Շաբաթ, 21 սեպտեմբերի

Էդուարդ Շարմազանով. «Հայ ազգային կոնգրեսի ռեյտնիգն ընկել է Հայաստանով մեկ»



Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի համար սպասելի էր, որովհետև «այն իրավական գնահատականը, որն իր վճռում տվել է Սահմանադրական դատարանը, ամիսներ առաջ նմանատիպ քաղաքական գնահատականներ տվել է Սերժ Սարգսյանը»: «Հայելի» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀԿ խոսնակը նշեց, որ ինքը շատ է կարևորում Սահմանադրական դատարանի որոշումը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և միջազգային ասպարեզում Հայաստանի դերի բարձրացման համար, որովհետև, ըստ Է. Շարմազանովի, Հայաստանն այդ որոշմամբ ցույց տվեց իր բարի կամքը, ցույց տվեց, որ ինքը դրական է տրամադրված, որ պատրաստակամ է կատարելու իր բոլոր միջազգային պարտավորությունները: «Այսօր արդեն գնդակը գտնվում է թուրքական կիսադաշտում: Ժամանակն է, որ Թուրքիան գործի և ոչ թե խոսի: Ժամանակն է, որ Թուրքիան իր իրական դեմքը ցույց տա: Հայաստան-Թուրքիա արձանագրությունները վավերացնելով` Թուրքիան շանս ունի ապացուցել, որ ինքն իրոք ուզում է զրո խնդիր հարևանների հետ»,- ասաց նա: Է. Շարմազանովը նշեց, որ համամիտ չէ այն կարծիքներին, թե Սահմանադրական դատարանը վերապահումներ է արել: Ըստ նրա` Թուրքիան այս ընթացքում արհեստականորն սկսել է ձգձգել գործընթացը: «Բայց այն կողմը, որը կշարունակի ձգձգման պրոցեսը, որը խելամիտ ժամկետում չի վավերացնի արձանագրությունները, լուրջ խնդիրներ կունենա միջազգային հանրության հետ»: Անդրադառնալով թիվ 10-րդ ընտրատարածքում պատգամավորական ընտրություններին` Է. Շարմազանովը նշեց, որ քանի որ Հանրապետականը թեկնածու չէր առաջադրել, ինքը մանրամասն տեղյակ չի ընտրություններից. «Մենք այնտեղ շահագրգռվածություն չենք ունեցել: Ես տեղյակ եմ այնքանով, որքանով լրատվամիջոցներն են տեղեկացրել»,- ասաց նա: «Իմ քաղաքական գնահատականն այն է, որ այդ ակտիվ ընտրատեղամասում մոտ 20 տոկոս մասնակցությունը ցույց է տալիս, որ Հայ ազգային կոնգրեսի ռեյտնիգն ընկել է Հայաստանով մեկ: Կոնգրեսի թեկնածուն և Կոնգրեսը քաղաքականացված էին, Կոնգրեսի թեկնածուին վերջին միտինգին պաշտպանում էր Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը, և նմանատիպ ցածր մասնակցությունից կարելի է ասել, որ ռեյտինգի անկում կա»,- նշեց Է. Շարմազանովը: Մեկնաբանելով Freedom House իրավապաշտպան կազմակերպության վերջին հրապարակումը, որում նշված էր, որ վերջին 8 տարում Հայաստանը ժողովրդավարության առումով շատ անելիքներ ունի` Է. Շարմազանովն ասաց, որ այս կազմակերպությունը թեև հեղինակավոր է, սակայն միշտ չէ, որ օբյեկտիվ գնահատականներ է տալիս: «Ես հեռու եմ այն մտքից, որ որ մենք ժողովրդավարության զարգացման, խոսքի ազատության խնդիրներ չունենք: Բայց ես նաև համամիտ չեմ այն մտքի հետ, որ որևէ առաջընթաց  չկա. համաներումը առաջընթաց չէ՞ր, օրենսդրական փոփոխություններն առաջընթաց չէի՞ն, մայիսի 31-ի ընտրությունները առաջընթաց չէի՞ն, երբ ընդդիմությունն էլ, իշխանությունն էլ հավասար  հնարավորություններ ունեին լրատվամիջոցներով արտահայտվելու»,- ասաց նա: Լուս.` Գ. Շամշյանի

Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված