Կիրակի, 17 նոյեմբերի

Հայաստանում ամենատարածվածը թոքի քաղցկեղն է



Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Ամբողջ աշխարհում  տարեկան հայտնաբերվում է քաղցկեղի 12 մլն նոր դեպք, և 7 մլն մարդ մահանում է քաղցկեղի պատճառով: Տարբեր երկրներում տարեկան աճը կազմում է շուրջ 2-4 տոկոս, Հայաստանում` 3 տոկոս: Հայաստանում ավելի տարածված է թոքի քաղցկեղը` տարեկան 1.100-ից ավելի դեպք, ապա կրծքագեղձինը` 900-ից ավելի, ստամոքսինը` 500-ից ավելի: 100.000 բնակչից Հայաստանում հիվանդանում է 227-ը: Ըստ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Բազիկյանի` մենք գտնվում ենք աղյուսակի միջին մասում: Ամենաարագ զարգացող հիվանդությունը արյան քաղցկեղն է, սուր լեյկոզները: 2008 թ. մեր հանրապետությունում հայտնաբերվել է քաղցկեղով հիվանդ 7336 մարդ, որից 40-45 տոկոսը դիմել են արդեն ուշացած: «Իսկ քաղցկեղի կարևորագույն մոտեցումը վաղ հայտնաբերումն է: Որքան շուտ է հայտնաբերվում քաղցկեղը, այնքան հաջողություններն ակնառու են»,- այսօր «Դե Ֆակտո» մամուլի ակումբում ասաց Գագիկ Բազիկյանը: Այսօր Հայաստանում հաշվառված է ավելի քան 29.000 քաղցկեղով հիվանդ, ըստ որում` 15.707-ը թևակոխել է բուժման 5  տարվա ժամկետը: Բժշկի խոսքերով` սա մեր փոքր հանրապետության համար բավականին մեծ թիվ է: Քաղցկեղն ունի զարգացման 4 փուլ: «Այն հիվանդները, ովքեր գիտեն իրենց հիվանդության մասին, ավելի զգոն են, ավելի ուշադիր են, ավելի պարտաճանաչությամբ են կատարում բժշկի ցուցումները: Այսօր կան հիվանդներ, որոնք պահանջում են իրենց ախտորոշումը, և օրենքով էլ սահմանված է, որ հիվանդը կարող է իմանալ իր հիվանդության մասին»,- նշում է Գագիկ Բազիկյանը: Խորհրդային տարիներից մինչև հիմա հիվանդներին չեն ասում իրենց ախտորոշումը: Միայ հիվանդի հարազատներին են հայտնում քաղցկեղի առկայության մասին` հիվանդին չասելու պայմանով: «Մարդիկ վախենում են քաղցկեղ ախտորոշումից: Քաղցկեղը ընդամենը հիվանդություն է, ոչ թե մահապատիժ: Մեր առողջությունը Աստծո շնորհք է և ստացել ենք մեր ծնողներից: Քանի որ ձրի ենք ստացել այդ առողջությունը և կյանքը, թեթևակի ենք նայում մեր կյանքին, մեր առողջությանը»,- մեկնաբանում է Գագիկ Բազիկյանը: Ըստ նրա` քաղցկեղը նենգ հիվանդություն  է, չունի բնորոշ ախտանիշներ և հիմնականում մեծահասակների հիվանդությունն է: «Մենք անխնա ծախսում ենք մեր իմունային համակարգը` ծխում ենք, խմում ենք: Անկանոն սնունդը, սթրեսները, ուրբանիզացիան ազդում են մեր առողջության վրա»,- նշեց Բազիկյանը: Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրենն ասում է, որ քաղցկեղը 100 տոկոսով բուժել հնարավոր է: Ուռուցքի բուժման 5 եղանակ կա`վիրաբուժություն, ճառագայթային բուժում, քիմիաթերապիա, իմունաթերապիա, հորմոնալ բուժում: Բժիշկները հնարավորություն ունեն ընտրելու բուժման ամենաարդյունավետ տեսակը տվյալ հիվանդի համար: Բժիշկը կարող է պատասխանատվության ենթարկվել, եթե նա ինչ-որ սխալ է արել ախտորոշման կամ բուժման մեջ: Բազիկյանի խոսքերով` ուռուցքային հիվանդի բուժումը ամենթանկ բուժումներից մեկն է, իսկ այն բոլոր մեթոդները, որոնք արձանագրված չեն պետության և առողջապահության նախարարության կողմից, հանցագործ մեթոդներ են, բայց նաև հնարավոր չէ դրանց կանխումը: Օրինակ` սիսեռաբուժությունը, հեքիմների բուժումը և այլն: Բջջային հեռախոսները և «ֆասթ ֆուդը» ևս կարող են քաղցկեղի առաջացման պատճառ լինել: Բժիշկը խորհուրդ է տալիս հեռախոսով երկար չխոսել և օգտագործել միջնորդ սարքը: «Նախ եղեք ուրախ, դա շատ կարևոր է իմունային համակարգի համար և երկարացնում է կյանքը, երկրորդ տեղում սնունդն է, քիչ նյարդայնացեք»,- խորհուրդ է տալիս Գագիկ Բազիկյանը:

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված