Երեքշաբթի, 12 նոյեմբերի

«Սևանա լճի մակարդակը տարեկան պետք է բարձրացվի 20,1 սմ-ով



Սևանի հիմնահարցերով զբաղվող հանձնաժողովը 2010թ նախատեսում է անցկացնել 25 միջոցառում: Սևանա լճի մակարդակի բարձրացման, ջրի մաքրության ապահովման, կենսաբազմազանության ընդլայնմանն ուղղված միջոցառումներից բացի` հանձնաժողովը 2010թ մտադիր է նաև հետևել քաղաքաշինական նորմերի պահպանությանը, Սևան-Հրազդան կասկադի ջրանցքին, այսինքն` աշխատանքներն ընդգրկելու են ոչ միայն Սևանի ավազանը, այլև դրանից դուրս: Հանձնաժողովը մի շարք առաջարկներ է ներկայացրել կառավարություն, որոնց քննարկումները կավարտվեն մարտին: Սևանա լճի հիմնահարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի կարծիքով` իրենց ներկայացրած առաջարկությունները նախարարություններում տարակարծություններ չեն առաջացնի, քանի որ դրանք ամբողջ տարի քննարկվել են այդ գերատեսչությունների հետ: Հանձնաժողովի նախագահի կարծիքով` այդ միջոցառումներից ամենակարևորը Սևանա լճի մակարդակի բարձրացումն է: «Այսուհանդերձ բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն Սևանի մակարդակը 1903,5-ի հասցնելու համար»,- նշեց նա: Լճի մակարդակի բարձրացումը մի շարք խնդիրներ է առաջացնում, որոնցից առաջինը վերաբերում է շենքերին և շինություններին: Ջրի տակ կմնա 1697 շենքեր և շինություններ, որոնցից 481-ը ունեն պետական օրինական գրանցում, իսկ 1216-ը կառուցված են անօրինական: Վլադիմիր Մովսիսյանի խոսքերով` հուսադրող է այն, որ այդ 1216-ից 910-ը շարժական են, այսինքն` նրանց տեղափոխման խնդիրը դժվար չի լինի: «Անօրինականների հետ պետք է վարվել ՀՀ օրենքով սահմանված կարգով, օրինականների հետ` նույնպես: Ես ավելի օրինապաշտ ազգ չեմ տեսել, քան հայերը»: Օրինական շինությունների հետ կապված բոլոր փաստաթղթերը կուսոմնասիրվեն և եթե ամեն ինչ օրենքի սահմաններում լինի, իսկ այդ շինությունների համար կփոխհատուցվի: Լճի մակարդակի 1903,5 մետր հասցնելու հետևանքով ջրի տակ կմնա նաև 2789 հա անտառ, որոնք մաքրելու համար անհրաժեշտ է 1մլրդ 200մլն դրամ: «Մաքրումը պետք է կատարվի աստիճանաբար»,- նշում է Վլադիմիր Մովսիսյանը: Անտառներից բացի 15կմ մագիստրալ ավտոճանապարհները պետք է տեղափոխվեն, և դրա համար անհրաժեշտ է 4մլրդ 500 մլն դրամ: Ինժեներական ենթակառուցվածքներից ջրի տակ են մնալու 18կմ էլեկտրոհաղորդման գծեր, էլեկտրական կայաններ և դրանց փոխհատուցումը կատարվելու է Հայկական էլեկտրական ցանցերի գումարների հաշվին: Դրանց տեղափոխումը արժենալու է 1մլրդ 600մլն դրամ: Ջրի տակ են մնալու նաև տարբեր տրամագծերի և տարբեր ճնշումների գազատարներ, որոնց երկարությունը 19 կմ է, արժողությունը` 1,8 մլրդ դրամ, այդ ծախսերը հոգալու է «Հայռուսգազարտը»: Ջրի տակ են մնալու 11կմ երկարությամբ խմելու ջրագծեր, ոռոգելու համար ստեղծված 4 պոմպակայաններ: «Տնտեսությունը լրիվ գույքագրված է, և մեզ համար պարզ է, թե լճի մակարդակի բարձրացումը ինչ հետևանքներ կարող է ունենալ»,- նշեց Վ. Մովսիսյանը: Սևանա լճի մակարդակի բարձրացման ժամանակացույցի հիմքում դրված են 3 չափանիշ` լճի ակտիվ ջրատվությունը (տեղումներ, գոլորշացում), Արփա-Սևանով տեղափոխված ջրի քանակությունը և Սևանից տնտեսական նպատակներով բաց թողնված ջրի քանակությունը: Ըստ այդ ժամանակացույցի` Սևանի մակարդակը 1903,5 կլինի 2031թ-ին, այսինքն` լճի մակարդակը պետք է բարձրացվի 4մ 27սմ, տարեկան` 20,1 սմ-ով:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված