ՈՒրբաթ, 15 նոյեմբերի

Նազիկ Ավդալյան. «Կարելի է համատեղել ծանրաձողն ու կանացիությունը»



04_12-N-Avdalyan«Ես իմ ուրախությունն այդ պահին կիսում էի հայ ազգի հետ, այդ պահին ես իսկապես ուրախ ու հպարտ էի նրա համար, որ կարողացա բարձրացնել ծանրաձողն ու երջանկություն պարգևել մեր ժողովրդին»,- ահա այսպիսի զգացողություն է ունեցել ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանն անմիջապես չեմպիոն դառնալուց հետո: «Դե ֆակտո» ակումբն այսօր հյուրընկալել էր ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանին, ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանին և հավաքականի ավագ մարզիչ Արտաշես Ներսիսյանին: Նազիկն ասաց, որ ուզում է իր քաշային կարգը բարձրացնել ու հանդես գալ 75 կգ կարգում: «Մի քիչ խնդիրներ կան, դժվար եմ քաշ գցում»,- ասաց նա: Նազիկը վստահեցնում է, որ կարելի է համատեղել ծանրաձողն ու կանացիությունը: Չեմպիոնուհին ամուսնանալու նպատակ առայժմ չունի. «Այժմ այդ թեմայով ընդհանրապես խոսել չեմ ուզում, քանի որ հիմա իմ գլխավոր նպատակը սպորտն է: Սպորտը մեծ զոհաբերություններ է պահանջում»,- ասաց նա` հավելելով, որ հաղթանակի հետ կապված կրքերը հանդարտվել են, ու ինքն արդեն պատրաստ է  շարունակել մարզումները: Հավաքականի ավագ մարզիչ Արտաշես Ներսիսյանը նշեց, որ աղջիկների ծանրամարտը Հայաստանում համարվում է երիտասարդ սպորտաձև, այն կազմավորվել է 2000թ.-ին: «Դա շատ փոքր ժամանակահատված է, բայց այդ ընթացքում հայուհիներն ապացուցեցին, որ կարող են աշխարհում առաջինը լինել: Թող սա խթան հանդիսանա, որ աղջիկների ծանրամարտն ավելի մասսայական դառնա»,- ասաց նա: Ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանն էլ նշեց, որ Նազիկի հաղթանակը ամբողջ հայ ազգինն է: Իսկ նրա` չեմպիոն լինելը համատեղ աշխատանքի արդյունք է: Ֆեդերացիայի նախագահը, ներկայացնելով Կորեայում Հայաստանը ներկայացրած բոլոր մարզիկներին, ասաց, որ բոլորից շատ գոհ է: «69 կգ քաշային կարգում Առաքել Միրզոյանն էր, ով Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո նվաճեց արծաթե մեդալ: Մարզչի հետ միասին որոշել ենք նրա քաշը տեղափոխել 77 կգ: Նա երիտասարդ է, աճելու տեղ ունի, իսկ առջևում օլիմպիական խաղերն են: 77կգ-ում Տիգրան Մարտիրոսյանն էր, ով բրոնզե մեդալ նվաճեց ու լավ արդյունք ցույց տվեց: Տիգրանի համար սա առաջին ստուգատեսն էր այս քաշային կարգում: 63 կգ կարգում Մելինե Դալուզյանը օլիմպիական խաղերից առաջ ծանր հիվանդացավ, ու այս տարի 3-4 ամսվա մեջ հազիվ կարողացավ վերականգնվել, ու 105 կգ բարձրացնելը ցույց տվեց, որ նա կարող է շարունակել իր ելույթները: Տիգրան Մարտիրոսյանը, ով փոքր արծաթ նվաճեց, մեջքի վնասվածք ուներ, ու չթողեցինք հրում վարժությանը մասնակցել: Գևորգ Պողոսյանը գերազանց էր: Նա 4-րդն էր: Մյուս մասնակիցը, Հռիփսիմե Խուրշուդյանը մի քիչ թյուրիմածության մեջ գցեց: Մի քիչ շտապեց, հոգեբանական խուճապ կար: Բացի այդ, 5-6 կգ քաշ գցելուց հետո ուսի ցավը զգացնել տվեց, որի մասին Հռիփսիմեն նախապես չէր ասել: Բայց աշխարհի երրրոդ մրցանակիր լինելն էլ ես հիանալի եմ գնահատում»,- ասաց նա:

Գլխավոր էջ


Տես նաև՝

    ավելին



    Մեկնաբանել
    Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

    Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

    Լրահոս

    Բոլոր նորությունները

    Արխիվ
    Ամենա

    Մեկնաբանված

    Կարդացված