Երեքշաբթի, 10 դեկտեմբերի

Դավիթ Շահնազարյանն առաջարկ է անելու իշխանություններին



«Թուրքական մամուլում տեղեկատվություն կա, որ նախատեսվում է ստորագրել այդ արձանագրությունները հոկտեմբերի 13-ին, ինչից հետո փաստաթղթերը կփոխանցվեն խորհրդարաններ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Դրանից հետո, ՀԱԿ ներկայացուցչի խոսքով, կասկած չկա, որ Թուրքիայի խորհրդարանն ուղղղակիորեն արձանագրությունների կիրառումը կկապի ԼՂ հիմնահարցի կարգավորման հետ: Հայաստանի խորհրդարանը կանի այն, ինչ կհրահանգվի նախագահական նստավայրից: Թուրքիայի խորհրդարանի դեպքում էլ եթե վարչապետ Էրդողանը հայտարարի, որ սա իրենց ծրագիրն է, որ այն պետք է հաստատվի, ապա այն կհաստատվի խորհրդարանում: «Բայց դա տեղի չի ունենա: Կարծում եմ, որ Էրդողանը խորհրդարանին կասի, որ իրեն հետաքրքիր է նրա կարծիքը, և խորհրդարանի միջոցով Լեռնային Ղարաբաղի նախապայմանը որպես Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և հատկապես որպես սահմանի բացման նախապայման` գործի կդրվի: Ես կարծում եմ, որ Հայաստանի խորհրդարանը գոնե այնքան խելք կունենա, որ որոշում ընդունելուց գոնե արձանագրի, որ դա ուժի մեջ է մտնում Թուրքիայի խորհրդարանի հաստատումից հետո: Ցավոք, կարծում եմ, որ առայժմ քիչ են հնարավորությունները` այս գործընթացն ուղղելու, կանգնեցնելու համար»,- ասաց Դ. Շահնազարյանը` հայտարարելով, որ երբ մոտենա Հայաստանի խորհրդարանում այդ հարցը քննարկելու պահը, ինքը իշխանություններին կանի մի առաջարկություն, որը նրանց համար դժվար կլինի մերժելը: Թե ինչ առաջարկություն է դա, Դ. Շահնազարյանն առայժմ հրաժարվեց թեկուզ մոտավոր ասել` նշելով, որ իր ժամանակին բոլորը դրա մասին կիմանան: Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել` հայ-թուրքական արձանագրությունների քննարկման նպատակով: Դ. Շահնազարյանը, սակայն, կարծում է, որ դա հերթական անլուրջ, ոչ քաղաքական քննարկումն է, որը սկսվեց այն ժամանակվանից հետո, երբ Թուրքիայում սկսվեցին քաղաքական կոնսուլտացիաները, քննարկումները: «Օրինակ` փոփոխություններ անելու մասին Դաշնակցության առաջարկն անլուրջ է, և ընդհանրապես Դաշնակցության գործունեությունը բացառապես ներիշխանական գործընթացներ են: Դաշնակցությունը, շատ լավ իմանալով, որ իրենց չի սպառնում նույնիսկ «soft-ընդդիմության» պիտակ ունենալը, ուղղակի այս գործընթացներով փորձում է խուսափել այն պատասխանատվությունից, որ ինքը որպես կուսակցություն ունի թե' հայ-թուրքական հարաբերությունների, թե' Ղարաբաղի ներկայիս իրավիճակի համար»,- ասաց նա` նշելով, որ Դաշնակցությունն արդեն նման փորձ ունի: «Ցեղասպանության ճանաչման հարցով իրենց ամբողջ այդ գործընթացը, որը մի քանի տասնյակ տարի է` Դաշնակցության հիմնական նպատակն է, նույնպես ուղղված է նրան, որ Դաշնակցությունը փորձի խուսափել կամ քողարկել իր պատասխանատվությունը և իր մեղքը 1915 թվի ցեղասպանության հարցում»,- ասաց Դ. Շահնազարյանը:

Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված