Հինգշաբթի, 14 նոյեմբերի

Նոր Կարմիր գիրք ենք ունենալու



Այսօր Բնապահպանության նախարարությունում կազմակերպվել էր քննարկում «ՀՀ Կարմիր գիրքը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի վերաբերյալ, որին մասնակցում էին նախարարության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ և 12 հասարակական կազմակերպություն:  «Վերջին տարիների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական փոփոխությունները բացասական ազդեցություն թողեցին երկրի հարուստ կենսաբազմազանության վրա, որի հետևանքով անհետացման եզրին են գտնվել մի շարք արժեքավոր և էնդեմիկ տեսակներ, դեգրադացվել են դրանց բնակմիջավայրերը, կրճատվել են արեալները, փոփոխվել է պոպուլյացիաների քանակական և որակական կազմը: Արդյունքում խիստ հրատապ է դարձել Հայաստանի կենսաբազմազանության համալիր ուսումնասիրության, միջազգային չափանիշներին համապատսխան տեսակների վիճակի գնահատման և Կարմիր գրքի վերահրատարկման խնդիրը` այդ տեսակների պահպանությունը արդյունավետ կազմակերպելու նպատակով», - ասված է «ՀՀ Կարմիր գիրքը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ տեղեկանքում: Այսօր ՀՀ-ում գործում  է դեռ 1989-90թթ հրատարկված «ՀՍԱՀ Կարմիր գիրք»-ը, որտեղ ընդգրկված են 387 տեսակի հազվագյուտ և անհետացման վտանգված անոթավոր բույսեր և 99 տեսակի ողնաշարավոր կենդանիներ: 2006թ ՀՀ կառավարության  N 1075-ն որոշմամբ հաստատվել է  «Հայաստանի Հանրապետության կենդանիների  Կարմիր գրքում և Հայաստանի  Հանրապետության բույսերի Կարմիր գրքում ընդգրկվող տեսակների ուսումնասիրությանն ու պահպանությանը ուղղված միջոցառումների ծրագիրը», իսկ 2007թվականից միջնաժամկետ ծախսային ծրագրերի ֆինանսավորման շրջանակներում սկսվել են աշխատանքներ «ՀՀ կենդանիների և բույսերի Կարմիր գրքի լրամշակում» ծրագրի իրականցման ուղղությամբ: Կարմիր գրքի լրամշակված տարբերակն իրականցվել է ՀՀ ԳԱԱ, Երևանի պետական համլսարանի և այլ գիտական հաստատությունների մասնագետների կողմից: «Բավականին ծավալուն  և լուրջ աշխատանք է կատարված: Այս 2 Կարմիր գրքերի հաստատումից հետո հրատարկվելու է 500 օրինակ, մի քանի օրենսդրական ակտերում լինելու են փոփոխություններ, որպեսզի հաստատվեն ցանկերը, ճշգրտվեն ռիսկային գոտիները: Այս 2 ծրագրերի բյուջեն  31 մլն դրամ է»,- ասում Է Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: «Ներկայացվող  Կարմիր գրքում ներառվել են  նաև սնկեր և անողնաշարավոր կենդանիներ, որոնք ընդգրկված չեն եղել նախկին Կարմիր գրքում: Բոլոր տեսակների վիճակի գնահատումը և դրանց կատեգորիաների որոշումը կատարվել է միջազգայնորեն ընդունված չափորոշիչների միջոցով` Բնության պահպանության միջազգաին  միության դասակարգիչների կիրառմամբ»,- ասաց Կենսաբազմազանության և ջրային ռեսուրսների պահպանման վարչության պետ Տատյանա Դանիելյանը: Հայաստանի բույսերի Կարմիր գրքի երկրորդ հրատարակության մեջ ընդգրկվել են բարձրակարգ բույսերի 463 տեսակ, 40 տեսակի սնկեր,  կենդանիների Կարմիր գրքում`155 տեսակի անողնաշարավոր և նույնքան կենդանիներ: Ներկայացվող Կարմիր գիրքը, սահմանված կարգի համաձայն, քննարկվել է շահագրգիռ կազմակերպություններում և մոտակա ժամանակում կներկայացվի կառավարության հաստատմանը, որից հետո կհրատարկվի հայերեն և անգլերեն լեզուներով:

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված