Հինգշաբթի, 14 նոյեմբերի

Ա. Հարությունյան. «Մարդը պետք է ունենա խաղի իր կանոնները` բոլորի համար տեսանելի եւ հասկանալի»



«Ես տան փոքրն էի եւ բոլորի հրահանգները կատարում էի` այգի խնամել, հողամաս քանդել, ծառեր սրսկել եւ այլն: Ես սիրով էի այդ գործերը կատարում: Երբ մի հանձնարարություն իջնում էր վերեւից, պետք է կատարեի, ձեւ չկար: Մեծ եղբայրներս ինձ ճնշում էին»,- պատմում է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Ընտանիքում 4 երեխա են` 3 եղբայր եւ մեկ քույր: Նախարարի մանկությունն անցել է Եղվարդում, իրենց հետ ապրել է նաեւ տատը:

Ծնողներն աշխատում էին, եւ երեխաներն ավելի շատ շփվում էին տատի հետ: «Մեր ընտանիքի առաջնորդը տատիկս էր, ինքն էր որոշողը, երբ փողոցում մեզ նեղացնում էին, իրեն էինք դիմում, մեր շտապօգնությունն էր, մեր փրկիչը»,- ասում է նախարարը: Հայրը վարորդ էր, մայրը` արխիվի վարիչ: «Հայրիկիս թեզն էր` չծխել, նա ասում էր` ես ամեն հնարավորություն ձեզ համար ստեղծում եմ, եւ դուք պարտավոր եք սովորել, պարտադիր դասերը ստուգում էր: Հայրական ապտակներ ստացել եմ մեքենան փախցնելու համար»: Նախարարը հիշեց իր մանկական կռիվները. «Եթե մի շաբաթ իրար չտփեինք, էդ ձեւ չէր: Միշտ կռիվներ ունենում էինք բարձր դասարանցիների հետ: Մենք միշտ քանակական առումով քիչ էինք, եւ ծեծում էինք եւ ծեծվում: Ինձ «ղուշ» էին ասում, քանի որ այդ բոլոր կռիվներում ես միշտ փորձում էի խաղաղություն մտցնել»: Ինչ վերաբերում  է նախարարի ներկայիս «Բուլկի» մականվանը, նրա խոսքերով` երբ ինքը դեռ Քաղաքաշինության նախարար էր, թերթերից մեկը գրեց եւ այդպես էլ մնաց: Նախարարը հիշեց նաեւ դպրոցական չարաճճիությունները, օրինակ` երկրորդ հարկի պատուհանից թռչել, դասերից փախչել եւ այլն: Հայրը ոչ մի անգամ դպրոց չի գնացել, իսկ մոր հետ հեշտ էր «լեզու գտնել»: «Գնում էինք Արզնի-Շամիրամ ջրանցքում լողանում եւ հարակից այգուց մրգեր գողանում, մեզ հալածում էին, մեկ-մեկ էլ` բռնում, տղա ես` փախիր»,- պատմում է նա:

Արամ Հարությունյանը ծնվել է 1967 թ. հուլիսի 20-ին, Նաիրիի շրջանի Եղվարդ գյուղում: 1985-1992 թթ. սովորել է Երեւանի պոլիտեխնիկական  ինստիտուտում: 1984-1985 թթ. աշխատել է Նաիրիի ճանապարհաշինարարական տեղամասում` որպես բանվոր: 1985-1987 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1988-1992 թթ. «Նաիրի» ագրոֆիրմայի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղարն էր: 1992-1994 թթ. ՌԴ-ում զբաղվել է առեւտրային գործունեությամբ: 1994-1996 թթ. «Հայինկոմսպասարկում» ՊՁ տնօրենն էր, իսկ 1996-1999 թթ.` «Հայպտուղարտ» ՊՁ-ի տնօրենը: 1999-2003 թթ. ԱԺ պատգամավոր էր, ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, իսկ 2003 թ. մայիսից` ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2004-2007 թթ. ղեկավարում էր Քաղաքաշինության նախարարությունը: 2007 թ. հունիսից ՀՀ բնապահպանության նախարարն է: Արամ Հարությունյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:

Սովորել եմ այնքան,  ինչքան ինձ բավարարել է քննությունները հանձնելու համար

«Ես ինքնուրույն մարդ եմ եւ ինքս եմ ընտրել մասնագիտությունս: Ուզում էի եղբորս նման օդաչու դառնալ, բայց քանի որ ռուսերենս լավ չէր, չընդունվեցի: Դիմեցի պոլիտեխնիկական ինստիտուտ եւ ֆիզիկայից կտրվեցի: Հետո դիմեցի գյուղինստիտուտ, այնտեղ էլ մաթեմատիկայի բանավոր քննությունից կտրվեցի: Ամենակարեւորն այն էր, որ թոշակ ստանայի: Հետո էլի դիմեցի պոլիտեխնիկ, մասնագիտականը հանձնելուց բացի պետք է նաեւ շարադրություն գրեի, բախտներս բերեց` թողեցին արտագրեցինք: Լավ էի արտագրել, թոշակ ստացա: 1-ին կուրսից բանակ տարան: Բավական խիստ ծառայություն էր դեսանտային զորամասում: Սովորել եմ այնքան, ինչքան ինձ բավարարել է քննությունները հանձնելու համար»: Ուսանող ժամանակ նախարարը նաեւ աշխատում էր` բանվորություն է արել, ստեղծել է հեռուստակաբելային ծառայություններ առաջարկող ընկերություն: Ա. Հարությունյանը շատ իդեալներ է ունեցել` Սասունցի Դավիթը, Վարդան Մամիկոնյանը. «Ինձ համար իդեալ իմ ընտանիքն է, եւ ես կուզենայի իրենք ավելի լավը լինեն, քան ես, ավելի կրթված եւ ապրեն ավելի լավ երկրում, որը հիմա մենք կառուցում ենք: Մենք հզոր ենք առանձին-առանձին, միասին յոլա չենք գնում»: Նախարարն իրեն համարում է սկզբունքային մարդ. «Երբեք իմ սկզբունքներին չեմ դավաճանում: Նախ` ամեն մարդ պետք է իր խոսքը պահի, մարդը պետք է ունենա խաղի իր կանոնները` բոլորի համար տեսանելի եւ հասկանալի: Հիմք չունենալով առաջ գնալը ճիշտ չէ, ամեն ինչ պետք է տրամաբանված եւ հիմնավորված լինի: Ես միշտ իմ առաջ նպատակ եմ դնում եւ փորձում եմ հասնել դրան: Ինձ համար ամենակարեւոր խնդիրը եղել է տրամաբանությունը զարգացնելը»: Նախարարն իր առավելությունը համարում է համեստությունը եւ ազնվությունը. «Շատ ուժեղ նյարդային համակարգ ունեմ, պետք է իմանաս` ինչ իրավիճակում ես, որ կարողանաս ելքեր որոնել: Ամենալուրջ թերությունը ժամանակի պրոբլեմն է, որը թույլ չի տալիս բոլորի հետ շփվել: Շատ դժվար եմ նեղանում, բայց որ նեղանում եմ` էլ չեմ հաշտվում»: Իր խոցելի կողմերը նախարարը չթվարկեց` նշելով, որ կյանքն ինքնին խոցելի է: Նախարարի խոսքով` շատ կարեւոր է, երբ մարդ մենակ է մնում, հենց այդ ժամանակ սկսում է մտածել սխալների մասին. «Երբ պարաշյուտով թռնում ես, ադրենալինդ այնքան է բարձրանում, որ մտածում ես, թե ինչու այս բանն արեցի: Երբեմն անտեղի նեղացնում ենք իրար: Եթե սխալ եմ գործում, ապա անպայման ներողություն եմ խնդրում, ես երբեք չեմ ամաչում ներողություն խնդրելուց»: Ա. Հարությունյանը նորմալ է վերաբերվում իր հասցեին հնչող քննադատությանը, անպայման հետեւություններ է անում:

Ամեն ինչ անում եմ, որ տանը, ընկերների շրջապատում ինձ նախարար չզգամ

Ա. Հարությունյանն ընկերության մեջ գնահատում է ազնվությունը եւ պարզությունը. «Ընկերները չեն տրվում եւ չեն վերցնում, դրանք ճակատագրով են, եւ տեսակը տեսակի հետ պետք է ընկերություն  անի»: Նախարարի ընկերական շրջապատում դասարանցիներն են, համակուրսեցիները եւ աշխատանքային ընկերները: «Ես ամեն ինչ անում եմ, որ տանը, ընկերների շրջապատում  ինձ նախարար չզգամ»: Ա. Հարությունյանն ամուսնացած է եւ ունի երեք երեխա: Ասում է` իր կնոջ մեջ սիրում է ամեն ինչ: Նախարարի դուստրերը «Քվանտ» վարժարանում են սովորում, ավագ դուստրը ցանկանում է միջազգային տնտեսագետ դառնալ: Հայրն աղջիկների վրա զայրանում է մինչեւ ուշ գիշեր կարդալու համար, իսկ 5 տարեկան տղային ստիպում է պատճառաբանել, թե ինչու է ինչ-որ բան ուզում անել: «Մենք ենք, մեր սարերը» եւ «Տղամարդիկ» ֆիլմերը նախարարի նախընտրած ֆիլմերն են: Հայկական հեռուստահաղորդումներից դիտում է «Կարգին հաղորդումը», քաղաքական շարքից` «Չորրորդ ստուդիան»: Կարդացած վերջին գիրքը նախարարը չհիշեց, ասում է` գիրք քիչ է կարդում, նշեց իր սիրելի գիրքը` «Տասներկու աթոռ»: Նախարարը սիրում է երաժշտությունը բարձր լսել, ասում է` միայն տանգո ու մուղամ չլինի, նախընտրում է հայկական աշխույժ երաժշտություն` Թաթա, Արամե եւ ուրիշներ: Բնապահպանության նախարարը չի ծխում, խմում է առիթից առիթ: Առողջ ապրելակերպ է վարում. «Ձիավարությամբ եմ զբաղվում, արշավների եմ գնում, ամեն շաբաթ գնում եմ Սեւան` լողանալու»: Խոսելով բիզնեսների մասին` Արամ Հարությունյանը նշեց, որ ներգրավված է շինարարական եւ ռեստորանային բիզնեսում:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված