ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ



2010 թ. երիտասարդների արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնը կնշվի հունվարի 30-ին: Տոնը նշվում է Ս. Հարության տոնից 35 օր անց: Հունվարի 30-ին Ս. Պատարագ և երիտասարդների օրհնության կարգ կլինի Ս. Սարգիս անունը կրող եկեղեցիներում, որոնք բաց կլինեն մինչև ժ. 21:00: Հոգևորականները կօրհնեն բոլոր երիտասարդներին և տոնի մասին պատմող գունազարդ բացիկներ կնվիրեն: Բացիկները կբաժանվեն Երևանի բոլոր եկեղեցիներում: Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանի պատասխանատու Էլիզա Մանուկյանը «Հետք»-ի հետ զրույցի ժամանակ նշեց, որ տարեցտարի Ս. Սարգսի տոնը ավելի մեծ աշխուժությամբ են նշում, երիտասարդները ավելի ակտիվ են դառնում, մինչդեռ մի քանի տարի առաջ Վալենտինի տոնն էր միայն նշվում: Հունվարի 30-ին` ժ. 15:30-ին, Արարատյան Հայրապետական թեմը «Սիրահարների զբոսայգում» կազմակերպելու է տոնախմբության, որի ժամանակ կլինեն համերգային ծրագիր, ձիավոր` նվերներով, հյուրասիրություն և այլ անակնկալներ: Ինչպես տեղեկացնում է www.qahana.am կայքը, եկեղեցիների բակերում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ` երգչախմբերի, պարախմբերի, Ս. Սարգսին խորհրդանշող ձիավորի մասնակցությամբ: Ներկաներին կբաժանվեն նվերներ և բացիկներ: Հունվարի 28-ին տոնական միջոցառումներ կկազմակերպվեն Կոնդի Ս. Հովհաննես Մկրտիչ և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Ս. Սարգիս եկեղեցիներում, հունվարի 29-ին` Առաջնորդանիստ Ս. Սարգիս, ինչպես նաև Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցիներում: Հունվարի 30-ին ցուցահանդես կկազմակերպվի նաև Նկարիչների միության տանը: Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է: Այս տարի հայտարարվել է նաև սիրո իրական պատմությունների և երիտասարդ ստեղծագործողների մրցույթ: Անվանակարգերը երեքն են` «Ս. Սարգիս` մեր սիրո բարեխոս», «Ս. Սարգիս` մեր ամուր ընտանիքի բարեխոս», «Ս. Սարգիս` ամուր ընտանիք, ամուր Հայրենիք»: Յուրաքանչյուր անվանակարգի համար սահմանված է երեք դրամական պարգև: Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի կողմից ընտրված հանձնաժողովի անդամները կընտրեն լավագույն աշխատանքները: Դրամական մրցանակից բացի` հաղթողներին կտրվի նաև տոնը խորհրդանշող հուշանվեր: Էլիզա Մանուկյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ մոտ 400 աշխատանք են ստացել, և հանձնաժողովը արդյունքները կամփոփի մինչև շաբաթվա վերջ: Նա նշում է, որ երբ այս մրցույթը կազմակերպում էին առաջին անգամ, մեծ թիվ էին կազմում հորինված սիրային պատմությունները: Ամենալավ աշխատանքները ստացվել են 2007 թ., երբ շատ դժվար էր որոշել լավագույններին: Ինչ վերաբերում է այս տարվա աշխատանքներին, ապա Էլիզա Մանուկյանի խոսքերով` շատ էին պրիմիտիվ աշխատանքները, բայց կային նաև լավ նյութեր: Լավագույն պատմությունները կտպագրվեն Արարատյան Հայրապետական թեմի «Շողակն Արարատյան» պաշտոնաթերթում:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված