Երեքշաբթի, 19 նոյեմբերի

Մկրտիչ Մինասյանը «ոչ հավից է տեղյակ, ոչ էլ ձվից»



Ինչի համար Տիգրան Կարապետյանը նրան «այլմոլորակային» անվանեց «Եթե որևէ ընտրատարածք գալիս են 20 տոկոս ընտրողներ, ապա մենք ունենք ազգային անվտանգության խնդիր: Ինչո՞ւ է այնպես ստացվում, որ միշտ ընտրվում է այն թեկնածուն, որին որոշակիորեն սատարում է Հանրապետական կուսակցությունը»,- այսօր «Հայելի» ակումբում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանին հարցրեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Հանրապետական պատգամավորը պատասխանեց, որ իր կուսակցությունը 10-րդ ընտրատարածքում որևէ թեկնածուի չի պաշտպանել: Երկու բանախոսներն էլ նշեցին, որ այդ ընտրություններին հանրությունը պասիվություն դրսևորեց, և ձայներ ստացավ ոչ այնքան հայտնի թեկնածուն: Մկրտիչ Մինասյանն ասաց, որ շատ հպանցիկ ծանոթություն ունի Արա Սիմոնյանի հետ, որի կենսագրությունը կարդացել է իրենց դռան դիմաց թողնված թերթիկից: Տիգրան Կարապետյանի համոզմամբ` թիվ 10 ընտրատարածքում ընտրակաշառք է բաժանվել: Մկրտիչ Մինասյանը նշեց, որ ինքը Կենտրոն համայնքի բնակիչ է, «ոչ հավից է տեղյակ, ոչ էլ ձվից»: Այս «անտեղյակության» համար Տիգրան Կարապետյանը նրան անվանեց «այլմոլորակային»: Անդրադառնալով Արցախի խնդրին` Մկրտիչ Մինասյանը կարծիք հայտնեց, որ 15 տարվա ամենամեծ ձեռքբերումն այն է, որ Ղարաբաղը կարող է դառնալ բանակցային կողմ: ԺԿ նախագահն էլ հակված է մտածելու, որ այժմ ոչ ոք շահագրգռված չէ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծմամբ, և դրա լուծումը «մեծ բլեֆ է»: Ի տարբերություն Մկրտիչ Մինասյանի` Տիգրան Կարապետյանը համոզված է, որ որ հայ-թուրքական արձանագրություններն ու Արցախի խնդիրը կապված են իրար հետ: ԺԿ ղեկավարի համոզմամբ` հայ-թուրքական արձանագրությունները ոչինչ չեն տալիս` բացի վնասից: Նա դեմ է արձանագրություններին, բայց կողմ է սահմանի բացմանը: Իսկ ԱԺ պատգամավորն էլ ասաց, որ առանց արձանագրությունների սահմանները չեն կարող բացվել: Անդրադառնալով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմանը` Տիգրան Կարապետյանը նշեց, որ մի հարցում չի լինում 2 շահող, և ՍԴ-ն ոչինչ չի փոխել` պարզապես սահմանն անվանել է անցակետ: Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, որ քաղաքականության մեջ լինելու համար խելք պետք չէ, Մկրտիչ Մինասյանը նշեց, որ իրենց կուսակցությունում բոլորը խելք ունեն, բայց ոչ բոլորը` փորձ և հմտություն: Իսկ Տիգրան Կարապետյանն ասաց, որ կոճակ սեղմելու համար խելք պետք չէ: Բանախոսները կարծիք հայտնեցին, որ կուսակցություններն ընտրվում են ժողովրդի կողմից: «Ժողովրդի ձայնը Աստծու ձայնն է և որոշիչ է»,- այս հարցում երկու բանախոսներն էլ համակարծիք էին:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված