ՈՒրբաթ, 15 նոյեմբերի

Հանրապետականի կրծքանշանը նախարարին էներգետիկա է տալիս



Միշտ սիրել եմ լինել ուշադրության կենտրոնում, ծնողներս ինձ հետ շատ էին պարապում, ընտանեկան տարբեր հավաքների ժամանակ ինձ անպայման ներկայանալու հնարավորություն էր տրվում` բանաստեղծության կամ վիկտորինայի միջոցով: Դեռ վաղ հասակից սիրել եմ հասարակական ակտիվությունը:

-1992-1998 թթ. սովորել եք Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում, այնուհետեւ 2 տարի` կլինիկական օրդինատուրա «Դատական բժշկություն» մասնագիտությամբ: Ինչպե՞ս ընտրեցիք բժշկի մասնագիտությունը եւ ինչու՞ չտեսանք բժիշկ Աշոտյանին:

-Քանի որ Աշոտյանների տոհմում բժիշկ չկար, ծնողական խորհուրդը որոշեց, որ ճիշտ կլինի բժիշկ դառնամ: Իմ հակումները ավելի շատ հումանիտար ոլորտում էին, շատ էի ուզում լինել իրավաբան, միջազգայնագետ, չնայած բոլոր առարկաներն էլ սիրում էի, լավ էի սովորում եւ ինչ էլ պարապեի, կընդունվեի: Իսկ պրակտիկ բժշկությունը ինձ չի ձգել: Բժշկական գիտելիքներս կիրառել եմ տարբեր մարդկանց առաջին բուժօգնություն ցույց տալով:

-2002 թ.-ից ՀՀԿ-ի անդամ եք: Ինչպե՞ս մտաք Հանրապետական կուսակցություն եւ ինչու՞: Նժդեհյան գաղափարախոսությունն այդքան հոգեհարազա՞տ էր ձեզ:

-Արդեն ժամանակն էր լքելու ուսանողական դաշտը, որպես հասարակական ակտիվություն ցուցաբերած եւ պրպտող երիտասարդներ` շարունակություն էինք փնտրում: Կուսակցություն մտնելու առաջին առաջարկը եղել է ընդդիմության ճամբարից: 2001 թվականն էր, մեզ հրավիրեցին հանդիպման շատ հայտնի ընդդիմադիր գործչի հետ: Մոտ ժամուկես սպասեցինք, այդ մարդը չեկավ, հիասթափվեցինք, ջղայնացանք: Երկու օր հետո զանգահարեցին եւ նոր հանդիպում նշանակեցին, չգնացինք: Ի սկզբանե վերաբերմունքը, երբ հրավիրում են, չեն գալիս եւ տեղյակ էլ չեն պահում, տհաճ էր, հասկացանք, որ մեզ լուրջ չեն վերաբերվում: Հետո իմ ընկերներից մեկը` Արտակ Գրիգորյանը, առաջարկեց մտնել Հանրապետական կուսակցություն: Երկար ժամանակ վարանում էինք: Հանրապետական կուսակցության գրասենյակ գնալու հենց առաջին օրը շրջադարձային հանդիպում տեղի ունեցավ. ներս մտավ լուսահոգի Անդրանիկ Մարգարյանը, ով բոլորին թողեց, եկավ մեզ մոտ, շատ ջերմ բարեւեց, ծանոթացավ: Միանգամից չանդամակցեցինք, ծանոթացանք, շփվեցինք եւ նոր միայն մտանք կուսակցություն: Իսկ Նժդեհյան գաղափարախոսությունը, համենայն դեպս այդ տարիներին, ամենագրավիչն էր:

-Ո՞րն է ՀՀԿ-ի դերը ձեր կյանքում: Երբեւէ կհեռանա՞ք Ձեր կուսակցությունից: Ի՞նչ է ԿԳ նախարարի պաշտոնը ձեզ համար:

-ՀՀԿ-ի դերն այսօր իմ կյանքում շատ մեծ է, նախեւառաջ ես այս պաշտոնը զբաղեցնում եմ որպես ՀՀԿ նախարար, ՀՀԿ խմբակցության անդամ եմ: Ինձ միայն կարող են հեռացնել, ես ինքս դուրս չեմ գա: Նախարարի պաշտոնը ինձ համար աշխատանք է, որտեղից ես պետք է պատվով դուրս գամ: Յուրաքանչյուր պաշտոն ունի իր սկիզբն ու վերջը: Իսկ ավարտը կախված է 3 հանգամանքից` ճակատագրից, քո լիազորությունների սպառման ժամկետից եւ աշխատանքի արդյունավետությունից: Նախարարի պաշտոնը կթողնեմ այն ժամանակ, երբ իմ երկրի եւ իմ կուսակցության ղեկավարն այդպես որոշի: Իմ կամքով կհեռանամ, եթե զգամ, որ ասելիքս ու անելիքս սպառվել է:

-2004 թ. լույս տեսավ Ձեր բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն, իսկ 2007 թգ հեղինակային երգերի առաջին սկավառակը: Սպասե՞նք երկրորդին:

-Վերջերս մտածում էի, որ ժամանակն է մի քանի նոր երգերի: Ի սկզբանե ես ստեղծագործել եմ միայն իմ մտերիմների համար: Ստեղծագործելը հանգստանալու միջոց է: Աշխատանքի մեջ չի կարելի զգացմունքային լինել: Ինչքան ավելի ծանր է քաղաքական բեռը, այնքան ավելի շատ ես ուզում լիցքաթափվել:

-Հանրապետականի կրծքանշանը չի՞ խանգարում ստեղծագործելիս: Կցանկանայի՞ք ձեր որդին էլ ձեր նման քաղաքականությունը եւ արվեստը համատեղեր:

-Հանրապետականի կրծքանշանը բացարձակ չի խանգարում ինձ ստեղծագործելիս: Այն իմ արտաքինի բաղկացուցիչ մասն է 2002-ի փետրվարից: 7 տարի է անցել, եւ մատների վրա հաշված օրեր եմ մոռացել կրել այն: Կրծքանշանը ինձ էներգետիկա է տալիս, դրական աուրա ունի մեր նշանը: Ես հպարտությամբ եմ կրում այն: Քաղաքականությունը մտքի համար է, իսկ ստեղծագործական աշխատանքները` սրտի: Հոգեկան բավականություն եմ ստանում ստեղծագործելիս: Չէի ցանկանա որդիս իմ նման համատեղեր քաղաքականությունը եւ արվեստը, կուզենայի, որ նա ընտրեր մասնագիտական կարիերայի ճանապարհը: Քաղաքական դաշտում շատ ծանր է աշխատել, չկայանալու ռիսկերը շատ մեծ են: Քաղաքականությամբ զբաղվողները շատ են, բայց քաղաքականությամբ աշխատողները` քիչ: 23_11-ashotyan-1

-Ինչպիսի՞ն է Աշոտյանը տանը, ինչպես ծանոթացաք Ձեր կնոջ` բժշկուհի-ներզատաբան Լուսինե Նավասարդյանի հետ: Ընտանեկան վեճերը ինչպե/ս եք հարթում:

-Շատ անմիջական, մեծ որդիս երեք ու կես տարեկան է, միասին խաղում ենք, մուլտֆիլմեր ենք դիտում, երբեմն քնացնում եմ, որդիս չի սիրում նույն հեքիաթը լսել, եւ ստիպված եմ լինում ինքս էլ հորինել: Կրտսեր որդիս 7 ամսեկան է, բավարարվում եմ նրա հետ խաղալով: Ընտանեկան կյանքին շատ քիչ ժամանակ է մնում, եւ այդ ժամանակը պետք է առավելագույնս օգտագործել: Հինգ տարի կնոջս հետ աշխատել ենք Բժշկական համալսարանի ուսանողական խորհրդում, մի օր էլ ես Լիլիային ուրիշ աչքերով նայեցի: Մինչեւ կնոջս հանդիպելը ուրիշ սերեր էլ եղել են: Կինս մանրամասն գիտի բոլորի մասին, այժմ նրանց հանդիպելիս հիշում ենք անցյալը: Ես միշտ իրավացի եմ, անգամ եթե ես սխալ եմ: Սուր վեճեր չենք ունենում վերջերս: Եթե ես սխալ եմ, պետք չէ ինձ ասել, կանցնի ժամանակ, ես ինքս դա կզգամ եւ իմ վերաբերմունքով ցույց կտամ: Աշխատանքս նյարդային է, ընտանիքս ըմբռնումով է մոտենում: Փորձում եմ օրվա սթրեսը տուն չտանել: Կյանքում ինձ համար առաջնայինը ընտանիքն է: Ընտանիքում գիտեն, որ ինձ չի կարելի հակաճառել: Միշտ պետք է իմանալ` ինչ ես ուզում: Երբ գիտես` ինչ ես ուզում, ավելի հեշտ է գտնել ճանապարհը: Միշտ փորձում եմ ինքս ինձ հետ հետադարձ կապ ունենալ: Երբեք չմեծամտանալ, որովհետեւ մեծամտությունը կործանման սկիզբն է, առավել եւս քաղաքականության մեջ: Անկախ նրանից` ինչ պաշտոն ես զբաղեցում, երբեք չի կարելի մտածել, որ այդ դու ես, որ պիտի լինես: Ամեն օր պետք է մի նոր բան կարդալ, նոր բան սովորել: Ինչ-որ որոշում կայացնելիս փորձում եմ դրան նայել նաեւ դիմացինի աչքերով: Կարծում եմ` ես խղճով մարդ եմ:

-Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր հասցեին հնչող քննադատությանը:

-Երբ սկսում էի հասարակական-քաղաքական գործունեությունս, պատանեկան մաքսիմալիստ, ռոմանտիզմ կար, սեփական անձի մասին ազդարարելու անհագուրդ ցանկություն, հետո գիտելիքին եւ էնտուզիազմին զուգահեռ ավելանում է կենսափորձը, իմաստնությունը: Ես ծանր չեմ տանում բացասական կարծիքը, սիրում եմ բանավիճել: Լսում եմ շրջապատի կարծիքը, գոնե այդ պահին, որպես կանոն, չեմ համաձայնում, բայց հետո հետեւություններ անում եմ:

-Ինչպե՞ս եք հանգստանում, ու՞մ հետ եւ որտե՞ղ: Ընկերներին ինչպե՞ս եք ընտրում: ashotyanson2_24.11.09

-Սիրում եմ հանգստանալ ընտանիքիս հետ տանը: Հիմա առաջին իսկ պատեհ պահի տուն եմ շտապում, որպես կանոն` դա ժամը 10.00-ից շուտ չի լինում, բացառությամբ հանգստյան օրերի: Սիրում եմ զբոսնել ավագ որդուս հետ, նրան կարուսել եւ սրճարան տանել: Սիրում եմ նաեւ ընկերական հավաքույթները, որոնք հիմա ավելի քիչ են լինում: Ես չեմ ընտրում ընկերներին, ընկերոջը պետք է զգաս: Իրական ընկերները շատ ավելի քիչ են: Իմ ընկերական շրջապատի ճնշող մեծամասնությունը ուսանողական, դպրոցական տարիներից եկած կապեր են: Ընկերներիս մեծ մասի հետ մենք միասին ենք ճանապարհ անցել: ashotyans-son_24.11.09

Իմ ընկերներից են Կարեն Ավագյանը, Աբրահամ Բախչագուլյանը, Արման Սահակյանը, Էդուարդ Շարմազանովը, Վահե Հակոբյանը, Գալուստ Սահակյանը, Գագիկ Մինասյանը եւ այլք:

-Գիշերային ակումբներ, խաղատներ այցելու՞մ եք:

-Ուսանողական տարիներին ինձ հաջողվում էր զուգակցել երիտասարդական առողջ կյանքը ուշիմ ուսանողի կեցվածքի հետ: Ինձ չեմ զրկել ուսանողական կյանքի բազում բարիքներից, գրված եւ չգրված օրենքներից: Այդ ժամանակ ընկերներով սիրում էինք այցելել եւ կարաոկեներ, եւ դիսկոտեկներ եւ գիշերային ակումբներ: Լավ ձայնային տվյալներ չունեմ, բայց էդ ոգր մի հայը չի սիրում երգել: Սիրում եմ ավելի փոքր պարահրապարակ ունեցող դիսկոտեկներ: Գիշերային ակումբ այցելելը մեզանում այլասերվածության նշան է, բայց իրականում Հայաստանում կան տարբեր ակումբներ: Կենդանի երաժշտության համար հաճախ էինք գնում «Օպերա» ակումբ, երբ Վարդուհի Վարդանյանն էր երգում այնտեղ: Խաղատուն կյանքումս մեկ անգամ եմ գնացել: Երբ ուսանող էի եւ սովորում էի Մարսելում, ընկերներով որոշեցինք գնալ Մոնակո` խաղատուն, մի փոքր խնայողություն ունեինք, գնացինք կրվեցինք, եկանք` ուղղակի փաստելու համար, որ խաղատուն էլ ենք գնացել: Հիմա նման վայրերում չեք կարող գտնել Աշոտյանին, ոչ ցանկություն կա, ոչ ժամանակ: Օրեր առաջ ես եւ կինս իմ ընկերոջ հարսանիքում քավոր էինք, արդեն 6 ընտանեկան զույգի քավոր ենք:

-Հոբբիների մասին ի՞նչ կասեք: Այդքան շատ ծխում եք. իսկ առողջ ապրելակերպ վարու՞մ եք: Խոհանոցում լինու՞մ եք:

-Ժամանակին դրոշմանիշների հավաքածու ունեի, հետո սիրում էի ձայնասկավառակներ հավաքել: Հիմա հոբբիների շարքում երաժշտությունն է պահպանվել եւ ընթերցանությունը: Կախված տրամադրությունից` կարող եմ ամեն ինչ լսել: Սովետական էստրադա, հայկական դասականներ, երաժշտություններ արեւմտյան ֆիլմերից, 80-ականների դիսկո, ֆրանսիական եւ վրացական երաժշտություն, ջազ: Հայկական էստրադայից ինձ համար ամենապայծառ կերպարը Վարդուհի Վարդանյանն է: Ինչ վերաբերում է ընթերցանությանը, ապա վերջին տարիներին գեղարվեստական գրականությունը իր տեղը զիջել է քաղաքագիտական, աշխարհաքաղաքական գրքերին, իսկ այսօր կրթական-վարչարարական գրականությանը: Վերջերս Մոսկվայում էի եւ գրքերով բեռնավորված վերադարձա: Ժամանակին զբաղվել եմ տարբեր մարզաձեւերով, այժմ, ցավոք, չեմ հետեւում առողջ ապրելակերպին: Բայց տղաներս անպայման պիտի առողջ ապրելակերպ վարեն: Ցավոք, շատ եմ ծխում: Ներկայանալի լինելու համար հետեւում եմ սննդային ռեժիմիս, աշխատում եմ 19.00-ից հետո բան չուտել: Նախարար դառնալուց հետո 5կգ քաշ եմ գցել: Խոհանոցում մաքսիմում ձվածեղ կարող եմ պատրաստել, բայց եղբայրս խոհարար է: Սիրում եմ տան ճաշերը:

-Ձեր հագուստը եւ աքսեսուարները ինչպե՞ս եք ընտրում: Գին-որակ, հայտնի բրենդներ...

-Հագուստը եւ աքսեսուարները միայն ես եմ գնում ինձ համար: Բնականաբար, ուշադրություն դարձնում եմ գին-որակ հարաբերությանը, որքան գինը ցածր է եւ որակը բարձր, այնքան նախընտրելի է: Նախարարի պաշտոնը որոշակի ներկայանալի լինելու կեցվածք է պահանջում: Օրինակ` իմ զգեստապահարանից դուրս է մղել բոլոր բաց գույնի բաճկոնները: Չեմ սիրում շատ հայտնի բրենդներ, որոնց անունը շաղկապվում է բարեկեցության հետ: Փորձում եմ ճաշակի մեջ լինել:

-Նախարարի աշխատավարձը բավականացնու՞մ է:

-Ավետարանում ասվում է, որ մի մտահոգվիր, թե վաղը ինչ ես հագնելու կամ ուտելու, որովհետեւ եթե Աստված հոգացել է թռչունների եւ ծաղիկների կերը, ապա ինչպե՞ս չի կարող հոգալ իր ամենասիրելի էակի` մարդու հոգսերը: Ես իմ կենսաձեւից դժգոհություն չունեմ: Ապրում եմ մեծ ընտանիքում` ես, կինս, 2 երեխաներս, հայրս, մայրս, քույրս եւ եղբայրս: Մեր տանը բոլորը աշխատում են: Ես իմ ծախսերի մեջ բավականին զուսպ եմ: Ինքս ինձ վրա չեմ սիրում ծախսել:

-Բիզնեսով զբաղվու՞մ եք:

-Ես ոչինչ չունեմ, բացի մեկ բնակարանից: Այս տարի եմ գնել, մուծումները դեռ շարունակում եմ, բայց արագ տեղափոխվելու ցանկություն չունեմ: Բիզնեսի ջիղն իմ մեջ բացակայում է: Վերջերս ինձ ինչ-որ խանութների ցանցեր, սրճարանների տիրություն էին վերագրում, ինչը ճիշտ չէ:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված