Չորեքշաբթի, 13 նոյեմբերի

Արմեն Գեւորգյան. «Մարդկային իմ կերպարը չի փոխվել, ես ինչպես եղել եմ, այնպես էլ մնացել եմ»



07_12-a_gevorkyan1997-1998 թթ. զբաղեցրել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը։ 1998 թ. ապրիլի 13-ից եղել է ՀՀ նախագահի օգնական, օգոստոսից՝ ՀՀ նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։ 2000-2006 թթ. եղել է ՀՀ նախագահի առաջին օգնականը։ 2006 թ. փետրվարին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար։ 2007 թ. հունիսից մինչեւ 2008 թ. ապրիլ ամիսը զբաղեցել է նաեւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ ՀՀ նախագահի 2008 թ. ապրիլի 21-ի հրամանագրերով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարար եւ փոխվարչապետ։ «Իմ մանկությունը տարբերվել է նրանով, որ ես զբաղվել եմ հասարակական աշխատանքով` պիոներական-կոմերիտական ակտիվ անցյալ եմ ունեցել, որի համար երբեք չեմ փոշմանել եւ շատ շնորհակալ եմ, դա լավ դպրոց էր ինձ համար»,- ասում է Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: 1990 թ. ավարտել է Երեւանի թիվ 28 միջնակարգ դպրոցը: Նախարարը պատմում է, որ դպրոցում լավ էր սովորում, հինգեր եւ չորսեր էր ստանում, մեկ-մեկ էլ` երեքներ: «Դասերից փախուստներ էլ են եղել, այդ պատճառով բազմիցս խնդիրներ եմ ունեցել դպրոցի ղեկավարության հետ, ասում էին` չես ամաչու՞մ, փոխարենը օրինակ ծառայես»: Մայրը երկար տարիներ աշխատել է մանկապարտեզում, հայրը «Հայփոստում» վարորդ էր, սովետական տարիներին փորձեց իրեն բիզնեսում եւ ինչ-որ բան ստացվեց: «Ընտանիքում 2 երեխա ենք` ես եւ եղբայրս, լուրջ կռիվներ չենք ունեցել իրար հետ, եղբայրս բարկացնում էր ծնողներիս, ես բավականին հանգիստ երեխա էի, երբեք կոնֆլիկտներ չեմ ստեղծել, իսկ եղբայրս ինձանից շատ ավելի ակտիվ է: Ծնողների հետ էլ կոնֆլիկտներ չեն եղել: Հայրս ավելի շատ հիմա է ինձ խրատում եւ ասում, որ նայիր, եթե սխալ բան անես, նույնն էլ քո նկատմամբ կանեն: Ես փորձում եմ հարգալից վերաբերմունք դրսեւորել իմ ծնողների նկատմամբ: Ես այսօր որ կամ, իրենց շնորհքն է»: Արմեն Գեւորգյանը ծնողների հետ չի ապրում, բայց կիրակի օրերին երեխաների հետ այցելում է նրանց: Ուսանողական նստարանից` վարչապետի օգնական 1990 թ. նա ընդունվել է Օրենբուրգի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետ։ 1991 թ. տեղափոխվել եւ 1993 թ. գերազանցությամբ ավարտել է Սանկտ-Պետերբուրգի պետական ծառայության ինստիտուտը։ 1993-1996 թթ. եղել է Սանկտ-Պետերբուրգի Գերցենի անվան ռուսաստանյան մանկավարժական համալսարանի ասպիրանտ, գիտությունների թեկնածու է: 1995-1996 թթ. համատեղությամբ ավարտել է նաեւ Տվենտեի (Նիդեռլանդներ) համալսարանի մագիստրատուրան «Կրթության եւ վերապատրաստման համակարգերի ծրագրավորում» մասնագիտությամբ։ «Հասարակական ակտիվ կյանքը բերեց նրան, որ ես շատ շուտ մեծացա եւ ինքնուրույն դարձա, շատ դուրս ու ներս էի անում, այդ շփումները եւ այցելությունները ինձ հնարավորություն տվեցին դրսում ունենալու մեծ շրջապատ, շատ ծանոթներ»: Մասնագիտության ընտրության հարցում մեծ դեր է խաղացել մանկավարժ պապը, իսկ մասնագիտական կայացման մեջ` Սանկտ- Պետերբուրգում իրեն դասավանդած Յուրի Վինոգրադովը: «Ես Հայաստան եկա ծնողերիս տեսնելու նպատակով` նախատեսելով վերադառնալ Մոսկվա: Այստեղ իմ ընկերները ինձ ծանոթացրին Շողեր Մաթեւոսյանի հետ եւ փաստորեն իմ` իշխանական բուրգ մտնելու օղակը եղել է Շողերը, նրա ամուսինը` Լեւոն Զուրաբյանը, նախագահի մամուլի խոսնակն էր եւ իրենց միջոցով ես ծանոթացա վարչապետ Արմեն Սարգսյանի հետ: Մի քանի րոպե խոսեցի վարչապետի հետ, նա առաջարկեց աշխատել իր հետ ու մի շաբաթ ժամանակ տվեց մտածելու համար: Ես գնացի Մոսկվա, բոլոր գործերս դասավորեցի, եկա եւ նշանակվեցի վարչապետի օգնական: Շատ քիչ աշխատեցինք իրար հետ` երեւի 10 օր, հետո վարչապետ դարձավ Ռոբերտ Քոչարյանը եւ իր հետ ծանոթացանք աշխատանքային փոխհարաբերություններում, ենթադրում եմ, որ պարտականությունները ճիշտ կատարելու արդյունքն էր դա»,- ասաց փոխվարչապետը: Որեւէ սխալ քայլ կյանքում չեմ կատարել եւ ոչնչի համար չեմ զղջում Կյանքում հաջողությունների հասնելու համար Արմեն Գեւորգյանին, իր խոսքերով, օգնել է աշխատանքին նվիրումը, աշխատասիրությունը: «Չեմ սիրում կիսատ թողնել գործը, եթե ինչ-որ բան չգիտեմ, ապա անպայման փորձում եմ սովորել, գտնել, ճշտել, երբեք չեմ փորձել ավել ամբիցիաներ դրսեւորել»: Որպես թերություն նախարարը նշեց այն, որ ինքը շատ պահանջկոտ է նաեւ ընկերական շրջապատում. «Չեմ սիրում, երբ ինչ-որ մեկը, ընկերական հարաբերություններից ելնելով, իրեն կարող է թույլ տալ իմ պաշտոնական դիրքը օգտագործել: Ես ընտանիքիս նվիրված մարդ եմ, հետեւաբար` ամենախոցելի կողմը եւ կյանքում ինձ համար առաջնայինը ընտանիքն է»: Երբեք ուրիշին վատություն չանել, երբեք ուրիշի գործերին չխառնվել, եթե ինքը դա չի ուզում, միշտ զբաղվել նրանով, ինչի համար կոչված ես, չափի զգացումը երբեք չկորցնել. այս սկզբունքներով է առաջնորդվում նախարարը: Հնչող քննդատությանը եւ վիրավորանքներին Արմեն Գեւորգյանը «թեթեւ է նայում»` առաջնորդվելով «եթե դու գիտես, որ դու ճիշտ ես, հանգիստ ապրում ես» սկզբունքով. «Երբ խոսում են իմ քաղաքական ամբիցիաների մասին, դա բացահայտ սուտ է, որովհետեւ ինձնից բացի որեւէ մեկը իմ քաղաքական ամբիցիաները չի կարող իմանալ: Շատ եմ վիրավորվում, երբ հրապարակումներ են լինում, որոնք «դիսկոմֆորտ» են պատճառում իմ ընտանիքին: Ես գտնում եմ, որ որեւէ սխալ քայլ կյանքում չեմ կատարել եւ ոչնչի համար չեմ զղջում»: Ամենաթանկարժեք նվերը, որ մենք միմյանց նվիրել ենք, մեր երեխաներն են Ա. Գեւորգյանը ամուսնացած է, ունի երկու որդի եւ մեկ դուստր։ Կինը` Թամարան, ակնաբույժ է եւ աշխատում է մասնագիտությամբ: «2002 թ. նոյեմբերին եմ ծանոթացել կնոջս հետ, մեր առաջին հանդիպումը կազմակերպված էր: Գիշերը զանգահարում են իմ ծանոթները եւ ասում, որ ուզում են ինձ ինչ-որ մեկի հետ ծանոթացնել: Բավականին հետաքրքիր երեկո անցկացրինք, մյուս օրը ես մեկնեցի գործուղման Հանրապետության նախագահի հետ, փոխանակվել էինք հեռախոսահամարներով: Առաջին հայացքից էլ հավանեցի, սկզբից մեր հանդիպումների կազմակերպումը մի քիչ պրոբլեմ էր, քանի որ շատ ավանդապաշտ ընտանիք էր, այստեղ էլ օգնեցին մեր ծանոթները: Շփվեցինք իրար հետ, սրճարաններ էինք գնում, կինո: Կինս երկար ժամանակ չգիտեր, թե որտեղ եմ ես աշխատում, շատ պատահական իմացավ` հեռուստատեսությամբ: Ես չէի ուզում, որ ինքը իմանար, որովհետեւ շատերը կամ խուսափում են, կամ էլ շուտ ոգեւորվում են, իսկ իր պարագայում ոչ մի բան չփոխվեց: Կնոջս մեջ գնահատում եմ նվիրվածությունը, նա շատ պարկեշտ եւ խելոք անձնավորություն է»: Ա. Գեւորգյանն ասում է, որ ուրիշ սերեր եւ սիրահարություններ չեն եղել, չնայած աղջիկների ուշադրության պակաս էլ չի եղել եւ միշտ խնդիր ուներ որեւէ մեկին չնեղացնել: Փոխվարչապետը նամակներ չի գրել կնոջը, ասում է` ժամանակ չկար, բայց նվերներ լինում էին. «Կինս ասում է, որ ես այն ժամանակ ավելի հաճախ էի ծաղիկներ նվիրում: Ամենաթանկարժեք նվերը, որ մենք միմյանց նվիրել ենք, մեր երեխաներն են»: Առօրյայից մինչեւ գիշերային ակումբներ Փոխվարչապետի օրը սկսվում է 7.30, արթնանում է, իրեն կարգի բերում, նախաճաշում եւ գալիս աշխատանքի ոչ ուշ, քան ժամը 9.00-ին, այնուհետեւ տարբեր միջոցառումներ, հանդիպումներ, խորհրդակցություններ, աշխատանքի ավարտից հետո անպայման տուն է վերադառնում: «Շաբաթը մեկ կամ ավելի ուշ կարող են հավաքույթներ լինել` կնունք, հարսանիք, ծնունդ: Երեկոյան երեխաների հետ դուրս եմ գալիս զբոսանքի, եթե ազատ ժամանակ է լինում: Միշտ շատ եմ սիրել զբոսնել ոտքով: Խաղատուն երբեք չեմ մտել, չնայած միշտ ընկերներս ասում են` դե լավ, մի հատ փորձիր, որ հետո հասկանաս, թե ինչու չես ուզում: Ինչ վերաբերում է գիշերային ակումբներին, ապա ջահել ժամանակ էլ եմ գնացել, կնոջս հետ էլ մինչեւ երեխաների ծնվելը: Կարաոկեներ էլ էինք գնում, ես չէի երգում, որովհետեւ չեմ կարողանում, բայց պարել շատ եմ սիրում, պարում եմ եւ հայկական եւ ազատ ոճի»: Ա. Գեւորգյանը հանգիստն անցկացնում է իր ամառանոցում. «Ամուսնությունից հետո մեկ-երկու անգամ գնացել ենք Դուբայում հանգստանալու, հիմա դժվար է 3 երեխայի հետ գնալ հանգստանալ»: Ա. Գեւորգյանը նախընտրում է ռիթմիկ երաժշտություն, հիմնականում ռետրո խմբեր. «Մեկ տարի է մեքենայիս մեջ լսում եմ «Բոնի Էմ», դասական երաժշտության մեծ սիրահար չեմ, չնայած գործեր կան, որ շատ եմ սիրում: Հայկական շոու բիզնեսից լսում եմ Շուշան Պետրոսյան»: Նախարարը շատ է հավանում «Կարգին հաղորդման» տղաներին` Հայկոյին եւ Մկոյին. «Ես սովորություն ունեմ անընդհատ ալիքները փոխել, որի պատճառով տանը կռիվներ են լինում: Մեծ տղաս ինչ-որ մեծ ցանկություն ունի նայելու այս վերջին հայկական սերիալները եւ բառապաշարում էլ նոր բառեր են ավելացել, մեկ-մեկ նայում եմ «Կյանքի գինը», փորձում եմ հասկանալ, թե ինչ կա այդ ֆիլմի մեջ»: Ա. Գեւորգյանը հատուկ հոբբիներ չունի: «Մեկ-մեկ նաեւ ընթերցում եմ, գեղարվեստական գրքեր վերջերս չեմ կարդում, հետաքրքրությամբ կարդում եմ կենսագրական մեմուարներ, վերջերս կարդացի Պրիմակովի գիրքը: Կինո նախկինում հաճախակի էինք գնում կնոջս հետ, հիմա` ոչ, թատրոն այս տարի գնացել ենք, «Սպարտակ»-ի պրեմիերան էր: Վերջերս փորձեցի իմ անգլերենով զբաղվել, զգացի, որ սկսել եմ եւ ռուսերենը մոռանալ, եւ անգլերենը»: Նախարարն ինքն է ընտրում իր հագուստը եւ աքսեսուարները, ասում է, որ կարեւորն այն է, որ հավանի եւ հարմարավետ լինի, ունի նախընտրելի բրենդ: «Ես այնպիսի բաներ ինձ թույլ չեմ տալիս, որ մեծ ծախսեր պահանջեն: Իմ նախկինում ստեղծած հնարավորությունները Ռուսաստանում եւ նաեւ ինչ-որ տեղ Հայաստանում հնարավորություն են տալիս հիմա ապրելու: Սանկտ-Պետերբուրգում մի ժամանակ զբաղվում էի հրատարակչական գործունեությամբ, մասնավոր հրատարակչություն էր, դա հնարավորություն էր տալիս ինձ գոյատեւելու: Քանի որ շատ եմ դրսում լինում, ընտանիքի անդամների համար էլ եմ գնում, միշտ գոհ են մնում»: Երբեք չի ծխել, ոգելից խմիչք օգտագործում է առիթից առիթ: Ընտանիքին օգտակար է լինում տան առեւտուրն անելով, իսկ խոհանոցում չի լինում, չնայած ուսանող ժամանակ ինքն էր իր համար պատրաստում. «Ամեն կիրակի մենք ինչ-որ բան պատվիրում ենք` չինական, վրացական, հայկական, խաշ եւ այլն: Շատ եմ հավանում հայկական սուպերը: Միրգ սիրում եմ»,- ասում է Արմեն Գեւորգյանը: «Կցանկանայի իմ որդին ինձ նման լիներ» Նախարարը երեխաներին եւ օրորել է, եւ անհրաժեշտության դեպքում` ապտակել. «Բազմաթիվ երեկոներ են եղել, որ փոքրիկս` աղջիկս, իմ ձեռքին է քնել: Երեխաների դաստիարակությամբ զբաղվում եմ, բայց այնպես չի, որ ամեն օր գալիս եմ, երեխաներին հավաքում եւ դասախոսություն կարդում: Մեծ տղայիս մեկ-մեկ ապտակում եմ` չափերի մեջ պահելու համար, քանի որ զգում եմ, որ ինքն իր ազատությունը փորձում է չարաշահել միջնեկով: Իմ ամենամեծ երազանքը այն է, որ երեխաներս մեծանան, կայանան, կյանքում գտնեն իրենց տեղը, ես մաքսիմում աջակցեմ, բայց ոչ թե խանգարեմ: Իմ ամենամեծ ցավն այն կլինի, որ զգամ, որ երեխաները ցանկություն չունեն սովորելու»: Ա. Գեւորգյանը իդեալներ չի ունեցել, ամեն մեկից մի բան է հավանել: «Մարդկային իմ կերպարը չի փոխվել, ես ինչպես եղել եմ, այնպես էլ մնացել եմ: Մարդկային առումներով կցանկանայի իմ որդին ինձ նման լիներ, իսկ աշխատանքի առումով չէի ցանկանա, որ այս ճանապարհով անցնի: Եթե իմ կյանքը նորից ապրեի, ոչինչ չէի փոխի»: Բացի կոմերիտական կազմակերպությունից` որեւէ այլ կազմակերպության նա չի անդամակցել: Նախարարը չժխտեց ապագայում իրեն որեւէ կուսակցության շարքում տեսնելու հնարավորությունը: Ա. Գեւորգյանի ընկերները տարբեր կուսակցությունների անդամներ են. «Իմ բոլոր ընկերների հետ կյանքի բերումով ճանապարհ ենք անցել եւ այդպես ենք մտերմացել: Ընկերական հարաբերություններում ինձ համար առաջնայինը ազնվությունն է»: Ա. Գեւորգյանն ասում է, որ իրեն վերագրվում են բիզնեսներ, բայց ինքը ռեստորաններ, խանութների ցանցեր եւ նման բաներ չունի: «Ինձ հիմնականում վերագրում են ինչ-որ տնտեսական հնարավորություններ, որոնք չափազանցված են: Ճշմարիտ է, որ Սամվել Մայրապետյանը իմ մտերիմ ընկերն է, բայց երբ նա բիզնեսը սկսել է, Արմեն Գեւորգյանը լրիվ ուրիշ տեղ էր, դա չի նշանակում, որ Սամվել Մայրապետյանի բիզնեսը պայմանավորված է Արմեն Գեւորգյանով: Ինձ եւ Սամվելին ինչ-որ դատական գործընթացներ են վերագրվում, որոնց հետ ես կապ չունեմ եւ չգիտեմ էլ, որովհետեւ երբեք չեմ էլ ձգտել նման բաներ ունենալ: Բարեկամներս ամեն մեկն իր համար ինչ-որ բան ունի, բայց դա իմը չէ, ես դրա հետ գործ չունեմ»:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված