, բայց երբեք նրանց չի ստիպի ընտրել այս կամ այն մասնագիտությունը: Նախարարն իր կնոջը հանդիպել է աշխատանքի բնույթով, հենց Ֆինանսների նախարարության շենքում, որն այն ժամանակ Էկոնոմիկայի նախարարության շենքն էր: Տ. Դավթյանը փոխնախարար էր, իսկ կինը` ասպիրանտ, յոթ տարով իրենից փոքր: «Հենց մտավ, տեսա, որ գեղեցիկ աղջիկ է, ծանոթացանք, շփվեցինք, ամեն ինչ բնականոն հունով եղավ, խենթությունների չէի դիմում, այդ տարիքից անցել էի, մոմի տակ չէի էլ կարող սիրային նամակներ գրել»: Տիգրան Դավթյանի կինը ՄԱԿ-ի միջին մասնագիտական կրթության աջակցման ծրագրի ղեկավարն է: «Ինձ թվում է` կինը անպայման պետք է աշխատի, բայց, իհարկե, ոչ շատ ծանրաբեռնվածությամբ, որպեսզի կարողանա նաեւ երեխաներով զբաղվել»,- նշում է Տ. Դավթյանը: Իր եւ կնոջ տնտեսագետ լինելը, ըստ նախարարի, լավ է այն առումով, որ կարողանում են իրենց ընտանեկան բյուջեն օպտիմալ տնօրինել, բայց նաեւ դժվար է: «Տանը նախարար չեմ, բայց տանը տղամարդ եմ: Ընտանեկան վեճերի առիթը երբեմն երրորդական է լինում, ամբիցիայի խնդիր է լինում, որովհետեւ երկուսս էլ մեր մասին մեծ կարծիքի ենք»: Կնոջ համար նվերներ ընտրելիս նախարարը ռոմանտիկ չէ, ինչը ընտանեկան տարաձայնությունների տեղիք է տալիս. «Իմ կինը եւ գեղեցիկ է, եւ խելացի. դա դժվար համակցություն է: Իմ կյանքում միշտ խելացի կանայք են եղել, բայց ոչ միշտ գեղեցիկ, հաճելի է, երբ երկուսը իրար հետ է լինում: Հիմա, երբ վիճում ենք, կինս միշտ կատակում է, թե մութ, ցուրտ տարիներն էին եւ չիմացանք, թե ում ենք ուզում»: Ընտանիքի անդամները բողոքում են, որ Տ. Դավթյանն իրենց քիչ ժամանակ է հատկացնում: Նախարարը տուն է հասնում երեխաների քնելու ժամին, ասում է` համբուրում եմ, կճմթում, մեկ-մեկ էլ փոքրին` տղային հեքիաթ է պատմում, իր հորինածները: Կիրակի օրը նախարարն ընտանիքի հետ գնում է գնումների: Իր ամենամեծ ձեռքբերումը երեխաներն է համարում, որովհետեւ կարծում է` մնացածը անցողիկ է: Տ. Դավթյանն ասում է, որ աշխատում է հազվադեպ դիտողություն անել երեխաներին, քանի որ «հոր ասածն ավելի ծանր է լինում, քան մոր ասածը»: «Ես ավելի շատ կուզենայի կյանքից, հաճույքներից, ժամանակից օգտվել» «Ես ինձ կհամարեի եվրոպական դասական միջին խավ, երբ ինձ համար ընթացիկ ծախսերը խնդիր չեն: Իմ բախտը բերել է, կինս փայլուն անգլերեն գիտի եւ միշտ միջազգային կազմակերպություններում է աշխատել եւ աշխատում ու ինձնից բարձր աշխատավարձ է ստանում»,- ասում է նախարար Տ. Դավթյանը: Աշխատավարձով նախարարը բավարարված չէ, բայց նշում է, որ մեծ պրոբլեմներ էլ չեն առաջանում, իրենց ընտանիքը փոքր է, եւ ինքը օգտագործում է տնտեսագետի իր հմտությունը` ռեսուրսների օպտիմալ օգտագործման համար: Բիզնեսներ ֆինանսների նախարարը չունի, իր խոսքերով` չեն էլ վերագրվում. «Իմ ունեցածը բնակարանն է, մեքենան եւ հողամաս, որը այդպես էլ հողամաս է մնացել: Բայց ինձ համար պրոբլեմ չէ սրճարան գնալը, հեռուստացույց գնելը, ընթացիկ ծախսեր անելը»: Փողը, նախարարի համոզմամբ, չի կարող երջանկացնել մարդուն, բայց կարող է տրամադրությունը տեղը պահել: Տ. Դավթյանը նաեւ նշում է, որ եթե փող չի լինում, տրամադրությունը վատ է լինում: Նախարարը իրեն, մեծ հաշվով, երջանիկ է համարում. «Բայց ես ավելի շատ կուզենայի կյանքից, հաճույքներից, ժամանակից օգտվել: Հիմա աշխատանքը շատ է: Կուզենայի ավելի շատ ազատություն»: Ճակատագրին նախարարը մի քիչ հավատում է: «Ես հայկական եկեղեցուն նայում եմ որպես ազգային, կիսապետական կառույց: Ճարտարապետական, մշակութային կոթող»,- նշում է Տ. Դավթյանը: Իր խոսքերով` ոչ մի այլ երկրում չէր ապրի, Երեւանը աշխարհի ամենալավ քաղաքն է` իր թերություններով եւ առավելություններով: Հաջորդ սիրելի երկիրը Իտալիան է: Մեր ժողովրդի մոտ նախարարը չի հավանում արեւելյան ավանդույթները եւ կենսակերպը` սկսած երաժշտությունից, մեծ սերը սեւ եւ մուգ մեքենաների նկատմամբ, հաց ուտելու մշակույթը, երբ հանգիստը պատկերացնում են միայն սեղանի շուրջ: Նախարարին դուր չի գալիս Հայաստանի անհավասար զարգացումը: «Հայերի մոտ բնավորություն է դժգոհ լինելը, մի հատ այն կողմ նայեք, աշխարհի մեծամասնությունը աղքատ է: Հայերը ավելի դժգոհ են, քան իրականությունը, բայց մեր կենսամակարդակը միջինին մոտ է: Բայց նաեւ լավ է, որ դժգոհ են, ուրեմն ձգտում կա դեպի լավը: Հուսով եմ` ոչ միայն պայծառ ապագա կլինի, այլեւ պայծառ ներկա»: «Երազում եմ ունենալ ազատ ժամանակ, ընտանիքիս լցնեի մեքենայի մեջ, ես նստեի ղեկին եւ գնայինք ծով, պտտվեինք ամբողջ Եվրոպայով: Երազում եմ բարձրանալ Արարատի գագաթը եւ նայել Երեւանի վրա: Նպատակս այն է, որ ունենանք բարեկեցիկ երկիր բոլորի կամ գոնե մեծամասնության համար»:

Գլխավոր էջ


Տես նաև՝

    ավելին



    Մեկնաբանել
    Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

    Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

    Լրահոս

    Բոլոր նորությունները

    Արխիվ
    Ամենա

    Մեկնաբանված

    Կարդացված