Հինգշաբթի, 14 նոյեմբերի

Հ. Քուշկյան. «Ես գոհ եմ իմ զբաղեցրած բոլոր պաշտոններից»



«Երբեք աշխատանքից չեմ հոգնում, ես կարող է չաշխատելուց հոգնեմ: Երեւի գենետիկայի շնորհիվ է, որ ես կարողանում եմ 24 ժամ գործի մեջ լինել, իմ կյանքը եւ աշխատանքը միասնական են»,- ասում է Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Նախարարի խոսքերով` ինքն առողջ ապրելակերպ է վարում, ժամանակ առ ժամանակ ոտքով քայլում է, արդեն տասը տարի է չի ծխում եւ առիթից առիթ հայկական կոնյակ է խմում:

Հարություն Քուշկյանը ծնվել է 1956 թ. ապրիլի 14-ին, Երեւանում: 1980 թ. ավարտել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: 1980-1981 թթ. աշխատել է որպես բժիշկ-ինտերն Երեւանի շտապ օգնության թիվ 2 հիվանդանոցում, 1981-1984 թթ.` շտապ օգնության բժիշկ Աշտարակի կենտրոնական շրջանային հիվանդանոցում, իսկ 1984-1985 թթ. շտապ օգնության թիվ 2 հիվանդանոցի կրծքային վիրաբուժության բաժանմունքի օրդինատոր էր: 1985 թ. էնդոկրին վիրաբուժության գծով վերապատրաստվել է Մոսկվայի էնդոկրինոլոգիայի եւ հորմոնների քիմիայի ինստիտուտում, իսկ 1986 թ. «Էրեբունի» հիվանդանոցում հիմնադրել է էնդոկրին վիրաբուժության բաժանմունք եւ ստանձնել բաժանմունքի վարիչի պարտականությունները: 1988 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ` «Դիֆուզ տոքսիկ խպիպի վիրաբուժական բուժումը իմունամոդուլյատորների կիրառմամբ» թեմայով: 1990 թ. վերապատրաստվել է Կալիֆոռնիայի USC բժշկական կենտրոնում: 1990-1992 թթ. աշխատել է «Էրեբունի» կլինիկական հիվանդանոցում որպես գլխավոր բժիշկ, 1992-2007 թթ.` «Էրեբունի» բժշկական կենտրոնի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն: 1993 թ. պաշտպանել է դոկտորական թեզ` «Սրտի ֆունկցիայի եւ իմունային համակարգի կորեկցիան վահանաձեւ գեղձի որոշ հիվանդությունների ժամանակ» թեմայով: 1993 թ. վերապատրաստվել է Հարվարդի բժշկական համալսարան/Բոստոնի Բեթ Իսրայել հիվանդանոցում: 1993 թ. Երեւանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր էր, 1995-1996 թթ.` ՀՀ ռազմաբժշկական վարչության պետ,1995-1999 թթ.` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: 1999 թ. վերապատրաստվել է Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի բժշկական կենտրոնում (UCLA): 2003 թ. Երեւանի պետական բժշկական համալսարանի գիտխորհուրդը նրան շնորհել է պրոֆեսորի գիտական կոչում: 2003 թ. Առողջապահության ազգային ինստիտուտի էնդոկրին վիրաբուժության ամբիոնի վարիչն էր: 2005 թ. ՀՀ օլիմպիական կոմիտեի բժշկական հանձնաժողովի նախագահն էր: 2006 թ. պարգեւատրվել է Մ. Հերացու անվան պետական մեդալով: 2007 թ.-ից առ այսօր ՀՀ առողջապահության նախարարն է: Հեղինակ է 57 գիտական աշխատությունների, 2 մենագրության, 3 նորարարական եւ նորամուծական առաջարկության:

Ես կարոտով եմ հիշում հայրական ապտակները

«Հայրս եւ մայրս երազում էին, որ իրենց երեխաները բժիշկ լինեն: Հայրս ուներ բազմաթիվ բժիշկ ընկերներ, պրոֆեսորներ, վաստակավոր մարդիկ, ովքեր մեր տան մշտական հյուրերից էին, եւ մեր տանը հաճախ էր լինում խոսակցություն բժշկությունից: Երբ արդեն եկավ որոշելու ժամանակը, ես խորհրդակցեցի հայրիկիս հետ եւ որոշեցինք, որ պետք է բժիշկ դառնամ: Բժշկի մասնագիտությունը իմ կյանքն է, իմ ապրելու ձեւը»: Նախարարի հայրը ինժեներ-տեխնոլոգ էր, 2 տարի առաջ է մահացել, իսկ մայրը գրադարանի վարիչ էր: «Չեմ կարող ասել, որ լսող չեմ եղել, իհարկե խախտել եմ ծնողի կողմից որոշ դրվածքներ, օրինակ` ասել է այս ժամին տուն արի, ես մի հինգ ժամ ուշ եմ եկել, բայց դրանք տարիքի հետ կապված բաներ էին, որ բոլորի մոտ էլ լինում են, իսկ հիմնական սկզբունքային հարցերում ես միշտ իմ հոր հետ համամիտ եմ եղել ու միշտ իր ասածները կատարել եմ: Հայրս շատ խիստ անձնավորություն էր: Ես էլ շատ աշխույժ էի եւ, բնականաբար, խիստ ծնողից էլ ապտակ ստացել եմ: Ես կարոտով եմ հիշում այդ ապտակները»,- պատմում է նախարարը: Ընտանիքում 2 երեխա են` Հարություն եւ Ալինա Քուշկյանները: Երկուսն էլ ավարտել են Պուշկինի անվան դպրոցը, այնուհետեւ` Երեւանի պետական բժշկական համալսարանը: Հարցին, թե ով էր լավ սովորում, Հարություն Քուշկյանը պատասխանեց` միշտ ես: Քույրը եղբորից 2 տարով փոքր է, եւ մանուկ հասակում Հարություն Քուշկյանը քրոջը «ճնշում էր», օրինակ` թույլ չէր տալիս որեւէ տղա մոտենա քրոջը: Իսկ քույրը չէր բողոքում հորը, քանի որ Քուշկյանի հավաստմամբ` հայրն ավելի դաժան էր: Նախարարի քույրը` Ալինան, դոկտոր պրոֆեսոր է եւ երկար տարիներ ղեկավարում է Երեւանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջը: Նախարարի օրը սկսվում է առավոտյան 8.00-ին եւ ավարտվում գիշերը 2.00-ին: «Ես իմ բոլոր աշխատանքներն էլ հաճույքով եմ կատարել, լավ բաժնի վարիչ էի եւ լավ վիրաբույժ, ես գոհ եմ իմ զբաղեցրած բոլոր պաշտոններից»: Առողջապահության նախարարը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է հիմնադրման օրվանից: «Գագիկ Ծառուկյանը եւ ես երկար տարիների ընկերներ ենք, նրա բոլոր գաղափարներն ինձ հոգեհարազատ են»:

Տանել չեմ կարողանում իմ հասցեին հնչող քննադատությունը

«Կյանքում իմ սկզբունքները ձեւավորվել են հորս խոսքերից, որ ասում էր` մարդ պետք է կանոնավոր լինի, պետք է հնարավորինս ազնիվ լինի, կարիք ունեցողին միշտ օգնի: Ինձ համար ոսկի կանոն է` միշտ փորձել առաջ գնալ, առաջընթաց ունենալ, ամենակարեւորն այն է, որ կարողանաս հաղթահարել դժվար իրավիճակները, առաջ նայես եւ քո ետեւից տանես մարդկանց»: Հաջողությունների հասնելուն Հ. Քուշկյանին, իր խոսքերով, օգնել է աշխատասիրությունը. «Ես ուղղակի չեմ աշխատում, ես ինձանից որակ եմ պահանջում: Ես սիրում եմ աշխատել եւ աշխատանքից հաճույք եմ ստանում: Աշխատանքային օրվա ավարտին` երեկոյան 21.00-22.00, ավելի աշխուժանում եմ, տրամադրությունս բարձրանում է, թարմանում եմ, ակտիվանում, սա ինձ համար առավելություն է: Ես գործի մեջ ինքս ինձ չեմ խաբում եւ թույլ էլ չեմ տալիս ինձ խաբեն: Դրա համար թույլ աշխատողները իմ մոտ չեն դիմանում»: Իր թերությունը նախարարը համարում է այն, որ մինչեւ ուշ գիշեր հեռուստացույց է նայում եւ ուշ է քնում. «Շուտ բռնկվող եմ, դա մեկ-մեկ լավ է, մեկ-մեկ` վատ: Ինձ խանգարում է այն, որ ուզում եմ դրածս նպատակին շատ արագ հասնել, ամեն ինչ շատ արագ անել: Եռանդուն եմ, կենսախինդ, կյանքը սիրող, մեծամիտ չեմ, բայց գիտեմ ինձ գնահատել»: Նախարարի խոսքերով` խոցելի կողմ չունի: Հ. Քուշկյանը չի սիրում, երբ իրեն քննադատում են. «Տանել չեմ կարողանում իմ հասցեին հնչող քննադատությունը, չնայած ես ինքս ինձ քննադատում եմ: Ես պատկերացնում եմ, որ այս մի բանն այդպես չպետք է անեի, բայց որ մեկն ինձ ասում է, տանել չեմ կարողանում»:

Ամենաթանկարժեք բանը, որ նվիրել եմ կնոջս, իմ սերն է

Առողջապահության նախարարն ամուսնացած է, ունի 3 դուստր եւ 2 տղա թոռ: Կնոջ հետ նույն կուրսում են սովորել, 3-րդ կուրսում էլ ամուսնացել են: Հ. Քուշկյանի կինը եւս բժիշկ է, գլխավորում է «Նաիրի» բժշկական կենտրոնը: «Չեմ սիրում կնոջը գովել կամ փնովել, մենք նահապետական ընտանիք ենք: Ամենաթանկարժեք բանը, որ ես նվիրել եմ կնոջս, իմ սերն է եւ հակառակը` կնոջս ամենաթանկարժեք նվերը իր սերն է»: Նախարարի խոսքերով` ուրիշ սերեր եւ սիրահարություններ չեն եղել: Հ. Քուշկյանի 2 դուստրերը բժիշկներ են, բայց չեն աշխատում, կրտսերը դպրոցական է: Հարցին, թե հայրը երբեւէ ճանապարհ հարթե՞լ է երեխաների համար` նախարարը պատասխանեց. «Հարթելը ո՞րն է, եթե Քուշկյանի աղջիկներն են, ապա այդ ոլորտում ամեն ինչ հարթված է իրենց համար»: Հարություն Քուշկյանն իրեն երբեւէ չի հիշում երեխաներին հեքիաթներ պատմելիս կամ ծնողական ժողովներ գնալիս: Նախարարը մեծ ընկերական շրջապատ ունի, ասում է` պաշտոնը իրեն չի փոխել. «Իմ խորին համոզմամբ` պաշտոնը նորմալ մարդուն չի կարող փոխել: Ես ում հետ ընկերացել եմ առաջին դասարանից, նրանց հետ մինչ օրս շարունակում եմ ընկերությունը, օրինակ պրոֆեսոր Մինասյանը` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենը: Ընկերական հարաբերություններում գնահատում եմ մաքրությունը, հավատարմությունը, նվիրվածությունը, միմյանց կողքին լինելը թե ուրախ, թե տխուր պահերին»:

Հիմնական հոբբիս բժշկությունը զարգացնելն է

«Երաժշտություն շատ եմ սիրում, լավ ձայն ունեմ, բայց վատ լսողություն: Ոչ մի գործիքի չեմ տիրապետում, մայրս երազում էր, որ ես նվագեմ, եւ երբ փոքր էի, տանում էր Պիոներպալատ` քանդակի խումբ կար, տարավ նաեւ անգլիական դպրոց, որտեղ մասնավոր սովորեցնում էին դաշնամուր նվագել: Դա ինձ համար այնպիսի մեծ տանջանք էր, ասես ինձ տանեին գնդակահարության, հիշում եմ, թե դասատուս ոնց էր ասում, որ ձեռքս այնպես պահեմ, կարծես խնձոր եմ բռնել, ես էլ չէի սիրում, չէի կարողանում, հասա լեգատտոյի դասը եւ փախա: Մեկ-երկու անգամ երգել եմ, ասում են` ոչինչ, երեւի խնայել են ինձ»: Երբ տրամադրությունը բարձր է, սիրում է երգել «Եկ այս գիշեր արթուն մնանք մինչեւ լույս»-ը, պարում է ցանկացած երաժշտության տակ, նախընտրում է հայկական եւ եվրոպական մեղեդիները: Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատ է հավանում Արսեն Սաֆարյանին եւ Քրիստինե Պեպելյանին: «Բոլորն էլ լավն են, իրենք եւ գեղեցիկ են, եւ ժամանակակից, եւ հետաքրքիր, լավ առաջընթաց կա»,- ասում է նախարարը մեր շոու բիզնեսի մասին: Նախարարի կարդացած վերջին գիրքը Սոչիում գնած Անդրեյ Դոնցովի «Օֆիս» վեպն էր. «Շատ հետաքրքիր էր, ժամանակակից հարաբերությունների մասին էր` եւ աշխատանքային, եւ մարդկային, ես ահագին դասեր քաղեցի այդ գրքից»: Սիրելի բանաստեղծներն են Պուշկինը եւ Թումանյանը: Վերջին անգամ թատրոն գնացել է Սոչիում: Սիրում է ամենատարբեր ժանրի ֆիլմեր, հիմնականում` action ժանրը, լիրիկական ֆիլմերի համար համբերությունը չի հերիքում. «Հայկական սերիալները կլանում են, օրինակ` մեկ-մեկ որ տանն եմ լինում, նայում եմ «Կյանքի գինը», հետեւում եմ լրատվական ծրագրերին, կարդում եմ բոլոր թերթերը, շատ ամսագրեր եմ կարդում, բժշկության մասին մի շարք ամսագրեր, որ տպագրվում են դրսում, ես ստանում եմ, օրինակ` հիվանդանոցների ձեւավորման մասին: Հիմա ճիշտ է հիվանդանոցները կառուցել հինգ աստղանի հյուրանոցների նման, որ հիվանդները մտնելիս չկենտրոնանան, տրամադրող լինի: Եթե կարողանամ, միշտ «Կարգին հաղորդումը» կնայեմ, շատ եմ հավանում, նայում եմ նաեւ «Երեւանը»»: Նախարարն ասում է, որ դեռ մանուկ հասակից սիրել է սպորտը, բասկետբոլ է պարապել, լողի է գնացել. «Սպորտը իմ հոբբին է: Ժամանակին նաեւ լավ ֆիլատելիստ եմ եղել եւ նամականիշների լավ հավաքածու ունեմ: Բայց հիմնական հոբբիս բժշկությունը զարգացնելն է»:

Ես հիմնականում բժշկական բիզնեսներ ունեմ

Ինչ վերաբերում է բիզնեսներին, ապա նախարարը նշեց, որ ինքը հիմնականում բժշկական բիզնեսներ ունի. «Ես բազմաթիվ բժշկական ծառայություններ եմ ստեղծել Հայաստանում եւ մասնավորապես իմ հիվանդանոցներում` «Էրեբունի» եւ «Նաիրի»բժշկական կենտրոններում: Ես հիմնականում բժշկական բիզնեսներ ունեմ»: Մոսկվայում ապրած շրջանում Քուշկյանն իր համար ձվածեղ էր պատրաստում, իսկ այսօր` կիրակի օրերին, երբ թոռները գալիս են, ընտանիքի համար խորոված է պատրաստում թոռնիկի` 3 տարեկան Արտյոմի հետ: Ասում է` շատ համով է ստացվում, եւ բոլորը գոհ են մնում: Ազատ ժամանակը` կիրակին, նախարարը տրամադրում է ընտանեկան հավաքույթներին: «Բազմիցս Լաս Վեգասում եմ եղել եւ մյուս երկրների նման վայրերում, բայց ընդհանրապես չեմ սիրում խաղալ, ես այնտեղի շոուներն եմ շատ սիրում»: Նախարարի հագուստը եւ աքսեսուարները գնում է կինը եւ ընտրում է այն, ինչ նախարարը հավանում է. «Մեկի համար կարող է թանկ լինել, մյուսի համար` ոչ: Մենք չենք ընկնում թանկի ետեւից, կարեւորը որակով, ճաշակով եւ հարմարավետ լինի: Գնում ենք եւ Հայաստանից եւ արտերկրից»: Նախարարի սիրելի երկիրը Ավստրիան է.«Վերջին անգամ հանգստացել եմ Սոչիում: Սիրում եմ հանգստանալ կամ ընտանիքիս հետ, կամ ընկերների, ռեստորան քիչ եմ գնում, չեմ ուզում, մեկ-մեկ տիկնոջս հետ կարող է երեկոյան մի տեղ գնանք: Դեռ հանգստանում եմ ակտիվ, ես չեմ պառկում-քնում եւ այդպես հանգստանում, իմ կյանքի ընթացքում երեւի մեկ կամ երկու անգամ եմ ցերեկը քնել»:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված