Երկուշաբթի, 18 նոյեմբերի

Արդեն ստորագրել են, հիմա վավերացնելու են այդ ստորագրությունները



12_05-v-papazyan«Առաջիկայում կհրապարակեն 1992 թ. նախապատրաստաած փաստաթղթերը, որպեսզի հասարակությունը հնարավորություն ունենա համեմատելու այսօրվա փաստաթղթի հետ, տեսնելու տարբերությունները»,- այսօր «Դուպլեքս» մամուլի ակումբում լրագրողներին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վահան Փափազյանը:  Պրն Փափազյանը հայ-թուրքական հարաբերությունների ամենամեծ խնդիրը համարում է Ցեղասպանության հարցը. «Ամենաէական զիջումն այդ փաստաթղթերում հենց Ցեղասպանությանն է առնչվում: Պատմագիտական խնդիրները կառավարական մակարդակով լուծվում են միայն տոտալիտար իշխանական համակարգերում, ինչպիսին Թուրքիան և Հայաստանն է: Երբ մենք հայտարարում ենք, որ Ցեղասպանության հարցը մեր արտաքին քաղաքականության օրակարգային հարց է, ապա դրանով Թուրքիային պարտադրում ենք, որ հակազդի: Հակազդելու ամենահեշտ ձևն այն է, ինչ այսօր Թուրքիան անում է»: Նախկին արտգործնախարարի կարծիքով` մենք մեր ճշմարտությունը պատմաբանների հանձնաժողովում չենք կարող ապացուցել, որովհետև հանձնաժողովում ընդգրկված են լինելու Թուրքիայի քաղաքացի գիտնականներ, որոնք իրենց երկրում գործող օրենքով` Քրեական օրենսգրքի 301 հոդվածով, զրկված են ճշմարիտ խոսք ասելու իրավունքից: Երկրորդ պատճառն այն է, որ Թուրքիան հանձնաժողովի վրա ճնշում գործադրելու տարբեր միջոցներ ունի, օրինակ` կաշառքը, և Ցեղասպանությունն աճուրդի հանելիս կհաղթեն հարուստները` թուրքերը: Ըստ բանախոսի` պատմաբանների հանձնաժողովում մենք չենք կարողանա ապացուցել մեր ճշմարտությունը, քանի որ եթե Ցեղասպանության պատմագիտական ուսումնասիրությունը վերաբերում է գիտության ոլորտին, ապա Ցեղասպանության ճանաչման խնդիրը սոսկ քաղաքականություն է, իսկ գիտությունը դադարում է գիտություն լինելուց, երբ ծառայում է քաղաքականությանը, կառավարական հանձնաժողովն էլ ստեղծվում է քաղաքական նպատակով և չի կարող գիտական լինել: Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղևորությանը`պատմաբան-արևելագետ Վահան Փափազյանը նշեց, որ սփյուռքյան այցը պետք է լիներ մինչ ստորագրելը. «Արդեն ստորագրել են, հիմա վավերացնելու են այդ ստորագրությունները: Ո՞վ է ասում, որ Հայաստանի ժողովուրդն ավելի քիչ է հետաքրքրված այս խնդրով, քան սփյուռքը»: Վահան Փափազյանը գտնում է, որ հայ-թուրքական բանակցություններում միշտ առկա է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարցը և զարմանում է Ղարաբաղի իշխանությունների լռության վրա. «Եթե ԼՂՀ-ի իշխանությունները ձայն չեն հանում մադրիդյան սկզբունքների վերաբերյալ, ուրեմն համաձայն են և ընդունում են: Իսկ եթե իրենք չեն բողոքում,ապա մենք էլ ենք պարտավոր ընդունել դրանք»: Փափազյանի կանխատեսմամբ`հոկտեմբերի 10-ից հետո հարցը կտեղափոխվի խորհրդարանական լսումների հարթություն, վավերացում կամ չվավերացում, օր-օրի հասարակության արձագանքը կդառնա ավելի սուր, բողոքը, դժգոհությունը կաճի: «Այս բոլոր գործընթացները կասեցնելու միայն մի ձև կար`պահանջել իշխանության հրաժարականը, բայց դա տեղի չունեցավ, իսկ Դաշնակցությունը` իր միջոցառումներով, դեմքը փրկելու խնդիր ունի, նրանք չեն պահանջում իշխանությունների հրաժարականը, դրա համար էլ մենք չմիացանք նրանց»,- նշում է ՀԱԿ-ի համակիրը:

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված