ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Այսօր Ուսանողության միջազգային օրն է



Meri_17.11.09Մերին երազում է, որ Հայաստանում էլ ուսանողության օրը նշվի այնպիսի շուքով, ինչպես մյուս երկրներում Նոյեմբերի 17-ին աշխարհը տոնում է Ուսանողության միջազգային օրը: ԵՊԲՀ ուսանող Մերին ասում է, որ ինքը և իր ընկերները կփորձեն իրենք իրենց օրը տոն դարձնել, քանի որ մայրաքաղաքում որևէ միջոցառում չի  կազմակերպվում այդ առիթով.  «Մենք ընկերուհիներով որևէ տեղ կգնանք զվարճանալու: Լիաթոք պիտի ուրախանանք և մոռանանք առաջիկա ստուգարքների և քննությունների մասին: Երազում եմ, որ մեր երկրում էլ այս օրը նշվի այնպիսի շուքով, ինչպես մյուս երկրներում»,- ասում է ուսանողուհին: 1939թ. նոյեմբերի 17-ին գերմանցիները շրջափակեցին Պրահայի համալսարանի ուսանողական հանրակացարանը և մոտ 1200 ուսանողների գերեվարեցին համակենտրոնացման ճամբար։ Այդ նույն օրը ինն ուսանող մահապատժի ենթարկվեց։ Պրահայի համալսարանը փակվեց, և շենքն օգտագործվեց Գերմանիայի զավթիչ ուժերի կողմից։ Հիտլերի հրամանով Չեխոսլովակիայի բոլոր բուհերը փակվեցին մինչև պատերազմի ավարտը։ Այդ բռնություններին ուսանողները փորձեցին հակազդել։ Նույն օրը Պրահայի փողոցներում կազմակերպված ցույցով հակաֆաշիստական ուսանողական կոալիցիա հիմնվեց։ Երկու տարի անց՝ 1941 թվականին, եվրոպական տարբեր երկրների ուսանողներ Լոնդոնի ուսանողական միջազգային խորհրդում որոշեցին նոյեմբերի 17-ը նշել որպես Ուսանողության միջազգային օր՝ հիմքում ունենալով ֆաշիզմի դեմ պայքարը։ Տարբեր երկրներում արդեն ձեւավորվել են տոնը նշելու ավանդույթներ: Օրինակ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների ուսանողներն այդ օրը ձգտում են զվարճանալ հնարավորինս թանկ ակումբներում եւ վայելել ամենաթանկ խմիչքներն ու ուտեստները: Դանիայի գիմնազիայի շրջանավարտներն ունեն հետաքրքիր մի ավանդույթ. շրջանավարտի ընտանիքը նրա համար այդ օրը վարձակալում է բեռնատար հիշեցնող մի մեքենա, որով նրանք ամբողջ գիշեր միասին շրջում են քաղաքի փողոցներով, կիթառի նվագակցությամբ երգում ուրախ երգեր եւ պարտադիր ըմպում գարեջուր: Հայաստանում  ուսանողության օրվա հետ կապված նման ավանդույթ չկա: Քչերը գիտեն օրվա խորհրդի մասին: ԵՊՀ ուսանողուհի Անիի համար վերջինն Ուսանողության միջազգային օրն է. այս տարի նա ավարտում է համալսարանը. «Ուսանողական ժամանակաշրջանը մարդու համար այն տարիքն է, երբ փորձում ես ամեն ինչ, երբ քեզ թվում է, թե ամեն ինչ քեզ թույլատրվում է, ունենում ես լիքը ձեռքբերումներ և հիասթափություններ: 4 տարվա մեջ միայն այսօր եմ լսում այդ օրվա մասին: Տոնը նշում են կոլեկտիվ, իսկ Հայաստանում ուսանողական կոլեկտիվ չկա, որովհետև մոտիվացված ուսանողները քիչ են: Եթե ընտրությունները մոտ լինեին, ապա ուսանողության օրը ավելի մեծ շուքով կտոնվեր, բարձրաստիճան պաշտոնյաները, նախագահը կհանդիպեին ուսանողներին»: Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ լայնամասշտաբ միջոցառումներ նախատեսված չեն ո'չ Երևանի քաղաքապետարանի, ո'չ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, և ո'չ էլ Կրթության և գիտության նախարարության կողմից, բացի շնորհավորական ուղերձներից: Ինչպես «Հետքին» տեղեկացրին քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տոնական օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը նախատեսել է մայրաքաղաքի բուհական հաստատությունների մի խումբ ուսանողների հանձնել շնորհակալագրեր՝ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված համաքաղաքային միջոցառումներին («Էրեբունի-Երևան 2791» և այլն) ակտիվ մասնակցության համար, ինչպես նաև «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի աշակերտները և ԳԱԱ մագիստրոս-երիտասարդները  դիմել են քաղաքապետարան ճանաչողական այց իրականացնելու նպատակով։ Կրթության և գիտության նախարարության լրատվության վարչությունից էլ տեղեկացրին, որ իրենք ևս որևէ միջոցառում չեն կազմակերպել` բացի նոյեմբերի 17-ին  ժամը 11-ին «Անի Պլազա» հյուրանոցում «Ուսանողն այսօր» թեմայով կլոր սեղանից, որին կմասնակցի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված