ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Հրանուշ Հակոբյան. «Ես հայտարարել էի, որ դարը մեկ եմ կուսակցություն ընտրելու եւ կարծում եմ, որ չեմ սխալվել»



«Ես համալսարանը ավարտեցի հյուսերով»

«1983թ, երբ ես դարձա Հայաստանի երիտասարդության կենտկոմի քարտուղար, եղբայրս էլ` Զոդի հանքերի տնօրեն, հայրս մեզ նստեցրեց եւ ասաց. երկուսդ էլ մեծ ճամփա եք դուրս եկել, կյանքում, եթե այդպես է հաջողվել, դուք պետք է նվիրվեք գործին մինչեւ վերջ եւ երկրորդ` պետք է պատիվ ստեղծեք, եթե ձեզանից որեւէ մեկը որեւէ անօրինական, սխալ քայլ արեց, ինձ հետ գործ չունեք:

Իմ հոր պատվիրանը ես եւ իմ ընտանիքի անդամները մինչեւ այսօր պահում, պահպանում ենք սրբորեն»: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ապրում է ծնողների հետ: Նա ասում է, որ երբեք նրանց հետ կոֆլիկտ չի ունեցել: Նախարարը մորը համարում է իր թիվ մեկ խորհրդականը, իսկ հոր մասին ասում է, որ շատ խստապահանջ եւ ավանդապահ է: Ինքը` Գավառում ծնված նախարարը, նույնպես ավանդապահ է: «Ես տանը նման եմ փոքրիկ 7-ից -10 տարեկան երեխայի եւ շատ եմ ուզում, որ այդպես լինի, ուզում եմ միշտ մեծերը ինձ հետ լինեն, որ ես միշտ երեխա զգամ: Քանի որ պաշտոնը ինձ համար պատասխանատվություն է եւ ոչ թե արտոնություն եւ առավելություն, հետեւաբար երբ ես տուն եմ հասնում, ուզում եմ ամեն ինչով հպատակվեմ եւ ոչ թե պահանջեմ, հանձնարարեմ, առաջինը լինեմ: Երբ ես աշխատանքային օրվանից հետո հոգնած տուն եմ գնում, մայրս կարող է 10 րոպեում ամբողջ քաղաքական անցուդարձը ամփոփել եւ ինձ այնպիսի խորհուրդներ տալ, որ իմ ոչ մի խորհրդական չի կարող: Երբ նա ասում է այս հագուստը մի հագիր, ես չեմ հագնում: Հայրս խստապահանջ է, ժամը 10.00-ից հետո մի երեք անգամ կզանգի` ի՞նչ եղար, ուր գնացիր: Այսօր էլ, եթե նա մի խեթ հայացք ձգի իմ վրա, ես կկարմրեմ: Շատ ավանդապահ է, ես համալսարանը ավարտեցի հյուսերով, չէր թողնում մազերս կտրեմ, ինքը երբեք ուղիղ նկատողություն չի արել: Պաշտոնը այսօր կա, վաղը չկա, տանը ես նախարար չեմ, շատ սովորական եւ շատ հասարակ մարդ»: 1975 թ. Հրանուշ Հակոբյանը գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկաի ֆակուլտետը, 1989-ին` Մոսկվայի հասարակական գիտությունների ակադեմիան, 1994-ին`ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը: Վեց անգամ անընդմեջ ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի, ապա` Ազգային ժողովի բոլոր գումարումների պատգամավոր: 1996-1998թ.թ. նշանակվել է ՀՀ սոցիալական ապահովության նախարար: ԱԺ-ում 22 տարիների աշխատանքի ընթացքում եղել է սոցիալական, առողջապահության հանձնաժողովների փոխնախագահ, ապա` նախագահ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ: 1999-2008թ.թ. ընտրվել է Եվրամիություն-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ, եղել է այդ հանձնաժողովի փոխնախագահ: 2003-2008թ.թ. ընտրվել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2008թ. հունիսի 27-ին նշանակվել է ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ: Դասավանդում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում եւ Գավառի պետական համալսարանում: Հ. Հակոբյանի համար իդեալը իր ծնողներն են եղել: «Ես Ճակատագրի կամոք այնպիսի ընտանիքում եմ ծնվել, որ իմ ծնողները ինձ համար օրինակ են եղել, նրանք մեծ ազդեցություն են ունեցել իմ կյանքի ճանապարհի վրա»: Հայրը մասնագիտությամբ պատմաբան է, փիլիսոփա, բանասեր, մայրը` պատմաբան, աշխատել է դպրոցի տնօրեն: Ընտանիքում 4 երեխա են, 3-րդը Հրանուշ Հակոբյանն է: «Տանն էլ ինքը միշտ լիդեր է եղել, մեր «զակոն Իվանիչն է»: Իր հետ եւ շատ հեշտ է եւ շատ դժվար: Շատ հեշտ է, որովհետեւ իրենից սովորում ես ամեն ինչ եւ ինքը լսող ու դինամիկ մարդ է, շատ դժվար է, որովհետեւ ինքը շատ պահանջկոտ է եւ խիստ: Երբ Հրանուշը մի հայացքով նայում է, ես արդեն սսկվում եմ եւ գիտեմ, որ ինչ-որ բան ճիշտ չեմ ասել կամ արել: Կոնֆլիկտ երբեք չենք ունեցել, ապտակներ էլ չեն եղել, ես երբեք նրան չեմ պատասխանել: Ես 47 տարեկան եմ եւ իմ բոլոր խնդիրները կիսում եմ իր հետ, առաջինը իրենից եմ խորհուրդ հարցնում եւ իր խորհուրդով էլ ուղղորդվում եմ, եւ կյանքը ցույց է տվել, որ մինչեւ հիմա ինքը չի սխալվել»- պատմում է փոքր քույրը` Խաչանուշը: Այսօր նա Հրանուշ Հակոբյանի եւ Ռիտա Պալյանի հիմնադրած Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրենն է: 30_11-hr_hakobyan-1«Դպրոցում շատ չարաճճի էի: Դասերս 10 րոպեում էի սովորում, հորիցս վերցրել եմ նրա անծայրածիր հիշողությունը, դրա համար շնորհակալ եմ, դա ինձ աշխատանքում շատ է օգնում: Մայրս ուզում էր, որ ես բժշկուհի դառնամ, հայրս, երբ 5-րդ դասարան էի, ասաց, որ իմ աղջիկը պետք է մաթեմատիկոս դառնա եւ դրանով հարցը փակվեց»,- հիշում է նախարարը: Նախարար Հրանուշ Հակոբյանի օրը սկսվում է շատ վաղ եւ ավարտվում շատ ուշ: «Առավոտյան արթնանում եմ, արագ-արագ ինձ կարգի բերում, խմում մեկ բաժակ սուրճ եւ շտապում աշխատանքի, աշխատասենյակում նախ ստուգում եմ 2 էլէկտրոնային փոստերս, արագ թերթում եմ թերթերը, հետո հանդիպումներ, քննարկումներ: 1 տարի մեկուկես ամիս է, ինչ ես ստանձնել եմ պաշտոնը եւ որեւէ ազատ օր չեմ ունեցել, այդպիսի շաբաթ կամ կիրակի չի եղել, որ հանգստանամ, նախարարության շատ սենյակներ հիմա էլ բաց են, ես ոչ մեկին չեմ ասում գնացեք, իրենք հասկանում են, որ աշխատանքը անծայրածիր է, բոլորը աշխատում են սուսուփուս, տքնում եւ տառապում են, բայց պրոֆեսիոնալիզմի մակարդակը այնպես չէ, որ ես հանգիստ լինեմ, անելիքները շատ են»: Ի դեպ հարցարույցի ժամանակ ժամը` 18:30-ից մինչեւ 20:00 նախարարության շատ սենյակների դռները բաց էին, աշխատողներն էլ` տեղում, երբ հարցրեցի աշխատողներին, թե իրենց աշխատանքային ժամը երբ է ավարտվում, ասացին` կեսգիշերին:

«Մի բան պետք է կորցնես, որ մյուսը լավ լինի»

«Մայրս 2 դեպքում էլ դեմ է եղել իմ նախարար դառնալուն, հայրս առաջին դեպքում դեմ էր, իսկ այսօր` այո: Հայրս մի թեզ ունի` ծառայել հայրենքին եւ այդ թեզով էլ նա անհրաժեշտ համարեց իմ Սփյուռքի նախարար դառնալը: Մայրս ընտրության հաջորդ օրը միշտ ասում էր, աղջիկս, մի վերցրու պաշտոնը, ավելի հանգիստ ապրիր, դու նվիրվում ես եւ քեզ չես խնայում: Նրա մեջ իր երեխային հանգիստ տեսնելու փափագն էր խոսում: Չեմ ընդունում, երբ ասում են` կին էր, դրա համար պաշտոն տվեցին, եթե ես արժանի չեմ որպես մարդ, ապա ինչ կապ ունի կին է, թե տղամարդ: Գուցե լավ չէ, որ քեզ շատ են ճանաչում, բոլորը մտածում են դիմել քեզ օգնության համար, այդ առումով ես դեռ շարունակում եմ մնալ սոցապ նախարար» - ասում է նախարարը: Հրանուշ Հակոբյանը գտնում է, որ եթե իր կյանքը վերապրեր, ապա ոչինչ չէր փոխի: Իսկ քաղաքականության մեջ լինելը երբեք իրեն չի խանգարել.«Ընդհանրապես քաղաքականությունը դժվար երեւույթ է, կին լինի, թե տղամարդ: Կնոջ դերը հասարակության մեջ երեխաներ դաստիարակելն է եւ երբ կինը սկսում է երեխա դաստիարակել, նա իր հասակակից տղամարդուց առնվազն տասը տարով ետ է մնում: Ես աշխատում եմ, ես կին չեմ խաղում: Ինչ կանացի հմայք, նազանք, ես դա չեմ ընդունում, կանացի խելքն է կարեւոր: Կին լինելը ինձ չի խանգարել, ես իմ աշխատանքային 35 տարիների ընթացքում չեմ հիշում, որ որեւէ տղամարդ ինձ վիրավորի»: Անձնականի մասին տիկին Հակոբյանը չի սիրում խոսել: Ասում է` դպրոցական սերեր էլ չեն եղել: «Ես շատ ուժեղ եմ եղել, բոլորը ինձանից վախեցել են»,- ասում է նախարարը: Հրանուշ Հակոբյանը ամուսնալուծված է եւ չունի երեխաներ. «Մի բան պետք է կորցնես, որ մյուսը լավ լինի, երբ մի բան ջարդվում է, այլեւս վերջացավ: Ես այդ էջը փակել եմ: Ես նվիրվել եմ այստեղ: Ես կարծում եմ, որ ընտանիքի ամենամեծ կապը երեխան է, եթե երեխա չկա, ուրեմն ընտանիքը չի կայանում, առավել եւս եթե մի մեծ սեր էլ չկա: Քրոջս եւ եղբորս երեխաները բոլորը իմն են, ես ամենահարուստ մայրն եմ, նրանք ինձ իրենց ծնողներից շատ են սիրում: Ես երջանիկ եմ այստեղ, իմ աշխատանքով, իմ ընտանիքով, իմ մտերիմների տված ջերմությամբ: Կարծում եմ` ես ոչ լիարժեք կյանքով չեմ ապրել»: 30_11-h_hakobyan

Սփյուռքի նախարարը կարծում է, որ եթե քաղաքականության մեջ ես, ապա չես կարող անկուսակցական լինել, երիտասարդ տարիներին նա կոմունիստ էր, այսօր` հանրապետական: «Երիտասարդական տարիներին ես եղել եմ կոմունիստ, քանզի այդ ժամանակ առաջ գնալու միակ ճանապարհը դա էր: 90-ից հետո հասկացա, որ կոմունիզմը վերջացավ: Անցնող 18 տարիները ես որեւէ կուսակցության չեմ անդամակցել, մտածում էի, պետք է կուսակցությունները հասունանան, կայունանան, բայց եթե դու քաղաքականության մեջ ես, ապա չես կարող անկուսակցական լինել, դու պետք է որեւէ թիմի հետ աշխատես, որեւէ գաղափարախոսության հետեւից գնաս: Շատ կուսակցություններ են ինձ առաջարկել իրենց անդամը դառնալ եւ 2007-ի դեկտեմբերին, երբ ընտրությունները ավարտվել էին եւ հանրապետականը հաղթել էր, ես դարձա հանրապետական: Ես հայտարարել էի, որ դարը մեկ եմ կուսակցություն ընտրելու եւ ես կարծում եմ, որ չեմ սխալվել: Ես ազգը, պետությունը, ժողովուրրդը սիրող մարդ եմ, նժդեհյան գաղափարախոսությունը ինձ հոգեհարազատ է: ՀՀԿ-ն ամենակայացած, ամենաառաջատար կուսակցությունն է, կուսակցական լինելը ինձ հնարավորություն է տալիս շփվել նախագահի հետ, դա մարդկանց մի խումբ է, որոնց հետ կարող ես քննարկել, սովորել, տալ եւ վերցնել»: Հ.Հակոբյանին ուրախացնում է ամենափոքր հաջողությունը, տխրեցնում է անարդարությունը, դավաճանությունը, ստորությունը, խաբեբայությունը, գծուծությունը, երազում է Հայաստանը տեսնել հզոր, ուժեղ, զարգացած. «Աղքատ չտեսնեմ, սոված չտեսնեմ, անարդարություն չտեսնեմ: Վախեցնում է միայն մի բան. ինչքանով է պաշտպանված եւ անվտանգ մեր ազգը, պետությունը»: Հրանուշ Հակոբյանը իր` հաջողությունների հասնելու գաղտնիքը եւ ամենամեծ առավելությունը համարում է աշխատանքին նվիրումը եւ ազնվությունը: Նա կարծում է որ թերություններ եւս ունի: «Ես մի քիչ էմոցիոնալ եմ, ինչը խանգարում է, եթե ես մի քիչ անտարբեր լինեի, մի քիչ էլ էգոիստ, ավելի լավ կլիներ, բայց չեմ, ես արտաքինից շատ խստաբարո եմ երեւում, բայց ինձ ճանաչողները գիտեն, որ ես շատ փափուկ եւ մեղմ սիրտ ունեմ, ինձ անմիջապես կարելի է խեղճացնել որեւէ մարդկային ճակատագիր իմ առաջ դնելով: Մեջս անանձնականը շատ է եւ քանի կյանքս առաջ է գնում, այնքան ավելանում է. դա լավ չէ, բայց չեմ կարողանում կանգնել, աշխատանքը ինձ տանում է: Շատ եմ սիրում օբյեկտիվությունը, արդարությունը, պաշտում եմ գնահատել կադրին իր գիտելիքի համար: Ես ամենամեծ երջանկությունը զգում եմ, երբ ինչ-որ մի լավ բան եմ անում: Ինձ համար ազնվությունը, կարգուկանոնը ամեն ինչից վեր է եւ միայն այդ դեպքում է, որ մարդը կարող է պատիվ ստեղծել, պատիվը ստեղծում են քրտինքով, տառապանքով, բայց կարող է մեկ հարվածով կորցնես: Իմ կյանքից շատ սիրում եմ իմ պատիվը»,- նշում է նախարարը:

Նախարարի խոսքերով` երիտասարդ տարիներին ավելի սուր էր վերաբերում քննադատությանը, այսօր ավելի անտարբեր է դարձել.«Չեի ասի, որ ես քննադատվող թիրախներից եմ, հազվադեպ են քննադատվում` այն էլ չիմացության կամ չկամության արդյունք է: Եթե ճիշտ է քննադատությունը, ապա անպայման այդ մասին մտածում եմ, փորձում ուղղել կամ ուղղվել»,- ասում է Սփյուռքի նախարարը: Նախարարը ընկերներ ընտրելիս կուսակցական պատկանելիությանը չի նայում. «Քաղքենիներին, չաչանակներին, անբաններին չեմ սիրում: Իմ ընկերները տարբեր տարիների աշխատանքային կապերն են, ուսանողական ընկերներ շարունակում եմ ունենալ, շատ ջերմ են կոմերիտական շրջանի ընկերները»:

«Տու'ր ինծի, Տեր, ուրախությունն անանձնական» 30_11-hr_hakobyan-2

Հրանուշ Հակոբյանը ասում է, որ հանգստանալու ժամանակ չի ունենում. «Ես, ցավոք, ինձ սպառում եմ: Հանգստանում եմ երեխաների, թոռնիկների հետ, ընտանիքի գրկում, աղմկոտ տեղեր, խնջույքներ չեմ սիրում, սիրում եմ բնության գրկում թափառել, ընթերցել, եթե դրա ժամանակը լինում է, հրաշք կլիներ, եթե կարողանայի շաբաթական գոնե մի ժամ թենիս, բադմինտոն խաղալ»: Թենիսից եւ բադմինտոնից առավել սիրում է բանաստեղծություններ կարդալ եւ սովորել.«Ասմունքն է իմ հոբբին: Ամենասիրելի բանաստեղծական տողերից են. «Գործն է անմահ, լավ իմացեք, որ խոսվում է դարեդար», շատ եմ սիրում Մեծարենց, կարծում եմ` ինձ է բնութագրում. «Տուր ինծի, Տեր, ուրախությունն անանձնական»: Սիրում է նաեւ Թեքեյանին, որն ասում է «Կյանքեն ինձի ինչ մնաց՝ ինչ որ տրվի ուրիշին: Տարօրինակ այս միայն»: Մարդն իր կյանքում պետք է այս երեք պատվիրաններով առաջնորդվի` ուրախանա ուրիշի ուրախությամբ, տա, նվիրի, ստեղծի եւ գլխավորը գործն է, ես գործի մարդ եմ ինձ համարում»: Ծխելը եւ խմելը նախարարի համար անընդունելի են. «Կյանքում խմիչք օգտագործած չկամ, չգիտեմ էլ ալկոհոլի համը, լինելով քյավառցի` խայտառակում եմ արմատս: Սիրում եմ լոբազգիներ, ձկներ, շոկոլադը սիրում եմ սուրճի հետ, խոհանոց շատ եմ սիրում, որովհետեւ խոհանոց համարյա չեմ մտնում, եթե ամեն օր գնայի, չէի սիրի: Ես շատ եմ սիրում պատրաստել, ընդ որում` ասում են` շատ լավ եմ պատրաստում»:

«Ես ոչինչ չունեմ, բացի հագուստներից»

«Ինձ մի սպիտակ տուն են վերագրել գազանանոցի կողքին, երբ լսեցի, ծիծաղեցի, քանի որ տուն գրեթե չունեմ, ծնողներիս հետ եմ ապրում: Այնքան ահագնացավ ինձ այդ տունը վերագրելու դեպքերը, որ ստիպված ես հետաքրքրվեցի, թե ումն է, իմացա, խորհրդարանում հանդես եկա հայտարարությամբ` ասելով, որ եթե դա իմ տունն է, ապա նվիրում եմ պետությանը, թող մանկապարտեզ սարքեն: Մեքենա էլ չունեմ: 86թ Ձորաղբյուրում 400մ հողակտոր ունեմ, որը կորել էր եւ տեղն էլ չգիտեի մինչեւ վերջերս: Ես ոչինչ չունեմ, բացի հագուստներից»: Նա ասում է, որ Հայաստանում որեւէ խանութի տեղ չգիտի, հագուստը գնում է ճամփորդությունների ժամանակ, նախընտրում է ֆրանսիական օծանելիք, սիրում է կրել մարգարիտներ եւ կրծքազարդեր, իսկ հագուստը պաշտոնական եւ դասականը, ընդ որում գերակշռում է սեւը եւ սպիտակը. «Սկզբնական շրջանում հագուստս ընտրելիս ինձ օգնում էին քրոջս աղջիկները, հիմա այդ առումով մի քիչ խեղճացել եմ, որովհետեւ ամուսնացրել եմ: Կարեւոր է հագուստը լինի հարմարավետ եւ դրանով դու քեզ լավ զգաս: Ամերիկայում մեկ ժամ խանութ մտնելով` ընտրում եմ հագուստս, բրենդներին նշանակություն չեմ տալիս, որովհետեւ իմ աշխատավարձը թույլ չի տա դրանք գնել: Ես չափավոր մարդ եմ, ուստի բավականացնում է աշխատավարձը»:


Գլխավոր էջ


Տես նաև՝

    ավելին



    Մեկնաբանել
    Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

    Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

    Լրահոս

    Բոլոր նորությունները

    Արխիվ
    Ամենա

    Մեկնաբանված

    Կարդացված