ՈՒրբաթ, 15 նոյեմբերի

«Հակամարտության լուծման բանալին հակամարտ կողմերի ձեռքում է»



Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաևն այսօր հանդիպեցին լրագրողներին: Է. Նալբանդյանը նշեց, որ երկու երկրները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ են, եւ բնական է, որ այս երկրների դիրքորոշումները, միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակի առումով, համընկնում են կամ մոտ են: «Սա մեր առաջին հանդիպումը չէ: Ինչպես գիտեք, Հայաստանը պաշտպանեց ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու հարցում Ղազախստանի թեկնածությունը, որը Ղազախստանին փոխանցվեց 2010 թվականի հունվարին, եւ այսօր էլ մենք ակտիվ գործակցում ենք այդ կազմակերպության շրջանակում: Մեր հանդիպման ժամանակ եվս մեկ անգամ հաստատվեց Հայաստանի պատրաստակամությունը հետագայում էլ աջակցել Ղազախստանին, Ղազախստանի նախագահության ծրագրերի իրականացման հարցում, որոնց հիմքում են այնպիսի հրատապ հարցեր, ինչպիսին ԵԱՀԿ արդյունավետության ամրապնդման հարցը, Հարավային Կովկասի անվտանգության, կայունության ամրապնդման հարցերը: Հաշվի առնելով կենտրոնական դերը, որ կատարում է ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, ես ներկայացրի բանակցային գործընթացի զարգացման դինամիկան եւ այն ջանքերը, որոնք գործադրվում են մեր կողմից` խնդրի խաղաղ կարգավորման նպատակով»,- ասաց Հայաստնաի արտգործնախարարը: Նրա խոսքով` իրենք նաև փոխանակվել են մտքերով` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Կանատ Սաուդաբաևն էլ նշեց, որ սա իր առաջին այցն է` իբրև ԵԱՀԿ գործող նախագահ տարածաշրջան և ընդհանրապես` առաջին այցն է Երևան: Նրա խոսքով` Հայաստանն աջակցել է Ղազախստանի թեկնածությանը` որպես ԵԱՀԿ նախագահության հավակնորդ երկիր, եւ շարունակում է աջակցել Ղազախստանի գործունեությանը: Մենք անդրադարձանք հակամարտությունների կարգավորման ձգձգմանը և ունեցանք բավական անկեղծ մտքերի փոխանակություն իրավիճակի մասին: Ինձ համար կարեւոր էր տեսնել ամբողջ պատկերը, խնդիրների ամբողջ սպեկտրը, որ  գոյություն ունի այդ կապակցությամբ: Ղազախստանը գիտի այդ հակամարտության պատմությունը, մեր նախագահ Նորսուլթան Նազարբաեւը դեռեւս 1991 թվականից է ներգրավված հակամարտության կարգավորման գործընթացում` այցելելով տարածաշրջան նախագահ Բորիս Ելցինի հետ, եւ այս բոլոր տարիներին նա ուշադրությամբ հետեւում է իրավիճակի զարգացմանը: Եվ կարծում եմ, որ ԵԱՀԿ-ն մեզանից առաջ նախագահած երկրների ջանքերի կողքին,  այն արդյունքների հիմքին, որոնք արձանագրվել են հակամարտության կարգավորմանը ներգրավված բոլոր կողմերի ջանքով, Ղազախստանն ունի լրացուցիչ ռեսուրսներ: Ես նկատի ունեմ հակամարտության պատմության մեր իմացությունը, որոշակի պատմական ընդհանրությունը, մենթալ մոտիկությունը»,- ասաց նա: Ղազախստանի արտգործնախարարի կարծիքով` հակամարտության լուծման բանալին հակամարտ կողմերի ձեռքում է, իսկ գործընթացի մնացյալ մասնակիցները օգնող են, ովքեր անկեղծ ցանկանում են օգնել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, թե` արդյոք Ղազախստանը, նախագահելով ԵԱՀԿ-ում, ձեռնարկելո՞ւ է քայլեր հայ-ադրբեջանական շփման գծից դիպուկահարներին հեռացնելու ուղղությամբ, Կանատ Սաուդաբաևն ասաց. «Ես ուզում եմ ասել, որ ցանկացած քայլ, որ ուղղված է իրավիճակի հանգուցալուծմանը, պետք է ստանա աջակցություն եւ իրագործվի: Այդ թվում եւ այն կապակցությամբ, որ շփման գծում չլինեն դիպուկահարներ»: Է. Նալբանդյանն էլ, մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի համար ընդունելի են մադրիդյան առաջարկների լրացումները, ասաց, որ կա փաստաթուղթ բանակցային սեղանին` մադրիդյան առաջարկներ, որոնք արվել են 2007 թվականի նոյեմբերին: «Ուզում եմ հիշեցնել, որ մի ամբողջ տարվա ընթացքում Ադրբեջանը ընդհանրապես հրաժարվում էր այդ փաստաթուղթն ընդունել բանակցության հիմք: Ինչ վերաբերում է աշխատանքային փաստաթղթերին, որ ներկայացնում են համանախագահները ժամանակ առ ժամանակ, իր լրում կամ աշխատանքային քննարկումների կարգով, ապա կոնկրետ հարցերը, որոնց կապակցությամբ կողմերը պետք է ներկայացնեն իրենց առաջարկները, ինչի մասին եւ պայմանավորվածություն եղավ Սոչիում, այդպիսի առաջարկությունները ներկայացվելու գործընթացում են»: Ըստ Հայաստանի արտգործնախարարի` ադրբեջանական կողմն այդպիսի առաջարկներ կներկայացնի, եւ կշարունակվեն այդ քննարկումները:

Գլխավոր էջ


Տես նաև՝

    ավելին



    Մեկնաբանել
    Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

    Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

    Լրահոս

    Բոլոր նորությունները

    Արխիվ
    Ամենա

    Մեկնաբանված

    Կարդացված