ՈՒրբաթ, 13 դեկտեմբերի

Համազգային շեփորը հիմա էլ պետք է հնչի կրթության բնագավառում...



Կարդալով «Կրթության ոլորտը պետք է փրկել այնպիսի շարժման միջոցով, որով 88 թ.-ին հայերը  փրկեցին Արցախը» հոդվածը («Հետք», դեկտեմբերի 17-23, 2009), ակամայից հիշեցի արցախյան ազատագրական շարժումների ընթացքում գրված, կրթությանը վերաբերվող մի հոդված, որտեղ մասնավորապես ասվում էր. «Արցախցին նույնիսկ փլատակների տակ և գնդակների տեղատարափի ներքո հայոց այբուբեն է սովորեցնում իր երեխաներին…»: Ահա իրականում ով է հայը ընդհանրապես … և որքան է կարևորում իր զավակի կրթությունը` մի ձեռքում զենքը, մյուսում` այբբենարանը: Համամիտ եմ Հովիկ Մուսայելյանի կարծիքին…. Իրոք կրթության ոլորտը փրկել է պետք, ասել է, թե փրկության կարիք ունի մեր երկիրը… Կրթության և մեր երկրի հետագա զարգացման միջև գոյություն ունի փոխադարձ կախվածություն: Դա մի կողմից ավանդաբար է արտահայտվում և բնորոշ է դպրասեր հայ ժողովրդին, մյուս կողմից  թելադրված է համաշխարհային գիտատնտեսական զարգացումներով: Երաշխավորված առաջընթաց ունեն այն երկրները, որտեղ զարգացած է շարունակական կրթական համակարգը, արդյունավետ է հանրակրթությունն ու բարձրագույն կրթությունը և բնականաբար տնտեսությունը զարգանում է գիտելիքահենք ուղղությամբ: Սակայն ինչից սկսել և ինչ հաջորդական ու փոխկապակցված քայլեր պետք է ձեռնարկել: Կրթությունը արտադրական գործունեություն չէ, որ վերցնես զանազան հումքատեսակներ ու նախընտրած վայրում էներգիայի հիման վրա կատարես մեքենայական վերամշակում և ստացված արտադրատեսակը իրացնես առավել շահավետ գնորդի: Կրթությունը գործունեության ամենաավանդական բնագավառն է, որտեղ խնդիրները հանգում են  մարդու վերափոխմանը, ինտելեկտուալ ռեսուրսի երկարաժամկետ վերարտադրությանը, մարդու մոտիվացմանը: Հետևաբար նոր կրթօջախ հիմնելիս պետք է հաշվի առնել ոչ միայն և ոչ այնքան շենքային լավագույն պայմանների ստեղծումը, այլ մարդկային գործոնով պայմանավորված բազմաթիվ տեսանելի և անտեսանելի հանգամանքներ. հատկապես այն դժվարությունները և յուրահատկությունները, որոնք հանդիպում են ընդհանրապես մեր և հանրապետությունում մասնավորապես` մարդկային և մասնագիտական փոխհարաբերություններում, մանկավարժների անկանխատեսելի հոգիներում, նոր սերնդի կրթության պահանջներին չհամապատասխանող, հաճախ նաև ընդամենը սկսնակ մանկավարժի դեր ստանձնած ուսուցիչների մակերեսային գործողություններում: «Օհանյան» կրթահամալիրի օրինակով ցանկանում եմ ներկայացնել այն հիմնական դժվարությունները, որոնց բախվել ենք այս 12 տարիների ընթացքում, որը և կօգնի ինչ-որ չափով կրթության համակարգը առավել ճիշտ ուղղորդելուն: 1.Կրթությունը փրկող առաջամարտիկների դերը պետք է ստանձնեն առաջին հերթին  ուսուցիչները: Անշուշտ, դպրոցի նկատմամբ հավատի վերականգնումը մեծապես պայմանավորված է մանկավարժների մասնագիտական ու մարդկային բարձր որակներով, որին կարելի է հասնել նրանց տարակարգերի սահմանման միջոցով, ինչը արդեն նախատեսված է «Հանրակրթության մասին» օրենքով: Լավագույն դպրոցի հիմնաքարը հզոր մանկավարժական կոլեկտիվն է, նվիրյալների այն թիմը, որը մի կողմ դնելով և' անձնական, և' սոցիալական շահը, կարող է աշխատել սրտացավ.  իր առարկայով ոգևորված մտնել դասարան ոչ թե դաս տալու, այլ կրթելու, աշակերտին ոգևորելու և մոտիվացնելու: Այս 12 տարիների ընթացքում մենք դժվարությամբ ենք ընտրել և ընտրում ենք նվիրյալ, առողջ մտածելակերպով, մեծահոգի, հմուտ հոգեբան  ուսուցիչների, վերջապես իրենց վառ օրինակով դաստիարակող մանկավարժների… Մանկավարժը պետք է սիրի իր աշակերտին որպես գործընկերոջ, փորձառու մանկավարժները (ցավոք շատ քիչ են) պետք է ոգևորվեն և ոգևորեն երիտասարդ կադրերի բազմիմացությամբ և իր մանկավարժական փորձը սիրով փոխանցի երիտասարդներին: Սակայն, որպես կանոն, ուսուցիչը մտնելով դպրոց, առաջին հերթին մասնավոր պարապմունքների մասին է մտահոգվում, որը և հանրապետության դպրոցների ներկայիս վիճակի գլխավոր պատճառն է հանդիսացել: Խորհրդային հոգեբանություն ունեցող ուսուցիչը իր անձնական շահից ելնելով, մանկական փխրուն հոգիներում արհամարհամք ու անհարգալից վերաբերմունք է սերմանում իր մրցակից գործընկերոջ ու նոր մեթոդներով աշխատող, նույնիսկ պահանջկոտ տնօրինության դեմ: Ցավոք, դեռ միտում կա փորձել արհեստականորեն բարձրացնելով աշակերտի գնահատականը, ծնողին ներկայանալ որպես լավագույն ուսուցիչ: Մանկավարժը, և ընդհանրապես մարդը, ինքը չէ, որ պետք է ստիպի աշակերտին կամ ծնողին սիրեն իրեն: Ոչ մի տնօրեն, հատկապես մասնավոր դպրոցի, լավագույն ուսուցչին բարի ճանապարհ չի ասի…մանավանդ, որ պահանջարկը կա ակադեմիական գիտելիքներով հարուստ հմուտ մանկավարժների… և շատ: Փորձում եմ տեսականորեն որոշել այսօրվա ուսուցչի աշխատավարձի այն սահմանը, որի դեպքում մասնավոր պարապելու անբարո դրսևորումներ տեղի չեն ունենա: Դժվարանում եմ, որովհետև արդեն գործ ունենք մասնագիտական խառնվածքային տարբեր դրսևորումների հետ: Այսպես, մինչև ներկայիս կայուն աշխատակազմի ստեղծումը մենք հարկադրաբար դադարեցրել ենք բոլոր այն «մանկավարժների» աշխատանքը, ովքեր փորձել են մասնավոր դպրոցում զբաղվել դարձյալ մասնավոր գործունեությամբ, այն ինչ մեր դպրոցը հիմնել ենք պետական ծրագրային բոլոր պահանջներն իրականացնելու նպատակով` միմիայն դպրոցի շրջանակներում: 2.Կարևոր է նաև հասարակության,հատկապես  ծնողների վերաբերմունքը կրթության նկատմամբ: Մենք, հիմնադիրներս, ներդրեցինք անաչառ քննությունների անցկացման համակարգ, հատկացրեցինք անվճար ուսուցման տեղեր ստեղծելու մրցակցային դաշտ` աշակերտներին և նրանց ծնողներին նպատակամղելու դեպի որակյալ կրթություն, սակայն ի հայտ եկան տնօրենություն-ծնող և մանկավարժ-ծնող զավեշտական երևույթներ: Հաճախ շատ ծնողներ նույնպես պատրաստ չեն մտնելու ազնիվ կրթական դաշտ, դեռևս շարունակում են վազել բարձր թվանշանների ետևից` չգիտակցելով, որ անցել են արհեստական  բարձր թվանշանների ժամանակները և ոչ բոլորն են գիտակցում, որ այսօրվա դպրոցը երեկվանը չէ: Այսօրվա ծնողներին կարելի է դասակարգել. ա/ ծնողներ, որոնք նախապատվությունը տալիս են դպրոցի տնօրենության անաչառությանը, սկզբունքայնությանը, հետևողականությանը, մանկավարժի նկատմամբ հավատին ու հարգանքին, որակյալ ուսուցմանը: Այս պարագայում երեխան համանման պահանջներով գործող դպրոցի հարկի տակ ստանում է համակողմանի դաստիարակություն, ավելի լավ է սովորում և հասնում է իր նպատակին: բ/ծնողներ, որոնք իներցիոն կարգով գերադասում են իրենց երեխաների համար ապահովել արհեստականորեն բարձրացված թվանշաններ ու կեղծ գովասանագրեր, «բարեկամանում են» մեր օրերի «դասատուների» հետ` ստվեր գցելով բարոյական և մակավարժական բարձր հատկանիշներ ունեցող պահանջկոտ ու օրինապաշտ մյուս մանկավարժների վրա, պղտորում են դպրոցի մթնոլորտը:Այս դեպքում  ծնողը երբեք չի կարող վստահ լինել, որ իր երեխան լավ մարդ կդառնա և հարուստ գիտելիքներով կյանք կմտնի: գ/ այս խմբի մեջ մտնում են այն ծնողները, ովքեր հեռու լինելով կրթությունից (նաև զբաղված լինելու պատճառով), խարխափում են լավ ու վատ, ճիշտ ու սխալ, հեշտ ու դժվար կրթական քաոսում և չգիտեն կրթական բարեփոխումների ներկա փուլում ինչ սկզբունքներով առաջնորդվել` «լավագույն» տարբերակ ընտրելով բարձր դասարաններում երեխային պարապել տալու սցենարը, որը նույնպես կործանարար ազդեցություն է թողնում և աշակերտի, և դպրոցի վրա: 3.  Լավագույն դպրոցի ապագան  խելացի, զարգացած, գիրքն ու գիտելիքը գնահատող աշակերտական հզոր բանակ ունենալու մեջ է: Դրա համար չափազանց կարևոր է պետական և ոչ պետական դպրոցների միջև օրենսդրական դաշտի հավասարեցումը և կրթական մրցակցության ապահովումը: Նման մրցացություն պետք է առաջացնել նաև պետական դպրոցների միջև, որին կարելի է հասնել կրթության որակի համակարգի ներդրման և դպրոցների հավատարմագրման գործընթացների իրականացման հետևանքով: Այսօր ծնողը պետք է քաջ գիտակցի, թե իր երեխային ի՞նչ խորացված գիտելիքներ են անհրաժեշտ և դրան ի՞նչ ճանապարհով կարելի է հասնել: Եթե որակի գնահատման պետական չափանիշներով իրականացվի դպրոցների տարբերակում և ծնողը ազատորեն կատարի դպրոցների ընտրություն, ապա դպրոցների միջև կկատարվի աշակերտների և ռեսուրսների վերաբաշխում: Ի հայտ կգան բարձր վարկանիշով ուժեղ դպրոցներ, կբարձրանա մանկավարժական կազմի աշխատավարձը, կվերանան հասարակական բացասական բազմաթիվ երևույթներ: Եթե խթանվեն մասնավոր դպրոցները և պետությունը հատկացնի անվճար տեղերի որոշակի քանակ, մրցակցություն կառաջանա աշակերտների միջև և բնականաբար հնարավորություն կստեղծվի ընտրելու լավագույն աշակերտների: 4.Շատ կարևոր է պետության դերը Այսօր կրթությունը ոչ բիզնես է, ոչ առևտուր և ոչ  էլ կազինո, իսկ կրթությամբ զբաղվողները` նվիրյալներ են, ուրախանում և հպարտանում են իրենց շրջանավարտների, իրենց աշակերտների հաջողություններով… Ամբողջ աշխարհում կրթությունը իրականացվում է հովանավորների աջակցությամբ, իսկ մենք հարկեր ենք տալիս պետությանը` կրթություն իրականացնելու համար, այն էլ դպրոցի… Իսկ կրթության դերը, հատկապես հանրակրթության գնահատող շատ պետություններ, դպրոցներին ազատում են  հարկերից... Սիրելի ժողովուրդ, դպրոցը օգնության կարիք ունի, անկախ նրանից ՍՊԸ է, ՓԲԸ է, թե պետական… Աջակցեք արժանի դպրոցներին: Ողջ կրթական համակարգը, հատկապես հանրապետության մարզերի դպրոցները, համընդհանուր և միաժամանակյա օգնության կարիք ունեն: Որպես առաջին փուլում նոր մոտեցում, առաջարկում ենք Երևան քաղաքի վարչական տարածքներում և հանրապետության բոլոր մարզկենտրոններում զարգացնել արդեն համեմատաբար բարձր վարկանիշ ապահովող մի քանի դպրոցներ: Ավելի նպատակահարմար է ֆինանսական ներդրումները կենտրոնացնել դպրոցաշինության  այս դաժան ճանապարհը անցած հանրապետության ութսունից հարյուր լավ դպրոցներում, որոնք որպես լավագույն միջուկի դեր կարող են խաղալ հարևան դպրոցների համար… Այնպես որ մեկ-երկու էլիտար դպրոցով հանրապետական կրթական համակարգի բարեփոխման խնդիրը հնարավոր չէ լուծել: Ընտրենք խնդրի լուծման համահանրապետական և համակարգային լուծման տարբերակը: Պետության և ուսուցչի խնդիրը որակյալ և մնայուն գիտելիքների մատուցումն է, իսկ ծնողի և աշակերտի խնդիրը` որակյալ կրթական ծառայության արժևորումն ու ստացումը... Առաջիկայում սպասվող անաչառ բարենորոգումները էական նշանակություն ունեն: Այդպիսիք են ուսուցիչների տարբերակման նպատակով ատեստավորումը և տնօրենների որակավորման համակարգի ներդրումը: Այնուամենայնիվ, Հռոմ հասնում են տարբեր ճանապարհներով... Կարևորը` Հռոմ հասնել: Հովիկ Մուսայելյանի կոչը` «Կրթության ոլորտը պետք է փրկել այնպիսի շարժման միջոցով, որով 88 թ.-ին հայերը  փրկեցին Արցախը», մեզ շատ ոգևորեց… Սուսաննա Օհանյան «Օհանյան» կրթահամալիրի տնօրեն

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված