Չորեքշաբթի, 13 նոյեմբերի

Գեւորգ Դանիելյանը երկրի արդարադատությունը գնահատում է այնպես, ինչպես որ կա



Թոխմախի թաղամասում երբեք չէին թողնի ինքնամփոփ մեծանաս «Ես այնպիսի մի թաղամասում էի ապրում, որտեղ պարտավոր էիր երեք օրը մեկ մանկապատանեկան կռիվների մասնակցել: Առանց դրա հնարավոր չէր: Թոխմախի թաղամասում երբեք չէին թողնի ինքնամփոփ մեծանաս, այնտեղ կյանքն էր քեզ թելադրում իր կանոնները, եւ պետք է կարողանայիր լավագույնս պաշտպանվել: Ես երբեք նախահարձակ չեմ եղել, թեեւ ֆիզիկապես լավ պատրաստված էի»,- իր մանկության կռիվներն այսպես է հիշում Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Նախարարի ծնողները որեւէ նեղ մասնագիտություն չունեին, հայրը պատերազմի մասնակից էր եւ վաղ էր մահացել: Նրա մանկությունն անցել է հանրային բնույթի ուսումնակրթական օջախներում: «Խնամքի խնդիր կար, ես եւ գիշերօթիկ մանկապարտեզ եմ հաճախել, եւ երկարօրյա դպրոց` մինչեւ 4-րդ դասարան: Միայն 4-րդ դասարանից հետո եմ հանգիստ շունչ քաշել եւ դարձել «տան երեխա»: Բայց դժգոհ չեմ: Եթե նույնիսկ դժվարություններ, բարդություններ լինում են, ապա դա մնում է մանկությունում: Մանկությունից միշտ լավն ես հիշում»,- ասում է Գեւորգ Դանիելյանը: Դանիելյանների ընտանիքում 4 երեխա էին, քույրը մեկուկես տարեկանում մահացել է, Գեւորգը ընտանիքի կրտսեր զավակն է: «Ծնողներս 4 երեխայի ծրագիր չեն ունեցել, բայց քանի որ կորցրին աղջկան, փորձեցին էլի աղջիկ ունենալ: Բայց ճակատագիրը ինձ լույս աշխարհ բերեց»: Հոր բացակայությունը ավագ եղբայրներն են լրացրել: Մեծ եղբայրը շինարար է, միջնեկը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ: Նախարարը պատմում է, որ իրենց ազգության մեջ որեւէ մեկը իրավաբանություն չէր ընտրել, բայց իրենից հետո մեկ տասնյակ իրավաբաններ եղան: Օրինակ` եղբոր տղան գլխավոր դատախազի տեղակալն է, քեռու տղան` փաստաբան. «Բոլորն էլ կարողացել են իրենց ձեռագիրը ունենալ եւ ճանաչված են քիչ թե շատ լավ իրավաբաններ, եւ դա ինձ ուրախացնում է»,- նշում է նախարարը: Արդարադատության նախարարը սկզբում մտածում էր, թե կընտրի ճարտարագիտությունը, քանի որ նկարում էր եւ եղբոր գծագրերն էր անում: 10-րդ դասարանում առանձնակի պարապում էր կոնկրետ 3 առարկա, թեպետ իրավաբանության ֆակուլտետ ընդունվելու հույս չուներ, քանի որ, իր խոսքերով, մեծ մրցակցություն կար: «Սա ավելի շատ փորձ էր, բայց պարզվեց, որ այս փորձը վերջինն է լինելու: Ընդունվեցի, բայց բանակ գնացի: Այդ ֆակուլտետում սովորելու համար պետք էր 2 տարվա աշխատանքային փորձ ունենալ»: Ինձ համար նախարարի պաշտոնը այդքան էլ մեծ երեւույթ չէր «Ես չեմ կարող ասել, թե այս գործն ինձ համար հոգեհարազատ է, իսկ մյուսը` ոչ: Ցանկացած մասնագիտություն, պաշտոն, որ դու զբաղեցնում ես, պետք է լինի հոգեհարազատ: Որ պահին որ մտածեցիր, որ կա քեզ համար ավելի հոգահարազատ աշխատանք, ապա պետք է հեռանաս»,- ասում է Գեւորգ Դանիելյանը: «Իհարկե, լինում են պահեր, երբ հոգնում ես աշխատանքիցդ, բայց դա ընդամենը պահ է, ես էությամբ հոգնող չեմ: Եթե ինչ-որ մեկը հույս է դրել հոգնելու պատճառով իմ հեռանալու վրա, թող հույսեր չփայփայի: Ես սիրում եմ իմ աշխատանքը, իմ պաշտոնը»: Մանկավարժական աշխատանքը նախարարը շարունակում է: Նա դասավանդում է ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետում, Կառավարման ակադեմիայում, Սլավոնական համալսարանում մի քանի ասպիրանտ ունի. «Դասախոսի աշխատանքը միայն լսարան մտնելը եւ իր գիտելիքներն ու փորձը ուսանողներին փոխանցելը չէ, մշտապես պետք է քեզ վրա աշխատես, ունենաս ցանկացած տեղեկատվություն արդիական հարցերի վերաբերյալ»: «Ինձ վստահում էին այն մարդիկ, ովքեր այդ կուսակցության անդամ են, եւ եթե այդ մարդիկ քեզ վստահում են, իսկ դու նրանց նկատմամբ մեծ հավատ ունես, ապա անհասկանալի կլիներ անկուսակցական լինելը: Այն արժեքները, որ կան ՀՀԿ-ում, ես, միեւնույն է, դրանց դավանելու եմ, եթե անգամ այնտեղից դուրս էլ գամ: Չափավորությունը, ավելորդ ծայրահեղություններից ձեռնպահ մնալը եւ երկիրը առաջընթաց տանելը ընդունելի եմ համարում, մնացածը համարում եմ ծայրահեղություն, ավանտյուրա»,- ասում է Գեւորգ Դանիելյանը: Կյանքում կայանալու եւ հաջողությունների հասնելու հարցում Գեւորգ Դանիելյանին օգնել է ճակատագիրը. «Ես ճակատագրին եմ շատ շնորհակալ, որովհետեւ ինձ միշտ լավ ընկերներ են բաժին հասել, լավ դաստիարակներ, ուսուցիչներ»: Վատ ընկերներ էլ են եղել, որոնք եւս իրեն օգնել են, որ կյանքը չթվա «հեշտ ու հանգիստ»: Գեւորգ Դանիելյանի ընկերները տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ են` բժիշկներ, շինարարներ, իրավաբաններ: Նրա ընկերներից են վաղամեռիկ Վոլոդյա Նազարյանը, ով նախարարի կյանքում մեծ դեր է խաղացել, Աղվան Հովսեփյանը, բժիշկ Միքայել Աղայանը: Նախարարը ընկերներ ընտրելիս կուսակցական պատկանելությունը հաշվի չի առնում եւ ասում է, որ իր մտերիմ ընկերների մեջ ցանկացած կուսակցության մարդիկ են: Կյանքում նա առաջնորդվում է մի շարք սկզբունքներով. նախ` միշտ ճիշտ խոսել եւ ազնիվ լինել. «Ես միշտ զարմացել եմ, թե ինչպես են լուրջ մարդիկ նայում աչքերիդ ու սուտ խոսում»: Երկրորդը նախանձի բացակայությունն է. «Նախանձել պետք չէ, եւ մարդիկ, որոնք նախանձում են, առաջին հերթին իրենց են վնասում, նաեւ այն մարդկանց, որոնց նախանձում են: Երրորդ անընդունելի հատկանիշը մեծամտությունն է. եթե մարդը կարծում է, թե ամեն ինչ գիտի եւ բոլորից լավ գիտի, ուրեմն նորը ընկալելու, ուսանելու հակում չունի եւ անխուսափելիորեն լճանալու է: Եվ սերը մարդկանց նկատմամբ, պիտի մարդուն սիրես, երկրագնդի վրա ամենամեծ արժեքը մարդն է, յուրաքանչյուր մարդ նախ պետք է իր ծնողներին սիրի»: Գեւորգ Դանիելյանն իր առավելությունը համարում է պատասխանատվության զգացումը, «սխալված չլինելու առողջ վախը». «Իմ առավելությունն այն է, որ ես ավելի շատ մտածում եմ ոչ թե այն մասին, որ առավելություններ ունեմ, այլ այն մասին, որ լուրջ խնդիրներ, բարդույթներ կան, որոնք պետք է հաղթահարեմ»,- նշում է նա: Ամենախոցելի կողմը նախարարը համարում է դյուրագրգիռ լինելը: «Դա ես էլ գիտեմ, իմ ընկերներն էլ գիտեն, իմ թշնամիներն էլ: Իհարկե, փորձում եմ այնպես անել, որ դա իրեն քիչ զգացնել տա»: Արդարադատության նախարարը կարծում է, որ մարդ ժամանակի ընթացքում փոխվում է, ճիշտ է` ոչ էապես, բայց ինչ-որ նոր հատկություններ ձեռք է բերում: Իսկ թե նախարարի պաշտոնը ինչպես փոխեց Գեւորգ Դանիելյանին, նա պատասխանեց. «Եթե իմ ընկերներին հարցնեք, կասեն` մեր հետ քիչ է շփվում, ավելի ինքնամփոփ է դարձել, բայց դա այդպես չէ: Նախ` ինձ համար նախարարի պաշտոնը հոգեբանորեն այդքան էլ մեծ երեւույթ չէր, որովհետեւ շատ երիտասարդ տարիքում ես ունեցել եմ բարձր պաշտոններ: Ինձ համար շատ սովորական է սա: Բոլոր տեսակի պաշտոններն էլ մարդկանց վրա ինչ-որ հետք թողնում են, պետք է նկատի ունենալ, որ դու չպետք է շատ տրվես պաշտոնին, որովհետեւ պաշտոնը կարող է քեզ կործանել, պետք է փորձես պաշտոնը վերափոխել, ոչ թե սպասես, որ պաշտոնը քեզ վերափոխի, եւ եթե պետք է վերափոխվես, ապա վերափոխվես այնպես, որ կարողանաս գործդ լավ անել»: Արդարադատության նախարարը մեծամտությունը համարում է ախտ. «Բարձր պաշտոնը նշանակում է նաեւ բարձր պատասխանատվություն, բարձր պաշտոնը նշանակում է իսկապես ժողովրդին ծառայելու մեծ պարտք, երբ դու ստիպված ես անել քայլեր, որոնք մարդկանց այդքան էլ հաճելի չեն: Չպետք է մեծամիտ լինել, պետք է հասկանալ, որ ի վերուստ չէ քեզ տրված այդ պաշտոնը, այն կարող է տրվել ուրիշ իրավաբանների: Պետք է ձգտես արդարացնել վստահությունը»: Իր հասցեին հնչող քննադատությանը նա նորմալ է վերաբերվում, միաժամանակ նշում է, որ, ցավոք, իր հասցեին ավելի շատ կեղծիքների, վիրավորանքի եւ շանտաժի է հանդիպում, քան քննադատության: Բայց ոչ միշտ է արձագանքում «կեղծիքներին», քանի որ անհրաժեշտ չի համարում. «Հերքելով` երբեմն վեր ես ածվում քո աշխատանքը գովերգողի: Լրագրողն էլ մասնագիտություն է եւ պետք է կարողանա ոչ թե հեշտ ճանապարհով ճանաչելի դառնալ, այլ բարդ, պրոֆեսիոնալ: Իսկ այդպիսի լրագրողներ մենք ունենք, օրինակ` «Հայոց աշխարհ»-ից Արթուր Հովհաննիսյանը, Մարինա Գրիգորյանը` «Ազգ»-ից, լրատվության միջոցներից կառանձնացնեի «Գոլոս Արմենիին»: Մենք նաեւ մեծ զարգացում ենք ապրել ամսագրային դաշտում»: Գեւորգ Դանիելյանի կինը մասնագիտությամբ բժիշկ է, իսկ երեխաները` իրավաբան: Դուստրը ամուսնացած է, եւ նախարարը թոռնիկ ունի, տղան 22 տարեկան է: Գեւորգ Դանիելյանն անձնական կյանքի այլ մանրամասներ չհաղորդեց (օրինակ, թե ինչպես է ծանոթացել կնոջ հետ)` ասելով, թե դա էլ իր անձնական գաղտնիքն է եւ չի ուզում, որ բոլորի սեփականությունը դառնա: Երեխաների դաստիարակությամբ նախարարն ավելի քիչ է զբաղվել, քան կինը. «Շատ դժվար է լինել նախարարի երեխա, որովհետեւ եթե իրենց ուժերով հասնեն ինչ-որ բանի, ապա անպայման կապելու են իմ անձի հետ` անկախ ամեն ինչից: Իմ երեխաները երբեք ինձ համար խնդիր չեն ստեղծել: Շրջապատում իրենք երբեք ցույց չեն տալիս, որ նախարարի երեխաներ են»: Նախարարը գեղարվեստական գրքեր կարդում էր դպրոցական եւ համալսարանական տարիներին: Այժմ սիրում է հատվածներ ընթերցել, վերջին անգամ կարդացել է Գուրգեն Մահարու ստեղծագործություններից, իսկ Սեւակի «Դու` երկու տառ» բանաստեղծությունը 20 օր առաջ է աչքի անցկացրել: Արձակ երկերից նախարարի հիշողության մեջ տպավորվել է դպրոցական տարիներին կարդացած «Յո երթասը» (Սենկեւիչ): Ասում է` այդ գիրքը ծանր ազդեցություն ունեցավ իր վրա եւ կարելի էր հիասթափվել կյանքից, հետո հասկացավ, որ շուտ է ընթերցել: Նախարարը սիրում է ֆիլմեր նայել, նախընտրում է պատմական-գեղարվեստական ֆիլմերը: Հեռուստահաղորդումներից հավանում է «Ով է ուզում դառնալ միլիոնատեր»-ը, հատկապես երբ վարում էր Մարկ Սաղաթելյանը: ««Կարգին հաղորդումը» ես նայել եմ եւ փոշմանել: Իրենք` որպես դերասան, վատը չեն, նույնիսկ կարող եմ ասել` տաղանդավոր են: Բայց երբեմն նրանք հրամցնում են նյութ, որը բարոյականության տեսանկյունից անընդունելի է: Եթե մարդիկ իրենց թույլ են տալիս ազգային հերոսներին ծաղրել, սա արդեն լուրջ մտորելու տեղիք է տալիս, ուրեմն մենք շատ բան ենք կորցրել: Երբ ձեռքը մեկնում են այդ սրբությունների վրա, նշանակում է` մի բան այն չէ, եւ այդ մարդիկ իրենց տաղանդը լավ տեղ չեն օգտագործում: Նույնը կարող եմ ասել հոգեկան հիվանդների հետ կապված: Ոչ մի երկրում չի թույլատրվում ծաղրել հոգեկան հիվանդներին»: Հայկական սերիալներից դժգոհ է. «Մենք դրա պտուղները հետո ենք տեսնելու»: Հանգիստը նախարարը սիրում է անցկացնել տանը, ընտանիքի հետ: Իսկ ժամանցը երբեք գիշերային ակումբներում, խաղատներում չի անցկացրել եւ դա համարում է ժամանակի անտեղի կորուստ. «Խաղատանը շահում է նա, ով չի խաղում»: Նախարարը ամբողջ կյանքում չի ծխել, խմիչք օգտագործում է առիթից առիթ. «Ես ինձ հարբած չեմ հիշում: Եթե մի փոքր գինովցած եմ լինում, ապա հասկանում եմ, որ պետք է սեղանը լքել»: Զբաղվել է ըմբշամարտով, լողով, ֆուտբոլով: Այժմ նախարարին ավելի թեթեւ մարզաձեւեր են հրապուրում` սեղանի թենիս, բիլիարդ, հեծանվավազք: Ամեն շաբաթ տղայի հետ գնում է թենիս խաղալու: Արդարադատության նախարարն իր գլխավորած համակարգը գնահատեց «4» Գեւորգ Դանիելյանը երկրի արդարադատությունը գնահատում է այնպես, ինչպես որ կա. «Երբեք չեմ ասում, որ ամեն ինչ իդեալական է: Կան բավականին դրական տեղաշարժեր, բայց կան նաեւ թերություններ: Ես հաճախ համեմատում եմ իրավիճակը խորհրդային տարիների հետ, 1992-93 թթ. հետ, երբ դատարանների անկախության, անաչառության մասին խոսելը չափազանց զավեշտալի էր: Խնդիրներն այս ոլորտում չափազանց շատ են: Դեռ կա գերատեսչական շահի զգացում, գերատեսչական շահը յուրովի պատկերացնելու, ուսադիրների, համազգեստի պատիվը յուրովի ընկալելու միտում, բայց երբեմն մեր համակարգը չափազանց անողոք են քննադատում»: 5 բալանոց սանդղակով Արդարադատության նախարարը իր գլխավորած համակարգը գնահատեց «լավ», այսինքն` 4: Նախարարին, իր խոսքերով, բիզնեսներ վերագրում են, բայց ինքը բիզնեսներ չունի եւ դրանով բնավ չի պարծենում. «Գալու է մի պահ, երբ հեռանալու ես պաշտոնից եւ ստիպված ես լինելու զբաղվել ձեռնարկատիրությամբ»: Բայց նախարարը նշում է, որ եթե իր տղան բիզնես սկսելու մտադրություն ունենա, ապա ինքը միայն կողջունի: Գեւորգ Դանիելյանը ծնվել է 1958 թ. մայիսի 5-ին, Երեւանում: 1975-1983 թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: 1977-1979 թթ. ծառայել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության տարածքում տեղակայված խորհրդային բանակի զորամիավորումում: 1987 թ. ավարտել է Մոսկվայի, նախկին ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի Պետության եւ իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան եւ նույն թվականին էլ պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը: 1988-1992 թթ. դասավանդել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, 1989-1992 թթ. ՀՀ դատախազությունում Ազգամիջյան հարաբերություններում օրենքների կատարման վրա հսկող բաժնի պետ էր, 1992-1996 թթ.` Հրազդանի միջշրջանային դատախազ: 1999-2004 թթ. զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության պետի պաշտոնը: 2004-2007 թթ. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ էր: 2007 թ.-ից ՀՀ արդարադատության նախարարն է: Իրավաբանական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր, հեղինակ 19 գիտական մենագրությունների, շուրջ 50 գիտական հոդվածների: 2006 թ. նրան շնորհվել է «ՀՀ Վաստակավոր իրավաբանի» պատվավոր կոչում: Պարգեւատրվել է մի շարք կառավարական մեդալներով եւ շնորհակալագրերով: Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված