ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Հայաստանում մահացության ցուցանիշը դեռևս բարձր է



Հայաստանում կյանքի միջին տևողությունը 74 տարի է: Կանանց և տղամարդկանց  միջև կյանքի տևողության տարբերությունը 7 տարի է` կանանց կյանքի միջին տևողությունը մոտ 77 տարի է, տղամարդկանցը` 70: Այսօր «Ուրբաթ» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը ներկայացնում էր առողջապահության բնագավառում առկա իրավիճակն ու զարգացումները: Մահացության ցուցանիշը  դեռևս բարձր է: Ընդ որում` Հայաստանում ավելի շատ մահանում են սիրտ-անոթային  հիվանդություններից, այնուհետև` չարորակ նորագոյացությունների պատճառով, ապա` շնչուղիների, մարսողական, տրակտի, թունավորումների և այլն:  Ըստ փոխնախարարի` ուռուցքային հիվանդություններին պետք է մեծ ուշադրություն դարձնել, շատ կարևոր է այդ հիվանդության հայտնաբերումը վաղ փուլում: Մանկական մահացության ցուցանիշը տարեցտարի նվազում է, ինչը փոխնախարարի խոսքերով, կառավարության և առողջապահության նախարարության աշխատանքների հետևանք է: Մանկական մահացությունների մեջ մեծ թիվ են կազմում նորածնային մահացությունները` 0-1տ երեխաները հիմնականում մահանում են մինչև 1 ամսականը: Ինչ վերաբերում է հետազոտություններին, ապա մեծ թիվ է կազմում կրծքագեղձի զննումը: «Մեր վերարտադրողական տարիքի կանայք պատշաճ ուշադրություն չեն դարձնում իրենց առողջությանը, նրանք պետք է պարբերաբար անցնեն զննում»,- արձանագրում է Թ. Հակոբյանը: Հիվանդացությունների ցուցանիշում առաջին տեղում շնչառական օրգանների հիվանդություններն են, որովհետև այստեղ ներառված են նաև սուր շնչառական հիվանդությունները: Երկրորդ տեղում են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, ապա` մաչսողական օրգանների, ներզատական համակարգի հիվանդությունները: Վերոնշյալ հիվանդությունների դեպքում, փոխնախարարի գնահատմամբ, թե´ հիվանդացումներն են բարձր, թե´ մահացությունները: Թաթուլ Հակոբյանի խոսքերով` հղիների վաղ հաշվառման և խնամքի մակարդակը Հայաստանում բարձրացել է. «Էականորեն նվազել են բողոքները»,- ասաց նա: Ինչ վերաբերում է բժիշկներին, ապա բարձր մակարդակ կա Երևանում, ինչը, ըստ փոխնախարարի, պայմանավորված է այստեղի առաջնակարգ բժշկական հաստատություններով: «Մենք ունենք բժիշկների օպտիմալ մակարդակ, բայց նրանց բաշխվածությունը օպտիմալ չէ»,- նշում է փոխնախարարը: Նա արձանագրում է, որ մարզային առողջապահությունը կադրերով համալրելու կարիք ունի: Այդ նպատակով պետպատվերի շրջանակներում սովորող օրդինատորների հետ պայմանագիր են կնքում, որը նախատեսում է պետության կողմից նրա ուսման վարձի վճարում և փոխարենը ամենաքիչը երեք տարի որևէ շրջանի հիվանդանոցում աշխատանք: Ինչ վերաբերում է ընտանեկան բժիշկներին, ապա Թաթուլ Հակոբյանի կարծիքով` այստեղ մեծ ձեռքբերումներ ունենք: Ըստ բանախոսի` ծխախոտամոլության մակարդակը մեզանում շատ բարձր է` համեմատած ԱՊՀ և հարևան երկրների հետ: Թաթուլ Հակոբյանը նշում է, որ քարոզչությունը չի տալիս ցանկալի արդյունք, անհրաժեշտ է ծխախոտի գնի կտրուկ աճ: Միայն այդ դեպքում կունենանք արդյունք. եթե ծխախոտը թանկ լինի, ապա մարդիկ չեն գնի, արդյունքում ծխողներ քիչ կունենաք, կկանխարգելենք թոքի քաղցկեղը, սիրտ-անոթային հիվանդությունները: Ըստ բանախոսի` Եվրոպայում այլևս թույլ չեն տալիս ծխել որևէ շենքային պայմաններում և ծխողներին կամաց-կամաց արտաքսում են միջավայրից: «Ալկոհոլի օգտագործման առումով մեր մոտ վիճակը բարվոք է»,- արձանագրում է Թաթուլ Հակոբյանը: Մեզանում 1 շնչի հաշվով 1,4 լ ալկոհոլ է հասնում, իսկ ԱՊՀ-ում` 7,7լ, Եվրոմիության երկրներում`1 շնչի համար 11,4 լ: Փոխնախարարը ասում է, որ սա դեռ չի նշանակում, որ պետք չէ մտահոգվել: 2009թ ա,մենահաջողված ծրագրերը, ըստ փոխնախարարի, ծննդօգնության հավաստագրերի ներդրումն է, գրիպի դեմ պայքարի ծրագիրը և բժշկական հաստատությունների կառավարման մակարդակի բարձրացումը: Բժշկական հաստատությունները տարին փակեցին 1,4 մլրդ դրմի պարտքի նվազեցումով: Տարին նշանավոր էր նաև Հրազդանում բժշկական կենտրոնի բացմամբ: Փոխնախարարի խոսքերով` այս տարի նման կենտրոններ կունենանք Արարատում, Արմավիրում, Իջևանում: 2010թ ամենակարևոր ծրագրերից մեկը տարածքային համաչափ զարգացման և արդիականցման ծրագիրն է, որի արդյունքում շահագործման կհանձնվեն Գորիսի, Արմավիրի, Արարատի, Իջևանի բժշկական կենտրոնները, կվերակառուցվեն Գավառի, Ապարանի բժշկական կենտրոնները, Գյումրիում կստեղծվի նոր բժշկական կենտրոն: Այս ամենի արդյունքում նախատեսվում է մարզերում ունենալ բարձր որակի բժշկական կենտրոններ և խուսափել հիվանդների անհարկի ուղևորումներից մայրաքաղաք: 2010թ մյուս կարևոր ծրագիրը շտապօգնության ծառայության արդիականցման ծրագիրն է, որը սկսվելու է տեխնիկական վերազիննումից մինչև բուժաշխատողների գիտելիքների և հմտությունների բարձրացում: «Էականորեն պետք է փոխել ծառայությունների որակը»,- նշում է փոխնախարարը: Երրորդ գերակա ուղղությունը դեղերի տնտեսական մատչելիության խնդիրն է: Այստեղ, բանախոսի խոսքերով, ենթադրում է օրենսդրական դաշտում փոփոխություններ, գների կարգավորում, գնաճի զսպում. «Պետք է հնարավորություն տալ ընկերություններին պատշաճ եկամուտ ունենալ, բայց ոչ ի հաշիվ գերշահույթների և բարձր գների»,- նշեց Թաթուլ Հակոբյանը:

Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված