Հինգշաբթի, 05 դեկտեմբերի

«Ցավալի է, որ Մոսկվայում կամ Վաշինգտոնում է որոշվում հայ-թուրքական հարաբերությունների ճակատագիրը»



Այսօր «Հայելի» ակումբում նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն անդրադարձավ հայ-թուրքական արձանագրություններին` նշելով, որ դրանցում իր համար անընդունելի կետեր կան, մասնավորապես` պատմաբանների ենթահանձնաժողովի առկայությունը, ակնհայտորեն արձանագրությունների վավերացնելը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հետ կապելը և այլն: Վերջին ամիսների զարգացումները, Ա. Արզումանյանի խոսքով, ցույց տվեցին, որ այն, ինչի մասին ինքը խոսում է, իրականություն է. այլևս որևէ մեկի մոտ կասկած չկա, որ հայ թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը պայմանավորված է միայն ու միայն Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առաջխաղացման հետ: Իսկ այդ առաջխաղացումը Ադրբեջանի և Թուրքիայի պատկերացումներով հայաստանյան կողմի միակողմանի զիջումներն են: «Հրապարակված մադրիդյան սկզբունքների հիման վրա որևէ փաստաթուղթ չի կարող ընդունելի լինել ո’չ Հայաստանի Հանրապետության, ո’չ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար: Զարգացումները բերեցին նրան, որ սկզբունքները հնչեցվեցին երեք համանախագահող երկրների նախագահների մակարդակով`  ցույց տալու համար այն լուրջ աջակցությունը, որ այդ սկզբունքները  ստանում են համապատասխան կարևոր երկրների կողմից»,- ասաց նա: Ա. Արզումանյանի կարծիքով` արձանագրությունները չեն վավերացվելու Թուրքիայի մեջլիսում այնքան ժամանակ, քանի դեռ ԼՂ հարցում չի ստորագրվել շրջանակային  փաստաթուղթ, կամ գոնե չի հայտարարվել ամենաբարձր մակարդակով, որ մոտ ապագայում սկսվելու է խաղաղ կարգավորման գործընթացը` այս այս պայմաններով: «Դրանք կվավերացվեն այն ժամանակ, երբ Հայաստանի իշխանությունների կողմից կլինի հստակ խոստում զորքերի դուրսբերման վերաբերյալ»,- ասաց նա: «Դեկտեմբերի 7-ին կայանալիք Էրդողան-Օբամա հանդիպումն ինչպե՞ս կազդի արձանագրությունների վավերացման գործընթացի վրա»: Այս հարցին ի պատասխան` Ա. Արզումանյանը նշեց, որ եթե մինչև Սերժ Սարգսյանի ընտրությունը Լեռնային Ղարաբաղն էր դուրս էր մնացել խաղաղ գործընթացից և ընդհանրապես տարածաշրջանի բոլոր զարգացումներից, ապա Սերժ Սարգսյանի ընտրությունից հետո Հայաստանի Հանրապետությունն էլ դուրս մնաց: «Ցավալի է, որ Մոսկվայում կամ Վաշինգտոնում է որոշվում հայ-թուրքական հարաբերությունների ճակատագիրը, Մոսկվայից է հնչեցվում հայ-թուրքական մերձեցման կարևորությունը, որ Օբամա-Էրդողան բանակցությունների  արդյունքում է, որ պետք է հայ-թուրքական արձանագրությունները վավերացվեն կամ չվավերացվեն: Ցավալի է, որ Հայաստանը դուրս է այդ գործընթացից, և մեզ մնում է միայն սրտատրոփ սպասել, թե ինչ կքննարկվեն Վաշինգտոնում` Հայաստանի հետ կապված»,- ասաց նա:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված