Հինգշաբթի, 21 նոյեմբերի

Կնիքների արտադրամասը վնասակար նյութեր է արտանետում



14_12-shenkԵրեւանի կենտրոնում բնակելի շենքի առաջին հարկում գործող կնիքի արտադրամասի արտանետումներից բնակիչները տարիներ շարունակ դժգոհել են, սակայն վախեցել են բողոքել, քանի որ այն պատկանում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եղբոր դստերը: Բնակիչները պատմում են, որ օրվա ընթացքում լինում են պահեր, երբ դժվարանում է շնչելը:

«Երբ 50 մետր խողովակը հանում են վերեւ, ուրեմն դա հենց այնպես չի արվում, այդտեղ մի բան կա: Անտանելի հոտ է, քնել չի լինում: 73 բնակարան կա, ո՞նց կարելի է, մեղք ենք, չէ՞, չի կարելի: Սրտի վիրահատություն եմ տարել, նաեւ զոբ եմ ստացել, այդ հոտն էլ որ ընկնում է, ընդհանրապես եմ վատ զգում: Կինս էլ է վատառողջ, մի անգամ այդ հոտից այնպես վատացավ, որ շտապօգնություն կանչեցի, սիստեմա միացրին: Բոլորիս առողջության վրա է ազդում, նույն տարածքում կա 4 խորովածի կետ, բենզալցակայաններ, միշտ բոլորին ասում եմ` եկեք դիմում գրենք, բողոքենք, բայց վախենում են, ասում են, որ Քոչարյանինն է, ի՞նչ պիտի անենք»,- ասում է շենքի բնակիչ Ռոբերտ Սարգսյանը: «Տեխնիկա պլյուս» կնիքների արտադրամասը գտնվում է Երվանդ Քոչարի 5 հասցեում` 13 հարկանի շենքի առաջին հարկում: Բնակիչները ամիսներ առաջ դիմել են «Թրանսփերենսի ինթերնեշնլ» կազմակերպության հակակոռուպցիոն կենտրոն` բողոքով, որ արտադրամասի գործունեության արդյունքում իրենց առողջությանը վտանգ է սպառնում: «Սկզբից, երբ հոտը գալիս էր, մեզ թվում էր, թե անիվ են վառել կամ երեխաների չարաճճիությունների արդյունք է: Երբ ասես այդ հոտը կա, անգամ գիշերվա 4-ին, դրանք ժամ- պատարագ չունեն: Քամու ժամանակ ընդհանրապես անտանելի է լինում: Պատուհանները փակելիս էլ հոտը զգացվում է: Բազմիցս իջել ենք արտադրամաս, բայց տնօրենը տեղում չի եղել, ասում են` էստեղից չէ եւ այլն: Բողոքից հետո եկան, եւս մեկ մետր խողովակը բարձրացրին: Իբր խողովակները մաքրում են, բայց նորից հոտը գալիս է»,- ասում է շենքի մեկ այլ բնակիչ, որը չի ցանկանում ներկայանալ` վախենալով հետագա խնդիրներից: «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչություն, հարուցվել է վարչական վարույթ, որին կազմակերպության ներկայացուցիչը չի մասնակցել: Քննության օբյեկտիվությունը կասկածի տակ դնելով` «Թրանսփերենսի ինթերնեշնլ»-ը պահանջեց, որ երկրորդ անգամ հարուցվի վարչական վարույթ: Այս անգամ էլ կազմակերպության ներկայացուցչին չթույլատրեցին մասնակցել` պատճառաբանելով, թե հիմք չկա կրկնակի փորձաքննության համար: Երրորդ փորձաքննությանը եւս «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցչին չթույլատրեցին մասնակցել, իսկ չորրորդի ժամանակ թույլատրեցին միայն բնակիչներից մեկին: «Տեխնիկա պլյուս» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Դավիթ Մանթաշյանն ասում է. ««Թրանսփերենսի ինթենեշնլ»-ը այստեղ գործ չունի, թող գնա իր գործերով զբաղվի, քանի ես իրենցով չեմ զբաղվել: Ես իմ երկրում եմ ապրում: Ես կշարունակեմ իմ արտադրությունը, քանի ես համոզված եմ, որ ես օրենք չեմ խախտել»: ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Երեւանի Կենտրոնի եւ Նորք-Մարաշի տարածքային կենտրոնի արած հետազոտությունում ոչ մի վնասակար նյութ չի հայտնաբերվել: «Այդ արտադրամասում ոչ միայն կնիքն են արտադրում, այլ նաեւ կաղապարը, իսկ փորձաքննությունը կատարվել է այն ժամանակ, երբ կնիքն է արտադրվել, ոչ թե կաղապարը, եւ շատ հնարավոր է, որ այդ հոտը կաղապար արտադրելու արդյունք է»,- ասում է «Թրանսփերենսի ինթերնեշնլ»-ի իրավաբան Խաչիկ Հարությունյանը, ում չէին թույլատրել մասնակցել փորձաքննութուններին: «Դրանք գրաֆիկ չունեն, գիշերները լույսը վառած աշխատում են, բայց վարագույրները փակ են: Ամեն ինչ անիմաստ է, ո՞վ ենք ենք, որ մեզնից համաձայնություն հարցնեն: Ճնշումս բարձրանում է այդ հոտից»,- ասում է շենքի բնակիչ Վլադիմիր Զաքարյանը: «Տեխնիկա պլյուս» ՓԲԸ-ին պետական եւ ոչ պետական կնիքներ արտադրելու լիցենզիա տրվել է 2003 թ.: Կնիքների արտադրամասի գործադիր տնօրեն Մանթաշյանն ասում է, որ 1992 թ.-ից այստեղ կնիքների արտադրամաս է: «Ոչ մի թունավոր նյութ չի արտանետվում: Ռետինի վրա փորագրություն է կատարվում լազերային եղանակով, եւ արտադրության ընթացքում առաջացած ռետինե փոշին դուրս է նետվում, ամբողջ աշխարհը սրանով է արտադրում: Հոտի առկայությունը դեռ չի նշանակում, որ որեւէ մեկը խախտում է օրենք: Եթե այդ մարդիկ բողոքում են, նշանակում է այդ մարդիկ հոգեկան հիվանդություններ ունեն կամ խանգարումներ կամ անձնական նպատակներ, ուրիշ կերպ ես չեմ կարող դա մեկնաբանել: Հիմա ի՞նչ են ուզում, գնացել բողոքել են, մասնագետը եկել է, չափագրել եւ արձանագրություն է կազմել»,- նշում է տնօրենը: «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանն ասում է, որ արտադրամասում օգտագործվում է «A,B,C» ծածկանվամբ պլաստիկ, որը պարունակում է վինիլցիանիդ կամ աքրիլոնիտրիլ, ստիրոլ, բութադիեն. «Սրանք առաջացնում են վերին շնչուղիների եւ աչքի լորձաթաղանթի գրգռվածություն, ընդհանուր թուլություն, հարբածության զգացողություն, սրտխառնոց, քնատություն, հազ, արյան ճնշման անկում, աղեստամոքսային խանգարումներ, գլխացավ եւ այլն: Ի դեպ, ստիրոլը եւ բութադիենը յուրահատուկ հոտ ունեն: Ինչ վերաբերում է ռետինի փոշուն, ապա դա պատկանում է վտանգավոր նյութերի դասին եւ քաղցկեղածին է»,- ասում է Հակոբ Սանասարյանը: «Բնապահպանական փորձաքննություն ՊՈԱԿ»-ից մեզ հայտնեցին, որ «Տեխնիկա պլյուս» կնիքների արտադրամասն առայսօր հայտ չի ներկայացրել բնապահպանական փորձաքննություն իրականացնելու մասին: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ի պատասխան մեր հարցման, հայտնեցին, որ Երեւան քաղաքը բաժանված է տարածագնահատման 9 գոտիների, եւ Երվանդ Քոչարի 5 հասցեում տեղակայված «Տեխնիկա պլյուս» ՓԲԸ-ի վարձակալած կնիքների պատրաստման արտադրամասի զբաղեցրած տարածքն ընդգրկված է տարածագնահատման 2-րդ գոտում, տարածքի գործառնական նշանակության փոփոխություն չի կատարվել եւ արտադրական որեւէ գործունեության իրականացման թույլտվությունը առնչություն չունի հողի գոտիականության հետ: Բնակչության համաձայնությունը չեն հարցրել: «Տեխնիկա պլյուս» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Դավիթ Մանթաշյանը չժխտեց, որ ոչ բնակիչներից են թույլտվություն վերցրել, ոչ փորձաքննություն են անցել, ոչ էլ տարածքի գործառնական նշանակությունն են փոխել: «Որեւէ իրավական ակտ ինձ չի պարտադրում բնակիչներից որեւէ թույլտվություն վերցնել: Այս շենքի առաջին հարկը ի սկզբանե եղել է ոչ բնակելի եւ երբեք բնակֆոնդում ընդգրկված չի եղել: Ես սա ձեռք եմ բերել որպես ոչ բնակելի տարածք, ուստի արտադրության համար գործառնական նշանակություն փոխելու հարկ չկա: Ես երբեք բնապահպանական փորձաքննություն անցնելու խնդիր չեմ տեսել, հետեւաբար նաեւ չեմ անցել»,- ասում է գործադիր տնօրենը: «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը նամակ է գրել Բնապահապանության նախարարին` վերջինիս խնդրելով դիմել վարչապետին արտադրամասում ստուգումներ իրականացնելու եւ գործունեությունը կասեցնելու համար:


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված