Հոկտեմբերի 24-ին Երևանի Սիրահարների այգին դարձել էր գույների աշխարհ` շնորհիվ այն բոլոր երեխաների, ովքեր այդ օրը եկել էին մասնակցելու Համահայկական նկարչական մրցույթին: Ազատ ու անկաշկանդ նրանք նկարեցին բնությունն այնպիսին, ինչպիսին կուզենային տեսնել` չաղտոտված, անվտանգ, մարդու գոյության հետ ներդաշնակ: Միջոցառմանը մասնակցեցին տարբեր տարիքի հարյուրավոր երեխաներ մայրաքաղաքից և Հայաստանի մարզերից. նրանք այգում էին ոչ միայն նկարելու, այլև բովանդակալից ժամանակ անցկացնելու համար:
Նկարչական օրն ուղեկցվեց բնապահպանական խաղերով, ակցիաներով, Երևանի մանկական երկաթուղի տանող թունելը մաքրելուն և նկարազարդելուն ուղղված ստորագրահավաքով, շրջիկ գրադարան «Կանաչ ավտոբուսի» նվերներով, երաժշտական հետաքրքիր համարներով, տիկնիկային թատրոնով: Օրը երեխաներինն էր և շատ նման իրենց` անկաշկանդ, անկեղծ ու հեքիաթային: Արդեն երրորդ տարին է` Վայրի բնության և Մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը կազմակերպում է նկարչական մրցույթ, որի նպատակն է ոչ միայն երեխաների մեջ խթանել արվեստի նկատմամբ հետաքրքրություն ու սեր, այլև խրախուսել համարձակ ու ինքնատիպ արտահայտվել հայրենի բնության և նրա բնապահպանական խնդիրների վերաբերյալ: Նախորդ երկու տարիներին Նկարչական մրցույթը մեծ հետաքրքրություն է առաջացրել երեխաների շրջանում, իսկ Նկարչական օրը դարձել է նրանց յուրահատուկ բնապահպանական տոն-ակցիան, որտեղ երեխաներն իրենց համարձակ մտքերով, վառ երազանքերով ու հայրենիքի նկատմամբ տիրոջ զգացումով ներկայացրել են իրենց զգացմունքները հայրենի բնության հանդեպ`մեծահասակներին ստիպելով ավելի պատասխանատու լինել իրենց վարքագծում և որոշումներ ընդունելիս: Բնության փոքրիկ «պահապանները» բարձրաձայնել են «վտանգավոր» և «արգելված» թեմաների մասին, ինչպիսին, օրինակ, անօրինական որսն է, ծառահատումը, ջրի աղտոտվածությունը, կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը:
Նախորդ տարիներին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հրատարակել է նկարչական մրցույթի մասնակից երեխաների նկարներով կատալոգներ, գրքեր, օրացույցներ, որոնք, ըստ էության, մեկտեղել են հայ երեխաների բնապահպանական երազանքներն ու բնության հանդեպ ունեցած վերաբերմունքը: Այդ գրքերն ու օրացույցները հասել են բնապահպանական խնդիրներով զբաղվող բազմաթիվ հեղինակավոր կազմակերպություններ, փառատոնններ, կառավարական կառույցներ: Այս տարի Նկարչական մրցույթը կրում է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ բնույթ: Առաջին անգամ հայրենիքի վերաբերյալ բնապահպանական երազանքներ ու մտահոգություններ կներկայացվեն նաև Սփյուռքի տարբեր գաղթօջախներից: Այս տարի մրցույթին մասնակցում են 4 տարիքային խմբեր` նկարչական մրցույթի մեջ ընդգրկելով 5-30 տարեկան անձանց, պատանիների ու երիտասարդների Հայաստանից ու Սփյուռքից: Համահայկական նկարչական մրցույթը սկսվել է սեպտեմբերից և կընթանա մինչև նոյեմբերի 30-ը: Յուրաքանչյուր մասնակից իր նկարները ներկայացնում է www.paintingday.sunchild.org կայքում, որտեղ ընթանում է on-line քվերակություն. հաղթողները որոշվում են ըստ կայքում ստացած իրենց միավորների, ինչպես նաև Նկարչական մրցույթի ժյուրիի կողմից: Սփյուռքի մասնակիցների համար քվեարկում են Paypal համակարգի միջոցով: Այս տարի Համահայկական նկարչական մրցույթի շրջանակներում հիմնադրամը համայն աշխարհի հայ երեխաներին առաջարկում է նկարել հետևյալ թեմաներով`
Իմ երազանքների քաղաքը Իմ երազած կենդանաբանական այգին Իմ հայրենի բնությունը SOS
Հոկտեմբերի 24-ը հայտարարելով որպես Համահայկական Նկարչական օր` Վայրի բնության և մշակությաին արժեքների պահպանման հիմնադրամը հնարավորություն ընձեռեց հարյուրավոր երեխաների բաց երկնքի տակ նկարել բնության թեմաներով: Երեխաներից շատերը, ովքեր արդեն նախապես կայքում տեղադրել էին իրենց աշխատանքները, նույն նկարները վերանկարեցին տարբեր կրթօջախներից բերված գրասեղանների վրա, իսկ մյուս երեխաները` աշխատեցին նկարակալների վրա, վերջում դրանք հանձնելով հիմնադրամին` այդպիսով ընդլայնելով մրցույթի մասնակիցների կազմը: Գրասեղանները կրկին «կվերադառնան» իրենց կրթական հաստատություններ, որտեղ ոչ միայն կզարդարեն դասասենյակը, այլև միշտ կհիշեցնեն բնության հանդեպ մարդու պատասխանատու վերաբերմունքի մասին: Հիմնադրամը մրցույթը կամփոփի ձմռանը և մրցանակաբշխության ժամանակ բազմաթիվ երեխաներ հետաքրքիր ու օգտակար մրցանակների կարժանանան ոչ միայն հիմնադրամի, այև գործընկեր կազմակերպությունների կողմից: Այս տարի «Նկարչական օրը» ուղիղ հեռարձակվեց հիմնադրամի www.sunchild.org կայքում` հնարավորություն ընձեռելով սփյուռքահայ մեր հայրենակիցներին հետևել այդ գունագեղ օրվա ընթացքին: Համահայկական նկարչական մրցույթի գլխավոր աջակիցը «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունն է: Հիմնադրամը սերտորեն համագործակցել է նաև այլ կառույցների հետ, մասնավորապես Երևանի քաղաքապետարանի: