Կիրակի, 15 դեկտեմբերի

Դավիթ Շահնազարյան. «Ընտրությունները կպարզեն` Կոնգրեսի ո՞ր մասն է իշխանություն, ո՞րը` ընդդիմություն»



Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն ասում է, որ միջազգային հանրության համար թեև ի սկզբանե պարզ էր, թե ինչ է տեղի ունեցել Մարտի 1-ին, իսկ Հայաստանի իշխանությունն այս ընթացքում ամեն ինչ անում էր կատարվածը թաքցնելու համար, այնուամենայնիվ, «իրավիճակ է փոխվում և քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»` իրադարձությունները սկսել են նոր որակներ ստանալ: Այսօր «Հայացք» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ վերջինս նշեց, թե «միջազգային հանրության համար արդեն անվիճելի է դարձել». 1) Մարտի 1-ին որևէ բախում չի եղել, այլ իշխանությունները կազմակերպել են սպանդ: 2) Ակնհայտ է դարձել, որ անկարգությունները և թալանը նույնպես կազմակերպված են եղել իշխանությունների կողմից: 3) Բանակն օգտագործվել է ներքին խնդիրների համար: 4) 2008 թ. բանակի ուղղակի միջամտությամբ Հայաստանում տեղի է ունեցել իշխանության բռնազավթում: «Իհարկե, գովելի է, որ եվրոպական կառույցները վերջապես մոտենում են իրականությանը, մի քիչ փորձում են աչքերը բացել, և կարծում եմ, որ այս գործընթացները դեռ բավական երկար շարունակություն են ունենալու»,- ասում է Շահնազարյանը: Նա անդրադարձավ նաև երկու տարի առաջ մեկնարկած ստորագրակավաքին` ուղղված նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ, և վստահեցրեց, որ երկու-երեք շաբաթների ընթացքում փաստաթղթերը կուղարկվեն Հաագայի միջազգային դատարան: Առաջիկայում` մարտի 1-ին, ՀԱԿ-ի կազմակերպելիք հանրահավաքն, ըստ բանախոսի, ծրագրային իմաստով շատ կարևոր է լինելու. տրվելու է Հայաստանի ներկա իրավիճակի գնահատականը, և ներկայացվելու են հնարավոր զարգացումներն ու ընդդիմության հետագա գործողությունները: «Ակտիվ գործողությունները կարելի է պայմանականորեն բաժանել երկու մասի` զանգվածային եւ քաղաքական: Կոնգրեսի քաղաքական գործողությունները ես գնահատում եմ շատ ակտիվ: Զանգվածային գործողություններում հայտարարված դադարը, իհարկե, ունի վերջ, և ճիշտ պահին կվերականգնվեն այդ ակտիվ զանգվածային գործողությունները»,- ասաց ՀԱԿ-ի ներկայացուցիչը` առանց մանրամասնելու, թե երբ է սկսվելու «ճիշտ պահը»: Շահնազարյանի խոսքերով` ներկայիս իշխանությունները, ավելի ճիշտ` «այն խմբերը, որոնք իրենց կոչում են քաղաքական ուժեր, կազմել են իշխանություն, խորհրդարանում` կոալիցիա», որևէ քաղաքական ապագա չունեն և իշխանափոխությունից հետո, որպես այդպիսին, պարզապես գոյություն չեն ունենալու: «Նրանք ի վիճակի չեն լինելու 1 օր լինել ընդդիմություն` քաղաքական բովանդակության իսպառ բացակայության պատճառով: Քանի որ Հայաստանում իշխանությունից և նոմենկլատուրային ընդդիմությունից բացի ուրիշ ուժ չկա, այսպիսով, ապագա ընտրությունների միջոցով պարզվելու է` Կոնգրեսի ո՞ր մասն է իշխանություն, ո՞րը` ընդդիմություն»,- ասում է բանախոսը: Ինչ վերաբերում է Երկրապահ կամավորական միության 8-րդ համագումարին եւ դրա շրջանակներում գեներալ Մանվել Գրիգորյանի արտահայտած մտքերին, ՀԱԿ-ի ներկայացուչիչը միայն նշեց, թե «ԵԿՄ-ն հասարակական կազմակերպություն է և որպես հասարակական կազմակերպություն էլ կմնա»:

Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված